«Հունվարի 19-ին կայացավ մեր համաժողովը, որտեղ տասնյակ կազմակերպություններ իրենց աջակցությունը եւ մտահոգությունը կարողացան համատեղել եւ ստեղծել «Հանուն Արցախի» միավորումը։ Երեք հիմնական կետեր ենք առանձնացրել՝ Արցախի ժողովրդի վերադարձը՝ նրա անվտանգ, ինքնորոշման եւ կայուն կյանքի ապահովման պայմանով, երկրորդը՝ սուբյեկտայնության խնդիրն է, երրորդը՝ սոցիալական։ Այս երեք խնդիրների շուրջ մենք կարողացանք համախմբել շատերին եւ ստորագրել հուշագիր»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ-ի նախագահ Սայիդա Պողոսյանը։
Նա նշեց, որ կարողանալու են համախմբել ոչ միան արցախյան ու հայաստանյան կազմակերպություններին, այլ նաեւ Սփյուռքում գործող այն կազմակերպություններին, որոնք անտարբեր չեն արցախցիների ճակատագրի հանդեպ։ «Արցախից բռնի տեղահանվածների իրավունքները բազմաթիվ անգամ են խախտվել, եւ դրա պատճառով է, որ կարողացել ենք մշակել մի ծրագիր, որտեղ կկարողանան մեր գործընկերները հիմնավոր ապացույցներով ներկայացնել, թե ինչու է «Հանուն Արցախը» ոտքի կանգնել։ Ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող Արցախի մշակութային ժառանգության հանրային պաշտպանության դերն է այստեղ շատ կարեւոր, որն ընդգծվում է։ Դրա շուրջ էլ ունենք կոնսենսուս եւ կարողանալու ենք համախմբել շատ շատերին»,- հավելեց նա։
Սայիդա Պողոսյանն ասաց, որ հարթակը բաց է, «Հանուն Արցախի» միավորմանը կարող են մասնակցել Արցախի ՀԿ-ները, հայաստանյան ՀԿ-ները եւ հիմնադրամները, անհատ անձինք, ովքեր կցանականան իրենց ներդրումն ունենալ Արցախի միավորման գործում։
«Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանն էլ ասաց, որ իրենց գերնպատակը Արցախ վերադառնալն է։ «Մեզ ՀՀ-ում գույք պետք չէ, մենք մեզ այստեղ դիտարկում ենք ժամանակավոր բնակիչ, գերխնդիրը արցախցիներին ՀՀ-ում պահելն է, որը Հայաստանի տնտեսական շահից է բխում եւ մեր ընդհանուր պետական շահից։ Դուք գիտակցում եք, չէ՞, որ եթե գաղթեցին Հայաստանից, վաղը Արցախ ոչ մեկ չի էլ վերադառնա, ինչ պայմաններ էլ ապահովեն»,- ասաց նա։
«Արցախի երիտասարդական թև» ՀԿ-ի նախագահ Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ արցախցիների շրջանում արտագաղթի մեծ ծավալներ կան՝ 20-25 հազարից ավելի արցախցիներ այսօր արդեն Հայաստանում չեն։
«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ նախագահ Արտակ Մկրտչյանն անդրադարձավ հարցին, որ արցախցիներին ստիպում են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Նա ասաց, որ արցախցիներն ի սկզբանե եղել են ՀՀ քաղաքացի, կրում են նույն անձնագիրը, ինչ Հայաստանի քաղաքացիները։ «Եթե հարցը 070 կոդն է, կառավարությունը կարող էր այդ կոդի մասով մի որոշում կայացնել, եւ արցախցիներն ինքնըստինքյան կդառնային ՀՀ քաղաքացիներ։ Մարդիկ հրաժարվում են ՀՀ քաղաքացիություն ստանալ, քանի որ պատճառն անվստահությունն է այսօրվա իշխանությունների նկատմամբ։ Արցախցիների մեծամասնությունը հույսով է ապրում, որ կարճ ժամանակ անց գնալու են Արցախ, այսինքն՝ մտածում եմ՝ անձնագիր փոխելը կարող է խնդիրներ ստեղծել»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: