Հոգեբանական աջակցություն Արցախի մայրերին․ դիմողները շատացել են

  • 16:57 27.01.2025

Մանկական եւ կրթության հոգեբանների ասոցիացիայի եւ Յունիսեֆ Հայաստանի շնորհիվ իրականացվում է Արցախի կանանց հոգեբանական աջակցություն։

Հոգեբան Գեղանուշ Սաֆարյանը նշում է, որ տեղահանությունից հետո հոգեբանի դիմելիությունը զգալիորեն շատացել է։ «Այս պահին ավելի շատ է, քան բռնի տեղահանությունից հետո։ Եթե սկզբից շատ էր սոցիալական կարիքները բավարարելու պահանջը, տարրական կենցաղային հարցերի լուծման անհրաժեշտությունը, ապա հիմա ավելի շատ հոգեբանական կարիքների բավարարումն է առաջնային»,- նշում է նա, ավելացնելով, որ խմբային հոգեբանական թերապեւտիկ հանդիպումներն այս ընթացքում զգալիորեն շատացել են։

Առհասարակ հոգեբաններին դիմելու մշակույթն է փոխվել, ասում է հոգեբանը, բայց ավելի շատ երեխաների խնդիրները լուծելու համար։ «Երբ առաջին հանդիպում-խորհրդատվության են գալիս երեխաներին բերելու, զգում ենք, որ ծնողներն ավելի շատ աջակցության կարիք ունեն»,- նշում է Գեղանուշ Սաֆարյանը։

«Կենաց ծառ» հոգեբանական կենտրոնում են իրականացվում հանդիպումները։ Տարեվերջին ծրագիրը ավարտման փուլում էր գտնվում, սակայն շատ դիմորդների պատճառով երկարաձգվել է։

Ի դեպ այս ընթացքում բռնի տեղահանված երեխաների համար անհատական խորհրդատվությունն ու ավազաթերապիան, կանանց խմբային թերապեւտիկ աշխատանքները անվճար են։

Մարիամ Սարգսյան

f