«Մենք մեզ մեղավոր չենք ճանաչում»,- այսօր դատարանում հայտարարեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը վերացրեց։ Փաստաբանն ասաց, որ Դավիթ Սարգսյանը 7 ամիս է՝ տանից դուրս չէր եկել։
Դավիթ Սարգսյանը շուրջ 7 ամիս մեղադրվում էր «ծանր հանցագործության»՝ Արցախից բերված մի քանի մեքենաներ իբր «խարդախությամբ հափշտակելու» համար։ Իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց։
Պաշտպանության կողմը մեղադրանքի առաջին իսկ օրվանից հայտարարում էր դրա անհեթեթության մասին, քանի որ չկար ու չէր էլ կարող լիներ տուժող, ինչը պարտադիր է հափշտակության բոլոր հանցակազմերում։ Ի վերջո, 2024թ. դեկտեմբերի վերջին քննչական մարմինը փաստացի ընդունեց պաշտպանների փաստարկները եւ վերացրեց խարդախության մեղադրանքը: Սակայն քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն Դավիթ Սարգսյանին եւ ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվեց մեկ այլ հիմնազուրկ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։
«Մենք մեզ մեղավոր չենք ճանաչում, սխալ գործարք չենք արել, այդ մեքենան էլ պատկանում է Ստեփանակերտի քաղաքապետարանին»,- այսօր դատարանում հայտարարեց Դավիթ Սարգսյանը։
Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ո՞ւմ է խանգարում ինքը, ինչո՞ւ են գործ հարուցել, Դավիթ Սարգսյանը պատասխանեց․ «Կամ հեղինակությամբ եմ խանգարում, կամ, որ արցախցի եմ, Ստեփանակերտի քաղաքապետն եմ, ժողովուրդը հարգում են, մենք էլ իրենց ենք հարգում սիրում»։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: