Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց՝ Հայաստանի իրավասության շրջանակներում: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում շրջանցել Հայաստանի իրավազորությունը»,- շեշտեց նա:
Փաշինյանը չպարզաբանեց, թե ինչ է նշանակում «անարգել հաղորդակցություն Հայաստանի իրավասության շրջանակներում»։ Հայտնի չէ՝ դա նշանակում է Ռուսաստանի և Կալինինգրադի միջև կապի ձև՞, թե օտարերկրյա ընկերության ներգրավում։
Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհը մշտապես աշխատում է բոլոր ուղղություններով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու ուղղությամբ։ «Մենք պատրաստ ենք այդ որոշումներին»,- ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Երևանն իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին և սպասում է պատասխանի։
«Թե ինչպես նրանք (Բաքուն-խմբ) կանվանեն դա (հաղորդակցության ուղիների վերաբացումը-խմբ.), ինչպես՝ մենք, դա առանձին թեմա է։ Ինչ լուծում էլ լինի, մենք այն կանվանենք մեր ձևով, իրենք՝ իրենց ձևով։ Կարևորը հարցի բովանդակությունն ու էությունն է»,- ասաց Փաշինյանը։
Նա միաժամանակ նշեց, որ պատճառ չի տեսնում, որ Ադրբեջանը մերժի այդ առաջարկները։
Փաստորեն, Փաշինյանը համաձայնում է «անխոչընդոտ» հաղորդակցությանը՝ չպատասխանելով երկու հիմնական հարցի՝ ի՞նչ է լինելու հայ-իրանական սահմանի հետ, և արդյոք ռուսական զորքերն են տեղակայվելու “նոր” ճանապարհի երկայնքով։