Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին հիշել է, թե ինչպես է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«”Պացանի” պես վազվզում էի նրանց միջև: Ալիևն առաջարկում էր տնտեսական համագործակցություն և ներդրումներ։ Նա նույնիսկ Հայաստանի հետ կռվելու նպատակ չի ունեցել»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ այդ առաջարկները հրապարակային են եղել։
Նա խոստովանել է, որ Ալիևն իր միջոցով իբր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է 5 միլիարդ դոլար՝ Ղարաբաղի շուրջ յոթ շրջանները Ադրբեջանին փոխանցելու համար։ Սարգսյանը, ըստ Լուկաշենկոյի, իբր պատասխանել է հակաառաջարկով՝ 6 միլիարդ դոլար այս տարածքներից հրաժարվելու համար։
Լուկաշենկոն առաջին անգամը չէ, որ խոսում է 6 միլիարդի մասին՝ կա՛մ փորձելով պաշտպանել Սերժ Սարգսյանին մեղադրանքներից, կա՛մ ակնարկելով, որ այս գումարը ստացել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև փորձում է պաշտպանել մեղադրանքներից Ռուսաստանին, որի «խաղաղապահները» «պատահաբար» հայտնվեցին Արցախում 2020 թվականի պատերազմից հետո։
«Այս մարտերի արդյունքները Հայաստանի ղեկավարության մեղքն են։ Դա միայն իրենց մեղքն է: Նույնիսկ պատերազմում պարտվելուց հետո նրանց ոչ ոք չստիպեց, իրենք են հայտարարել, որ ճանաչում են այն տարածքները, որոնք ԽՍՀՄ-ում համարվում էին Ադրբեջանի մաս։ Պուտինն ու ես ապշած էինք. ես զանգում եմ նրան և հարցնում. «Լսե՞լ ես։ Լսե՞լ ես։ Իսկ Պուտինը պատասխանում է. «Ինչո՞ւ դա ասաց»:
«Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ դա լինի տարածք, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր. ո՞վ չէր օգտագործի այն: Սա ի՞նչ կապ ունի ինձ հետ”, — ասել է Լուկաշենկոն։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: