Նադյա Մարտիրոսյանն արցախյան առաջին պատերազմում նահատակված Գավրուշա Գաբրիելյանի այրին է։ Արցախցի կնոջն արժանավայել՝ նա կարողացել է իր երեք զավակներին մեծացնել ու ոտքի կանգնեցնել։ Շուրջ 30 տարի աշխատել է Ասկերանի շրջանային բուժմիավորումում՝ որպես բանիմաց և հմուտ բուժքույր։ Մասնագիտությանը գերազանց տիրապետելուց բացի՝ տիկին Նադյան սիրում էր նաև ձեռագործ անել։
2020-ի 44-օրյա պատերազմը, սակայն, կրկին խոցեց առաջին պատերազմից մի կերպ ուշքի եկած կնոջը։ Նրա թոռնիկը՝ Դավիթը, ով ընդամենը մի քանի ամսվա ժամկետային ծառայող էր և բանակ էր զորակոչվել Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարանի առաջին կուրսն ավարտելուց հետո, պատերազմական ամենաթեժ գործողությունների մեջ էր հայտնվել։ Առայսօր, ցավոք, Դավիթի ճակատագիրն անհայտ է։
Արցախի տեղահանությունից հետո Նադյա Մարտիրոսյանն ավագ որդու ընտանիքի հետ բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Նրա խնամակալության տակ է 86-ամյա մայրը։ Տեղահանվել են Խնապատ գյուղից։
Չնայած ճակատագրի դաժան հարվածներին՝ տիկին Նադյան իր մեջ ուժ է գտել վերստին պայքարելու
-Դեռևս Արցախում հանդիսանում էի Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի՝ տնամերձ տնակարանների ծրագրի շահառու։ Երբ տեղահանվեցինք Արցախից ու հաստատվեցինք Երևանում, որոշ ժամանակ հետո ինձ զանգահարեց Հիմնադրամի աշխատող Անի Մելքումյանը և հարցրեց մեր գտնվելու վայրի մասին։ Հաջորդ օրը եկավ մեր տուն՝ իր հետ բերելով սնունդ և կենցաղային պարագաներ։ Այդ պահին ես հասկացա, որ մենակ ու անօգնական չենք։
Դեռևս Արցախից Անին գիտեր, որ ես ոչ միայն սեր ունեմ ծառեր աճեցնելու հանդեպ, այլև սիրում եմ շյուղագործությունն ու հելունագործությունը։ Նա առաջարկեց իմ հոբբին վերածել փոքր բիզնեսի։ Ես համաձայնեցի, որովհետև ինձ պետք էր կտրվել ծանր մտքերից, ապրումներից։ Հիմնադրամը տրամադրեց համապատասխան հումքը, և ես իմ ձեռքի աշխատանքներով մասնակցեցի ցուցահանդեսների, որտեղ հաջողվեց վաճառել իմ աշխատանքները։ Շնորհակալություն եմ հայտնում Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի տնօրենությանը, բոլոր աշխատողներին՝ նման սրտացավ և ոգևորիչ վերաբերմունքի համար։ Մինչև այսօր Հիմնադրամի աշխատակազմը սերտ կապի մեջ է իր շահառուների հետ։
Այս պահին դժվարանում եմ ընդլայնել աշխատանքներիս շրջանակն ու մտնել բիզնեսի մեջ, քանի որ խնամում եմ տարեց մորս։ Սակայն եթե լինեն պատվերներ, սիրով կկատարեմ,-ասում է Նադյա Մարտիրոսյանը։
Շուրջ 30 տարի նա աշխատում էր Ասկերանի ՇԲՄ–ում։ Ապրելով Խնապատ գյուղում՝ հաճախակի ոտքով էր գալիս աշխատանքի՝ առանձնապես արցախյան առաջին պատերազմից հետո, երբ բացակայում էր տրանսպորտը։ Շրջափակման ամիսներին հաճախակի կարելի էր տեսնել, թե նա ինչպես էր գյուղից ոտքով շտապում հիվանդանոց։
-Մեծ ցավ եմ ապրում, որ կորցրինք մեր երկիրը, որ կարոտ մնացինք մեր գերեզմաններին։ Մի ողջ կյանք ու վաստակ մնաց հետևում․ ասես ոչինչ էլ չի եղել։ Նյութականի մասին չեմ մտածում․ մարդկային կորուստներն են ամենադաժանը։ Այնքան զոհեր տվեցինք, այնքան ճակատագրեր կան դեռևս անհայտ։ Կիսում եմ բոլորի ցավը և աղերսում Աստծուն, որ վերադարձնի մեր գերիներին, անհետ կորածներից բարի լուրեր ուղարկի։ Հավատում եմ Աստծո զորությանը:
Մեծ ու համերաշխ կոլեկտիվում եմ աշխատել, որը գլխավորում էր տնօրեն Գոհար Հակոբջանյանը։ Տարիներ շարունակ միասին աշխատել ենք մի հիվանդանոցում, որը չուներ բավարար տեխնիկական հագեցվածություն, շատ բան էր բացակայում մեր հիվանդանոցում, սակայն կար ամենակարևորը՝ համախմբվածություն, ջերմություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն։ Այսօր, այս դառն իրականության մեջ, ինձ ուժ է տալիս, երբ զանգեր եմ ստանում իմ գործընկերներից, բուժառուներից ու համագյուղացիներից։ Թեև սփռված ենք աշխարհով մեկ, սակայն չենք դադարում հոգեպես իրար հետ լինել։ Եվ մեր բոլոր զրույցներն ավարտվում են վերադարձի հույսով․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: