«Շնորհավորում են Զինված ուժերի կազմավորման 33-րդ ամյակի կապակցությամբ, ցանկանում եմ, որպեսզի մեր Զինված ուժերն էլ ավելի զարգանան, կատարելագործվեն եւ պատրաստ լինեն իրենց առջեւ դրված խնդիրները կատարելուն»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Հարցին, թե ինքն էլ է կարծո՞ւմ, որ Զինված ուժերի զարգացումը կապված է Արարատի ու Արագածի դիսկուրսի հետ, որը Փաշինյանն է ներկայացնում, Ասրյանը պատասխանեց․ «Մի խառնեք ռազմական եւ քաղաքական բնույթի հարցերը։ Եթե այդպիսի հարցեր եք տալու, ես գնամ»։
Հարցին, թե մենք զենք չենք կարողանում գնել, քանի որ պատճառը Արարա՞տն է, Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Այդպիսի հարցեր ինձ մի տվեք։ Ես ներկայացնեմ, որ Զինված ուժերը տեղում կանգնած են, իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են։ Ներկայիս դրությամբ սահմանին կանգնած մեր ժամկետային զինվորները, պայմանագրայիններն ու սպաները զգոն իրենց խնդիրը կատարում են։ Իսկ Զինված ուժերի մշտական տեղակայման վայրերում գտնվող զորամասերը եւ ստորաբաժանումները նույնպես զգոնության տակ են եւ նշում են իրենց տոնը»։
Անդրադառնալով սահմանային իրադրությանը՝ ԳՇ պետն ասաց․ «Սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, սահմանային խորություններում հակառակորդի զինված ուժերի կուտակումներ չկան, եւ պահպանվում է հարաբերական կայունություն»։
Էդվարդ Ասրյանը հավելեց, որ հակառակորդը շարունակում է գտնվել ՀՀ տարածքներում։ «Այո, քաղաքացիները մտահոգություններ պետք է ունենան, որովհետեւ հակառակորդը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Մենք մեր առջեւ դրված խնդիրը կատարում ենք, նաեւ քաղաքական ղեկավարությամբ գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։ Զինված ուժերն էլ շարունակում են զարգանալ, կատարելագործվել ու համալրվել»,- նշեց նա։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ իր ասած սահմանազատման ու սահմանագծման շրջանակներում հակառակորդը դուրս կգա՞ ՀՀ օկուպացված տարածքներից, օրինակ, Ջերմուկից։ Ասրյանն ի պատասխան ասաց․ «Արդեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին կհետեւենք, դրանք ցույց կտան։ Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող, դրա համար կա սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով»։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման օրերին Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ Ջերմուկ ներխուժած թշնամու զորքը շրջափակման մեջ է, մի քանի օր կմնան, կսովածանան ու կգնան։ Լրագրողները հետերքրքվեցին՝ ինչո՞ւ է թշնամու զորքը մինչ օրս գտնվում ՀՀ տարածքներում, Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Ես ասել եմ՝ այդ հարցին այս օրը չեմ պատասխանում։ Երբ կգա այդ օրը, սպառիչ այդ հարցերի պատասխանները դուք կլսեք»։