«Երբ խոսում են, որ Արեւմտյան Հայաստան գոյություն չունի, ես եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ ՀՀ-ում հայերի նշանակալի մասը Ցեղասպանության հետեւանքով մազապուրծ եղած մարդկանց ժառանգներն են։ Ես համարում եմ, որ ցանկացած այդպիսի հայտարարություն պետք է կշռադատվի»,- step1.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններին։
Գրիգորի Այվազյանն ասաց, որ պետք է ելնել այն իրողությունից, որ թշնամու նպատակը Հայաստանը ջլատելն ու բզկտելն է, այսպես կոչված «Զանգեզուրի միջացնքը» ուժով բացելն է։ Թուրքերը ոչինչ պատահական չեն անում, ամեն ինչ մտածված են անում, եւ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ թուրքերի հետ խաղաղություն հնարավոր չէ հաստատել, նրանք Հայաստանը չեն դիտարկում որպես «խաղաղության խաչմերուկ», այլ դիտարկում են որպես մահվան համակենտրոնացման ճամբար։
«Ես պնդում եմ, որ Ղազախը, Քարվաճառը, Կուբաթլուն, Նախիջեւանը «Արեւմտյան Ադրբեջան» չեն, Կուր-Արաքսյան միջագետքում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում երբեք Ադրբեջան գոյություն չի ունեցել։ Եվ, այո, ես պնդում եմ, որ «Արեւմտյան Ադրբեջանը» մեզանից շատերի պապերի ու տատերի նախահայրենիքն է։ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին չպետք է մոռանանք, չպետք է մոռանանք, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 71 300 քկմ է եւ չպետք է մոռանանք, որ Հայոց աշխարհի ամենամեծ լեռը Արարատն է, ոչ թե Արագածը»,- ասաց նա։
Գրիգորի Այվազյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն պահանջում Ադրբեջանից, որպեսզի իրենց սահմանադրությունը փոխեն, որտեղ պահանջներ կան ներկայիս ՀՀ տարածքի նկատմամբ։ Ի՞նչ իրավունք ունեն 19-րդ դարի կեսից այս տարածաշրջան ներգաղթած քոչվորներն այդ տարածքների վրա, ոչ մի կապ չունեն այդ տարածքների հետ։ «Գրգռո՞ւմ ենք մենք արդյոք նրանց, երբ խոսում ենք Արեւմտյան Հայաստանի մասին․․․ Հազար ներողություն, բայց թող չմոռանան Սողոմոն Թեհլերյանի մասին եւ ոչ միայն։ Ի՞նչ է նշանակում, որ պետք է մոռանանք մեր հայրենիքի ժամանակավոր զավթված տարածքների մասին, հավասարության նշաններ դնենք թուրքական կատաղի նացիզմի եւ մեր պատմական իրավունքների միջեւ»,- հարցադրում արեց նա։
Ըստ նրա՝ գոնե պետք է հարգենք միջազգային ատյանների եւ տարբեր երկրների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեւակերպումներն ու բանաձեւերը։ «Երկրորդը, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի բնակչության նախնիների էական մասը Արեւմտյան Հայաստանից են ծագումով։ Ցանկացած խոսակցություն՝ կապված նրանց նախնյաց ճակատագրի հետ, կարող է վիրավորական լինել նրանց համար։ Այդպիսի հարցերը բարձրաձայնելու համար վերջնական որոշումը կկայացնի հայ ժողովուրը՝ ընտրությունների ժամանակ։ Գների բարձրացման, հարկային փոփոխությունների, այլ հարցերի վերաբերյալ մեր ժողովուրդը պատշաճ իր գնահատականը կտա, արդյոք համաձա՞յն են, կիսո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի կարծիքը, թե ոչ»,- ասաց Այվազյանը։
Անդրադառնալով 2023 թվականին Արցախի նկատմամբ ցեղասպանական գործողություններին ու Արցախի էթնիկ զտմանը՝ Գրիգորի Այվազյանն ասաց․ «Մենք Արցախը չենք կորցրել, Արցախը մեր կյանքի մի մասն է, հայ ժողովրդի ձեւավորման պահից Արցախը մեր մի մասն է։ Ես համարում եմ, որ Արցախը ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի կողմից, բայց դա դեռ վերջը չէ բնավ։ Մենք պետք է հիշենք, թե մեր փայլուն հաղթանակներն ինչ հանգամանքներում արձանգարեցինք 1992-1994 թվականներին, երբ Ադրբեջանում բռնկվեց քաղաքացիական պատերազմ։ Եվ ոչ ոք չի երաշխավորել ներկայիս Ադրբեջանին այդ պատմության կրկնությունից»։
Այվազյանի խոսքով՝ մեր թշնամիների կողմից կանխորոշված է մեր պետականության եւ ժողովրդի իսպառ բնաջնջումը։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք, քան պայքարելը մեր գոյության համար։ «Մեզ համար սա մեծ հայրենական պատերազմ է։ Ես համոզված եմ, որ մենք բանական ժողովուրդ ենք եւ մեր երկարակեցության գաղտնիքն այս մոլորակի վրա գիտենք։ Ամեն ինչ ժամանակավոր է, մեզնից է կախված՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք լիարժեք պատասխանել թշնամու սադրանքներին եւ սպառնալիքներին։ Ես կարծում եմ, որ պատրաստակամ ենք, կարող ենք անել, եւ պարտադիր չէ, որ երկրի առաջին դեմքերի շուրթերով դա հնչի»,- հավելեց Այվազյանը։
Ռոզա Հովհաննիսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: