Օհանյան․ Կեղծ թեզեր են դաշտ նետում, որ մեր փոխարեն ռուսներն են կռվել

  • 11:34 28.01.2025

«Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, մենք բանակի երբեմնի փառքը վերականգնելու ենք, եւ բանակը դեռ իր հուժկու հարվածը տալու է մեր հայրենիքի պաշտպանության ու ամենակարեւոր խնդիրները կատարելու համար»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, որ կեղծ օրակարգ է այն հակասությունները, որոնք այսօրվա իշխանությունները դնում են մեր պատմության հարցում, ուրանում են Ցեղասպանությունը, որն իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ։ «Երբեւիցե Արարատի ու Արագածի, մեր պատմության ու մեր այսօրվա իրականության միջեւ հակասություն չի եղել։ Մեր պատմությունն է, որ հիմք է ստեղծել, որպեսզի մենք մեր նորօրյա պատմության ընթացքում ունենանք ձեռբերումներ։ Այսօրվա բանակը չափազանց երիտասարդ բանակ է, բայց բանակի կազմավորման ակունքներում մեր դարավոր պայքարի ոգին է, մեր ֆիդայինների ըմբոստ կեցվածքն է, մեր ռազմական գործիչների ռազմավարական միտքն է։ Ի վերջո, Ղարաբաղյան շարժման ժամանակ մեր մտավորականների ու կամավորականների կուռ համադրված գործողությունները հիմք հանդիսացան տարբեր ջոկատներից ու ստորաբաժանումներից ձեւավորել կանոնավոր բանակ։ Մենք մեր պատմությունը հիմք ընդունելով՝ միշտ ձեւավորել ենք այն առօրյան, որը ինքներս ենք կերտել։ Այսօր այսպիսի կեղծ թեզեր են դաշտ նետում, որ մենք չենք արել, մեր փոխարեն են բանակը կառուցել, մեր փոխարեն ռուսներն են կռվել, այդպիսի բան չկա։ Իրական մարտական գործողությունների մեջ եղել է հայ մարտիկը, գետինը վրա հայկական բանակը կառուցել է հայ ժողովուրդը»,- ասաց Օհանյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե Արարատի խոսույթով զենք գնենք, մեզ ժանգոտված զենքեր կվաճառեն, Օհանյանն ասաց․ «Մենք երբեւիցե ժանգոտած, անպիտան զենք չենք գնել։ Մենք երբեւիցե չենք ունեցել սպառազինություն, որն անպիտան է եղել մարտի դաշտում։ Փաշինյանը թող պատասխան տա՝ այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որը եղել է հայկական բանակի ձեռքին, ո՞ւր է այն հիմա, ինչո՞ւ ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին»։

Ըստ նրա՝ ասօրվա «խաղաղության օրակարգը» խաբկանք է հայ ժողովրդի համար, որովհետեւ իրականում հակամարտությունն ավելի է խորացել, Արցախը հայաթափվել է, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն։ Խաղաղությունը ոչ իրատեսական է, որովհետեւ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության, այլ ձգտում են ճնշումներ գործադրել հայ ժողվորդի վրա։

Ինչ վերաբերում է այսպես կոչված սահմանազատման-սահմանագծման գործընթացին, Օհանյանն ասաց․ «Այն, ինչ անցած տարի իրականացվեց, դա ապօրինի, ոչ օրինական եւ միջազգային սկզբունքներին հակառակ իրականացված միակողմանի ոչ թե սահմանազատում էր, այլ մեր ինքնիշխան տարածքներից հողերի հանձնում էր։ Փոխարենը մենք ոչինչ չստացանք։ Եթե նույն Տավուշից ենք սկսում այդ գործըթնացը, դա նշանակում է, որ այդ ամենը մեզ պարտադրվում է, հակառակ դեպքում մենք կարող էինք սկսել այլ տարածքներից, որտեղ հակառակորդը շուրջ 240 քկմ գտնվում է մեր տարածքում ու չի էլ ուզում այդտեղից դուրս գա»։

f