«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը ստեղծվել է բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից՝ Արցախի շրջափակումից քիչ առաջ։ Գործակալությունն իր հիմնադրման օրվանից իրականացնում է մի շարք ծրագրեր՝ ուղղված Արցախի բնակչության զարգացմանն ու աջակցությանը։
«Բռնի տեղահանությունից հետո «Մենք ենք մեր սարերը» նախաձեռնությունը շարունակում է իր առաքելությունը Հայաստանում՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր։ Դրանցից մեկը “”Թևեր” նախագիծն է: Այն նախատեսում է եռամսյա վերականգնողական կուրս արցախցի երեխաների և դեռահասների և նրանց ծնողների համար։ Ծրագիրն ուղղված է երեխաների և դեռահասների ֆիզիկական և բարոյահոգեբանական վերականգնմանը։
Անցկացվում են արտ-թերապիայի պարապմունքներ և սպորտային միջոցառումներ։ Մասնավորապես, նրանց հնարավորություն է տրվում անվճար հաճախել տարբեր մարզական խմբակներ։ Երեխաները կարող են ընտրել այն սպորտաձևը, որն իրենց ավելի հարմար է: Կան լողի, ֆուտբոլի, բասկետբոլի և այլնի բաժիններ։
Մեծ ուշադրություն է դարձվում նաև հոգեբանական վերականգնմանը։ Արտ-թերապիայի ընթացքում երեխաները օգտագործում են արվեստի տարբեր տեսակներ՝ արտացոլելու իրենց ներաշխարհը, զգացմունքներն ու փորձառությունները, ինչը մասնագետներին հնարավորություն է տալիս հասկանալ և վերացնել տրավմայի պատճառը:
Հոգեբանական օգնությունը տրամադրվում է ոչ միայն երեխաներին, այլև ծնողներին, քանի որ նրանց սթրեսային վիճակը բացասաբար է անդրադառնում երեխայի հոգեկանի վրա։
Բացի այդ, անցկացվում են մի շարք կրթական դասընթացներ և միջոցառումներ՝ օգնելու արցախցի մեր հայրենակիցներին հարմարվել նոր, անծանոթ միջավայրին։ Ներառյալ էքսկուրսիաներ և դասընթացներ ինչպես արցախցիների, այնպես էլ տեղի բնակչության մասնակցությամբ։
Ծրագրի աշխարհագրությունն այս փուլում ընդգրկում է Դիլիջանն ու Գյումրին։ Այս տարվա փետրվարից այն կգործարկվի Երեւանում, իսկ ավելի ուշ՝ Կապանում։ «Արդեն 300-ից ավելի երեխաներ և պատանիներ Արցախից մասնակցել են ծրագրին»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց «Թևեր» ծրագրի ղեկավար և համակարգող Սոնա Հովհաննիսյանը։
Արսեն Աղաջանյան