Համազգային․ ԱՄՆ Կոնգրեսում կայացած ցուցահանդեսով փորձեցինք ցույց տալ, որ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն

  • 12:18 30.01.2025

 Արցախի տեղահանությունից հետո Համազգայինի Արցախի գրասենյակը շարունակում է իր գործունեությունը։ Թե ինչպիսի աշխատանքներ են իրականացվում՝ փորձեցինք իմանալ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանից։

-Համազգայինի Արցախի գրասենյակը այն եզակի կառույցներից է, որ Արցախի կորստից հետո գործում է Մայր Հայաստանում։ Դա չէր կարող այլ կերպ լինել, որովհետև Համազգայինի նման մի կառույց, որը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, շատ հստակ գիտակցում է, թե ինչ է պետք հայի ոգին ու շունչը պահելու համար։ Այն ստեղծվել է Ցեղասպանությունից հետո՝ 1928-ին, Կահիրեում` նպատակ ունենալով մշակույթով ու կրթությամբ հային կառչած պահել իր արմատից։

Այդքան երկար փորձ ունեցող, նպատակի գիտակցություն ունեցող կառույցը, պարզ է, որ պետք է շարունակեր իր գործունեությունը որպես Արցախի գրասենյակ՝ միաժամանակ չտարանջատելով Արցախը՝ որպես Հայաստանի անբաժանելի մաս։ Մենք գործում ենք Համազգայինի Երևանի և Գյումրու գրասենյակների հետ համատեղ, ձեռք ձեռքի, միասնական աշխատանքն ուղղելով Արցախի մշակութային ժառանգության, գրականության պահպանմանը,  արցախցի պատանիներին ու երիտասարդներին տարբեր ծրագրերում ընդգրկելուն։

Իհարկե, որոշակի դժվարություններ են առաջանում, քանի որ արցախցիները կենտրոնացված չեն հստակ բնակավայրում և սփռված են Հայսատանի տարբեր մարզերում։ Այս պահին Համազգայինի Արցախի գրասենյակը, Համազգայինի Կենտրոնական վարչության հովանավորությամբ, Երևանում, Աբովյանում, Մասիսում, Գյումրիում կրթական ու մշակութային ծրագրեր է իրականացնում։

Որո՞նք են այդ ծրագրերը և ե՞րբ են առաջին անգամ սկսել գործել

-Նշված քաղաքներում իրականացնում ենք պատանեկան և երիտասարդական ուսուցողական ծրագրեր։ Օրինակ՝ Գյումրիում տիկնիկագործության խմբակ է գործում, որտեղ հաճախում են 35-40 արցախցի երեխա։ Իրականացվող ծրագրի նպատակը ոչ միայն տիկնիկագործությունն է, այլև՝ արցախյան բարբառի պահպանումը։ Երեխաները տիկնիկներ են պատրաստում, հեքիաթներ ընթերցում, հետո այդ հեքիաթները բեմադրում Արցախի բարբառով։ Ամենակարևորը՝ երեխաներին հնարավորություն է տրվում շփվել իրար հետ ու խոսել իրենց քաղաքի կամ գյուղի ենթաբարբառով։ Մասիսում ունենք <<Հմուտ ձեռքեր>> խմբակը, որին նույնպես սիրով են հաճախում արցախցի դպրոցականները։ Մեր սաներն իրենց աշխատանքներով մասնակցում են տարբեր ցուցահանդեսների և հաջողություններ արձանագրում՝ թե հայրենիքում, թե Սփյուռքում։

Կրթական ծրագրերում ընդգրկված են Արցախից տեղահանված բարձր դասարանների աշակերտները, որոնց օգնում ենք անվճար նախապատրաստվելու ԲՈՒՀ ընդունվելու քննություններին։

Բոլոր մեր ուսուցիչներն Արցախից են, որի միջոցով ցանկանում ենք սատարել նաև ուսուցիչների սոցիալական խնդրին, թեկուզև՝ փոքր-ինչ։ Այս պահին մեր ծրագրերում ընդգրկված են արցախցի շուրջ 150 երեխաներ։ Ծրագիրը կյանքի է կոչվել 2020-ի պատերազմի օրերին։ Այն կոչվում է <<Համազգայինը՝ Արցախի մանուկների կողքին>>։

44-օրյա պատերազմի ժամանակ մայրերն իրենց երեխաների հետ ապաստանեցին Հայաստանում, և տեսնելով երեխաների հոգեբանական ճգնաժամը՝ Համազգայինը կյանքի կոչեց սույն ծրագիրը՝ մշակույթի ճանապարհով սատարելու նրանց, օգնելու, որ այդ ձևով ինչ-որ չափով հաղթհարեն սթրեսն ու ընկճվածությունը։ Պատերազմի <<ավարտից հետո>> ծրագիրը տեղափոխվեց Արցախ ու հիմնականում գործում էր գյուղական համայնքներում։

Ի՞նչ միջոցներով է Համազգայինը գործում

-Համազգայինի բյուջեն հիմնականում հայթայթվում է նվիրատվությունների շնորհիվ։ Սփյուռքում գործում է որպես միություն և տարբեր տեղերում ունի իր միավորները։ Բյուջեն գոյանում է անդամավճարներից, նվիրատվություններից։ Կազմակերպվում են այնպիսի միջոցառումներ, դրամահավաքներ, որտեղ մարդիկ պարբերաբար նվիրատվություններ են անում՝ գիտակցելով, թե ինչի համար են դա անում։ Համազգայինը Սփյուռքում ունի մանկապարտեզներ, դպրոցներ, թատերախմբեր, երգչախմբեր և իր գործունեությամբ ոչ միայն մշակույթն ու կրթությունն է պահպանում, այլ նաև օգնում է, որ մի որևէ ծրագրի միջոցով այլ կարևոր ծրագրեր կյանքի կոչվեն։ Այն հայապահպանությամբ զբաղվող մի ժրաջան ընտանիք է, որտեղ բոլորն աշխատում են անշահախնդիր, նվիրումով, նպատակի գիտակցումով։

Գիտենք, որ Համզգայինն արցախցի լուսանկարիչների և գրողների հետ է նաև համագործակցում։ Կպատմե՞ք այդ մասին։

-2020-ից հետո որոշեցինք սկսել մեր համագործակցությունը լուսանկարիչների հետ, ու այն սկսվեց Դավիթ Ղահրամանյանի ցուցահանդեսով։ Նախ կազմակերպվեց Հայաստանում, հետո՝ Արցախում։ Դավիթի լուսանկարների շնորհիվ տարբեր երկրներում տեղեկացան 2020-ի պատերազմի մասին։ Նա նկարում էր ոչ միայն թիկունքը, այլև՝ սահմանը, մարտերը։ Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ հղումների միջոցով տարածում էին նրա լուսանկարները։ Նրա աշխատանքը փաստավավերագրություն է հանրության համար։ Նպատակը՝ իրականությունը ոչ թե մեզ, այլ դրսին ցույց տալն էր։ Թե ինչ է արել 2020-ին Ադրբեջանը, ինչ մարդկային իրավունքներ են ոտնահարվել և ինչ է հաջորդել անպատժելիությանը․ այդ ամենը ներկայացված է նրա լուսանկարներում։

Կազմել ենք նաև երեք լեզուներով լուսանկարների գիրք-ալբոմը՝ <<Արցախ-անավարտ պատերազմ>> վերնագրով։ Ընդգրկված են 44-օրյա պատերազմը և Արցախի շրջափակումը ներկայացնող լուսանկարներ։ Գիրք-ալբոմը Արցախի կորստից մի քանի օր առաջ է լույս տեսել, որի առաջին շնորհանդեսը Երևանում է կայացել։

Դավիթը, շրջափակման պատճառով, չկարողացավ մասնակցել, նա հետևեց առցանց, բայց նաև նրա ցանկությունն էր, որ հենց այդ օրերին կայանար շնորհանդեսը։ Բավականին լայն արձագանք գտավ պատկերագիրքը, առանձնապես հետաքրքրվում էին Հայ Դատի կետրոնական գրասենյակից։ Առաջարկվեց, որ և գիրքը, և լուսանկարները ներկայացվեն նաև Արևելայն Ամերիկայում։ Բնականաբար, հեղինակը ևս պետք է մասնակցեր այդ ձեռնարկին։ Հայ դատի կենտրոնական գրասենյակի և արևելյան Ամերիկայի ՀՅԴ գրասենյակի ջանքերով կարողացանք իրականություն դարձնել։ Վաշինգտոնում՝ Կոնգրեսի կարևոր սրահներից մեկում, բացվեց  ցուցահանդեսը և տևեց 7 օր։ Մենք փորձեցինք ցույց տալ, որ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն․ լուսանկարները դրա ապացույցն էին։ Ներկայացվեց նաև պատկերագիքրը։ Արևելյան Ամերիկայի 7 քաղաքներում կազմակերպվեց նույն  ցուցահանդեսը։ Դա Հայ դատի մեր ընկերների տքնաջան աշխատանքի արդյունքն էր, որի մասին անդրադարձան նաև սենատորներ, կոնգրեսականներ՝ նշելով Արցախի նորօրյա ցեղասպանության փաստի մասին։

Մեր մյուս համագործակցությունը շուշեցի լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի հետ էր։ Դա  <<Պիցրանանք Շուշի>> խորագրով ցուցահանդեսն էր, որը կայացավ ՀԲԸՄ Երևանի սրահում։ Շուշիի մասին պատմող այդ  ցուցահանդեսով ցանկացանք ասել, որ սուգը պետք է վերածել պայքարի, ուժի, միասնության, նպատակի։ Մեր մեջ պետք է վերանորոգվի պահանջատիրության զգացումը, անցյալը վերարժևորելու կարևորությունը։ Շուշին հավերժական քաղաք է ու այն պիտի խոսի պայքարի մասին, թեկուզ դա մեզ թվա դժվար ու հավերժական։

Վլադիմիրն ապրել ու ստեղծագործել է Շուշիում և պատկերել է Շուշին՝ իր ողջ հմայքով։ Դա էր մեր համագործակցության պատճառը։

Համագործակցում ենք նաև արցախցի գրողների հետ, որևէ մեկին չենք առանձնացնում։ Առիթ ենք ունեցել կազմակերպելու մի քանի գրական հանդիպումներ, որոնք բաց էին։ Արցախցի գրողները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները։ Իհարկե, ակնհայտ է, որ նրանք դժվարությամբ են վերադառնում ստեղծագործական կյանքին, բայց այդ հանդիպումները հենց քաջալերանքի համար են։ Փորձել ենք համախմբել, արժևորել այն, ինչ ստեղծում են նրանք։ Երկու անգամ , գրական հանդիպումներ ենք կազմակերպել, որը շարունակական է լինելու։ Այն կրում է <<Ապրելու ձայնը>> խորագիրը։

Տեղահանությունից հետո փորձել ենք աշխարհին ներկայացնել մեր վտանգված մշակութային ժառանգությունը և այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանի կողմից։ Արցախում մշակութային ցեղասպանություն է իրականացվում։ Ադրբեջանը փորձում է հայկական հետքը ջնջել լրիվությամբ, ու դա՝ աշխարհի բաց աչքի առաջ։ Երևանի գրասենյակի հետ միասին կազմել ենք <<Արցախ։ Վտանգված ժառանգություն>> պատկերագիրքը, որը ևս տարածվում է Համազգայինի՝ տարբեր երկրների գրասենյակների ճանապարհով։ Այն նույնպես եռալեզու է և պատմում է Արցախի պատմամշակութային ժառանգության ու մշակությին եղեռնի մասին։

Շրջափակման օրերին անգլերենով կազմվել է <<Ճախրող բառեր>> գիրքը, որն իր մեջ ներառում է Արցախի 10 արձակագիրների ստեղծագործությունները։ Այն թարգմանել է Համազգայինի ԿՎ անդամ Արևիկ Գաբրիելյանը՝ մեծ սրտով ու ջանասիրությամբ։  Փորձել ենք ցույց տալ, որ գրականությունը, արվեստը միակ ուժն է, որ կարող է շարժել մարդկային սրտերը։ Հուսանք, որ կշարժի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f