Ուժի իրավունքը, կորչի պայմանագիրը․ Ալիեւը ձեւացնում է, որ քարտ-բլանշ է ստացել

Թրամփը չի բացառել Գրենլանդիան եւ Պանաման ուժով վերցնելու տարբերակը, նաեւ գովաբանել է «իր ընկեր» Էրդողանին, որ «տարբեր ձեւերով» իրեն մարդկանց ուղարկել է Սիրիա եւ ուժով վերցրել իշխանությունը։ Ու թեկուզ Կանադայի վարչապետը մերժել է ԱՄՆ-ին միանալու Թրամփի առաջարկը, սակայն նրա հրաժարականը խոսում է նման ընթացքի հավանականության մասին։

Տարածքային հարցերը ուժով լուծելու ԱՄՆ նոր վարչակազմի հակումը՝ քարտ-բլանշ է աշխարհի բոլոր բռնապետերի համար։ Նրանք կանխավ պատրաստակամություն են հայտնում վերցնել այդ քարտ-բլանշը։

Դեռ մինչեւ Թրամփի պաշտոնավարման սկիզբը՝ հունվարի 20-ը Ալիեւը «ուժի իրավունքից» բխող մի քանի հայտարարություն է արել։

«Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Հայկական անկախ պետությունը, ըստ էության, ֆաշիստական ​​պետություն է։ Որովհետև այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական ​​գաղափարախոսության ջատագովներ»,- ասել է Ալիեւը։ «Ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը դա պետք է կատարի կամ մենք։ Այլ ելք չկա»,- հավելել է նա:

Ի՞նչ նկատի ունի Ալիեւը, ասելով, որ Հայաստանը պետք է ինքը դա անի։ Միայն մեկ բան՝ հայտարարել երրորդ հանրապետության ավարտը՝ փոխել Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, հրաժարվել բանակից, զենքից, «բացել» սահմանները եւ Հայաստանը ճանաչել «թյուրքական աշխարհի» խաչմերուկ։ Պետք է ասել, որ ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր արդեն կատարել է։

«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի», ասել է Ալիեւը, ընդգծելով, որ Հայաստանը չպետք է պատնեշ լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։

Ալիևը ընդգծել է նաեւ, որ “սորոսականները փաստացի կորցնում են իրենց դիրքերը, ԱՄՆ-ում նրանց դարաշրջանն անցել է, եւ Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի դա”։

Նա նաեւ ասել է, որ եթե Հայաստանին «խաղաղության պայմանագիր» պետք չէ, Ադրբեջանը հաստատ առանց այդ պայմանագրի կապրի։

Ալիեւը փաստացի ասում է, որ «միջպետական» պայմանագրերն այլեւ ոչինչ չեն նշանակում, ամեն ինչ որոշվելու է «մեծ բաժանման» ժամանակ, եւ այդ բաժանման մեջ ամենակարեւորը՝ ուժի իրավունքն է եւ Թրամփին ընկեր լինելը։

Իսկ այդ ընթացքում Հայաստանում պառակտումը ավելի է խորանում, երկրի փլուզման նախադրյալ դառնալով։

“Ներկայացրեք ծրագիր եւ ցույց տվեք այն մարմինը, ում հետ մենք պետք է աշխատենք”

“Վերադարձ Դիզակ” ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը Step1.am-ին տված հարցազրույցում կարեւոր հարցեր է բարձրացնում․ այդպես էլ չպարզեցինք, ինչ է Հայաստանն Արցախի համար եւ ինչ է Արցախը Հայաստանի համար։

Օկամպոն մեզ հետ հանդիպումներում նշում էր․ ներկայացրեք ծրագիր եւ ցույց տվեք այն մարմինը, որը կարող է ներկայացնի ձեր իրավունքները, ասում է Մարգարիտա Քարամյանը։

Ալվարդ Գրիգորյան

Անդրանիկ Թևանյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի. ի՞նչ է կատարվում «ղարաբաղյան կլանում»

Երևանի խորհրդի «Մայր Հայաստան» դաշինքի անդամ, Ռոբերտ Քոչարյան դաշինքից ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը բուռն քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանին։

Սարգսյանի կուսակից Նարեկ Մալյանը, ինչպես պարզվեց, ասել է, թե Թևանյանը 2018 թվականին նամակ է գրել Փաշինյանին և պաշտոն խնդրել։

Թևանյանը հերքեց այս լուրերը՝ Սերժ Սարգսյանին մեղադրելով «Հայաստանում հակառուսական քարոզչության հիմնադիր» լինելու մեջ։ Նա Սարգսյանին անվանեց միլիարդատեր և նշեց, որ այն թեզը, թե Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի, նույնպես Սերժի քարոզչության «պտուղն» է։

Թևանյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը Կազանից հետո փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, գնաց եվրոպական ասոցացման, իսկ Ալիևն օգտվեց այդ պահից՝ ստանալով Մոսկվայի աջակցությունը։

Ինչ վերաբերում է 2018-ին, Թևանյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի քարոզչությունը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի, Կարեն Կարապետյանի դեմ, իսկ հիմա Սարգսյանը ծառայում է Նիկոլ Փաշինյանին, այն էլ՝ անվճար։

Քոչարյանի աջակից Թևանյանի հայտարարությունները որոշակիորեն հակասում են կուռ «ղարաբաղյան կլանի» մասին թեզին, որի դեմ իբր պայքարում է Փաշինյանը՝ իր լիբերալ հովանավորների աջակցությամբ։

Ոչ մի “ղարաբաղյան կլան” չի եղել, Քոչարյանի և Սարգսյանի, ինչպես նաև նրանց հովանավորների միջև հակասություններ միշտ եղել են, և դա ակնհայտորեն դրսևորվել է 2013 թվականի նախագահական ընտրություններում։ «Ղարաբաղյան կլանը», որպես Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված, հորինել են նրանք, ովքեր ցանկանում էին ազատվել Արցախից՝ որպես անկախ Հայաստանի հենարանից։ Խոսքը կոռուպցիայի կամ ծախվածության մասին չէ, այլ իրավունքի վրա հիմնված քաղաքական գաղափարախոսության:

Պետք է հիշել, որ 2018-ին Քոչարյանի թիմը աջակցեց Փաշինյանի հեղափոխությանը, որն ուղղված էր «Սերժին մերժելուն»։ Եթե ​​որևէ մեկը չի հիշում, ապա թե՛ Դաշնակցության, թե՛ ԲՀԿ-ի ներկայացուցիչները եղել են Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության կազմում։ Ծառուկյանի կուսակցությունից Մհեր Գրիգորյանը դեռ կառավարությունում է։ Իսկ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, ԱԺ-ում մեծամասնություն ունենալով, 2-3 անգամ Փաշինյանին վարչապետ է ընտրել։

Հետո ինչ-որ բան փոխվեց, և Քոչարյանը հանկարծ դարձավ գլխավոր “թշնամի”, որին ձերբակալեցին և մեկ տարի պահեցին ճաղերի հետևում։

Բայց նույնիսկ այսքանից հետո էլ Քոչարյանի և Սարգսյանի միջև նկատելի ընկերական հարաբերություններ չկար։ Իսկ այժմ թշնամանքը գոյաբանական ձևեր է ստացել։

Ինչո՞վ է պայմանավորված Անդրանիկ Թեւանյանի նման զայրույթի պոռթկումը։ Թեև Լեւոն Քոչարյանն այսօր հերքեց, որ Անդրանիկ Թեւանյանը Քոչարյանի անունից է խոսում, նշելով, որ նա իր գիծն է տանում, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի նախագահների միջեւ «ռազբորկաների» լուրջ պատճառներ կան։ Կասկածից վեր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շուտով կմիանա «բանավեճին», և կհնչեն փոխադարձ մեղադրանքներ։

Ակնհայտ է նաև, որ դիմակայությունը կապված է բանակցային գործընթացի, յուրաքանչյուր նախագահի դերի, մեղքի և կողմնակալության աստիճանի հնարավոր «վերլուծության» հետ։ Սա իր հերթին կորոշի, թե ով կհայտարարվի “գլխավոր մեղավոր” և կարտահանձնվի Հաագա։

Նախագահներից ոչ ոք չի կարող հայտարարել իր “կուսության” մասին, սակայն Անդրանիկ Թեւանյանը միջազգային հանրության աչքում ակամայից «արդարացրեց» Սերժ Սարգսյանին՝ նրան «մեղադրելով» հակառուսական կուրսի մեջ։ Այնպես որ պարզ չէ, Թևանյանի ելույթը Սերժ Սարգսյանի համար պլյո՞ւս, թե մինուս կլինի։

Հանդիպում Պապիկյանին եւ “ղարաբաղյան փաստաթղթերի” գույքագրում․ ինչի՞ է պատրաստվում Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Միաժամանակ  Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը։ Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին», – «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են վարչապետի աշխատակազմից։

Հիշեցնենք, դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Բաքում մեկ օրվա մեջ երկու անգամ հայտարարել է Հայաստանի կողմից իր դիրքերի ուղղությամբ իբր կրակոցների մասին։ ՊՆ-ն հերքել է լուրերը, սակայն վերլուծաբանները նկատել են, որ Բաքուն դիմում է փորձված քայլին՝ բանակցություններում կատարյալ պասիվության ֆոնին։ Նշվում է, որ Բաքուն անիրական պահանջներ է առաջ քաշում բանակցություններում, ինչը խոսում է ուժային լուծման հավանականության մասին։ Իսկ Հայաստանի ներսում ընթանում է պարտության “մեղավորների փնտրտուք”․ բարձրաստիճան զինվորականների են ձեռբակալում, Փաշինյանը նախկին նախագահներին բանավեճի է հրավիրում եւ այլ։

 

Բնակապահովման ծրագիր․ քաղաքացիության մասին դրույթը չի վերանայվելու

Նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը։ Ըստ այդմ՝ դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում  2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Բռնի տեղահանված արցախցիներն այս ծրագիրն արդյունավետ չեն համարում եւ պահանջում են, որ կառավարությունը փոփոխի այն։ Նշենք, որ ծրագրին դիմելության ցուցանիշը շատ ցածր է, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասել է, որ ավելի քան 300 ընտանիք ստացել է բնակարաններ ձեռք բերելու վկայագիր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա դրությամբ բնակարաններ ձեռք բերելու ավելի քան 390 վկայագիր է տրամադրվել արցախցիներին։ Հարցին, թե քանի՞ արցախցի է արդեն բնակարան ձեռք բերել այդ վկայագրերով, Զառա Մանուչարյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել։

Հարցին, թե ծրագրում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են առաջիկայում, արցախցիները սպասում են փոփոխությունների, Զառա Մանուչարյանը պատասխանեց․ «Այդ ծրագրում բավական փոփոխություններ իրականացվել են՝ հաշվի առնելով նաեւ տեղահանված հայրենակիցների առաջարկություններն ու դիտարկումներ։ Կոնկրետ ո՞ր փոփոխությունը չի իրականացվել»։ Մեր դիտարկմանը, որ արցախցիները պահանջում են, օրինակ, չեղարկել ծրագրի հիմքում դրված ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պահանջը, Զառա Մանուչարյանը պատասխանեց․ «Ոչ, այդ պայմանի վերանայում չի նախատեսում։ Բայց այլ փոփոխություններ ունենք, որոնք առաջիկայում կիրականացվեն ու դրանք կներկայացվեն նաեւ հայրենակիցներին»։

Նա հավելեց, որ բոլոր փոփոխությունները նախապես քննարկվում են արցախցիների ներկայացուցիչների հետ։ Նախատեսվող փոփոխությունները եւս կներկայացվեն նրանց, որից հետո միայն կառավարությունը կհաստատի։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին արցախցիները նախատեսում էինք հանրահավաք անել, սակայն արցախցիների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ կառավարությունում անցկացված քննարկումների արդյունքում որոշվեց հետաձգել հանրահավաքի անցկացումը։ Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը տեղեկացրել էր, որ եթե նախատեսվող քննարկումները վերջնական իրատեսական արդյունքներ չունենան, Արցախից տեղահանված անձանց հարցերով զբաղվող բոլոր անձանց եւ միավորումների հետ համատեղ ուժերով կկազմակերպվի հանրահավաք։ Իսկ մինչ այդ գործընթացները տեղափոխվում են լայն հանրային քննարկման դաշտ, նշվել էր, որ քննարկումների արդյունքում նախատեսվում է եւ բնակապահովման, եւ սոցիալական ծրագրերի վերանայում։

Լիաննա Պետրոսյանը step1am-ի հետ զրույցում https://step1.am/blog/2024/12/26/27367/?fbclid=IwY2xjawHqB5xleHRuA2FlbQIxMQABHQuj7Qv51bO6GvelRccJ-9Aru8IUo2zWAdALMlSngFKYLpvnkfylXQLpkA_aem_EQbIWxszd9HX-EsiqwlnFw ավելի վաղ ասել էր, որ բնակապահովման ծրագրից չօգտվելու բազմաթիվ պատճառներ կան, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի։ Նախորդ տարեվերջին արցախցիները հանդիպում էին ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ Նարեկ Մակարյանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Լիաննա Պետրոսյանը տեղեկացրել էր, https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid029WuD6tmyaXTDQQWqqGxkoEwLP7qehbuidJtVKEy5NQwnj8TZ4mPNhws6SfdWEeisl&id=100064982056531 որ հանդիպման ժամանակ իր կողմից բնակապահովման ծրագրի շրջանակում հետեւյալ առաջարկություններն են արվել ՀՀ կառավարությանը․

  1. Բազային գումարի վերանայում, այդ թվում՝ հաշվարկների հիմքում դնելով անշարժ գույքի շուկայի գները, ոչ՝ կատարված գործարքների չափերը:
  2. Քաղաքացիությունը չդիտարկել որպես պարտադիր պայման ծրագրին դիմելու պահին։
  3. Լրացուցիչ վարկ ձևակերպելու պարագայում նախատեսել որոշակի արտոնություններ՝ կանխավճարի հետ կապված, ինչպես նաև հաշվի չառնել վատ վարկային պատմությունը։
  4. Անհատական բնակելի տան կառուցման դեպքում սահմանել որոշակի արտոնություններ, ինչպես, օրինակ՝ հողամասի առավելագույն չափի վերանայում, հրապարակվածից բացի այլ՝ լիցենզավորված նախագծերի ներկայացում։
  5. Հնարավորություն տալ զոհված և կերակրողին կորցրած անձանց ընտանիքներին՝ օգտվելու առավելագույն գումարի սահմանաչափից՝ անկախ բնակավայրի ընտրությունից։
  6. Մինչև չորս անձից բաղկացած ընտանիքների համար նախատեսել հատուկ պայմաններ։
  7. Հստակեցնել սոցիալական բնակարանների տրամադրման կարգը և ժամկետները։
  8. 2022 և 2024թթ հավաստագրի շահառու, բայց մեկ ընտանիք համարվող անձանց հնարավորություն տալ միավորել հավաստագրերը։
  9. ՀՀ-ում անշարժ գույք ունեցող շահառուներին՝ այլ ընտանիք համարվելու կամ դիմելու օրվա դրությամբ տվյալ բնակարանի իր մասնաբաժնից օբյեկտիվ պատճառներով հրաժարվելու դեպքում տեղահանվածին համարել Բնակապահովման ծրագրի շահառու։
  10. Բանկերը չեն համագործակցում 2024թ ծրագրի շրջանակում։

 

Ռոզա Հովհաննիսյան

 

Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների հաշվառման նախագիծ է նախաձեռնվել

-Մեր քաղաքի միջավայրի անբաժանելի մասը հանդիսացող աղբյուրները, արձանները, բարձրաքանդակներն ու այլ կոթողները կամ արդեն ոչնչացվել, կամ ոչնչացման վտանգի տակ են:
-Նախագծով նախատեսվում է ստեղծել Ստեփանակերտ քաղաքի մոնումենտալ արվեստի կոթողների հնարավորինս ամբողջական պատկերազարդ թվային ցանկ:
-Ցանկում յուրաքանչյուր կոթող կունենա լուսանկարր, հեղինակի անունը, տեղադրման ամսաթիվը եւ գտնվելու վայրը:
-Ծրագրի իրականացումը հնարավոր է միայն հանրային լայն աջակցության շնորհիվ;
-Մենք ակընկալում ենք, որ հասարակությունը կաջակցի մեզ լուսանկարների հավաքագրման գործում:
-Պարբերաբար կդիմենք հասարակությանը մոնումենտալ արվեստի տարբեր ձեվերի վերաբերյալ լուսանկարների տրամանդրման խնդրանքով:
Ստեփանակերտի քաղաքապետարանը եւս կարող է իր մեծ ներդրումն ունենալ այս նախագծի իրականացմանը:
Միասնական ջանքերով միայն կկարողանանք պահպանել մեր քաղաքի հիշողությունը:

“Փաշինյանն իր հայտարարություններով ծանրացրել է Ռուբեն Վարդանյանի գործը”

«Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ միայն խոսք չի գնում Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, այլ ընդհակառակը, այնպիսի ապազգային, հակահայկական եւ անբարոյական հայտարարություններ է անում, որի հետեւանքով այնտեղ գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության քրեական գործերն ավելանում են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց ԱԺ պատգամավոր գառնիկ Դանիելյանը։

Նա հավելեց․ «Պատահական չէ, որ Բաքվից հայտարարություններ են հնչեցին ի պատախան Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ ասում է՝ հլա պետք է Ռուբեն Վարդանյանը պատասխան տա, թե ինչ էր անում Արցախում։ Այսօր, հիմք ընդունելով այդ հայտարարությունները, Բաքվում քրեական գործեր են ավելացնում այնտեղ գտնվող ռազմաքաղաքկան ղեկավարության վրա։ Եվ այսօր իմացանք, որ հունվարի 17-ին արդեն տեղի են ունենալու այդ դատավարությունները, որը մեր բոլորիս ամոթն է։ Սա մեզ համար խայտառակ մի իրավիճակ է»։

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ իր հարցերին, թե ի՞նչ է արել արտգործնախարարությունը Բաքվի բանտերում գտնվող անձանց ազատելու ուղղությամբ, չեն պատասխանել։ «Մեկ նախադասություն գտեք, թե այս իշխանություններն ինչ են արել այնտեղ պահվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազառ արձակման համար։ Այս պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ իշխանության ուսերին է, իրենց թեթեւ ձեռամբ է ավելանում այդ քրեական գործերի ծավալը»,- նշեց նա։

Ֆրանսիան նոր աշխարհակարգում. Ռուսաստանը դավաճանեց Հայաստանին Ղարաբաղում

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ` հատուկ մտքերով Լեռնային Ղարաբաղից փախստականների մասին, ովքեր այս տարի կրկին նշում են տոնը տնից հեռու»: Այս մասին X-ում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։

Ֆրանսիայի դեսպանը դարձավ միակ պաշտոնյան Հայաստանում, ընդ որում օտարերկրացի, ով հիշատակեց Արցախի ժողովրդին և նրա իրավունքները։

Իսկ հունվարի 6-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ավանդական ելույթով հանդես եկավ ֆրանսիացի դեսպանների առջեւ, որում նախանշեց ընթացիկ տարվա արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Մակրոնն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին ու դրանում Ռուսաստանի դերին։

Նա ասել է, որ Ռուսաստանը «փոխել է դաշնակցին» և աջակցել է Ադրբեջանի գործողություններին Ղարաբաղում, որը «ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ։ Եվ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայերը չեն ենթարկվել նրան»,- ասաց նա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև արատավոր կապը շարունակում է մնալ հիմնական փաստարկը, որը համաշխարհային իսթեբլիշմենտն առաջ է քաշում Հայաստանի դեմ։ Ռուսաստանից հեռանալու Փաշինյանի իշխանության «փորձերը» վստահություն չեն ներշնչում որևէ մեկին։ Փարիզը հասկանում է, որ քանի դեռ Հայաստանը միջազգային ընկալմամբ չի անջատվել Ռուսաստանից, այն համարվում է «չարիքի առանցքի» մաս եւ ենթակա է կործանման։

Մակրոնն ասել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը մեծացրել է իր ագրեսիան եվրոպացիների և մոլորակի մեծ մասի նկատմամբ։ Նա նաև նշել է, որ Ֆրանսիան վերջին ամիսներին ենթարկվել է անընդունելի միջամտության Ադրբեջանի կողմից իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում՝ միջազգային իրավունքի և Հայաստանի իրավունքների պահպանման պատճառով։

Բաքվի ԱԳՆ մամուլի ծառայությունը պատասխանել է, որ «այժմ, երբ տարածաշրջանում խաղաղության իրական պայմաններ են ստեղծվել, մենք խստորեն դատապարտում ենք ֆրանսիականների նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ, նախապատրաստում են Հայաստանին ռեւանշիզմի և զինում այս երկիրը»։

Բաքուն և Անկարան Ֆրանսիան ընկալում են որպես իրական խոչընդոտ «թուրքական աղեղի» ստեղծման համար, որը ներառում է Հայաստանն ու քրդերով բնակեցված տարածքները։

Մակրոնը նույն հանդիպմանը կոչ է արել «սթափ տեսակետ» ունենալ Սիրիայում իշխանափոխության վերաբերյալ և խոստացել աջակցություն քրդական ուժերին, որոնք Արևմուտքի դաշնակիցներն են ահաբեկչության դեմ պայքարում։

«Ֆրանսիան կուղեկցի Սիրիայում իշխանության անցումը` աջակցելով անկախությանը, ազատությանը և հարգելով երկրի էթնիկ, քաղաքական և կրոնական բազմազանությունը», – ասաց նա՝ ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարող սիրիական քրդական ուժերին աջակցությունը:

Ի՞նչ է պատրաստում Ֆրանսիան և ի՞նչ ներուժ ունի՝ մասնակցելու աշխարհի նոր «բաժանմանը»։ Ֆրանսիան ակնհայտորեն չի աջակցում տարածաշրջանում Թուրքիայի հզորացմանը և Ռուսաստանի տեղը գրավելու նրա փորձերին։ Թուրքիան և Ռուսաստանը մի քանի դար շարունակ «փոխվում են» տեղերով՝ պահպանելով համատեղ իշխանությունը Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Ֆրանսիան չի թաքցնում, որ դեմ է լինելու թուրքական «հրեշի» ծնունդին՝ աջակցելով թե՛ հայերի, թե՛ քրդերի իրավունքներին։ Թուրքիան չպետք է զբաղեցնի Ռուսաստանի տեղը տարածաշրջանում։

Միաժամանակ, դեռ պարզ չէ, թե որքանով են Մակրոնի ու Թրամփի տեսակետները համընկնում Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում։ Ի՞նչ կարող է Փարիզը հակադրել թուրքական էքսպանսիային։

Հովիկ Ավանեսովը հիշեցնում է․ Արցախում գտնվող արժեքները ունեն քաղաքակրթական նշանակություն

«Այսօր Սուրբ Ծննդյան պատարագի արարողություններ են կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում` Մայր Հայրենքից մինչև Սփյուռքի գաղթավայրերի եկեղեցիներում… Սակայն  Ադրբեջանի  կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախում ոչ միայն չեն ղողանջում եկեղեցիների զանգերը և չեն մատուցվում պատարագներ, այլ նաև մի շարք եկեղեցիներ հինովին քանդվեցին, խեղաթյուրվեցին նրանց  իսկությունը և փոփոխվեցին գործառույթները` վերածվելով մզկիթների ու պահեստների…»,- ահազանգում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Նա ընդգծում է՝ Սուրբ Ծննդյան այս օրը համայն քրիստանյա աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախում գտնվողը բոլոր պատմաշակութային արժեքները միայն մեզ չեն պատկանում, դրանք ունեն համամարդկային քաղաքակրթական նշանակություն և գտնվում են ոչնչացման ու բռնայուրացման վտանգի տակ:

«Տարիներ առաջ Հին Ջուղայի հազարամյա խաչքարերը պետական մակարդակով փոշիացնող երկիրը շարունակում է իր ձեռագիրը արդեն բռնազավթված Արցախում` ջնջել հայկական քաղաքակրթական հետքերը, վերացնել հայ ժողովրդի` իր Պատմական բնօրրանի ա’յդ հատվածում` Արցախում ներկայության վավերագրերը։ Արցախում կատարվում է մշակութային վանդալիզմ, որը ցեղասպանության բաղադրիչ է։

Երբ տարիներ առաջ ինչ-որ մի դիպված վտանգեց Փարիզի Աստվածամոր տաճարը և տեղի ունեցավ հայտնի հրդեհը, ամբողջ քրիստոնյա աշխարհը դա իր սեփական հոգու ցավը համարեց, և լծվեցին տաճարը վերանորոգելու գործին, քանի որ այն համաշխարհային մշակույթի արժեք է ։Իսկ մի՞թե մարդկության  քաղաքակրթական սեփականությունը չեն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները, որոնց պատմությունը հասնում է մինչև 4-րդ դար և իրենց ճարտարապետությամբ ևս հանդիսանում են քաղաքակրթական արժեք։

Եվ քաղաքական երկակի ստանդարտները գո’նե մշակույթի հարցերում պիտի տեղ չունենար։ Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, քաղաքական շահերը այստեղ ևս իրենց դրսևորումն ունեն, ինչը արժանի է ամենախիստ դատապարտության»։

Արցախցի ավելի քան 300 ընտանիք բնակարանի վկայական է ստացել ու չգիտի, ինչ անել հետո

Ավելի քան 300 ընտանիք, որոնք ստիպված են եղել լքել Արցախը, ստացել են բնակարան ձեռք բերելու վկայականներ, ոմանք արդեն հասցրել են սեփական տուն ձեռք բերել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Նրա խոսքով, որոշ ընտանիքներ արդեն ավարտել են գործարքները, մյուսները բնակարանի որոնման կամ գրանցման փուլում են։

Վկայականների առաջին «ցուցադրական» խմբաքանակն իսկապես տրվել է, բայց պարզ չէ, թե ինչպես օգտագործել դրանք: Մարդիկ չգիտեն, թե ինչ անել վկայականի հետ՝ հաշվի առնելով սահմանափակումների հսկայական քանակը։ Այդ միջոցները հնարավոր չէ համատեղել այլոց հետ, բանկերը հիփոթեքային վարկեր չեն տալիս արցախցիներին, իսկ կանխիկ գումարի դեպքում անմիջապես հարցեր են ծագում, թե որտեղից են այդ գումարները։

Արցախցիների կրած «ոզնու ձեռնոցները» թույլ չեն տալիս օրինական ելք գտնել և մարդկանց դրդելու են շրջանցել հիմար կանոնները։ Բայց սա նաև հղի է նրանով, որ վկայականները կարող են պարզապես խլվել:

Կկատարվի՞ բնակապահովման ծրագրի խոստացված վերանայումը։

Երկրաշարժ Տիբեթում. իշխանությունները հայտնում են տասնյակ զոհերի մասին

Տիբեթի բարձրլեռնային շրջաններից մեկում ուժեղ երկրաշարժի հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել, հայտնում են չինական լրատվամիջոցները։ Ցնցումների հետեւանքով, ըստ նրանց, փլուզվել են բազմաթիվ շենքեր։

«Երեքշաբթի կեսօրին 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սիզանգի ինքնավար շրջանի Շիգաջի քաղաքի Տինգրի շրջանում, ինչի հետևանքով զոհվել է 53 մարդ, վիրավորվել՝ 62-ը», – հայտնում է Սինհուան՝ վկայակոչելով Տարածաշրջանային աղետների կառավարման շտաբը:

Չինաստանի սեյսմոլոգիական ցանցի կենտրոնը (CENC) հայտնել է, որ 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին Չինաստանի Տիբեթի ինքնավար մարզում՝ Նեպալի հետ սահմանի մոտ։

«Խոշորացում». Թրամփն առաջարկեց, որ Կանադան միավորվի ԱՄՆ-ի հետ․ ով կստանա Հայաստանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր առաջարկը, որ Կանադան պետք է միավորվի ԱՄՆ-ի հետ։ «Եթե Կանադան միավորվի ԱՄՆ-ի հետ, ապա մաքսատուրքեր չեն լինի, հարկերը մեծապես կնվազեն, և նրանք լիովին պաշտպանված կլինեն ռուսական և չինական նավերի սպառնալիքից, որոնք մշտապես շրջապատում են իրենց։ Միասին, ինչ մեծ ազգ կլիներ»,- երկուշաբթի օրը՝ հունվարի 6-ին, իր Truth Social սոցիալական ցանցում գրել է Սպիտակ տան ապագա ղեկավարը՝ ավանդաբար մի քանի բացականչական նշան ավելացնելով իր ելույթին։

Այսպես, Թրամփը պատասխանել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի առաջիկա հրաժարականի մասին հայտարարությանը, որն արվել էր մի քանի ժամ առաջ։ «Կանադայում շատերը ուզում են լինել ԱՄՆ 51-րդ նահանգը: Միացյալ Նահանգներն այլևս չի կարող հանդուրժել առևտրի հսկայական դեֆիցիտը և սուբսիդիաները, որոնք Կանադային անհրաժեշտ են իրենց կյանքի համար: Ջասթին Թրյուդոն գիտեր այս մասին և հրաժարական տվեց»,- ասվում է նրա հաղորդագրության մեջ։

Մինչդեռ Դանիան փոխել է իր թագավորական զինանշանը՝ ընդգծելով Գրենլանդիայի խորհրդանիշը՝ կապված Թրամփի վերջին հայտարարությունների հետ՝ աշխարհի ամենամեծ կղզին տիրելու ցանկության մասին, գրում է The Guardian-ը։

Վերլուծաբանները խոսում են աշխարհը մի քանի տերությունների միջև բաժանելու միջոցով աշխարհը «խոշորացնելու» Թրամփի մտադրության մասին։ Այս համատեքստում են դիտարկվում Սիրիայի վերջին իրադարձությունները և Մերձավոր Արևելքի «հանձնումը» Թուրքիային՝ Իրանի տեղահանմամբ։

Առաջին համաշխարհային պատերազմից և 6 կայսրությունների փլուզումից հետո սկսված ազգային պետությունների «սուվերենացման» գործընթացը կարծես թե մոտենում է ավարտին։ Սկսվում է «ապասուվերենացում» ու «խոշորացում»։ Ընդ որում, Ռուսաստանի դերն այս մեծ «բաժանման» մեջ անհասկանալի է։ Հնարավոր է, որ Ռուսաստանը նույնպես դառնա բաժանման «օբյեկտ» և անցնի ինչ-որ խոշոր տերության՝ Չինաստանի։

Համացանցում շրջանառվում է աֆրիկացի երգչի երգի տեսահոլովակը, որտեղ նա խոսում է նման բաժանման մասին՝ հարցնելով, թե ով կստանա Չեչնիան եւ ով` Հայաստանը։