«Ստեփանակերտ» մեդիաակումբը նոր ծրագիր է սկսել

  • 16:47 31.01.2025

Նորերս «Ստեփանակերտ» մեդիա ակումբը գործընկեր կազմակերպություններին ու հանրային գործիչներին էր ներկայացրել Արցախից բռնատեղահանվածների կարծիքների ուսումնասիրությանը, նրանց հրատապ խնդիրների քննարկմանը և Արցախում հայկական մշակութային ժառանգությանը նվիրված իր նոր ծրագիրը:

Ծրագրի շնորհանդեսի ժամանակ «Ստեփանակերտ» մեդիա ակումբ ՀԿ-ի նախագահ Գեղամ Բաղդասարյանն ամփոփ ներկայացրեց նախորդ՝ 2024 թվականին արված աշխատանքներն ու խոսեց նոր ծրագրի նպատակների ու գործնեության հիմնական ուղղությունների մասին:

Նոր ծրագրով նախանշվել են գործնեության հետևյալ ուղղությունները՝ Արցախից բռնի տեղահանվածների կարծիքների ուսումնասիրություն, նրանց հրատապ խնդիրների քննարկումներ, փորձագիտական երկխոսություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի և հեռանկարների վերաբերյալ՝ արցախյան ու հայաստանյան քաղաքական վերլուծաբանների մասնակցությամբ, հայկական ու արտասահմանյան մամուլի մշտադիտարկում՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման թեմայով:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ բռնատեղահանվածների հրատապ խնդիրների քննարկումները կանցկացվեն «5+5» ձևաչափով՝ 5 արցախյան և 5 հայաստանյան հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Սույն ձևաչափի նպատակն է բռնատեղահանվածներին հուզող խնդիրների մասին խոսեն ոչ միայն արցախցիները, այլ նաև նրանց հայաստանյան գործընկերները, ու միասին էլ լուծումներ որոնեն: Բացի դրանից, ակնկալվում է, որ հայաստանյան գործընկերները միջնորդի դեր կխաղան ՀՀ իշխանությունների հետ երկխոսության հարցում՝ բռնատեղահանվածների հիմնական խնդիրների լուծման նպատակով:

Իսկ բռնատեղահանվածների կարծիքների ուսումնասիրության նպատակով կանցկացվեն առցանց քվեարկություններ՝ նվիրված այս կամ այն հրատապ խնդրին: «Ստեփանակերտ» մեդիա ակումբը «ՍիվիլՆեթ»-ի հետ համագործակցությամբ արդեն սկսել է առաջին առցանց քվեարկությունը՝ Արցախից բռնատեղահանվածների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալ-չստանալու թեմայով: Հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Հայկ Խանումյանն իր հոդվածում ի մի է բերել նշյալ հարցով «կողմ» և «դեմ» կարծիքները, վերլուծել դրանք ու տվել սեփական գնահատականը:

«Ստեփանակերտ» մեդիաակումբը արցախցիներին հորդորում է ակտիվորեն մասնակցել այդ քվեարկություններին, քանի որ նրանց կարծիքներն անչափ կարևոր են հետագա վերլուծությունների ու լուծումների համար:

Ինչ վերաբերում է Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ապա «Ստեփանակերտ» մեդիա ակումբն արդեն անցկացնում է հայկական ու արտասահմանյան մամուլի ամենամսյա մշտադիտարկում՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման թեմայով: Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների դիտարկման արդյունքների մասին հաշվետվությունը հրապարակվել է Մեդիա ակումբի գործընկեր step1.am կայքում։