Այսօր 3 ամսով երկարացվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։ Միքայել Արզումանյանն արդեն 2,5 տարուց ավելի անազատության մեջ է և մեղադրվում է այն բանի համար, որ իր «անփութության» պատճառով Շուշիի մերձակա բարձունքները հանձնվել են։
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին այսօր «մեղմացրել» են մեղադրանքն առ այն, որ քաղաքապետարանի աշխատակիցներին նա թույլ է տվել սեփականաշնորհել այն մեքենաները, որոնցով իրենք դուրս էին բերել ընտանիքները տարհան,ան ժամանակ եւ որոնք նախկինում քաղաքապետարանին էին պատկանում։ Դատարանի որոշմամբ Դավիթ Սարգսյանին վերջնականապես թույլ են տվել դուրս գալ տնից։ Նրան, ըստ երևույթին, 7 ամիս տնային կալանքի տակ են պահել՝ «ապացույցները ոչնչացնելու» և «գողացված» մեքենաները Արցախ չվերադարձնելու համար։
Այս երկու և մի շարք այլ գործերով առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ամբողջությամբ բացահայտվեց Դավիթ Սարգսյանի գործով դատական նիստի սկզբում։
Դատավորը Դավիթ Սարգսյանին հարցնում է, թե արդյոք նա ՀՀ քաղաքացի է, ինչին նա բացասական է պատասխանում՝ նշելով, որ ունի փախստականի կարգավիճակ։ Միաժամանակ ասում է, որ մնում է Ստեփանակերտի քաղաքապետ՝ դրա դիմաց աշխատավարձ չստանալով։
Իրավական այն խառնաշփոթը, որի մեջ մխրճվել է Արցախի ժողովուրդը 2020 թվականի պատերազմից հետո և հատկապես 2023 թվականի սեպտեմբերի 19-ից, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում նույնիսկ փորձառու իրավաբանների մոտ։
Մի կողմից բարձրաստիճան սպաներին դատում են պատերազմի ժամանակ բարձունքները հանձնելու համար, մյուս կողմից՝ չեն դատում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողներին։
Բացի այդ, Արցախի պաշտոնյաներին դատում են «պետական» մեքենաներն Արցախից դուրս բերելու համար, բայց նրանք, ովքեր 2020-ից հետո միլիարդներ են հատկացրել Արցախում բնակարանաշինության համար, թեև «Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում», չեն դատվում։
Ո՞վ է որոշում կայացրել Հայաստանի պետբյուջեից միլիարդավոր դրամներ հատկացնել տների կառուցմանը, հիմնականում՝ Իվանյանում՝ իմանալով, որ այնտեղ ադրբեջանցիներ կարող են բնակություն հաստատել «ինտեգրման» դեպքում։ Ի վերջո, սա էր տարբերակն, որը ժամանակին քննարկվում էր. հայերը համաձայնում են «ինտեգրվել» Բաքվի իրավասության ներքո և համակեցվել ադրբեջանցիների հետ։
Պատերազմի և Ղարաբաղի հանձնման «հաշվապահությունը» դեռ լուրջ աուդիտի կենթարկվի, բայց արդեն թվեր են հնչում. Լուկաշենկոն պնդում է, որ Ալիևը Սերժ Սարգսյանին 5 միլիարդ է առաջարկել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների համար, սակայն նա հրաժարվել է։ Կան նաև այլ թվեր և վարկածներ, մասնավորապես, որ 2020 թվականից հետո Արցախում հայկական փողերով հսկայական շինարարությունը եղել է «փոխհատուցման» և գործարքի մաս։
Անհեթեթ մեղադրանքները, Արցախի և արցախցիների շուրջ Հայաստանի իշխանության ստեղծած իրավական քաոսը, զինվորականների ու պաշտոնյաների դեմ դատավարություններն ու շինծու գործերը խոշոր «աուդիտի» ընդառաջ խաղաքարտերը խառնելու փորձ են։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: