Հաջորդ սահմանազատումը՝ Վրաստանի սահմանի մոտ

2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Ռուբեն Վարդանյանը մինչեւ դատավարություն պնդում է, որ ցուցմունք չի տվել, եւ այն, ինչ կներկայացնեն, կեղծ է

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինի պահվող, քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանն այսօր հունվարի 16–ին,  ուղերձ է հղել։ Այն փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում։

Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ.

«Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:

Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում,  23-ը՝ պատժախցում:  Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին   ճշմարտությունը ձեզ  հասցնելու բոլոր այլ միջոցները:

Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է  բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված,  ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:

Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:

Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:

Ես նորից եմ հայտարարում ու պնդում  իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:

Չնայած մեր անմեղությանը և  գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և  կսկսեն դատավարությունը:  Այս պարագայում  ես խնդրում և պահանջում եմ ձեզնից  աջակցել իմ հետևյալ պահանջներին՝

  1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:
  2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել,  քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:
  3. Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
  4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422  հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են:  Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ  առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:

Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ  են խախտում:

Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն  ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ,  կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:

Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը  առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից  կամ դավանանքից:

Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:

Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է:

Ռուբեն Վարդանյան»։

Հունվարի մեկից Ռուսաստանում մի քանի օրենքով խստացվել է հայերի տեղաշարժը․ ինչ անել

«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց, թե Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում ինչ փոփոխություններ են կատարվել։

Նա նշեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել երկու օրենքներ, որոնք ուժեղ ազդեցություն են ունենալու մեր միգրացիոն հոսքերի վրա։ Առաջինն այն է, որ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները տարեկան յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող էին 90 օր գտնվել ՌԴ-ում, այդ ժամկետը կրճատվել է, եւ հունվարի մեկից սկսած տարվա ընթացքում կարող են գումարային 90 օր գտնվել ՌԴ-ում, եթե չեն պատրաստվում աշխատել, չունեն ժամանակավոր բնակության կամ կացության կարգավիճակ։ «Կոնկրետ օրենքի այս կետից կտուժեն մեր այն վարորդները, որոնք բեռնափոխադրումների ծառայությունnերում են աշխատում, որովհետեւ տարվա ընթացքում գումարային 90 օր կարող են գտնվել ՌԴ-ում։ Եթե այնպես ստացվի, որ իրենց աշխատանքն ավելի երկար ժամանակ պահանջի, եւ 90 օրը լրանա, նրանք ուղղակի մուտքի արգելք կստանան։ Այսինքն՝ կստացվի, որ առնվազն 3 տարի իրենք այլեւս չեն կարող մուտք գործել ՌԴ»,- ասաց նա։

Բեժանյանի խոսքով՝ հաջորդ փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել, այն է, որ սահմանապահները սահմանին, ելնելով նրանից, որ իրենք կարծում են՝ անձը կարող է ՌԴ անվտանգությանը սպառնալիք հանդիսանալ, իրենց հայեցողությամբ կարող են օտարերկրացուն թույլ չտալ մուտք գործել ՌԴ։ Սա նշանակում է՝ որեւէ այլ գերատեսչության միջամտություն չի պահանջվում, միայն սահմանապահը ինքնուրույն կարող է որոշել՝ օտարերկրացուն թույլ տալ մուտք գործել ՌԴ տարածք, թե ոչ։

Փետրվարի 5-ից ուժի մեջ կմտնի վտարման մասին օրենքը։ Մինչեւ հիմա արտաքսումներն ու վտարումները տեղի են ունեցել դատարանի որոշումներով։ Փետրվարի 5-ից սկսած ոստիկանությունը, առանց դատարանի որոշմամբ, իրավունք ունի անօրինական գտնվող, քրեական հանցագործության, միգրացիոն օրենսդրությունը խախտելու մեջ կասկածվող, վարակիչ հիվանդություն կրող միգրանտներին 48 ժամով կալանավորել։ Այնուհետեւ առանց դատարանի որոշման ոստիկանությունն իրավունք ունի այդ անձին վտարել ՌԴ-ից։

Մյուս փոփոխությունն այն է, որ ներդրվելու է օտարերկրյա միգրանտների ռեեստեր, որտեղ կհաշվառվեն միգրացիոն ոլորտում որեւէ խախտում կատարած միգրանտները։ Իսկ սա նշանակում է, որ այդ անձինք ՌԴ-ում չեն կարող որեւէ գործարք անել։ «Այսինքն՝ չեն կարող տուն կամ մեքենա գնել ու իրենց  անունով գրանցել, չեն կարող ՔԿԱԳ մարմիններում ամուսնություն, երեխայի ծնունդ գրանցել։ Այդ բոլոր կազմակերպությունները կհրաժարվեն նրանց որեւէ ծառայություն մատուցելուց»,- նշեց Տաթեւիկ Բեժանյանը։

Նա նշեց, որ 2024 թվականին ՌԴ ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ օգոստոսի 31-ի դրությամբ ՌԴ-ում գտնվում էր 246 հազար ՀՀ քաղաքացի։ Այդ թվի մեջ մտնում են եւ օրինական, եւ անօրինական, եւ ժամանակավոր բնակության իրավունք ունեցող անձինք, բացի երկքաղաքացիներից։

«Վերջերս ոչ պաշտոնական աղբյուրներից հնչեց 46-48 հազար թիվ, որ այդքան ՀՀ քաղաքացի այս պահին անօրինական գտնվում է ՌԴ-ում։ Այդ թվերը հնչեցվեցին այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ անօրինական միգրանտները պարտավոր են մինչեւ ապրիլի 30-ը կամ օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում, կամ ՌԴ-ն ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել եւ արտաքսել նրանց։ Այս թվերը ես համարում եմ իրատեսական, որովհետեւ մենք միշտ խոսում էինք, որ եթե 16 հազար մարդ արդեն մուտքի արգելք ունի, առնվազն 2-3 անգամ ավելին գտնվում են ՌԴ-ում, եւ նրանք վստահաբար անօրինական կարգավիճակ ունեն, պարզապես դեռ չեն հայտնվել այդ ցուցակներում»,- հավելեց նա։

Տաթեւիկ Բեժանյանն ասաց նաեւ,որ ոչ բոլորը կարող են օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում, որովհետեւ եթե միգրացիոն հաշվառման ժամկետից անցել է 90 օր, 180 օր, 270 օր, այս մարդիկ արդեն ունեն 3, 5, 10 տարով մուտքի արգելք։ Այսինքն՝  հենց իրենք սահմանը հատեն ու փորձեն վերադառնալ, 3-10 տարով մուտքի արգելքն ուժի մեջ է մտնելու։

«Մեր քաղաքացիներին ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել՝ անկախ նրանից, գնում եք աշխատելու նպատակով, թե հյուր, եթե պատրաստվում եք 30 օրից ավելի գտնվել ՌԴ-ում, պարտավոր եք մուտքի պահից սկսած 30-օրյա ժամկետում ձեր իրական բնակության հասցեում միգրացիոն հաշվառման կանգել։ Ինչու եմ շեշտում՝ իրական բնակության հասցեում, որովհետեւ եթե իրական բնակության հասցեում չեք հաշվառվում, դա հիմք է մինչեւ մեկ տարով ազատազրկվելու համար։ Միգրացիոն հաշվառման չկանգնելը հիմք է, որպեսզի անձը ճանաչվի անօրինական՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եթե գնացել եք աշխատելու նպատակով, ապա 30-օրյա ժամկետում դուք պետք է հասցենք անել 4 գործողություն՝ միգրացիոն հաշվառում իրականացնել, անցնել բուժզննում, որը վճարովի է, բուժզննման տեղեկանքը ներկայացնել հաշվառման տարածքային միգրացիոն ծառայություն, որտեղ կհանձնեք կենսաչափական տվյալներ՝ մատնահետք, ձեզ կլուսանկարահանեն եւ կտրամադրեն պլաստիկ քարտ, որից հետո պետք է անպայման կնքել աշխատանքային պայմանագիր։ Եթե անձը մուտք է գործել ՌԴ աշխատելու նպատակով, բայց չունի աշխատանքային պայմանագիր, սա հիմք է չեղարկելու նրա միգրացիոն հաշվառումը, եւ անձը կվաստակի մուտքի արգելք»,- ասաց Բեժանյանը։

Հայ բարձրաստիճան զինվորականներին դատում են Բաքվում և Երևանում

Հունվարի 17-ին Բաքվում կսկսվի ռուսների թեթեւ ձերքով պատանդ վերցված և ահաբեկչության, ռազմական հանցագործությունների և այլ մահացու մեղքերի մեջ «մեղադրվող» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դատավարությունը։

Միաժամանակ Երեւանում դատում են հայ բարձրաստիճան զինվորականներին։ Օրինակ՝ հենց երեկ հայկական դատարանը մեղավոր է ճանաչել Արցախի պաշտպանության նախկին նախարար (44-օրյա պատերազմի առաջին կեսին) Ջալալ Հարությունյանին ՑՕՐ-ի 20 զինծառայողների մահվան մեջ, ովքեր, պայմանավորված ոչ ճիշտ հրամանով, հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի ուղղությամբ հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից շրջապատված և սպանվել։

Այս պաշտոնում Ջալալ Հարությունյանին փոխարինած Միքայել Արզումանյանն արդեն մի քանի տարի է՝ նստած է, և նրա գործը դեռ դատարան չի ուղարկվել։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ իր անփութության պատճառով հանձնվել են Շուշիի մերձակայքում գտնվող ռազմավարական բարձունքները։

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մի քանի տարի անցկացրել է բանտում (նա այժմ տնային կալանքի տակ է), և իր ցուցմունքներից մեկում ասել է, որ Ռուսաստանի կողմից վերահսկվող հայկական հակաօդային պաշտպանությունը չի գործել, երբ թուրքական F-16-ները հարվածներ են հասցրել հայկական ուժերին։

Իսկ օրերս ձերբակալվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ը որոշակի գործողությունների մեջ։ Հիշեցնենք, որ հենց հոկտեմբերի 17-ին Բաքուն հայտարարեց Գանձակի ուղղությամբ իբր Հայաստանից հրթիռային հարված հասցնելու մասին։

Հայաստանի ընդդիմության կոչերում և Արցախի Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունում ակնարկվում է, որ Բաքվի դատավարությանը կարող են հնչել մեկ տարուց ավելի Բաքվի բանտերում գտնվող մարդկանց որոշ «խոստովանություններ»։ Նրանք կոչ են անում չընդունել խոշտանգումների արդյունքում ձեռք բերված “ապացույցները”:

Հայաստանի իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքում վաղը Բաքվում կայանալիք դատավարությանը, ոչ էլ որոշ «բացահայտումների» հնարավորությանը։

Ո՞ւմ դեմ կարող էին ուղղվել Բաքվի պատանդներից, հավանաբար, խոշտանգումներով կորզված «ցուցմունքները»։ Բաքվի դատավարությունները և Հայաստանում բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները կապվա՞ծ են իրար հետ։

Հայաստանի կառավարության քաղաքականությունը ծայրաստիճան շփոթեցնող է. Հայաստանի վարչապետն մեկ ասում է, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, մեկ հայ զինվորներին մեղադրում է դասալքության և դավաճանության մեջ, միաժամանակ հայ գեներալներին դատում են Ղարաբաղում բարձունքները հանձնելու համար։ Կեղտոտ ջրերում ավելի հեշտ է ձուկ որսալ, և երաշխիք չկա, որ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հայ զինվորականներին կմեղադրեն դիմադրելու մեջ։

Լոնդոնն ու Փարիզը քննարկում են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկում են բրիտանացի և ֆրանսիացի զինվորներ Ուկրաինա որպես խաղաղապահ զորակազմ ուղարկելու հնարավորությունը, եթե համաձայնություն ձեռք բերվի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, չորեքշաբթի՝ հունվարի 15-ի երեկոյան, գրում է լոնդոնյան The Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Մակրոնն ակտիվորեն առաջ է մղում այս գաղափարը և այն արդեն քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Դաունինգ սթրիթի և Ելիսեյան պալատի խոսնակները չեն հերքել տեղեկությունն այն մասին, որ Սթարմերը և Մակրոնը քննարկել են այդ հարցը անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետի Չեկերսի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ։

Բանակցությունների մանրամասները մնում են գաղտնի, սակայն բրիտանական կառավարության մի քանի բարձրաստիճան աղբյուրներ ասում են, որ Սթարմերը դեռ լիովին չի համաձայնվել պլանին: «Շատ հարցեր կան այն մասին, թե ինչին կարող ենք աջակցել, և ավելի լայն հարց, թե ինչ սպառնալիքներ կարող են առաջանալ այդ զորքերի համար և արդյոք դա կընկալվի որպես էսկալացիա»,- The Telegraph-ին ասել է աղբյուրներից մեկը:

Պաշտոնական Երեւանը չի խոսում արցախցիների ունեցվածքի կորուստի եւ փոխհատուցման մասին

Тигран Петросян-ը գրում է․

Այսօր ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Բաքվում հայերի նկատմամբ էթնիկ զտումների 35-րդ տարելիցի կապակցությամբ, որտեղ նաև նշվում է հայերի միլիարդավոր դոլարների կորցրած ունեցվացքի մասին, շեշտելով, որ որևէ փոխհատուցում չի եղել…
Ճիշտ եք անում, որ չեք մոռանում այդ ամենը, սակայն առնվազն տարօրինակ է խոսել 35 տարվա դեպքերի մասին, շեշտելով, որ ունեցվացքի որևէ փոխհատուցում չի եղել, բայց լռել մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ցեղասպասության, 140 հազարից ավել մարդկանց ունեցվացքի կորստի մասին…
Արցախցիներ, մեկ տարուց ավել է, որ Ադրբեջանը խլեց մեզնից մեր տները, մեր տարիներով վաստակածը, և, ցավոք, Հայաստանի իշխանությունները, որոնք ուղիղ հայտարարում են, որ ստիպված էին Արցախից հրաժարվել, որպեսզի փրկեն մնացածը, այսօր գեթ մի բառ չեն խոսում, չեն պայքարում մեր կորցրած ունեցվացքի (միջազգային իրավունքի) համար։ Չեն խոսում այդ մասին նաև Արցախի իշխանություններն ու Հայաստանի պարլամենտական ընդդիմությունը…
Պատրաստվեք պայքարի, թե չէ մեզ լրիվ կենդանու տեղ են դրել…

«Ապացույցները շատ ուժեղ ու հստակ են հատկապես 44-օրյա պատերազմի համատեքստում»

«Ապացույցները շատ ուժեղ ու հստակ են հատկապես 44-օրյա պատերազմի համատեքստում Ադրբեջանի կողմից կատարված խախտումների մասով, որովհետեւ անվիճելի ապացույցներ կան հենց հանցագործների կողմից ներկայացված՝ տեսանյութեր եւ այլն։ Դրանք միանշանակ ցույց են տալիս, որ այդ խախտումները տեղի են ունեցել պետության գործակալների, այսինքն՝ զինծառայողների կողմից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։

Նա նշեց, որ 2020 թվականից ի վեր, երբ տարբեր միջազգային հարթակներում հայկական կողմը խոսում է այդ խախտումների մասին, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հիմնական պատասխանն այն է, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, ապացուցված չէ։ «Այսինքն՝ եթե Հայաստանի կառավարությունը հրաժարվի միջազգային դատարաններ ներկայացրած հայցերից, իրոք, բոլոր ուղիները, ճանապարհները փակվելու են մեզ համար։ Սա նաեւ կարեւոր է հասկանալ միջազգային հանրության արձագանքի տեղանկյունից՝ մենք չենք կարող լինել պահանջատեր մի խնդրի, որից հրաժարվել է մեր կառավարությունը։ Մեզ ասելու են՝ ինչո՞ւ մենք պետք է անենք, եթե ձեր կառավարությունը չի անելու»,- հավելեց նա։

Աննա Մելիքյանը նշեց, որ այս պահին կա 4 միջպետական գանգատ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, մեկը՝ ընդդեմ Թուրքիայի, եւ եւս երկու գանգատ կա ՄԻԵԴ-ում՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի։ Դժվար է կանխատեսել, թե ՄԻԵԴ-ն ինչ որոշում կկայացնի, բայց, անկախ դրանից, Հայաստանի ներկայացված գանգատները բավական հիմնավոր են։

«Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանն է անվանվում ֆաշիստ երկիր։ Հենց երեկ, երբ մեր ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն Բաքվում հայերի ջարդերի մասին, Ադրբեջանի պաշտոնական արձագանքը եղել է այն, որ Հայաստանը ստում է, եւ հենց Հայաստանն է ատելություն քարոզող ու ֆաշիստ երկիր։ Այսինքն՝ սա շատ լավ ցուցիչ է, որ եթե մենք հրաժարվում ենք մեր պահանջից, դա հենց մեր դեմ է օգտագործվելու, ասելու են՝ «տեսեք, մենք 30 տարի ասում էինք, որ Հայաստանը խաբում է ամբողջ աշխարհին, հենց նա է ագրեսորն ու ոճրագործը, իսկ մենք անմեղ տուժած ենք»»,- նշեց նա։

Ըստ Մելիքյանի՝  «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները եւ դրա բովանդակությունը թափանցիկ չէ, այսինքն՝ որեւէ երկխոսություն հասարակության կամ իրավապաշտպան շրջանակների հետ տեղի չի ունենում, որպեսզի հասկանանք՝ արդյոք մարդու իրավունքների գործոնը որեւէ կերպ շոշափվո՞ւմ է այնտեղ։ «Այսինքն՝ եթե մարդու իրավունքների, արդարադատության հարցերը հաշվի չեն առնվում, իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի գործողությունները վկայում են այն մասին, որ որեւէ բան չի փոխվելու մոտ ապագայում, ապա որեւէ երաշխիք չկա, որ պայմանագիրը պահպանվելու է, որ որեւէ խախտում այլեւս չի լինելու։ Այդ պայմանագրի ստորագրմամբ որեւէ խնդիր չի լուծվում, գլխատված մարդկանց ու նրանց ընտանիքների իրավունքները չեն վերականգնվում, գերության մեջ  խոշտանգման ենթարկված անձանց իրավունքները չեն վերականգնվում, շուրջ 150 հազար մարդու իրավունքը չի վերականգնվում վերադարձի իմաստով։ Մենք իրավունք չունենք նույն սխալը կրկնել, սա արդեն երրորդ անգամ կլինի, եթե հաշվի առնենք ցեղասպանութունն ու 1990-ականների ջարդերը։ Այս դատական հայցերը շատ կարեւոր գործիք են լինելու՝ անկախ նրանից քանի տարի կտեւեն, միանգամից կկատարվեն, թե ոչ, բայց գոնե միջազգային հարթակների օրակարգում կպահեն հարցը»,- նշեց Աննա Մելիքյանը։

 

Հայաստանը պաշտպանելու համար ամենաուժեղ գործոննեից մեկը հենց դատական հայցերն են

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Ադրբեջանի պահանջներին՝ միջազգային դատարաններից ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ վերցնելու մասին։ Նա նշեց, որ Բաքվի բոլոր պահանջների նպատակը մեկն է՝ առնվազն վերացնել Հայաստանը՝ որպես տարածաշրջանային գործոն, իսկ առավելագույնը՝ որպես պետություն՝ հասնելու իրենց վերջնական «հաղթանակին»՝ կապիտուլյացիոն պայմաններով։

Այս պարագայում պետք է հասկանալ, որ Հայաստանը դրա դեմ կարող է պաշտպանվել միայն մի շարք միջոցների  եւ մեթոդների համադրությամբ։ Դրանցից մեկը սեփական զինված ուժերի պաշտպանական ռեսուրսի հզորացումն է, իսկ մյուսը դիվանագիտական-իրավական դաշտն է։ Դրա շրջանակներում այս պահին ամենաուժեղ գործոննեից մեկը հենց դատական հայցերն են։

Ըստ Խզմալյանի՝ այդ հայցերն ինքնանպատակ չեն, Հայաստանի համար դրական դատական ակտ ունենալը միջոց է, որը կարող է թույլ տալ վերկանգնել Արցախի բնակչության իրավունքները։

«Դա այլ քայլերի հետ զուգընթաց կարող է ստեղծել հնարավորություն վերադարձի համար։ Իհարկե, պետք է հասկանալ, որ դա չի կարող լինել վերադարձ Ադրբեջանի կողմից ակտիվ վերահսկողության ներքո։ Բայց եթե մենք երկարաժամկետ ենք նայում խնդրին, բավական է ուղղակի հետադարձ հայացքով նայել, թե ինչ է արել Ադրբեջանը։ Ադրբեջանը վերցրել է Խոջալուի միջադեպը, դրա շուրջ ստեղծել է հստակ նարատիվ եւ մեծածավալ ջանքեր է գործադրել այդ նարատիվը աշխարհով մեկ տարածելու համար։ Դա արել է, որպեսզի կառուցի հիմքեր իր կողից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար։ Դա կարեւոր քայլերից մեկն էր՝ Հայաստանին ներկայացնել որպես իրավախախտ, որպես մարդու իրավունքները խախտող, որպես ոճրագործություն իրականացրած պետություն։ Հիմա կա իրական հնարավորություն՝ համարժեք  գնահատական տալու Ադրբեջանի գորոծղություններին, ընդ որում, միջազգային դատարանների կողմից։ Այդ հնարավորությունից հրաժարվելը նշանակում է շատ-շատ թուլացնել ցանկացած հնարավորություն՝ ապահովելու իրավունքների վերականգնումն ու վերադարձը»,- ասաց նա։

Արա Խզմալյանը նշեց, որ խաղաղության պայմանագրերը երաշխիք չեն տալիս ոչ իրավունքների վերականգնման, ոչ վերադարձի, ոչ էլ բուն խաղաղության համար։ Խաղաղության պայմանագիրը թուղթ է, որը խախտվում է, իսկ Ադրբեջանը քիչ միջազգային պայմանագրեր չի խախտել մինչ օրս։ Եվ միջազգային դատական այս գործընթացները հենց այն մասին են, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր, այդ թվում՝ իմպերատիվ նորմեր։ Եվ այդ խախտումների մասով պահանջներից հրաժարվելն ընդամենը ավելի հեշտ է  դարձնում նոր խախտումներ իրականացնելը։

Մեդիամաքսը հայերեն կհրատարակի «Մեր հայրերի մոխիրը» գիրքը

Մեդիամաքս մեդիա ընկերությունը ձեռք է բերել բրիտանացի լրագրող Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկումը՝ ներսից» (“Ashes of Our Fathers: Inside the Fall of Nagorno-Karabakh”) գիրքը հայերեն թարգմանելու եւ Հայաստանում հրատարակելու բացառիկ իրավունքը:

Գիրքն այս տարվա հունվարին լույս է ընծայել բրիտանական Hurst Publishers հրատարակչությունը:

Գաբրիել Գեւինի հետ Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը հասանելի է այս հղումով:

Մեկնաբանելով գիրքը հայերեն թարգմանելու մասին լուրը, հեղինակը Մեդիամաքսին ասել է.

«Երեք տարվա ընթացքում, երբ հավաքում էի գրքի նյութը, ճանապարհորդել եմ ամբողջ Հայաստանով: Խնձորի օղի եմ խմել Սոտքում, երբ գնդակոծված տները դեռ ծխում էին, հայկական սուրճ եմ խմել Կոռնիձորում՝ Արցախից իրենց ընտանիքի անդամներին սպասող մարդկանց հետ:

Սովորական հայերից եւ ադրբեջանցիներից լսած պատմությունները դրդեցին ինձ գրել այս գիրքը եւ ուրախ եմ պատկերացնել, որ նրանցից ոմանք այն կարդալու հնարավորություն կունենան: Այն, ինչ նրանք վերապրել են, պետք է միշտ հիշվի, իսկ հասկանալ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում, այսօր առավել կարեւոր է, քան երբեւէ»:

Այս մասին հայտնում է Մեդիամաքսը։

Չգիտեմ՝ ինչքան կդիմանանք այս ցավին ու օրեցոր ծանրացող դժվարություններին․ անհետ կորածի մայր

-Տուն մտնելուն պես որդիս մամա էր կանչում, գալիս փարվում ինձ ու ասում, որ ես աշխարհի ամենալավ մայրն եմ որդուս խոսքերն ականջներումս են,- ասում է 2023-ի սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պայթյունի ժամանակ անհետ կորած համարվող Արայիկ Սարգսյանի մայրը՝ տիկին Սուսաննան, ու երկար լացում։

Արցախից տեղահանվելուց հետո Սարգսյանների ընտանիքն Էջմիածին քաղաքում է բնակություն հաստատել։ Չորս զավակների մայրն ապրում է Արամի և Աշոտի հետ, իսկ ավագ որդին՝ Արսենը, իր ընտանիքով բնակվում է առանձին։ Տարիներ առաջ ավտովթարի ենթարկված Արամը դեռևս սայլակով է շարժվում, հաճախում վերականգնողական կենտրոն։

 Սեպտեմբերի 25-ին տիկին Սուսաննան որդու հետ էր, երբ նա գնացել էր վառելիք ձեռք բերելու։ Հիշում է այդ օրվա ամեն մի վայրկյանը

-Այդ օրն առավոտյան լսեցինք, որ Ստեփանակերտի բանկերում վերադարձնում են գրավադրած ոսկեղենը։ Արայիկն իր անվամբ գրավ էր դրել նաև ընկերոջ ոսկին։ Միասին ճանապարհվեցինք Ստեփանակերտ։ Բանկերում մեծ հերթեր էին գոյացել, հերթագրվեցինք նաև մենք։ Մեր հերթն այնքան հեռու էր, որ Արայիկի հետ որոշեցինք գալ տուն, իսկ Աշոտը մնաց այնտեղ։ Եկանք տուն, մեքենայի մեջ տեղավորեցինք որոշակի հագուստ, վերցրինք մեր փաստաթղթերը։ Արայիկը 10  լիտրանոց տարա վերցրեց ու ասաց, որ ճանապարհին վառելիք կվերցնի․ լսել էր, որ բենզին են տրամադրում։ Երբ հասանք այդ վայրը, արդեն մոտ 300 մեքենա կար կանգնած։ Մարդկանց մեջ խուճապ էր նկատվում, յուրաքանչյուրը ցանկանում էր շուտ բենզին վերցնել ու դուրս գալ Արցախից։ Արայիկն ինձ թողեց մեքենայի մեջ ու գնաց՝ ասելով, որ մեքենայից դուրս չգամ։ Մի քանի ժամ սպասեցի, սակայն տղաս չէր երևում։

Հանկարծ պայթյունի մի ուժգին ձայն լսվեց։ Սկզբից չհասկացա՝ ինչ է կատարվում։ Մտածեցի՝ երևի մարդիկ տներն են պայթեցնում, որ չմնան թշնամուն։ Դուրս եկա մեքենայից ու հասկացա, որ աղետալի բան է կատարվել։ Մի քանի կին ողբալով վազում էին դեպի պահեստը։ Քիչ անց սկսվեց շտապօգնության մեքենաների հոսքը։ Ես նույնպես վազեցի դեպի դեպքի վայր ու սկսեցի որդուս փնտրել։ Ոչինչ չէր երևում․ ամենուր կրակ ու ծուխ էր, տրաքոցները չէին դադարում։ Տեղացող անձրևն ավելի էր սաստկացել։ Տեսարանը, որին ականատես եղա, երբեք չեմ կարող մոռանալ։ Կիսամերկ տղամարդիկ վազում էին, գոռում ցավերից։ Իսկական դժոխք էր, որտեղ մարդիկ պայքարում էին կյանքի համար․․․ Արայիկին չգտանք ու մինչև այսօր ոչ մի լուր չկա որդուցս։

Հաջորդ օրը, երբ կրկին գնացինք դեպքի վայր, տեսանք, որ մեր մեքենայի մարտկոցը հանել են։ Չգիտեինք ինչ անել։ Աշոտին առաջարկեցին ԱՀ ՊԲ մեքենաներից մեկով մեկնել Հայաստան։ Այդպես մենք ուրալ մեքենայով ճանապարհվեցինք։ Հասնելով Երևան՝ տղաս մեքենան հանձնեց պատկան մարմիններին։

Հայաստանում հաստատվելուց հետո սկսեցինք Արայիկին փնտրել հիվանդանոցներում․ ոչ մի տեղ նրա անունը չկար։ ԴՆԹ թեստ հանձնեցինք, համընկնում ևս չկար։ Դիմել ենք բոլոր համապատասխան մարմիններին, սակայն՝ անարդյունք։

Անհետ կորած Արայիկի մոր օրն սկսվում և ավարտվում է աղոթքով

-Չեմ դադարում հավատալ, որ իմ տղան ողջ է։ 22 անհետ կորածների ծնողների նման՝ այն կարծիքին եմ, որ մեր երեխաները Բաքվում են, այլապես ԴՆԹ համընկնում կլիներ։ Չգիտեմ ինչ անել, էլ ում դիմել։ Հույսս Աստծո վրա եմ դրել և հավատում եմ նրա զորությանը։

Մեր տանը մենակ Աշոտն է աշխատում, մեզ օգնում է նաև ավագ որդիս։ Արամը սայլակի վրա է, ոտքերը մի կերպ է շարժում։ Չգիտեմ՝ ինչքան կդիմանանք այս ցավին ու օրեցոր ծանրացող դժվարություններին։ Լինեինք Արցախում՝ հարևան, բարեկամների կողքին, գուցե կկարողանայինք հաղթահարել մեր ցավն ու անորոշությունը։ Երազում եմ տուն գնալ, մեր հողում ապրել։ Նախկին կյանքն եմ ուզում, երբ ամեն ինչ լավ էր ու երեխաներս՝ կողքիս։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Սիսիան-Քաջարան ճանապարհի համար 708 մլն․ դոլար վարկ է ներգրավվել

Ասիական զարգացման բանկից կներգրավվի 236 մլն եվրո ծավալով վարկով` «Հյուսիս–Հարավ» ավտոմոբիլային մայրուղու կառուցման համար: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Համաձայնագիրն այնուհետև պետք է անցնի համապատասխան ընթացակարգեր, նախ` Սահմանադրական դատարան, ապա Ազգային ժողով։
Բանկի տրամադրած վարկով կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհի մի մասը` 60 կմ ընդհանուր երկարության ճանապարհի 27,1 կմ–ոց հատվածը: Այս հատվածում նախատեսվում է կառուցել 16 կամուրջ և 3 թունել։
Արդյունքում իրանական սահմանից Երևան մեկնելու ժամանակը կկրճատվի 1.5 ժամով։ Ճանապարհը նախատեսվում է կահավորել էԷլեկտրամոբիլների լիցքավորման կայաններով։ Ընդհանուր առմամբ, շինարարությունը բաժանված է երեք լոտի ՝ հյուսիսային, հարավային, ինչպես նաև Բարգուշատի թունելը (8,9 կմ), որն ամենաերկարն է լինելու անկախ ՀՀ պատմության մեջ:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար ևս երկու վարկային համաձայնագիր էր ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ: Այսպիսով, Սիսիան-Քաջարան ճանապարհի համար 708 մլն եվրոյի չափով ֆինանսավորումն ամբողջությամբ ներգրավվել է։

Փաշինյանը եւ Ալիեւը կմասնակցեն Դավոսի համաժողովին

Հունվարի 20-24-ին Դավոսում (Շվեյցարիա), Համաշխարհային տնտեսական համաժողովում ողջ աշխարհի ղեկավարները կքննարկեն այս տարվա գլոբալ խնդիրները եւ առաջնահերթությունները։ Համաշխարհային տնտեսական համաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ համաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։