Ինչպես տեղեկացրել ենք, «Հանուն Արցախի» միավորումը e-draft.am կայքում տեղադրել է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատված՝ արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի «Հանուն Արցախի» միավորման կողմից մշակված և արցախահայության համար առավել ընդունելի տարբերակը։
«Արցախի երիտասարդական թև» ՀԿ-ի նախագահ Նժդեհ Իսկանդարյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ միավորումն իր մտահոգությունն է հայտնել գործող բնակարանային ծրագրի վերաբերյալ։ «Մի քանի օր առաջ ՏԿԵ նախարարությունը նախարարի գլխավորությամբ նիստ է գումարել, եւ այնտեղ քննարկել են Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը։
Փաստացի 502 հոգի ստացել են հավաստագիր, որից միայն 5-ն են կարողացել օգտվել։ Թվերն արտացոլում են այն պատկերը, որ այս ծրագիրը ձախողված է։ «Խնդիրներ են առաջանում նախ քաղաքացիություն ստանալու հետ կապված, կարեւոր ցուցիչներից է բնակարանների այն գները, որոնք կան հայաստանյան շուկայում։ Այդ գների պայմաններում գրեթե անհնար է դառնում, որ արցախցիները կարողանան օգտվել այդ ծրագրերից»,- ասաց նա։
Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ վերջին շրջանում Հայաստանի մարզերից մեծ արտագաղթ կա։ Եվ բնակապահովման այս ծրագիրը հնարավորություն կստեղծեր, որպեսզի այդ արտագաղթի պատկերը արցախցիների միջոցով մեղմվեր։ Բայց, նրա խոսքով, սահմանամերձ բնակավայրերում արցախցիների բնակեցման համար պետք է լինեն կայուն երաշխքիներ, ինչպես նաեւ մարդկանց զբաղվածության հարցը պետք է լուծվի։ «Դրա համար մենք ներկայացրել ենք մեր փաթեթները, եւ կարծում ենք՝ կառավարությունը կառուցողական կլինի այս հարցում, կքննարկվեն այդ առաջարկները։ Մենք պատրաստ ենք բոլոր ձեւաչափերով հանդիպման՝ ներկայացնելու մեր տեսակետները, լսելու իրենցը»,- ասաց նա։
«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ նախագահ Արտակ Մկրտչյանն ասաց, որ բնակապահովման ծրագիրն ի սկզբանե ձախողված էր։ «Մենք հուսով ենք, որ կառավարությունը հաշվի կառնի մեր առաջակները եւ կվերանայի ծրագիրը, ինչի արդյունքում մենք կկարողանանք մեր իրավունքները պաշտպանել ու գնալ երկխոսության կառավարության հետ։ Երբ մենք հարցնում ենք՝ ո՞ւմ հետ եք քննարկել ծրագիրը, ասում են՝ արցախցների հետ։ Կցանկանայինք, որպեսզի իրենք հրապարակեին ցուցակ, թե ովքեր են այդ արցախցիները, ում հետ են քննարկում անում եւ ինչպե՞ս որոշվեց, որ այս ծրագիրը հենց այս տեսքով լինի։ Բռնի տեղահանված արցախցիները մեկ տարուց ավելի՝ ապրում են Հայաստանում, որոշակի տարածաշրջաններում արդեն հարմարվել ու բնակվում են, կառավարությունը նաեւ դա պետք է հաշվի առնի, իսկ իրենց տված գումարներով մարդը չի կարողանում տուն վերցնել այնտեղ, որտեղ ինքն է ապրում։ Այդ ծրագրով պարզ է դառնում, որ փորձում են Երեւանից ու հարակից տարածքներից մարդկանց հեռացնել, քանի որ տրված գումարներով հնարավոր չի լինում այստեղ տուն վերցնել»,- նշեց Արտակ Մկրտչյանը։
«Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանն էլ ասաց, որ մեծագույն սխալ է եղել արցախցիներին որպես սոցիալական բեռ դիտարկելը, ինչը շարունակվում է մինչ օրս։ «Շատ քիչ անհատներ են, որ հակառակն են արել՝ արցախցիներին դիտարկելով որպես հսկայական ներուժ՝ 120 հազար աշխատանքային ներուժ, մարդկային կապիտալ ու հսկայական փորձառություն ունեցող»,- նշեց նա։
Ռոզա Հովհաննիսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: