Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով

Արտակ Բեգլարյանը գրում է․
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնմամբ՝ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա հայ գերիների ազատ արձակման պահանջով, որից հետո երթ կլինի դեպի ՀՀ արտգործ նախարարության շենք:
Ադրբեջանում գտնվող 16 գերիների ապօրինի ու ձևական դատավարության մեկնարկի առթիվ կազմակերպվող ակցիայի միջոցով պահանջներ կուղղվեն թե՛ ՀՀ իշխանություններին և թե՛ միջազգային հանրության տարբեր անդամների՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը:
Միացե՛ք հանուն մեր հայրենակիցների ազատության և հայ ժողովրդի հավաքական արժանապատվության:

Ահա թե ինչի համար են արդարադատության նոր նախարար նշանակել

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է նոր Սահմանադրություն մշակելու անհրաժեշտության մասին։

«Ինչպես արդեն քանիցս հայտնել եմ, մեր խնդիրը մինչեւ ընտրությունները նոր Սահմանադրության տեքստ ունենալն է, մեր աշխատանքները պետք է վարվեն այս ուղղությամբ»,- հայտնել է նախարարը հունվարի 14-ի մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ փորձագետների կարծիքով՝ պատճառներից մեկը Բաքվի՝ Սահամանդրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը եւ Լեռնային Ղարաբաղի հիշատակումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հանելու պահանջն է։

Նրա խոսքով՝ «թավշե հեղափոխությունից» անմիջապես հետո բարձրացվել է նոր Սահմանադրության հարցը, նույնիսկ հայեցակարգ է ստեղծվել, բայց աշխատանքը տրամաբանական արդյունքի չի հանգեցրել։ Որպես նոր նախարար՝ կարծում եմ, որ անհրաժեշտ է մշակել նոր Սահմանադրության նախագիծ, որին ժողովուրդը կարող է հավանություն տալ կամ չհավանել, նշել է Գալյանը։ Նախարարի կարծիքով՝ գործող Սահմանադրությունը չի տալիս սոցիալական նշանակության հարցերի պատասխանը եւ բնավ կապված չէ արտաքին քաղաքականության հետ։

Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի հետ կապված Սահմանադրության փոփոխությունների կարիք չկա, եւ հարցը փակված է։ Նա հրաժարվել է խոսել այն մասին, թե արդյոք Անկախության հռչակագրի հղումը կմնա նոր Սահմանադրության մեջ՝ պարզաբանելով, որ խումբ է աշխատելու տեքստի վրա, եւ աշխատանքները շուտով կսկսվեն։

«Սահմանադրության այսօրվա տեքստը չի խոչընդոտում խաղաղ գործընթացին։ Այս մասին հայտնել է նաեւ Սահմանադրական դատարանը։ Ամեն ինչ պարզ է. Սահմանադրությունը փոխելու կարիք չկա ընկալվող խնդրի պատճառով»,- ասել է Գալյանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախկին նախարար Գրիգորի Մինասյանն ազատվել էր աշխատանքից անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարեց, որ նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն 2027 թվականին՝ 2026 թվականի ընտրություններից հետո։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ արդարադատության նոր նախարարի հիմնական խնդիրը լինելու է նոր Սահմանադրության ընդունումը, այլ կերպ ասած՝ Երրորդ Հանրապետության լուծարումը։ Նոր Սահմանադրությունը՝ նոր ընտրություններում Փաշինյանի կառավարության “հաղթելու” նախապայմանն է։ 

ՀԿ-ները կոչ են անում չհրաժարվել դատական հայցերից եւ Մինսկի խմբից

Շուրջ 2 տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իշխանություններին կոչ են անում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից եւ հրաժարվել Մինսկի խմբի լուծարման մտադրությունից:

Հայտարարությունում ասվում է. «2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նման առաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույն հայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս պնդում ենք, որ տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել հնարավոր չէ, քանի դեռ ձևավորված և իրագործված չեն մարդու իրավունքների զանգվածային խախտումները կանխող, խախտված իրավունքների վերականգնումը երաշխավորող մեխանիզմներ։ Առանց նման մեխանիզմների հնարավոր չի լինի ոչ միայն կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները, այլև վերացնելու մարդու իրավունքների խախտումների համար անպատժելիությունը։ Առանց մարդու իրավունքները հիմքում ունեցող համապարփակ գործընթացի խաղաղությունն ինքնին զուրկ է իրական բովանդակությունից և չի կարող երաշխավորված լինել երկարաժամկետ կտրվածքով։

Որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որևէ գործողություն չի կատարել և չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու և երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։ Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների համար տոտալ անպատժելիության և նոր խախտումների և հանցագործությունների կատարման։

Սույնով պնդում ենք, որ՝

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից միջազգային դատական ատյաններին ներկայացված  հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող միջպետական քաղաքական փաստաթղթերով, հատկապես եթե դրանց կատարումն ապահովող առնվազն համարժեք մեխանիզմ նախատեսված չէ։

ՀՀ ստանձնել է հստակ պարտավորություն՝  իր քաղաքացիների և իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովելու այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) միջպետական գանգատներից հրաժարվելը կհանդիսանա  Կոնվենցիայով ստանձնած այս պարտավորության խախտում։

Ռասայական խտրականության արգելքը ճանաչված է որպես jus cogens, որը ստեղծում է erga omnes պարտավորություններ, որից որևէ վերապահում կամ շեղում չի թույլատրվում։ Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների իրականացվող հետևողական և շարունակական լայնածավալ հայատյաց քաղաքականությունը, խտրականություն ու ատելություն պարունակող հրապարակային հայտարարությունները, որոնք շարունակում են հնչել անգամ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության հիմքով միջպետական գանգատից հրաժարվելը հավասարազոր կլինի  ռասայական խտրականության քաղաքականությունը արտոնելուն և կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած պարտավորության խախտում, այդ թվում՝ «անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն»։

Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ կտա նրան խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային խախտումների համար, ինչպես նաև միջազգային բարձրագույն դատական ատյանի կողմից հաստատված հայատյացության պետական քաղաքականություն վարելու և ռասիստական պետություն ճանաչվելուց։

ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴում վերաբերում են հարյուր հազարավոր անձանց մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է էթնիկ ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն։ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, և հայերի դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։

Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և բռնի անհետացման, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու  և այլ հիմնարար իրավունքների խախտումների։ ՄԻԵԴ ներկայացված գանգատներից մեկը վերաբերում է հայազգի ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումներին։ ՀՀ վարչապետն իր առաջարկում ներկայացրել է  «ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը», այս պայմաններում միջազգային իրավական գործընթացները միակ արդյունավետ միջոցն են ապահովելու Արդբեջանում պահվող հայազգի անձանց իրավունքները։ Ավելին, ՀՀ կառավարությունը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը անհապաղ և առանց որևէ նախապայմանների բոլոր պահվող անձանց ազատ արձակելու ու հայրենադարձելու ուղղությամբ։

Այս հարցն առավել կարևոր է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող խաղաղության պայմանագրի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և կոպտագույն խախտումներ կատարած անձանց պատժի ենթարկելու հարցեր չեն քննարկվում։ Մինչդեռ, միջազգային պրակտիկայում առկա չէ կոնֆլիկտից հետո երկարատև խաղաղություն ապահովելու  որևէ փորձ, որը չի ներառում արդարադատության ապահովման միջազգային մեխանիզմներ։

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացմանն ուղղված նպատակային քաղաքականությունը։ Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականության արտացոլումն է հայերին և հայկական պետությունը որպես ֆաշիստական որակումը և ուղղակի սպառնալիքները ՀՀ գոյությանը։ Այս քաղաքականությունը լրացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ և առաջմղմամբ, ինչն ուղիղ և անթաքույց սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և սեփական պետությունում ապրելու իրավունքի  դեմ։

Հայաստանի իշխանությունները առաջնային պարտավորություն ունեն պաշտպանելու ՀՀ քաղաքացիների և իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային և համակարգային խախտումներից, ինչպես նաև կանխելու խախտումներին հանգեցնող սպառնալիքները։ Միջազգային դատական ատյաններ ներկայացված բոլոր գանգատները միտված են ՀՀ այս պարտավորության կատարմանը, և դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով, նշանակում է հրաժարում ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից։ Ավելին, մենք վստահ ենք, որ ՀՀ կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների համար անպատժելիության, ինչը երկրի  միջազգային, այդ թվում՝ ՀՀ կողմից վավերացրած Ժնևի կոնվենցիաներով և Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում է։

Ավելին, մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից իրականացրած մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին, այն անընդունելի է հետևյալ հիմնավորումներով՝

ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծված համարվել՝ օրինականացնելով ուժի կիրառմամբ վեճի լուծումը՝ Ադրբեջանի  ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և դրա բնակիչների իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումները և էթնիկ զտումը։

ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարմամբ ՀՀ իշխանությունների կողմից կնշանակի ընդունել ռազմական ճանապարհով հակամարտությունները լուծելու օրինականությունը, ինչը ոչ միայն հենց Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կոպիտ խախտում կհանդիսանա, այլև ուղղակի սպառնալիք կլինի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք․

ՀՀ կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում,

շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ, հրաժարվել  ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարման մտադրությունից։

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Փոփոխություն» ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Փինք իրավապաշտպան ՀԿ

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Մարդու իրավունքների եզդիական կենտրոն

Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն (Արցախ միություն) ՀԿ

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ

«Արբանե» հիմնադրամ

Ֆրանսիան և ԱՄՆ-ը չեն մեկնաբանել Փաշինյանի՝ Մինսկի խումբը վերացնելու «առաջարկը»

Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք Ռուսաստանի հետ միասին դեռևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, չեն մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի «առաջարկը»՝ դիմել ԵԱՀԿ-ին վերացնել Մինսկի խումբը։

Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում առավել քան պարզ է. այն բանից հետո, երբ 2020 թվականին Մոսկվան զորք մտցրեց Արցախ և տորպեդահարեց Արցախի վերաբերյալ բոլոր միջազգային քննարկումները, Ռուսաստանը բազմիցս հայտարարել է Մինսկի խումբը վերացնելու անհրաժեշտության մասին։ Մոսկվան հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ղարաբաղը «Ադրբեջանի մաս» բանավոր «ճանաչելուց» հետո Մինսկի խումբն անելիք չունի։ Միևնույն ժամանակ, Մոսկվան չի հիշել, որ հենց խորհրդային իշխանության անօրինական որոշմամբ է Ղարաբաղը հայտնվել «Ադրբեջանի» կազմում։ Եւ Մոսկվան կարող էր հեշտ «կարգավորել» հարցը՝ չեղարկելով 1921թ. Կավբյուրոյի որոշումը։

Իր հերթին Ալիևը հայտարարում է, որ Մինսկի խումբը պետք է վերացվի, քանի որ դա ուղղակի վկայությունն է, որ Արցախի հարցը չի լուծվել՝ չնայած «ռազմական կարգավորմանը»եւ օկուպացիյին։

Վերլուծաբաններն ասում են, որ ո՛չ Պուտինը, ո՛չ Ալիևն ու Փաշինյանը ի վիճակի չեն վերացնել Մինսկի խումբը՝ առանց ԵԱՀԿ-ում կոնսենսուսի։ Փարիզի և Վաշինգտոնի լռությունը հուշում է, որ կոնսենսուս չկա։

Մյուս կողմից, Փարիզն ու Վաշինգտոնը հրապարակայնորեն չաջակցեցին Ալիևի պահանջին՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի որոշումից հրաժարվելու։ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան երբեք կասկածի տակ չեն դրել այս որոշումը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ռուս-թուրքական պայմանավորվածություններից դուրս գալու և տարածաշրջանային խնդիրները միջազգային մակարդակով լուծելու հնարավորություն է։

Ֆրանսիայի դեսպան․ «խաղաղությունն» ու ՀՀ տարածքային ամբողջականությունը նույնը չեն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին hունվարի 13-ին խաղաղություն մաղթեց Հայաստանին՝ նշելով, որ բառերը բավարար չեն խաղաղության հասնելու համար, ուստի ինքը ևս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի խաղաղությանը։ 

«Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության հանձնառություն է, բայց նաև  հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»,-եզրափակեց Օլիվիե Դըկոտինյին։

Դիվանագիտական լեզվից թարգմանելով, կարելի է ասել, որ Ֆրանսիան տեսնում է «երկարատեւ խաղաղության» եւ Հայաստանի «տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության» հակասությունը։ Դեսպանը հավաստիացնում է, որ իր երկիրը պատրաստ է ինչ-որ քայլերի՝ Հայաստանի «տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը» ապահովելու համար։

Պարզ չէ, թե ինչ կանի Ֆրանսիան, եթե Հայաստանի կառավարությունը գնա «խաղաղության»՝ խախտելով սեփական «տարածքային ամբողջականությունը»։

Հայաստանում տաքացում է սպասվում

Օդի ջերմաստիճանի բարձրացում և չոր եղանակ է կանխատեսում Հայաստանի ողջ տարածքում, հայտնում է Հիդրոմետոլոգիայի և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ հունվարի 15-17-ը թույլ ձյուն կտեղա։ Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ և մերկասառույց.

Միաժամանակ օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին կբարձրանա 5-7 աստիճանով։

Շիրակում օդի ջերմաստիճանը հունվարի 14-ին կլինի -4 աստիճան ցուրտ, Կոտայքում և Արագածոտնում՝ 0, Գեղարքունիքում՝ +6 աստիճան: Լոռիում և Տավուշում հունվարի 14-ին սպասվում է համապատասխանաբար +11 և +15 աստիճան տաքություն։

Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում՝ +2, Սյունիքում՝ +16։

Երեւանում հունվարի 14-ին նույնպես սպասվում է չոր եղանակ, մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը +2 է։

ԱՄՆ-ն Հայաստանի հետ համաձայնագիրը դասում է Ուկրաինայի եւ Իսրայելի հարցերի շարքին

Այսօր Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։

Բայդենի վարչակազմը, որը կհեռանա Սպիտակ տնից հունվարի 20-ին, նախատեսում է այս շաբաթ մի qանի կարեւոր միջոցառում, այդ թվում՝ Իսրայելի եւ Համասի միջեւ համաձայնագրի ստորագրում։ Բայդենը նաեւ նախօրեին խոստ պատժամիջոցներ է մտցրել ռուսական ստվերային նավատոհմի եւ “արկտիկական քեյսի” դեմ։ Նա ծաղրել է Պուտինի՝ երեք օրում Կիևը գրավելու ծրագրերը, ուր նա դեռ չի հասել, բայց Բայդենն արդեն հասցրել է այցելել։

Հայաստանի հետ ռազմավարական համաձայնագրի ստորագրումը Բայդենի վարչակազմը, փաստորեն, դասում է այս կարեւոր շարքին։

Ըստ վերլուծամանների, Ուկրաինայի եւ Իսրաելի հետ կապված հարցերը Բայդենի վարչակազմը համաձայնեցրել է Թրամփի հետ։ Որքանո՞վ է համաձայնեցված Հայաստանի հարցը։

Ինչ փոփոխություններ է նախատեսում Կառավարությունը արցախցիների բնակապահովման ծրագրում

Լիաննա Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ է ՀՀ Կառավարությունը առաջարկում արցախցիներին բնակապահովման ծրագրում․ 
ՀՀ Կառավարության կողմից հանրային քննարկման ներկայացված Բնակապահովման ծրագրի փոփոխությունների հերթական նախագծով՝
1) Անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ.(նախկինում՝ 12 քմ-ի փոխարեն)։
2) Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից կարող են օգտվել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողները (նախկինում չէր տրամադրվում)։
3) Եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի մայիսի 16-ից հետո, ապա աջակացությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։
4) Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու դեպքում անշարժ գույքի բնակմակերեսի սահմանաչափը չի կիրառվում։
5) Ծրագրի 1-ին փուլից կարող են օգտվել ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրավճար կկատարեն (նոր է ավելացվել) կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով (նախկին պարտադիր 50 տոկոսի փոխարեն)։
6) Ծրագրի 2-րդ (2 երեխա ունեցող ընտանիքների համար) և 3-րդ փուլերը (1 երեխա ունեցող ընտանիքների համար) մեկնարկել համապատասխանաբար 2025 և 2026 թվականների հուլիսի 1-ից։

Ինչ պայմանագիր է ստորագրելու Հայաստանը ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ

Հունվարի 14-ից 15-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում:

Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

«Տարվա ընթացքում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունն ակտիվ է եղել տարբեր մակարդակներում և հարթակներում՝ ներառյալ նախարար Միրզոյանի և պետքարտուղար Բլինքենի երկկողմ հանդիպումների ձևաչափով», – նշված է հաղորդագրությունում:

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը “Ազատության” հետ հարցազրույցում պնդում է, որ խոսքը գնում է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հնարավոր համաձայնագրի մասին։

«Այն, ինչ մեկնարկել էր նախորդ տարի հունիս ամսին, երբ ազդարարվեց մեկ մակարդակով բարձրացնելու վերաբերյալ մեր հարաբերությունների խորությունը, փաստաթղթի ստորագրման ամերիկյան մասը տեղի կունենա Վաշինգտոնում», – հայտնեց Արման Բաբաջանյանը։

Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, հունվարի 9-ին հայտարարել էին ԱՄՆ պետքարտուղարությունից։

Ըստ Բաբաջանյանի՝ ամենակարևորը այս պահին քննարկումն է, թե որքանով կարող է հաջորդ ադմինիստրացիայի համար այս փաստաթուղթը շարունակելի լինել։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին նախագահ Թրամփը կստանձնի երկրի կառավարումը։

Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում սպասվող հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ www.freearmenianhostages.net և www.freearmenianhostages.am հասցեներով գործարկել է տեղեկատվական կայք՝ նպատակ ունենալով հայերեն և անգլերեն լեզուներով բարձրացնել իրազեկվածությունն Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ այդ թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող շինծու դատաիրավական գործընթացների վերաբերյալ։

Այս կայքը կարող է օգտակար լինել Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչպես հայկական, այնպես էլ օտար կազմակերպությունների համար՝ իբրև տեղեկատվական շտեմարան։

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը տարբեր ուղղություններով շարունակում է աշխատանքը՝ Բաքվում սպասվող դատական գործընթացի հանդեպ միջազգային ուշադրության առարկայացման և պահվող անձանց տունդարձի աշխատանքներին նպաստելու համար։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Լիաննա Պետրոսյան․ Կառավարությունը ներկայացրել է Բնակապահովման ծրագրի փոփոխության նախագիծ

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը գրում է.
ՀՀ Կառավարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել Բնակապահովման ծրագրի փոփոխությունների հերթական նախագիծը, որն այս պահին վերաբերելի է տեղահանվածների միայն 30 տոկոսին՝ մինչեւ 15 տոկոս ավելացմամբ՝ ներքին տեղաշարժի արդյունքում։
Նախագծով սահմանվում է 4 մլն ՀՀ դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 22 համայնքների 148 բնակավայրերի փոխարեն։
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկում ավելացվել են այնպիսի քաղաքներ՝ հարակից բնակավայրերով, ինչպիսիք են՝ Գյումրի, Վանաձոր, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան, Հրազդան, Սևան, Մարտունի, Ջերմուկ, Եղեգնաձոր, Սպիտակ, Ալավերդի, Թալին, Տաշիր, Արթիկ, Գավառ, Մարալիկ, Թումանյան։

“Հիմնական խնդիրները տան արժեքի մասով են”․ 434 հավաստագիր է տրամադրվել

Step1.am-ի զրուցակիցն է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

Տիկին Ղարագյոզյան, Արցախից բռնի տեղահանված քանի՞ ընտանիք է դիմել բնակապահովման ծրագրից օգտվելու համար, քանի՞ հավաստագիր է տրամադրվել եւ քանի՞ ընտանիք է այսօրվա դրությամբ բնակարան կարողացել ձեռք բերել։

-Այսօրվա դրությամբ տրամադրել ենք 434 հավաստագիր, դիմումների մի մասը մերժվել են, որովհետեւ ընտանիքի առնվազն մեկ անդամը ծրագրի որեւէ պայմանի չի բավարարել։ Բայց դա խնդիր չէ, իրենք կարող են կարգավորել խնդիրները եւ նորից դիմել։ Ենթադրենք, ընտանիքի մի անդամը չունի քաղաքացիություն, կարող են ստանալ ու նորից դիմել։ Մերժված դիմումների թիվը 500-ից ավելի է, այդ թվում՝ շահառու ունենք, որ մի քանի անգամ է մերժվել։ Հաստատված 434 դիմումից 373-ը ձեռքբերման բաղադրիչով է, 20-ը՝ բնակարանի կառուցման եւ 41-ը՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։ Այս պահին ունենք իրացված շուրջ 13 հավաստագիր, որովհետեւ գործընթացը նոր է մեկնարկել, եւ այդ 13-ից արդեն առք ու վաճառքը եղել է, մյուսների մոտ մոտ հիփոթեքային վարկավորման գործընթացը վերջին փուլում է, մինչեւ ամսվա վերջ, կարծում եմ, արդեն գործարքները կլինեն։

Ուսումնասիրություն իրականացրե՞լ եք, արդեն բնակարնների ձեռք բերման փուլում մարդիկ ի՞նչ դժվարությունների են հանդիպում։

-Որպես այդպիսին օբյեկտիվ խոչընդոտներ չունենք։ Հիմնական խնդիրները տան արժեքի մասով են, երբ շահառուները նախընտրում են 3 մլն արժողությամբ բնակավայրերը, մասնավորապես, Երեւանը կամ երեւանամերձ բնակավայրերը։ Եվ փոքր կազմով ընտանիքների դեպքում իրատեսական չէ, որ կտեղավորվեն հավաստագրի շրջանակում։ Այստեղ կպահանջվի իրենց ֆինանսական մասնակցությունը, եւ իրենց մոտ կլինեն խնդիրներ։ Եթե հավելյալ վարկի մասին են խոսում, ապա բանկը պետք է որոշի՝ իրենց հավելյալ վարկ տալ, թե ոչ՝ հաշվի առնելով իրենց վարկունակությունը։ Այստեղ մի փոքր խնդրահարույց հարցեր կան՝ կապված իրենց վարկային պատմության ու վարկունակության հետ։ Սուբսիդավորման եւ հավաստագրի իրացան մասով օբյեկտիվ որեւէ խոչնդոտ չկա այս պահին, այսինքն՝ կա հավաստագիր, կան բնակավայրերի ցանկերը, մնում է շահառուները կատարեն իրենց ընտրությունը եւ մոտնեան բանկ։

-Այդուհանդերձ, արցախցիներն ակտիվ չեն դիմում այս ծրագրից օգտվելու համար, ինչո՞ւ, վերլուծե՞լ եք։

-Հակառակի պես արդեն ակտիվացել են, որովհետեւ պասիվությունը տարեվերջի դրությամբ էր, բայց դեկտեմբերի կեսերից արդեն կար ակտիվություն։ Մեզ մոտ օրական մինչեւ 10-ի հասնող հավաստագիր ենք հաստատում։ Եվ վստահ ենք, որ առաջիկա ամսում այդ թիվը կմեծանա, որովհետեւ քաղաքացիության համար դիմած քաղաքացիների հոսքով էլ է դա պայմանավորված։ Այսինքն՝ դիմում են, ստանում քաղաքացիություն, այնուհետեւ դիմում են մեզ։

-Բայց մենք գիտենք, որ ծրագրի հիմքում որպես պարտադիր պայման դրված ՀՀ քաղաքացիություն ստանալու դրույթն է նաեւ մարդկանց վանում։ Շատերը չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, քանի որ ասում են՝ իրենք արդեն իսկ ունեն ՀՀ անձնագրեր։ Հնարավո՞ր է այս դրույթը վերանայվի առաջիկայում։

-Քաղաքացիության դրույթը վերանայման ենթակա չէ, այլ փոփոխություններ նախատեսվում են։ Քաղաքացիության դրույթի վերանայման մասով քննարկում անգամ չկա, դա վերջնական որոշում է, ենթակա չէ փոփոխման։ Նշեմ նաեւ, որ վերաբերմունքն այդ պայմանի նկատմամբ արդեն էական փոխվել է։ Դա է փաստում դիմումների թվի աճը։

Ռոզա Հովհաննիսյան