Բալթյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ Երեւանում անցկացված «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ բարձրացվեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցը։
Լրագրողի հարցին, թե ժողովրդավարական երկրները մտահոգվա՞ծ են Ադրբեջանից հնչող հայտարարություններով, հայ գերիների նկատմամբ նրանց վերաբերմունքով եւ ինչպե՞ս կարող են զսպել Ադրբեջանին, գուցե պատժամիջոցնե՞ր կիրառեն, Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդը պատասխանեց․ «Պատժամիջոցների վերաբերյալ հարցը հետաքրքիր առաջարկություն է, ես տեղյակ չեմ՝ որ մակարդակի վրա է քննարկվել, ինչ դիրքորոշումներ կան տարբեր երկրների կողմից Եվրոպական միությունում։ Ես այդ հարցն ինձ հետ կտանեմ եւ մեր քաղաքական գործիչներին կներկայացնեմ, խորհրդարանի անդամներին կներկայացնեմ Շվեյցարիայում։ Պատժամիջոցներ սահմանել, կնշանակի ունենալ միաձայն որոշում Եվրոպական միության ներսում»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի Արթուր Սաքունցն էլ, դիմելով եվրոպացի պաշտոնյաներին, ասաց․ «Ադրբեջանը Հելսինկյան բոլոր հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ ուժով դե ֆակտո անգործունակ դարձրեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ինչքանո՞վ ենք մենք հանդուրժելու փոքր եւ մեծ դիկտատորների անպատժելի վարքագիծը, եւ ճի՞շտ չէ, որ պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի դեմ կիրառվեցին, հենց հիմա կիրառվեն Ալիեւի ռեժիմի դեմ։ Ինչքա՞ն ենք սպասելու, մինչեւ ո՞ւր, երբ մարդը հայերի էթնիկ հիմքով հրապարակային հայտարարում է ատելության քաղաքականության մասին։ Ֆաշիստական ռեժիմով պետությունն ասում է՝ Հայաստանը պետք է դենացիսֆիկացնենք, ինչպես Պուտինն էր Ուկրաինան դենացիֆիկացնելու հրաման տվել»։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: