Վիտյա Յարամիշյան․ նույնիսկ ամենաբարդ իրավիճակում պետք է ապրել, արարել ու երազանքներ ունենալ

  • 13:25 26.01.2025

Step1.am-ի հետ արցազրույցում ԱրՊՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանը հետ, պատասխանելով հարցին, թե ինչ կարելի էանել ներկայիս իրավիճակից դուրս գալու և առաջ նայելու համար, ասել է, որ պետք է կարողանանք սթափ գնահատենք այն, ինչ կատարվել է:

“Արցախի հայությունը հայտնվել է զանգվածային գոյաբանական ճգնաժամի ճիրաններում: Ճգնաժամն իրավիճակ է, որը հոգեկանում առաջ է բերում բազմաթիվ բացասական հույզեր՝ անհանգստություն, վախ, զայրույթ, հուսահատություն, ցավ, անորոշություն, որոնք խանգարում են նորմալ գործելուն: Այս իրավիճակը նման է տան փլուզմանը, ու, եթե քանդված տունը կարելի է շինանյութով վերակառուցել, ապա “փլուզված” հոգեկանը ինքնուրույն վերակառուցել, այն էլ՝ հասուն տարիքում, խիստ բարդ է: Բարդ է, բայց ոչ անհնարին: Եթե կան մարդիկ, ովքեր անկեղծ ցանկություն ունեն օգնելու դժվարության մեջ հայտնված մարդկանց, ապա կարելի է մի քանի խորհուրդներ տալ:

Եղե՛ք մարդկանց կողքին, կարեկցե՛ք: Փորձե՛ք հասկանալ զգացմունքները, մի՛ դատեք, մի՛ մեղադրեք, մի՛ վիճեք: Առաջարկե՛ք գործնական օգնություն՝ առօրյա գործերում: Հնարավորինս ցուցաբերեք սոցիալական աջակցություն. զրուցեք, միասին զբոսնեք, հյուր գնացեք կամ ընդունեք: Կազմակերպե՛ք ճիշտ սնուցում, թույլ մի՛ տվեք ալկոհոլի, դեղերի չարաշահում: Խրախուսե՛ք ֆիզիկական ակտիվությունը, կատարե՛ք կանոնավոր վարժություններ: Առողջ քունը կարևոր է մարմնի վերականգնման և մտավոր հավասարակշռության համար: Մարդուն հեռու պահեք նոր սթրեսային գործոնների ազդեցությունից: Եղեք համբերատար և աջակցող: Իմացեք, որ վերականգնումը ժամանակ է պահանջում. արագ արդյունքների մի՛ սպասեք:

Սակայն, հաշվի առեք, որ այս բոլորն ընդհանրական խորհուրդներ են, իսկ ինձ համար, որպես հոգեբանի, կարևորը դրական, կառուցողական մտածողությունն է: Օգնե՛ք մարդուն՝ կենտրոնանալու կյանքի դրական կողմերի վրա, այնպես, ինչպես փոքրիկ երեխան քայլել սովորելու համար հենվում է հասանելի առարկաների վրա, բռնում է մեկնած ձեռքը”, ասել է հոգեբանը:

“Ձեր սոցիալական էջերում հաճախակի եք գրառումներ կատարում, որոնք բավականին արձագանք են ստանում մարդկանց կողմից։ Արցախցիներից դիմե՞լ են արդյոք ձեր մասնագիտական օգնությանը”

“Երբ Արցախից նոր էինք տեղահանվել, ես անհետաձգելիորեն ներգարվվեցի իմ հայրենակիցներին աջակցության ցուցաբերման աշխատանքներում, բազմամասնագիտական խմբի (հոգեբան, հոգեբույժ) կազմում ծավալուն աշխատանք կատարեցինք Արարատի մարզում, մասնավորապես, Մասիս, Արտաշատ, Վեդի խոշորացված համայնքներում՝ մեր ժողովրդին պատուհասած աղետի ծավալները գնահատելու, ինչպես նաև վերականգնողական աշխատանքների ռազմավարություն մշակելու համար: Փորձեցինք աջակցել Արցախի պետական համալսարանի ուսանողներին՝ տեղական բուհերում նրանց ներառելու, հետագա ուսումնառությունը սահուն կազմակերպելու համար: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես բնավորությումբ հանգիստ մարդ եմ, սակայն հավակնություններով՝ ոչ այնքան: Դասախոսական աշխատանքի անցա մի շարք պետական բուհերում, ստանձնեցի Հայաստանում ճանաչված մասնավոր բուհերից մեկի՝ “Հայբուսակ” համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչի պարտականությունները: Այժմ ներգրավված եմ գիտահետազոտական աշխատանքում, որի թեման կրկին վերաբերում է արրցախցիների էթնիկ ինքնության պահպանման, հիմնարար համոզմունքների վերակառուցման, նոր միջավայրում արդյունավետ հարմարման հիմնախնդիրներին”:

“Հարմարումը՝ համապարփակ (ունիվերսալ) հասկացություն է: Նրա ընթացքը նույնպես փուլային է, ու որոշակի ժամանակ է պահանջում, ինչպես պահանջում է մեր աչքի բիբը՝ փակ սենյակի մթությանը հարմարվելու համար: Առավել բարդը, այո՛, հոգեբանական հարմարումն է, քանի որ ենթադրում է հոգեկան ներքին կառույցների վերադասավորություն, ինչին սովորաբար ընդդիմանում է մեր կայուն դիրքորոշումների, համոզմունքների, սովորույթների, վարքի մոդելների՝ տարիներով մշակված համակարգը: Ընդ որում, հարմարվել սոցիալ-կենցաղային մակարդակով, այսինքն՝ ընտելանալ ու հաշտվել՝ դեռևս չի նշանակում հարմարվել նպատակներին: Պատկերացնելու համար բերեմ կալանավորների, գերիների օրինակը, ովքեր, գուցե, ընտելացել են անազատության պայմաններին կամ հաշտվել են իրավիճակին կամ ենթարկվել են ճակատագրի խաղին, սակայն այդպիսի իրավիճակը չի նշանակում, թե նրանք երջանիկ ու ինքնաիրականացած են իրենց զգում: Նման իրավիճակ ունենք արցախցիների պարագայում: Մեր հայրենակիցների կապվածությունն իրենց փոքր հայրենիքին հանրահայտ է: Մենք չենք հարմարվում այն մտքի հետ, որ Արցախն այլևս մերը չէ, կորուսյալ է՝ այստեղից բխող հետևանքներով”, ասել է Վիտյա Յարամիշյանը։

Ապագան նման է ամպին. կարող է կուտակվել, մթնել, բայց կարող է նաև ցրվել, անհայտանալ, կարող է անձրև տեղալ, կարող է արև շողալ: Նույնիսկ ամենածանր մղձավանջներում մենք չէինք պատկերացնում, թե Արցախի լիակատար հայաթափումը հնարավոր է: Այժմ էլ չպետք է բացառենք, որ մի “գեղեցիկ օր” կլինի Արցախի հայության հավաքական վերադարձը: Մեզ համար կարևոր է ոչ թե գուշակություններ անելը, այլ հավատալը: Հավատն ապրեցնում է, կյանք է տալիս: Ուրեմն, մենք՝ Ձեզ հետ միասին, գտանք բանաձև. նույնիսկ ամենաբարդ իրավիճակում կյանքն իմաստալից դարձնելու համար պետք է այդ կյանքով ապրել, արարել, ծրագրեր ու երազանքներ ունենալ, գործողություններ պլանավորել, կատարել փոքրիկ, բայց կառուցողականատոմային” քայլեր: Հավատացեք. վերջը դեռ չի եղել: Վերջը երբեք չի գալիս: Լինում է դժվարություն, որը պետք է հաղթահարել”, ասել է հոգեբանը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f