Ալմա-Աթա, «խաչմերուկ», Ակադեմիական քաղաք. ՀՀ-ԱՄՆ կանոնակարգը Հայաստանո՞ւմ է գրվել

Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական համագործակցության կանոնակարգի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության բալանսավորման առաջին հանգրվանն անցած է։ Ասել կուզի, որ Ռուսաստանից միակողմանի կախվածություն այլեւս չկա, տարածաշրջանում պատերազմների վտանգը սպառված է։ Սակայն ամեն ինչ հակասական է։

Նախ՝ Հայաստանի հետ կանոնակարգը ստորագրել է ԱՄՆ պետքարտողար Բլինքենը, որը 3 օրից այլեւս պետքարտուղար չի լինելու։ Պատահական չէ, որ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ կաշխատեն նաեւ Թրամփի վարչակազմի հետ։

Որքանո՞վ է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը համաձայնեցված Թրամփի վարչակազմի հետ՝ պարզ չէ։ Սակայն կանոնակարգի տեքստը հուշում է, որ այն գրվել է ոչ թե Վաշինգտոնում, այլ Երեւանում կամ մեկ այլ մայրաքաղաքում։ Տեքստի մեջ ներառված են բոլոր այն թեզերը, որոնք Փածինյանը ներկայացնում է որպես «առաջարկ», իսկ Ալիեւը՝ որպես «պահանջ»։

Գնալուց առաջ Բայդենի վարչակազմը պետք է մի քանի հաջող գործ ցույց տա, եւ մեկը՝ Հայաստանը «Ռուսաստանից» կտրելն է։ Հենք այդպես են միջազգային լրատվամիջոցները ներկայացրել կանոնակարգի ստորագրումը։ Ու եթե չստացվի Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնագիրը, ապա Հայաստանի հետ ստորագրված փաստաթուղթը կլինի Բայդենի վարչակազմի «կարապի երգը»։

Փաստաթղի ստորագրման ժամանակ հնչել են մի քանի կոնկրետ նորություն․ փետրվարին Հայաստան կայցելեն մաքսային և սահմանային ծառայությունների ոլորտի ամերիկացի մասնագետները, ռազմական համագործակցությունը կշարունակվի «Արծիվ գործընկեր» համատեղ զորավարժությունների միջոցով, եւ Երեւանը կմիանա միջազգային հակաահաբեկչական կոալիցիային՝ դառնալով նրա 88-րդ անդամը։

Մնացածը՝ Փաշինյանի թեզերն են․ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝  հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով:  Հայաստանը և Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարությունների հանգույց:

Այսինքն՝ Ալմա-Աթա, «խաչմերուկ», նույնիսկ Ակադեմիական քաղաք։ Փաշինյանին վերջապես հաջողվեց «լեգիտիմացնել» իր «խաղաղության օրակարգը» նաեւ ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ի հետ համաձայնագրից հետո Փաշինյանը հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքականության բալանսավորման մասին

Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա»,-գրել է նա:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ-ի հարաբերությունները, ըստ վարչապետի, հիմնված են բնական շահերի վրա, Վրաստանի հետ հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում, իսկ Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված:
«Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից և հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի»,-նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության մյուս գերակա ուղղություններին, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն, Ֆրանսիայի հետ բարեկամությունը ամրապնդվել է և զարգացել, Հնդկաստանի հետ հարաբերությունները նոր կշիռ են ձեռքբերել, Չինաստանի հետ հարաբերությունները զարգանում են և խորանում, Մերձավոր Արևելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել, իսկ ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբևէ։

Վաայ, Բաքուն անթույլատրելի է համարում մարդկանց արտաքսումը

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան բաց նամակ է հղել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, օտարերկրյա օմբուդսմեններին՝ պահանջելով դատապարտել «ներկայիս Հայաստանի տարածքից 300 հազար արևմտյան ադրբեջանցիների վտարման աննախադեպ և անարդար որոշումը»։

Ալիևան նաև նշել է, թե «աշխարհը պետք է ուշադրության կենտրոնում պահի նրանց արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման հարցը»։

Բաքվի օմբուդսմենի հայտարարությունը հնչում է օրերին, երբ 1990 թ․ Բաքվում կոտորում էին հայերին։ Նա չի հիշատակել 500 հազար հայերին, որոնց Սումգայիթում եւ այլ քաղաքներում սպանելով արտաքսել են, չի հիշատակում Արցախի 145 հազար հայերին, որոնց ցեղասպանությունով տեղահանել են 2020-2023 թվականներին։

Ինչո՞ւ Բաքվում, Գանձակում, Շահումյանում, Նախիջեւանում, Արցախում հայ չկա։ Ո՞վ է նրանց արտաքսել։ 

 

Արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ըստ հանձնախմբի՝ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումը դեպի Ադրբեջան մի երկիր, որը լայնորեն դատապարտված է Արցախի հայ բնակչության դեմ իր ցեղասպան քաղաքականության և Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի համար։

2025թ հունվարի 10-ին EXIM բանկը հայտարարել է, որ ստացել է Boeing-ի հայտը 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի վերջնական պարտավորության համար: Այս առաջարկի վերաբերյալ հանրային մեկնաբանությունները կարող են ներկայացվել մինչև 2025թ փետրվարի 7-ը, ինչից հետո EXIM-ի տնօրենների խորհուրդը կքննարկի հայտը բավարարելու դիմումը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հարթակը՝ www.anca.org/exim, հնարավորություն է հանդես գալու այս գործարքի դեմ։

Ըստ Հայ դատի հանձնախմբի՝ նմանատիպ ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը, այդ թվում երկակի նշանակության արտադրանքների արտահանման մասով, խաթարում է տարածաշրջանային խաղաղության ջանքերին և Ադրբեջանին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս։

Silk Way Airlines-ը, որը սերտորեն կապված է Ալիևի վարչակարգի հետ, ներգրավված է եղել բազմաթիվ միջազգային հետաքննություններում, այդ թվում՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զենքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործվել են Արցախի վրա Ադրբեջանի հարձակումներում: Freedom House-ի և այլ վերահսկող կազմակերպությունների կողմից վավերագրված այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի մտադրությունը՝ համակարգված կերպով ջնջել հայկական ժառանգությունն ու ներկայությունը տարածաշրջանում:

 

Քանի՞ արցախցի է անդառնալիորեն լքել Հայաստանը 2020 թվականից ի վեր

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ 2020 թվականի աշնանից մինչև 2024 թվականի դեկտեմբերն անդառնալիորեն Հայաստանից հեռացել է Արցախի շուրջ 24 հազար քաղաքացի։

Օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի տվյալներով՝ Արցախի Հանրապետության բնակչությունը, ըստ վերջին մարդահամարի, կազմել է 145 հազար մարդ։ «2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում բռնի տեղահանվել են օկուպացված տարածքների բնակիչները։ Նրանց մի մասը մնացել է Հայաստանում, մի փոքր մասն էլ վերադարձել է Ստեփանակերտ։ Հայաստանից մեկնածներ էլ կային։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմից իրականացված հերթական պատերազմի և ցեղասպանության արդյունքում Արցախի արդեն ողջ բնիկ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։ Չգիտեմ, թե ինչու են տարբերում 2020 թվականին Արցախից բռնի տեղահանվածներին և 2023 թվականին տեղահանվածներին։ Ուստի, երբ խոսքը գնում է Հայաստանից անդառնալիորեն հեռացած արցախցիների թվի մասին, անհրաժեշտ է հաշվի առնել նաև 2020թ. փախստականներին։ 24 հազար թիվը մեր կողմից ստուգված է եւ ստույգ»։

Նա ենթադրում է, որ ռուս խաղաղապահները շրջափակման ժամանակ ավելի շատ մարդկանց են տարհանել, քան պաշտոնապես հայտարարվել էր։

Ստեփանյանն այնուհետև նշեց, որ արցախցիները լքում են Հայաստանը մի քանի խնդիրների պատճառով։ Մասնավորապես, դրանք զբաղվածության հետ կապված խնդիրներն են, ցածր աշխատավարձը, բնակարանի բացակայությունը, անմատչելի բնակարանային ծրագիրը, ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը, երկրում կայուն անվտանգություն ունենալու եւ ապագայի անվստահությունը, քաղաքացիություն ընդունելու առումով իրավական հետապնդումները, կարգավիճակի համար բնակության վայրում անհասկանալի գրանցումը և շատ այլ պատճառներ։

Ալվարդ Գրիգորյան

Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի ուղեկցությամբ հունվարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Բլինքեն․ «Մենք նաեւ Հայաստանի հետ համագործակցում ենք անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում»

Հայաստանն ու ԱՄՆ-ն քիչ առաջ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր խոսքում նշեց. «Մենք նաեւ Հայաստանի հետ համագործակցում ենք անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում։ Մասնավորապես, միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնավարությունը եւ պաշտպանությունը իր համապատասխան տարածքում։ Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է ճամփորդելու Հայաստան՝ սահմանային անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնելու համար։ Ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համապատասխան աշխատանքը, խաղաղության կերտման ու ամրապնդման ուղղությամբ նախաձեռնությունը կշարունակվի։ Այս ամենի նպատակն է ի վերջո ամրապնդելու Հայաստանի կարողությունը՝ հզոր գործընկեր դառնալու եւ վերջինիս պաշտպանելու։ Ես մեծ ուրախությամբ այսօր հայտնում եմ, որ Հայաստանը միանում է նաեւ Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»։

«Սահլիգ» հումորային արտադրանք՝ արցախյան բարբառով

«Սահլիգ»-ի հեղինակը Արա Մուսայելյանն է։ Արան «Մունք» տեխնոդպրոցի աշակերտներից է, ով Արցախից տեղահանվելուց հետո որոշեց, որ բարբառի ու մշակույթի պահպանությունը կիրառելի դարձնելով կարող է պահպանել այն։

«Միտքը ծագել է «Artsakh Culture»-ի շրջանակներում գործունեություն ծավալելու ընթացքում, նպատակ էի դրել պահպանել արցախյանն արդեն այլ եղանակով՝ ոչ թե հասարակական կազմակերպության տեսքով, այլ հետաքրքրաշարժ խաղերի, էկո պայուսակների տեսքով, այսպես ասած՝ արցախյանը դարձնել բոլորի առօրյայի մի մասը»,- ասում է Արամը։

«Սահլիգի»-ի  նպատակը ժամանցային խաղերի ստեղծումն է։

«Ուզում էի ծրագրի անունը արցախյան բառ լիներ, ունեի մոտ 2-3 տարբերակ, որոնցինց ամենաշատը դուր եկավ հենց Սահլիգ-ջրիկ տարբերակը որի ամբողջությամբ ներկայացնում է մեր խաղերի բնույթը»,- ասում է Արամն ու ավելացնում, որ իր ուսուցչուհու՝ «Մունք»-ի համահիմնադիր Լուիզա Ավանեսյանի հետ աշխատել են եւ արդեն ավարտել են մի քանի էկո-պայուսակների և բացիկների դիզայն։

«Լուիզայի հետ միասին աշխատում ենք նաև սեղանի խաղերի նախագծի շուրջ։

Արդեն գրեթե ավարտել ենք Արցախյան բարբառով «Մոնոպոլիա» խաղի տարբերակը։ Սակայն ֆինանսական սղության պատճառով աշխատանքները շատ դանդաղ են ընթանում»,- ասում է Արան։

Սեղանի խաղերի արցախյան տարբերակն ունենալու համար՝ դիզայնից մինչեւ տպագրություն անհրաժեշտ է  500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ։ Արան հույս ունի, իրականություն դարձնել այս ծրագիրը՝ պահպանելով բարբառը ժամանցի տեսքով։

Մարիամ Սարգսյան

Լավրովը դեմ չէ ԱՄՆ-ի հետ Հայաստանի համաձայնագրին, բայց չի ընդունում ԵՄ-ին անդամակցելը

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երեւանի ինքնիշխան որոշումն է, ՌԴ-ն ոչ մեկին չի թելադրում, թե ում հետ պետք է համագործակցել, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։

«Երեկ ես լսեցի, որ [ՀՀ արտաքին գործերի նախարար] Արարատ Միրզոյանը [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենի հետ ստորագրել է համաձայնագիր՝ ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Բայց սա երկու պետությունների ինքնիշխան որոշումն է»,- համոզված է Լավրովը։

Նրա խոսքով՝ գլխավորը ոչ թե այն է, թե ով ինչ է ստորագրել եւ ինչ է կոչվում փաստաթուղթը, այլ այն, թե ինչ է բխում դրանից։ «Մենք օգտագործել ենք «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունը արեւմտյան երկրների հետ մի շարք համաձայնագրերում, սակայն դրանք՝ այդ պայմանագրերը, երբեք, ռազմավարական գործընկերություն հռչակելով, չեն պահանջել այս կամ այն ​​մասնակցից գործել երրորդ երկրի դեմ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Միաժամանակ Լավրովն ասել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, որին ձգտելու մասին հայտարարել է Երեւանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա մասնակցության հետ։

«Որովհետեւ դրանք երկու տարբեր ազատ առեւտրի գոտիներ են, տուրքերից եւ սակագներից հրաժարվելու կամ նվազեցնելու երկու տարբեր համակարգեր, դրանք չեն համընկնում»,- ասել է նա։

Ի սկզբանե երկու հիմնական պահանջ է եղել

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը e-draft.am կայքում https://www.e-draft.am/projects/8192 հանրային քննարկման է դրել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոփոխված տարբերակը։ Ծրագրում մի շարք փոփոխություններ են կատարվելու, սակայն ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր նորմը չի վերացվելու։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը step1.am-ի հետ զրույցում ասել է, որ քաղաքացիության դրույթի վերանայման մասով քննարկում անգամ չկա, դա վերջնական որոշում է, որը ենթակա չէ փոփոխման։

Այնինչ, հայտնի է, որ ի թիվս այլ խնդիրների, արցախցիների մեծ մասը բաձրացնում են ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահանջը չեղարկելու հարցը։ Մարդիկ հարցադրում են անում՝ ինչո՞ւ են իրենց պարտադրում բնակապահովման ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ստանալ այն դեպքում, երբ իրենք արդեն ունեն ՀՀ անձնագրեր։

Արցախցի գործիչ Լիաննա Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե մարդկանց ամենակարեւոր պահանջներից մեկն այն է եղել, որ քաղաքացիության պարտադիր պահանջը ծրագրի դրույթներից հանվի։ Դրանից բացի, որպես կարեւոր հարց՝ նաեւ բազային գումարի վերանայման հարցն են մարդիկ բարձրացրել։ Առաջարկվող փոփոխություններով բազային գումարը որոշ բնակավայրերի մասով վերանայվել է։

Ինչ վերաբերում է քաղաքացիության հարցին, Լիաննա Պետրոսյանի խոսքով, ենթադրվում է, որ մարդկանց մի մասը չեն դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, հետեւաբար, բնակապահովման ծրագրից չեն օգտվելու։ «Բայց պետք է այնպես անել, որ նաեւ այս մարդկանց իրավունքները հարգվեն, քանի որ այս ծրագիրը բոլորի համար է։ Այն բոլորի համար պետք է երկարաժամկետ լուծում լինի, եւ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ինչ-որ լուծում պետք է տրվի այս հարցին»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։

Ռոզա Հովհաննիսյան

«Դէկավվա»՝ օգնելով կայունացնել արցախցիներին

Արցախից տեղահանված ընտանիքներին վերաբերող ծրագրերի իրականացման ժամանակ հաճախ կարելի է հանդիպել «Դէկավվա» հիմնադրամին, որն իր գործունեությունը հենց այդ նպատակով է սկսել՝ աջակցել ընտանիքներին հաղթահարելու խնդիրներն ու ավելի կայուն միջավայր ստեղծել նրանց համար։

Ադրիանա Մարությանը, ով  հիմնադրամի բարեգործական ծրագրերի ղեկավարն է, նշում է, որ  հիմնադրամի համար կարեւոր էր վերականգնել տեղահանվածների հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ։

«Մինչ օրս մենք աջակցություն ենք ցուցաբերել 259 ընտանիքի՝ տրամադրելով անհրաժեշտ սնունդ, հագուստ, կենցաղային տեխնիկա, կահույք, երաժշտական գործիքներ, ուսումնական պարագաներ և այլ անհրաժեշտ նյութեր»,- նշում է նա։

«Դէկավվա»-ն նաև մասնակիորեն վճարել է մի քանի ընտանիքների ուսման վարձերը և համագործակցել «Իմաստ» հավելվածի հետ՝ մի շարք կարևոր ֆինանսական նախագծերի, այդ թվում՝ բուժման և բիզնեսի համար ֆինանսավորման նպատակով։

Հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվել են մի շարք ծրագրեր՝ «Վըսկէ ծերքեր»-ը, որն աջակցում էր տեղահանված արհեստավորներին եւ մշակութային ժառանգության պահպանությանը։

Ամռանը կազմակերպվեց բացառիկ ցուցադրություն՝ գեղարվեստական կտավների, որոնք հեղինակը կարողացել է փրկել բռնի տեղահանման ժամանակ։

«Մայրենիք»-ը յուրահատուկ նախագիծ է զոհված զինծառայողների երեխաների համար։ Համաֆինանսավորմամբ իրականացրել են նաեւ մի քանի ծրագրեր՝ հրդեհի ժամանակ զոհվածների հիշատակի ծրագիր, ամանորյա ծրագիր՝ Արցախից տեղահանված երեխաների համար։

Նախորդ տարի «Դէկավվա»-յի իրականացրած ծրագրերը միասին կազմել են 64 միլիոն դրամ, ներառյալ տեխնիկայի, կահույքի, դեղորայքի, սննդի ձեռքբերում, երաժշտական գործիքների գնում։

Ի դեպ, հենց երաժշտական գործիքներից մեկի գնումը հիմք հանդիսավաց մեկ այլ գաղափարի ստեղծման, որի մասին կպատմենք մեր առաջիկա ռեպորտաժներում։

Մարիամ Սարգսյան

Գլենդելի քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել հրդեհից

Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսանյութ է տարածել՝ բնակիչներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները և ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։

քաղաքապետը նշել է, որ քաղաքը շարունակում է բախվել արտակարգ իրավիճակի անտառային հրդեհների հետևանքով, որոնք ուղեկցվում են եղանակային ծայրահեղ պայմաններով:

«Խնդրում եմ իմացեք, որ մենք լիովին մոբիլիզացված ենք և պատրաստ ենք դիմակայել այս մարտահրավերներին: Այսօր առավոտյան մեր Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնն արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցավ 2-րդ մակարդակին՝ ուժեղացված ռեսուրսներով և անձնակազմով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կկարգավորենք գործողությունները»,-նշել է Գլենդելի քաղաքապետը:

Նրա խոսքով՝ Ազգային օդերևութաբանական ծառայությունը տեղեկատվություն է տարածել է, որ մինչև հունվարի 15-ի ցերեկն ուժեղ քամիներ կլինեն, ինչն ավելի է մեծացնում հրդեհի արագ տարածման վտանգը․ «Մեր հրշեջ և ոստիկանության բաժինները լիովին համալրված են լրացուցիչ աշխատուժով և սարքավորումներով ու  պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշել է Ասատրյանը:

Էլեն Ասատրյանը նաև հաղորդել է, որ Գլենդելի հրշեջներն ու ոստիկանությունը օգնություն են տրամադրում Փասադենա քաղաքին։

«Ցավոք, մեր քաղաքը զգալի վնասներ է կրել․ կան տապալված էլեկտրահաղորդման գծեր, ընկած ծառեր և բեկորներ։ Անձնակազմերն անդադար աշխատում են՝ էլեկտրաէներգիան հնարավորինս արագ և անվտանգ վերականգնելու համար: Եթե դուք հանդիպեք ընկած հոսանքի գծի, խնդրում ենք հեռու մնալ և անմիջապես զանգահարել 911: Հանրային աշխատանքների մեր թիմը քրտնաջան աշխատում է՝ մաքրելով տապալված ծառերն ու բեկորները»,-մանրամասնել է Էլեն Ասատրյանը:

Գլենդելի քաղաքապետը միաժամանակ բարձր է գնահատել բոլոր քաղաքային տարբեր վարչությունների աշխատակիցների անհավատալի ջանքերը, որոնք արձագանքել են այս արտակարգ իրավիճակին: