Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, թե ինչո՞ւ չի իրագործել կառավարության ծրագիրը, մասնավորապես, դրանում ամրագրված Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիան ինչո՞ւ չի իրականացվել։
«Հենց ընտրությունների հաջորդ օրվանից մենք այդ ծրագրի հետեւից գնացել ենք, հետւողական գնացել ենք։ Գնացել ենք, գնացել ենք, եւ բաներ են պարզվել կամ պարզված բաների նկատմամբ մեր հայացքն է փոխվել։ Մենք նույն տեքստը կարդացել ենք, հասկացել ենք, որ այդ նույնը տեքստը 2019 թվականին ուրիշ կերպ էինք հասկանում։ Հետո տեսել ենք, որ այդպես չէ, պետք է որոշում կայացնես, այդ որոշումները կայացվել են, եւ այդ որոշումների արդյունքում է, որ մենք այսօր խոսում ենք իրական Հայաստանի՝ որպես ռազմավարության մասին»,- ասաց նա։
Այս պահին մենք ռազմավարություն ասելով նկատի ենք ունենում այս կապակցությամբ իմ ունեցած ելույթները և հայտարարությունները, բայց ես համաձայն եմ, որ դա պետք է փաստաթղթավորվի և այդ փաստաթղթավորման գաղափարախոսության ձևակերպման աշխատանքը գնում է: Այս մասին հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը խոսում է իրական Հայաստանի ռազմավարության մասին, մինչդեռ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, միակ հայտնի ռազմավարությունը 2020-ի ազգային անվտանգության ռազմավարությունն է, որտեղ ընդհանրապես հակառակի մասին է խոսքը:
“Այո, իմ ընկալումն այն է, որ ամեն ինչը պետք է համապատասխանաբար խմբագրվի, համապատասխան ձևակերպումներ ստանա: Հիմա որոշ տեղերում այդպիսի որոշումներ կան, ընդհուպ կրթության ոլորտում ենք մենք այդպիսի որոշում ներկայացնում, արտաքին քաղաքականության: Կիրանց-Բերքաբերք հատվածում սահմանազատումը այդ ռազմավարության գործնական իրագործումն էր»,-ասաց նա:
Զարմանալի բան է ստացվում․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը 2021-ին, պատերազմից ամիսներ անց, կրկին ընտրվել է՝ մինչ պատերազմն ընդունված ռազմավարությունով եւ դրա վրա կառուցված կառավարության ծրագրով, “на ходу” փոխում է ամեն ինչ, բայց հարկ չի համարում հրաժարական տալ, նոր ծրագիր գրել եւ նորից գնալ ընտրությունների։
Դա հակաժողովրդավարություն է, եւ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները՝ ինքնախոստովանություն են առ այն, որ նա ավտոկրատ է։ Ի՞նչ է նշանակում՝ քաղաքականությունը հիմնվում է իմ հայտարարությունների եւ ելույթների վրա։ Մարդիկ ընտրել են ոչ թե անձերին, այլ ծրագիրը, եւ եթե այն փոխվել է, քաղաքական ուժը պարտավոր է հրաժարական տալ։ Այդպիսին է ժողովրդավարության իմաստը։
“Իմ ելույթների վրա” հիմնված քաղաքականությունը թույլ է տալիս արդարացնել ցանկացած բան, հետո ասել, որ եթե հասարակությունը դեմ լիներ, թույլ չէր տա դա անել։
Փաշինյան ժողովրդավարության բաստիոն համարող երկրներում դժվար թե հնարավոր լինի նման բացահայտ ավտոկրատիա։ Թեկուզ հիմա դեմոկրատիան նորաձև չէ, ավտոկրատիան է թռենդային։