Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Արցախին և արցախցիներին աջակցելու նպատակով իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր, որոնց թվում առանձնահատուկ տեղ են գրավում սոցիալական և հումանիտար ծրագրերը։
«Հարկադիր տեղահանության առաջին իսկ օրերից ՀԲԸՄ-ն վիթխարի աջակցություն է ցուցաբերել արցախցի մեր հայրենակիցներին, և մենք փորձում ենք ընդգրկել ոչ միայն ամենախոցելի խմբերին, այլև բոլոր փախստականներին՝ առանց բացառության։ Մասնավորապես, մինչ օրս «World Kitchen» միջազգային կազմակերպության հետ համատեղ արցախցիներին բաժանել ենք 400 հազար լանչ արկղ, 28 հազար տուփ սնունդ, 14 հազար տակդիր և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ։ Սա ներառում է հագուստ, հիգիենայի ապրանքներ, անկողնային սպիտակեղեն և ջեռուցիչներ:
2023 և 2024 թվականներին փախստական երեխաները ստացել են 2500 ամանորյա նվեր։ Նաև մեր կազմակերպության աջակցությամբ գործում է կլինիկա, որտեղ արցախցիները կարող են անվճար բուժօգնություն ստանալ։ Բուժանձնակազմի մի մասը նույնպես Արցախից է։ Կլինիկան գտնվում է Երևանում, որտեղ աշխատում են մասնագետների լայն շրջանակ։
Բարեգործական ծրագրերի մեծ մասը կրում է երկարաժամկետ բնույթ: Այսպիսով, այս տարի մենք շարունակում ենք մարդասիրական օգնություն տրամադրել։ Ամիսը մեկ անգամ մեր աշխատակիցները այցելում են Հայաստանի տարբեր մարզեր՝ արկղերով սնունդ առաքելով արցախցիներին։ Ավելին, 6 և ավելի անդամներից բաղկացած ընտանիքները ստանում են երկու տուփ։
Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, այդ թվում՝ մարզային ուսումնական հաստատությունների վերանորոգում, որտեղ սովորում են ինչպես տեղի, այնպես էլ արցախցի երեխաները։
Ամեն տարի Հանքավանում անվճար ամառային ճամբար է անցկացվում զոհվածների երեխաների համար։ Մասնակիցների համար նախատեսված են հետաքրքիր և հուզիչ ժամանցային միջոցառումներ: Ճամբարին արդեն մասնակցել են ավելի քան 600 երեխաներ ու պատանիներ։ Բացի այդ, Ծաղկաձորում պարբերաբար անցկացվում է ընտանեկան ճամբար՝ արցախցի փախստականների համար, որը ներառում է երեխաների և նրանց մայրերի ժամանցի կազմակերպման տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ հետաքրքիր խաղեր, մարզումներ և այլն։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև արցախցիների կրթական դասընթացների անցկացմանը և աշխատանքի տեղավորմանը։ «Սովորիր և վաստակիր Արցախ» ծրագրի շրջանակներում անցկացվում են տարբեր դասընթացներ և աջակցություն է ցուցաբերվում աշխատանքի տեղավորման առումով։
Բացի այդ, ունենք Արցախի երիտասարդներին բուհ ընդունվելու նախապատրաստման անվճար ծրագիր, առաջնորդության հմտությունների յուրացման դասընթացներ և այլն։
Այսպիսով, ընդհանուր առմամբ, մեր կազմակերպության մարդասիրական ծրագրերից օգտվել են շուրջ 67 հազար արցախցի հայրենակիցներ»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց ՀԲԸՄ մարդասիրական ծրագրերի համակարգող Գայանե Պոչոյանը։
Արսեն Աղաջանյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: