Գառնիկ Դանիելյան. «Իմ ասածը թող ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում»

  • 13:21 28.01.2025

Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ըստ Դանիելյանի՝ Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունները սրիկայություն են ու ստորության գագաթնակետը, Հայաստանում օկուպացիոն ու թշնամական ռեժիմ է, նրանք դավաճան էլ չեն։

«Այդ 1,5 մլն հայը, որ կոտորվել է, աշխարհի առաջ խայտառակ ենք լինելու։ Իրենց հայտարարություններից հետո աշխարհի տարբեր տեղերից մեզ զանգում են, զարմացած ասում են՝ այս ի՞նչ է կատարվում։ Լեմկինի անվան ինստիտուտն ասում է, որ ՀՀ իշխանություններն ուրանում եւ ժխտում են ցեղասպանությունը՝ կրկնելով Թուրքիայի նարատիվները։ Մենք մեր երկրում ստիպված ենք պայքարել հայկականությունը պահպանելու համար»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմադիր պատգամավորներն ի՞նչ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Փաշինյանն իր հայտարարությունների համար քրեական պատժի ենթարկվի, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Իմ ասածը թող ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում, այդ մարդը հանցագործություն է կատարել մեր երկրի ու ժողովրդի հանդեպ։ Այդ մարդն այն երկրում, որտեղ հայտարարություն է արել, այդ երկրում՝ Շվեյցարիայում քրեորեն պատժելի է ցեղասպանության ժխտումը։ Եվ, իհարկե, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն, բայց հույս չկա, իրավապահ բոլոր կառույցները իշխանությունների հովանու տակ են, ինչի՞ մասին է խոսքը։ Սա խայտառակություն է, այս երկորւմ պետք է հաջորդ վայրկյանին ձեռնաշղթաները հագցնեին այս մարդուն եւ տանեին համապատասխան վայր։ Նա այս ամենն  անում է, որպեսզի կործանի, վերջնականապես ոչնչացնի մեր երկիրն ու պետությունը։ Այս ամենն անում է, որ թուրքերին գոհացնի, Հայաստանը դարձնի թուրքական վիլայեթ։ Նա ահաբեկչի գործելաոճով է գործում, որ ասի՝ եթե մենք հիմա ցեղասպանության մասին խոսենք, թուրքերը կգանք կկոտերեն, մի խոսեք։ Ասում է՝ մենք մեզ պիտի հլու-հնազանդ պահենք, բոլոր պահանջները կատարենք»։

Ըստ Գառնի Դանիելյանի՝ այս իշխանություններն Արցախը հանձնեցին, Արցախի հարցը «հորով-մորով» արեցին, հիմա էլ Ցեղասպանության խոսույթն են գցում մեր մեջ։ «Էրդողանն ասում էր՝ Էնվերի ու Թալեաթի հոգին փառավորվեց։ Այդ մարդն արտահայտություններ է անում, որ Էրդողանի հոգին փառավորվի, Էնվերի հոգին փառավորվի, Թալեաթի հոգին փառավորվի»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

 

f