«Այսօր կարեւոր օր է, առանցքային օր է մեր երկրի համար, եւ մենք պետք է շարունակենք արժանի լինել այն տղաներին, զինվորներին, սպաներին, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր հայրենիքի, մեր պետության, Արագածի ու Արարատի, իրականի ու պատմականի պաշտպանության համար։ Դրանք մեկ միասնական հասկացություններ են, եւ նրանք, ովքեր ուզում են այլ բան ասել, դա իրենց առանձին կարծիքն է»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ այսօր մենք վճռական փոփոխությունների առջեւ ենք կանգնած, այդ փոփոխությունները հավաքական իրավասություն են ենթադրում, պատասխանը մեկն է, եւ մեկ հոգի չէ, որ պետք է որոշի մեր ճակատագիրը։ Նա նշեց, որ բոլորս ենք պատասխանատու ու մեղավոր այս իրավիճակի համար, բայց հիմնական հանցավորը, մեղավորն ու երդմնազանցը մեկ մարդ է, ում անունն ինքը այլեւս չի տալիս։ «Ես նրան այլեւս չեմ մեկնաբանում, որովհետեւ մենք պետք է մեկնաբանենք բանակը, տղաներին, զինվորներին, ժառանգությունը, հետագիծը, մեր սխալները, նվաճումները ու մեր ձեռքբերումները։ Այդ ամբողջը մերն է, եւ չկա տարանջատում ու սահման։ Հայրենիքը մեկն է, պետությունը մեկն է, եւ նաեւ հայրենիքի հանձնումը, մեր ռազմագերիների ու ղեկավարների պատանդ մնալը, տղաների կյանքը, դրանք մեղավոր ունեն, գլխավոր պատասխանատու ունեն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․ «Հիմնական պատասխանը մնում է մեկը՝ այդ փոփոխությունը, որը մենք պետք է կատարենք, որովհետեւ այն ժխտողականության, ուրացման քաղաքականությունը, որը Թուրքիան վարել է տասնամյակների ընթացքում, դա իսկապես այսօր կրկնվում է։ Սրանք ուրացման երեւույթներ են, որը մենք տեսնում ենք արդեն հայազգի մարդու եւ գործող պաշտոնյայի կողմից։ Ես դա չեմ մեկնաբանում, ցավալի է, ողբերգական է, մենք արժանի չենք, ոչ մի սերունդ, հատկապես երիտասարդ սերունդը։ Բայց մենք, հատկապես երիտասրադ սերունդը կհաղթահարի նաեւ այս պահը»։