Իսրայելի իշխանությունները խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ պատերազմի

Իսրայելը պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ ուղղակի առճակատման, քանի որ նա ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Nagel կոմիտեի զեկույցը (2024 թվականի օգոստոսին Իսրայելի կառավարության կողմից ստեղծված հանձնաժողով՝ պաշտպանական բյուջեն և անվտանգության ռազմավարությունը վերլուծելու համար):

Փաստաթուղթը ընդգծում է այն ռիսկը, որ Թուրքիան կձուլվի սիրիական խմբավորումներին և, մասնավորապես, կսկսի պրոքսի պատերազմ վարել՝ ավելացնելով տարածաշրջանում անկայունությունը։ «Սիրիայից եկող սպառնալիքը կարող է վերածվել ավելի մեծ վտանի, քան իրանականը», – ասվում է զեկույցում:

Զեկույցը երկուշաբթի՝ հունվարի 6-ին, ներկայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Իսրայել Կացին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին։ «Մենք ականատես ենք լինում մերձավորարևելյան հիմնարար փոփոխությունների։ Իրանը վաղուց եղել է մեր ամենամեծ սպառնալիքը, սակայն ասպարեզ են դուրս գալիս նոր ուժեր, և մենք պետք է պատրաստ լինենք անսպասելին։ Այս զեկույցը ճանապարհային քարտեզ է Իսրայելի ապագան ապահովելու համար»,- ասել է Նեթանյահուն։

Միրզոյանը խոստովանում է․ բանակցություններ են վարում առանց փաստաթղթերը ի մի բերելու

«Մեծ հաշվով զինադադարի հաստատումից ի վեր բոլոր քննարկված տարբերակները՝ կլինի Մինսկի խմբի պաշտոնական առաջարկը, կլինի ընթացիկ քննարկվող ինչ-որ բան, այս կամ այն կերպ ենթադրել են Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում։ Սա անվիճարկելի փաստ է։ Թերեւս քննարկվել է միայն մեկ տարբերակ, որը դա չի ենթադրել, բայց դա էլ ենթադրել է փոխանակում Մեղրիի հետ, այսինքն՝ ՀՀ սուվերեն տարածքի ու ԼՂ փոխանակում։ Սրանք հանրահայտ բաներ են՝ առանց թղթերը հրապարակելու»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակում բանակցային փաստաթղթերը։

Արարատ Միրզոյանն ասաց, որ կառավարությունում հիմա փորձում են համակարգել ու ի մի բերել բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են բանակցային գործընթացին։ «Երբեմն հանրությունը, երբ խոսում է ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի մասին, պատկերացնում են մեկ կամ մի քանի դարակ, որտեղ իրար վրա այդ թղթերը դրված են։ Այդպես չէ, այդ փաստաթղթերն իսկապես համակարգված ներկայացնելու խնդիր ունենք, մենք հիմա այդ գործընթացի մեջ ենք։ Երբ կմոտենանք այդ գործընթացի ավարտին, 10 անգամ եւս կմտածենք, թե որքանով է պատեհ եւ ոչ ռիսկային այդ փաստաթղթերի հրապարակումը եւ ըստ այդմ կվարվենք՝ կամ կասենք՝ խնդրեմ, հրամապարում ենք, կամ կասենք՝ ոչ, ոչ մի դեպքում հրապարակման ենթակա չեն»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ում կան մարդիկ եւ գրասենյակներ, որոնք ունեն այդ փաստաթղթերի մի մասը․ «Առաջարկում եմ՝ իրենք էլ հրապարակեն, հլա տեսնենք՝ ինչ էր կատարվում իրենց շրջանում»։

Միրզոյանի նման խոստովանանքը խոսում է կամ դիվանագիտական հանցավոր փնթիության, կամ գործընթացի միտումնավոր ձախողման մասին։ Ի՞նչ է նշանակում՝ 6 տարի բանակցություններ ենք վարել, բայց դեռ ի մի չենք բերել նախկինում համաձայնեցված փասրաթղթերը։ Այս բոլոր ինքնախոստովանքները անպայման օգտագործվելու են դատարանում “0-ից սկսած” եւ բացասական արդյունք ստացածների դեմ։  

Երեւանի քաղաքապետարանը այս դեմքով է ծաղրում մայրաքաղաքի բնակիչներին

Երևանի տրանսպորտով ճանապարհորդելու համար QR տոմսերի վավերականության ժամկետի կրճատումը մեկ շաբաթից մինչև 4 օր կնվազեցնի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Սկզբում QR կոդերը կարող էին օգտագործվել ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում, այնուհետև այդ ժամկետը կրճատվեց մինչև 7 օր, այժմ՝ 4 օր։

«Եթե քաղաքացիները ցանկանում են երկարաժամկետ (30 օր վավերական) տոմս գնել, ապա պետք է փաթեթ ձեռք բերեն տոմսերի միասնական համակարգի transport.yerevan.am կայքից»,- ընդգծեց նա։

Մեկ տոմս գնելով, քաղաքացիերը վճարում են կոնկրետ երթեւեկության համար, 30 օրվա փաթեթով նրանք վճարում են երթեւկության համար, որը կարող է եւ չլինի։ 

Երեւանի քաղաքապետարանն իր տրանսպորտային բարեփոխմամբ շարունակում է ծաղրել մայրաքաղաքի բնակիչներին՝ “ընթացքում” փոխելով կանոնները եւ անգամ նեղություն չտալով իրեն  զեկուցել դրանց մասին։

«Բարեփոխումները» հանգեցրել են նրան, որ բնակիչները պարզապես չեն վճարում երթեւեկության համար։ Քաղաքապետարանը սպառնում է տուգանքներով, սակայն բազմաթիվ տեխնիկական խնդիրները թույլ չեն տալիս անգամ ամենաօրինապահ ուղեւորներին պահպանել կանոնները։

“Մենք ուզում էինք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կարողանա ապրել ԼՂ-ում եւ օժտված լինի որոշակի իրավունքներով”

Այսօր հրավիրած ասուլիսում հարց ուղղվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Արցախի էթնիկ զտումից ու բռնի հայաթափոիմից հետո ի՞նչ աշխատանք է տարվել ՀՀ կողմից, ի՞նչ բանակցություններ են տարվել արցախցիների վերադարձի հարցով։

«Մեր իշխանությունները 2020 թվականից, մեր գնահատմամբ, իրատեսական բոլոր ջանքերը գործադրեցին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը կարողանա շարունակել ապրել ԼՂ-ում եւ օժտված լինի որոշակի իրավունքներով։ Կարծում եմ՝ այս ջանքերը ճիշտ վերաբերմունքի չարժանացան ԼՂ գործող, գուցե նաեւ նախկին իշխանությունների կողմից։ Եվ ինչ-որ առումով նաեւ այդ պատճառով հիմա ունենք այն, ինչ ունենք։ Հիմա դուք ինձ հարցնում եք՝ որպես ԱԳ նախարար դուք բանակցո՞ւմ եք ԼՂ հայերի վերադարձի մասին։ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ այնտեղ ապրելու մասին մենք խոսում էինք այն ժամանակ, երբ ԼՂ-ում հայեր ապրում էին։ Ի՞նչ պայմաններով վերադարձ, որեւէ ինքնորոշված ինքնավարությա՞ն կազմում, թե՞ ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացիներ, թե՞ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունենք։ Մի հատ, որ ամբողջական պատկերացում ձեւավորվի, ավելի համապարփակ կկարողանամ ես այդ հարցին պատասխանել։ Բայց Լեռնային Ղարաբաղ վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան, որը երբեմն քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչները կրկնում են։ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ՝ ո՞ւր, ի՞նչ պայմաններով, կարա՞ք մի հատ ասեք, ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր, կա այդ հնարավորությունը։ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու հնարավորությո՞ւն ունենք, կա այդ հնարավորությունը, ուրի՞շ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն է այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարողանան հոգալ իրենց առաջին անհրաժեշտության կարիքները։ Կարճաժամկետ կտրվածքով դա տեղի է ունեցել է, այժմ աշխատանք է տարվում նրանց միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ։ «Մենք կանենք մեզնից հասնող ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ այստեղ՝ ՀՀ-ում իրենց լիարժեք ինտեգրված զգան, ապրեն, արարեն ու օգտվեն բոլոր իրավունքներից»,- հավելեց Միրզոյանը։

Հարցին, որ Ադրբեջանը հավասարության նշան է դնում արցախցիների վերադարձի ու այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» հարցի միջեւ, Միրոզյանը պատասխանեց․ «Ես գիտեմ ադրբեջանցիներ, ովքեր հեռացել են Հայաստանից եւ ստացել են փոխհատուցումներ, գիտեմ ադրբեջանցիներ, ովքեր վաճառել են իրենց գույքը, ովքեր փոխանակել են իրենց գույքը։ Եվ դրան զուգահեռ գիտենք հայերի ճակատագիրը Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում եւ այլն։ Չեմ կարծում, որ իրավիճակները նույնական են, չեմ կարծում, որ վերաբերմունքը նրանց նկատմամբ երկու երկրներում նույնական են»։

Միրզոյան․ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում

«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը փաստ չէ, ես անընդհատ էսկալյացիայի հավանականություն եմ տեսնում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին։

«Քանի դեռ մենք տեսնում ենք այսպիսի հռետորաբանություն, ես ինքս անընդհատ էսկալյացիայի հավանականություն տեսնում եմ։ Նաեւ այդ էսկալյացիայի կանխման համար է, որ գոյություն ունեն Եվրոպական միության քաղաքացիական դիտորդները։ Քանի դեռ սահմանին չկա կայունություն, քանի դեռ չունենք սահմանազատված սահման, քանի դեռ մենք ունենք այսպիսի հայտարարություններ, ինչպիսիք մեր զինված ուժերին կրակոցներ արձակելու մեղադրանքներն են, մենք շարունակելու ենք ունենալ երրորդ կողմի չեզոք կարծիք եւ մշտադիտարկում գետնի վրա։ Հետեւաբար, մենք ունենք իրենց կարիքը, ես հուսով եմ, որ ԵՄ-ն կկայացնի որոշում՝ երկրարաձգելու առաքելության ժամկետը, մենք դա կողջունենք»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը նշեց, որ ամբողջ իմաստն այն է, որ ունենանք սահմանազատված սահման ու կայունություն, եւ ապագայում որեւէ դիտորդի կարիք չլինի։

Արարատ Միրզոյանն ասաց՝ քանի դեռ բանակցությունները շարունակվում են, անընդհատ հնարավոր է համարում «խաղաղության պայմամագրի» ստորագրումը։ «Դուք հարցնում եք ինձ՝ իսկ Ադրբեջանը ուզո՞ւմ է, թե՞ չէ, ըստ ամենայնի մինչեւ այս պահը երեւի թե չէ, որովհետեւ մենք ուզում էինք, եթե ուզեր, կստորագրվեր։ Երեւի թե չի ուզում, արդյոք սա նշանակո՞ւմ է այս պատմության ավարտ, կարծում եմ, որ ոչ։ Մենք ունենք երկու երկիր, մեկը մենք են, եւ մյուս երկիրը, որը չի ուզում խաղաղություն, ասենք թե հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով, քո գործողությունները որո՞նք են։ Վերցնել, նույն ձեւ հակադարձե՞լ՝ իմանալով, որ եթե պատմությունը շատ զարգացավ, դու, մեղմ ասած, շահեկան վիճակում չես հայտնվելու։ Կամ գուցե հենց այդպես էլ մտածած է շատ խոշոր շնաձկների կողմից, որ այդ խայծը կուլ տաս, եւ իրենք քեզ միանգամից կուլ տան։ Գուցե պետք չէ միանգամից գնալ այդ ուղղությամբ եւ ոչ էլ պետք է հանձնվենք, հետեւաբար պետք է շարունակենք աշխատել, ջանքեր գործադրել։ Մենք իսկապես ուզում ենք Հարավային Կավկասում ունենալ խաղաղություն, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, մենք իսկապես ուզում ենք բաց սահման Թուրքիայի հետ, իսկապես ուզում ենք, որ Հայաստանի տարածքով կարողանան ադրբեջանական ու թուրքական բեռներ անցնել»,- հավելեց նա։

Անդրադառնալով հայերին ֆաշիզմի մեջ մեղադրելու Ալիեւի հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Մեծ է գայթակղությունը անմիջապես արձագանքելու եւ հրապարակային ներկայացնելու անհերքելի փաստեր ու հայտարարություններ, որ Ադրբեջանում խրախուսվում է ֆաշիստական վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Բայց ես ձեռնպահ կմնամ ու կառաջարկեմ գնահատել, թե ինչո՞ւ են նման հայտարարություններ արվում։ Գուցե նրանք պարզապես ուզում եմ լսել պատասխան հայտարարություննե՞ր, ընդհուպ իրական կրակոցներ ու էսկալյացիա։ Չեմ կարծում, որ սա լավագույն ուղին է։ Մեզ ամուր նյարդեր են պետք, որ չշեղվենք խաղաղության օրակարգից»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց նաեւ, որ «խաղաղության պայմանագրի» նախագծում առկա 17 կետերից 15-ը համաձայնեցված են Բաքվի հետ․ «Տեսնենք ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանի այն երկու հոդվածների առնչությամբ։ Մենք վստահ ենք,որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, լուծումներ, որոնք հնարավորություն կտան հնարավորինս հիմնարար ու ամբողջական լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին»։

 

ԵՄ եւ Իրանի ներկայացուցիչները շտապ մեկնել են Բաքու

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ժամանել է Բաքու, որտեղ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Իլհամ Ալիևը շեշտել է, որ Բաքուն շարունակում է ջանքերը՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար» և ընդգծել, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։

Ադրբեջանական կողմի համաձայն, եվրոպացի դիվանագետն իր հերթին ընդգծել է «Եվրամիության և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը», հավելելով, որ «Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»:

Բաքվում հանդիպում են ունեցել նաեւ Իլհամ Ալիևը և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախ «շնորհավորել է Ադրբեջանին իր տարածքներն օկուպացիայից ազատելու կապակցությամբ և ասել, որ իրենք շատ ուրախ են դրա համար»։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։

Ալի Աքբար Ահմադիանը կժամանի նաև Երևան, որտեղ վաղը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԵՄ եւ Իրանի ներկայացուցիչները Բաքու են մեկնել Ալիեւի սպառնալից հայտարարություններից հետո։

Հայրենասիրություն. Ճարտարցի ընկերները շարունակում են օգնել համագյուղացիներին

Իսկական հայրենասերը այն մարդիկ են, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել հանուն իրենց հայրենիքի ու ժողովրդի բարօրության՝ առանց գովազդելու իրենց գործողությունները և առանց գովաբանություն պահանջելու։

Հայրենասիրության վառ օրինակ են երկու ընկերներ ու դասընկերներ՝ Երվանդ Հայրապետյանն ու Նվեր Գաբրիելյանը։ Ծնվել և մեծացել են արցախյան Ճարտար գյուղում։ Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Մոսկվա, որտեղ կազմակերպեցին իրենց սեփական բիզնեսը։

Ապրելով հայրենիքից դուրս՝ Նվերն ու Երվանդը չեն մոռացել իրենց արմատների մասին՝ Արցախի համար ամենածանր ժամանակաշրջաններում աջակցություն ցուցաբերելով իրենց հայրենակիցներին։ Արցախյան վերջին պատերազմների ժամանակ նրանք ֆինանսական օգնություն են ցուցաբերել Արցախի պաշտպանության բանակին անհրաժեշտ սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելու համար։

Նրանք նաև օգնել են 2020 և 2023 թվականների Արցախյան պատերազմներում զոհվածների ընտանիքներին։ Նրանց շնորհիվ նախորդ տարի զոհվածների ընտանիքների երեխաները ստացան ամանորյա նվերներ, իսկ այս տարի Ճարտարից զոհված զինծառայողների 57 ընտանիքներ ստացան միանվագ նպաստ 50000 դրամի չափով։

Եվ սա այն բոլոր բարի գործերի ու արարքների ամբողջ ցանկը չէ, որ արել և անում են այս համեստ տղաները։

Արսեն Աղաջանյան

Փաշինյանը առաջարկում է բացել Նախիջեւանը, Ալիեւին դա պետք չէ

Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին. դա ավելին է քան առաջարկը: Այս մասին Արմենպրեսին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:

Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:

Փաշինյանը առաջին անգամ չէ որ առաջարկում է բացել Նախիջեւանը, ինչը թույլ կտա ամրապնդել հայ-իրանական կապը նախկին երկաթուղիյով։ Բայց Ալիեւի կողմից արձագանքի բացակայությունը խոսում է այն մասին, որ դա պետք չէ Բաքվին։

Ռուսաստանը չի հանձնում յուրայիններին՝ չհաշված Աղդամը

Եվրամիությունը կոչ է անում չճանաչված Մերձդնեստրի իշխանություններին դադարեցնել Մոլդովայի էներգամատակարարման առաջարկների արգելափակումը էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որը ծագեց այն բանից հետո, երբ «Գազպրոմը» դադարեցրեց գազ մատակարարել Մերձդնեստր: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Անիտա Հիպերը, գրում է Politico-ն երեքշաբթի օրը՝ հունվարի 7-ին։

«Որքանով մեզ հայտնի է, Մոլդովայի կառավարությունն արդեն առաջարկել է էներգետիկ և մարդասիրական օգնություն Մերձդնեստրին, սակայն մինչ այժմ այն ​​չի ընդունվել», – մեջբերում է թերթը Հիփերի խոսքերը։ «Մենք կոչ ենք անում Տիրասպոլին համագործակցել Քիշնևի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար՝ ելնելով տեղի բնակչության շահերից»։

Եթե հիիշում եք, 2023 թվականի հուլիս-սեպտեմբերին Ռուսաստանը, Եվրամիությունը և այլք Արցախին առաջարկում էին ընդունել հումանիտար օգնություն Բաքվից։ Անգամ առաջարկներ եղան Բերձորով և Աղդամով միաժամանակ բացել ճանապարհները։ Լավրովը, Շոլցը և մյուսները մրցում էին միմյանց հետ՝ հորդորելու Արցախի ժողովրդին «ինտեգրվել» Ադրբեջանին, որ սովից չմեռնեն։ Շատ արցախցիներ նույնիսկ այն ժամանակ հույսը դնում էին ռուսների վրա։ Հանրապետության «լուծարման» մասին փաստաթուղթը եւս գրվել է սալդոֆոներեն ռուսերենով։

Այժմ, նույնիսկ երբ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Մոլդովա և Մերձդնեստր, Տիրասպոլը դեռ սպասում է Մոսկվայի օգնությանը։ Թեև ժամանակն է հավաքել ճամպրուկները. շատ շուտով Մոլդովան և Մերձդնեստրը կդառնան Ռումինիայի և ԵՄ-ի մաս: Ինչպես Աբխազիան և ամբողջ Հյուսիսային Կովկասը կդառնան թուրքական վիլայեթներ։

Ռուսաստանի կողմից ստեղծված «չճանաչված» հանրապետությունները «գցելու» գործընթացը մոտենում է ավարտին։ Բայց այն համոզմունքը, որ «Ռուսաստանը չի հանձնում յուրայիններին», դեռ կենդանի է։

Սոցնախարարությունը հրապարակել է արցախցիներին 50 հազ․ աջակցություն տրամադրելու նոր կարգը

այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ ձեր կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։
Հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։
Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։
Եթե օգտվել եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք, որ 2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝
· մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
· 63 և ավելի տարեկաններ,
· կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:
2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար։

Ցուկերբերգը վերացնում է Meta հարթակներում փաստերի ստուգումը

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեսաուղերձ է հրապարակել, որում ասել է, որ իր հարթակներում գրաքննությունը չափազանց հեռուն է գնացել։ Ընկերությունն այժմ կվերացնի փաստերը ստուգող երրորդ կողմերի օգտագործումը և կվերացնի սահմանափակումները այնպիսի թեմաների քննարկումների համար, ինչպիսիք են ներգաղթը, սեռը և գենդերային ինքնությունը:

«Ժամանակն է վերադառնալ խոսքի ազատության արմատներին»,- ասել է Ցուկերբերգը։ Նա փաստերը ստուգողներին չափազանց քաղաքական կողմնակալ համարեց:

Ջոել Կապլանը, ով այժմ վերահսկում է Meta-ի գլոբալ քաղաքականությունը, գրել է, որ ընկերության ապավինումն անկախ մոդերատորների վրա լավ մտադրություն էր, բայց շատ հեռուն գնաց՝ գրաքննության ենթարկելով նույնիսկ չափազանց անմեղ բովանդակությունը:

Թրամփը իր հիացմունքն է արտահայտել Էրդողանի նկատմամբ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը իր հիացմունքն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ նրան անվանելով «ընկեր» և մարդ, ում «հարգում եմ»։

«Նախագահ Էրդողանն իմ ընկերն է. նա մեկն է, ով ինձ դուր է գալիս, ում ես հարգում եմ: Կարծում եմ՝ նա էլ է ինձ հարգում»,- ասել է նա։

Ֆլորիդայում Մար-ա-Լագոյի իր նստավայրում մամուլի ասուլիսի ժամանակ

Թրամփը քննարկել է իր արտաքին քաղաքականության օրակարգը: Անդրադառնալով իր նախորդ նախագահությանը՝ Թրամփը նշել է պատերազմները կանխելու իր ջանքերը և պատասխանել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով այդ գործընթացում Թուրքիայի դերը։ Թրամփն ասել է, որ իր առաջին պաշտոնավարման ընթացքում հաղթել է ԻՊ-ին Սիրիայում և ամերիկյան զորքերի մեծ մասը դուրս է բերել երկրից։ Երբ նրան հարցրել են ներկա իրավիճակի մասին, նա ընդգծել է Անկարայի կարևորությունը այդ հարցում՝ գրում է Dailysabah-ը։

Սիրիայից մոտ 2000 ամերիկացի զինվորականների դուրսբերման վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Թրամփը ասել է. «Ես այդ մասին ձեզ ոչինչ չեմ ասի, քանի որ դա ռազմավարության մաս է, բայց կասեմ, որ դա Թուրքիան է եղել։ Բայց եթե նայեք, թե ինչ կատարվեց Սիրիայի հետ, Ռուսաստանը թուլացավ, Իրանը թուլացավ։ Եվ նա (նախագահ Էրդողանը) շատ խելացի տղա է, և նա իր մարդկանց ուղարկեց այնտեղ տարբեր ձևերով և տարբեր անուններով, և նրանք մուտք գործեցին և ստանձնեցին իշխանությունը», – հավելել է Թրամփը։