Իսկ ի՞նչ են անում Արցախի իշխանությունները՝ հավաքական իրավունքի հարցերը բարձրաձայնելու

Step1.amի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը։

-Պարոն Գալստյան, նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը։ Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ այս ծրագիրը ձախողվե՞լ է։

– Երբ ՀՀ քաղաքացիություն ստանալը պարտադիր պայման դրվեց այս իշխանությունների կողմից, մենք բազմիցս խոսում էինք, որ դա արհեստական խոչընդոտ է, որ արցախցիները չկարողանան օգտվել այդ ծրագրից։ Բնակապահովման ծրագրի պայմանների վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը նեկայացրել ենք, որ դա բավարար չէ, որպեսզի արցախցիները տուն ձեռք բերեն։ Մենք հիմնավորել ենք, որ այն գումարը, որը տրվում է այդ ծրագրով, չի բավականացնում, իսկ բանկերը հավելյալ գումար չեն տալիս։ Մենք գիտենք, որ արցախցիների մեծ մասն այսօր չունեն կայուն եկամուտ, եւ դրա պատճառով բանկերը հիմնականում մերժում են մնացած գումարների տրամադրումը։ ՀՀ իշխանությունները գիտակցաբար են այդ ամենին գնացել, որպեսզի արտագաղթի ճանապարհով ձերբազատվեն արցախցիներից։ Երբ իրենք այդ ծրագիրը ներկայացրել ենք, մենք այդ օրվանից սկսած ասել ենք, որ սա արցախցիների անուղղակի արտագաղթի ծրագիր է, ոչ թե բնակապահովման։

Եվ ի՞նչ են ցույց տալիս ձեր դիտարկումները՝ մարդիկ չեն օգտվում այս ծրագրից եւ գերադասում են արտագաղթե՞լ։

-Ոչ թե գերադասում են արտագաղթել, այլ ելնելով այն հանգամանքից, որ բնակարանային հարցը չի լուծվում, աշխատանքով ապահովելու որեւէ լուրջ ծրագիր չի ներդրվել այս կառավարության կողմից, հետեւաբար, այո, այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիները համախմբված արտագաղթեն։ Այս իշխանությունների խնդիրը հենց Արցախի թեման փակելն է, արցախցիներից ձերբազատվելն է, որպեսզի չխոսեն վերադարձի մասին։ Դա թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն է, որին տրվել է եւ այդ ճանապարհով գնում է ՀՀ իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանը։

-Իսկ Արցախի իշխանություններն ի՞նչ են անում՝ իրավիճակ փոխելու համար, կանխելու արցախցիների արտագաղթը։

-Հայաստանի այս իշխանությունները ոչ մի ձեւ չեն համագործակցում Արցախի իշխանությունների հետ։ Իսկ օրենսդիր մարմնում միայն ընդդիմադիր գործընկերներն են իրենց նեղ հնարավորությունների չափով համագործակցում։ Այն առաջարկները, դժգոհությունները, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ թե Արցախի իշխանությունների, թե հասարակական կազմակերպությունների կողմից, դրանց ականջալուր չեն եղել։ Եվ ես համոզված եմ, որ մինչեւ արցախցիները ոտքի չկագնեն եւ պահանջատեր չլինեն, այս իշխանությունները նույն ձեռագրով շարունակելու են նմանատիպ ծրագրեր ընդունել, որոնք հասանելի չեն լինի արցախցուն։ Եվ արցախցին աշխատանքի փնտրտուքի ու բնակարանային խնդրի պատճառով կշարունակի արտագաղթել Հայաստանից։

-Արցախի հասարակական կազմակերպությունները, հասարակությունը մեղադրում են նաեւ Արցախի իշխանությանը։ Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ են անում Արցախի իշխանությունները՝ հավաքական իրավունքի հարցերը բարձրաձայնելու ու հողի վրա աշխատանք իրականացնելու ուղղությամբ։

-Ցավոք սրտի, կան նաեւ մի շարք ՀԿ-ներ, որոնք ստեղծվել են օրվա իշխանության հովանու ներքո եւ մեղադրանքներ են հնչեցնում Արցախի՝ առանց այն էլ թույլ ինստիտուտների նկատմամբ, փոխանակ կանգնեն պետական ինստիտուտների կողքին։ Իրենք շատ լավ գիտեն, որ Արցախի թե օրենսդիր, թե գործադիր մարմինները տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ գրավոր, փորձել են ՀՀ այս իշխանություններին բերել կառուցողական քննարկումների դաշտ, բայց այս իշխանությունները միշտ հեռու են մնացել եւ փորձել են Արցախի պետական ինստիտուտները վերացնելու ճանապարհով գնալ։

Բայց արդյոք արդարացի՞ չէ արցախցիների դժգոհությունը։ Մարդիկ ասում են՝ Արցախի իշխանությունը պարտավոր է զբաղվել արցախցիների խնդիրներով, ոչ թե կաշկանդվել կամ վախենալ Հայաստանի իշխանություններից։

– Քանի որ գործիքակազմ չկա, ՀՀ իշխանության կողմից որեւէ օժանդակություն չկա, եւ հնարավորությունները շատ սուղ են, Արցախի օրենսդիր իշխանությունն իր հանրային խոսքում միշտ էլ բարձրաձայնում է այն խնդիրների մասին, որոնք հուզում են արցախցիներին։ Ցավոք սրտի, այսօր բացի բարձրաձայնելուց, այս իշխանությունն այլ գործիքակազմ չի թողել, որով մենք կարող ենք շարժվել։ Ինչ վերաբերում է Արցախի գործադիր մարմնին, ես կխնդրեի, որ նմանատիպ հարց ուղղեք նաեւ գործադիրին, թե իրենք ինչ են արել, քանի գրություն են գրել Հայաստանի գործադիր իշխանությանը, ինչ ճանապարհներով են փորձել իրենց հետ կառուցողական դաշտում որոշակի աշխատանք կառուցել, եւ դա ինչ արդյունք է տվել։ Բոլոր փորձերը ապարդյուն են եղել։

Ռոզա Հովհաննիսյան

«Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։

Նա հայտարարել է, թե Ռուսաստանը «փոխել է իր դաշնակցին» և Ղարաբաղում աջակցել Ադրբեջանի գործողություններին՝ «ագրեսիա իրականացնելով Հայաստանի դեմ։ Եւ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայերը չեն ենթարկվել իրեն»,- ասել է նա։

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում` հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ +2+4։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝  -15-20, ցերեկը՝ -3+1,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -1+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1+4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -1+4,

Լոռիում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ +1+5,

Տավուշում գիշերը՝  -6-10, ցերեկը՝ -4+1,

Արագածոտնի լեռներում գիշերը՝  -17-20, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  -8-4, ցերեկը՝ +1+4,

Արարատում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +1+4,

Արմավիրում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-20, ցերեկը՝ -2+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2+5,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +4+8,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝-10-15, ցերեկը՝ +2+6։

Տիրան Խաչատրյանի դրաման

ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել հունվարի 5-ին ձերբակալված Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործից։

Ինչպես նշել են Քննչական կոմիտեում, Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Խաչատրյանը նշանակվել է հարավային զորքերի խմբի հրամանատար։ Հետաքննության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում նա հրամանատարական կետ չի ձևավորել և մի շարք այլ հրամանատարական գործառույթներ չի կատարել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կորցրել է Արցախի հարավը, այդ թվում՝ Հադրութը։ Այն ժամանակ ճակատը կազմալուծվեց, բանակում չկար միասնական ղեկավարություն, գործում էր գործակալների խիտ ցանց, որն ապակողմնորոշում էր դաշտային հրամանատարներին։

Միաժամանակ Ստեփանակերտի բունկերում ներկա են եղել «նախկին» ռազմական հրամանատարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, ում անունով կոչվում էր Արցախի պաշտպանական գիծը։ Բունկերում ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ում դերը ռազմական որոշումների կայացման գործում դեռևս պարզ չէ։

Իսկ հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Բաքուն հայտնել է Գանձակի և Մինգեչաուրի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին, որոնք իբր արձակվել են Հայաստանի տարածքից։ Հենց այս հարվածները Բաքվի կողմն օգտագործում է որպես Հայաստանի դեմ հիմնական փաստարկ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ։ Հիմնականում սրա վրա են հիմնված Բաքվի միջազգային պահանջները Հայաստանի դեմ։ Հայտնի չէ, թե արդյո՞ք Տիրան Խաչատրյանը մեղադրվում է այս հարվածներին առնչություն ունենալու մեջ։

2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ պատերազմի ամենաթեժ պահին, Տիրան Խաչատրյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում։

Նա 2020 թվականի ամռանն է նշանակվել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում։ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից պաշտպանության առաջին նախարար նշանակված Դավիթ Տոնոյանն 2020 թվականի պատերազմից հետո ազատվել է աշխատանքից, ապա կալանավորվել։ Ընդամենը մի քանի ամիս առաջ է նրա խափանման միջոցը փոխվել։

2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար նշանակված Միքայել Արզումանյանը մինչ օրս մնում է կալանքի տակ։ Նա եւս մեղադրվում է Շուշիի մերձակա բարձունքները «անզգուշությամբ» հանձնելու մեջ։

2020 թվականի պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների հետ կապված գործերով դատական ​​նիստեր դեռևս չեն եղել։ Անհասկանալի է, թե ինչում են մեղադրում զինվորականներին՝ որ նրանք կռվել են Արցախի համար՝ դիմադրություն ցույց տալո՞վ, թե՞ որ բավական լավ չեն կռվել։

Փաշինյանի իշխանության գալուց հետո հայկական բանակում ծառայության անցած զինվորականները կրկնակի դրամա են ապրում։ Մի կողմից, մինչ առաջին գծում կատաղի մարտեր էին ընթանում, դիվանագիտական ​​ճակատում կապիտուլյացիոն որոշումներ էին կայացվում։ Մյուս կողմից, արդեն որոշ ժամանակ է, ինչ զինվորականները չեն հասկանում իրենց խնդիրները՝ արդյո՞ք պետք է պաշտպանեն հայոց հողը, դիմադրե՞ն թշնամուն, թե՞ կուրորեն ենթարկվեն քաղաքական ղեկավարությանը։

Զինվորականները չգիտեն՝ արդյոք քաղաքական ղեկավարությունը կհանձնի իրենց, եթե «խաղաղության պայմանագրի» համաձայն համաձայնեցվի «ռազմական հանցագործների» հարցը։

“Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ արդարության վերականգնման”

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի պատգամ է ուղղել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան եվ աստվածահայտնության տոնի առիթով: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

“Սիրելիներ, աշխարհաքաղաքական ներկա բարդ իրադրության մեջ ծանր փորձությունների ենթարկվեց մեր ժողովուրդը՝ բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, գրավված են մնում Հայաստանի ինքնիշխան տարածքներ, տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր բազում զավակներ, Ադրբեջանի կողմից շարունակում են հնչեցվել նորանոր պահանջներ ու սպառնալիքներ։ Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի և հանգեցնում ազգի տկարացման։ Այս ամենին զուգընթաց քրիստոնեական բարոյական ընկալումների և ազգային-հոգևոր ավանդական արժեքների խեղաթյուրումը աղճատում է մեր ժողովրդի ինքնության դիմագիծը, թուլացնում ազգային ոգին, ներքաշում դեպի մեղքի, հուսահատության որոգայթներ։ Սուրբ Ծննդյան խորհրդով մեզ վերստին երկնային հրավերն է ուղղվում՝ ընթանալու սիրո, հաշտության, արդարության տերունավանդ ճանապարհով։

Այս կոչը իրագործելի է միայն քրիստոնեական կենսակերպով։ Այս կոչը իրագործելի է, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերենք մեր ինքնությունը, ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի բարօրությունը։ Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը և առաջնայնություն տալով սեփական շահերին։ Մենք՝ որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին, Նրա վարդապետությանը, ընթանանք Աստծո Խոսքի և աստվածային կամքի համաձայն, ձերբազատվենք մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից։ Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ արդարության վերականգնման, հանուն մեր ազգի ու հայրենիքի ապահով և բարօր հարատևության։ Լինենք միմյանց գործակից և ոչ՝ հակառակորդ, լինենք նախանձախնդիր ծառայելու և ոչ՝ դիրքն ու հանգամանքը չարաշահելու մեջ։ Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում։ Երեխաների նոր ծնունդով, արժանավոր զավակների դաստիարակությամբ հզորացնենք մեր ազգն ու հայրենիքը։ Յուրաքանչյուրս մեր կարողության չափով ներդրում բերենք համազգային կյանքի առաջընթացին՝ ի պայծառություն մեր պետության և ի շահ մեր ժողովրդի լուսավոր գալիքի։

Սուրբ Ծննդյան ուրախալի ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Մեր ողջույնն ենք հղում ի Քրիստոս Մեր հոգևոր եղբայրներին՝ քույր Եկեղեցիների Պետերին և հավատավոր իրենց հոտին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի:

Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրը միասնաբար աղոթք մատուցենք մարդեղացյալ Աստվածորդուն և հայցենք, որ առատ լինեն երկնահեղ օրհնությունները ազգային ու հայրենական մեր անդաստանում, հաստատուն մնան տերունավանդ հավատքը, հույսն ու սերը մեր կյանքում։ Խնդրենք Երկնավոր Տիրոջ զորակցությունը մեծ կորուստներ կրած և հարազատ բնօրրանից զրկված արցախահայությանը։ Խնդրենք Ամենակալից, որ խաղաղություն ու բարօրություն հաստատվի ողջ աշխարհում և հայրենի մեր երկրում։ Թող Աստծո ամենախնամ Աջը և Սուրբ Ծննդյան կենարար շնորհները մշտապես հովանի լինեն համայն մեր ժողովրդին այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

Ձեզ և մեզ մեծ աւետիս»:

Բաքուն կրկին ապատեղեկացնում է, պատրաստվելով “պատասխան” գործողությունների

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Բաքուն կրկին ապատեղեկություն է տարածում, հող նախապատրաստելով “պատասխան” քայլերի համար։ 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. արցախցիներն այս տարի ևս մեկ անգամ նշում են Սուրբ Ծնունդը տնից հեռու

Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս մասին X-ում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է համաձայնագրի դիմաց իսրայելցի պատանդներին ազատ արձակելու պատրաստակամության մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայից զորքերը դուրս բերելու և երկարաժամկետ զինադադարի համաձայնագրի ստորագրման դիմաց 34 պատանդի ազատ արձակելու Իսրայելի առաջարկին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ կազմակերպության ներկայացուցչին հղումով։

Իսրայելի կառավարությունը չի հաստատել ՀԱՄԱՍ-ից պատանդների ցուցակի ստացումը, սակայն չի հերքել նման գործարքի բուն հնարավորությունը։ Գործակալության տվյալներով՝ կողմերը բանակցություններ են վարում իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների շուրջ, որոնք նույնպես կարող են ազատ արձակվել համաձայնագրի կնքման դեպքում։

Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը Telegram-ում գրել է, որ խնդրո առարկա ցուցակը Իսրայելը միջնորդներին է փոխանցել 2024 թվականի հուլիսին։ «Առայժմ Իսրայելը ՀԱՄԱՍ-ից որևէ հաստատում կամ պատասխան չի ստացել ցուցակում հայտնված պատանդների վիճակի վերաբերյալ»,- ասել է նա։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններ են ընթանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Եգիպտացի միջնորդները, որոնք մասնակցում էին բանակցություններին, խոսել են որոշակի առաջընթացի մասին:

Ֆրանսիայի արտգործնախարարը Սիրիային կոչ է անում դաշինք կազմել քրդերի հետ

Ասադի վարչակարգի տապալումից հետո փախստականները սկսեցին զանգվածաբար վերադառնալ Սիրիա արտասահմանից, սակայն իրավիճակը երկրում մնում է բարդ. շատ սիրիացիներ, օրինակ, անհանգստացած էին, որ նոր իշխանությունները՝ իսլամիստների գլխավորությամբ, որոշել են փոխել դպրոցiի ուսումնական ծրագիրը՝ հիմնվելով սեփական գաղափարների վրա: Հասկանալու համար, թե ուր է տանում Սիրիան իր նոր ղեկավարությունը, երկիր են այցելում եվրոպական երկրների ներկայացուցիչներ. օրինակ, ուրբաթ օրը Դամասկոս այցելեցին Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Ժան-Նոել Բարոն և Աննալենա Բերբոքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն կոչ է արել ստեղծել ինքնիշխան, կայուն և խաղաղ Սիրիա։ Նա կոչ է արել երկրի նոր ղեկավարներին համաձայնության գալ քրդական իշխանությունների հետ, որոնք վերահսկում են երկրի հյուսիս-արևելքը։

«Անհրաժեշտ է քաղաքական լուծման հասնել Ֆրանսիայի դաշնակիցների՝ քրդերի հետ, որպեսզի նրանք լիովին ինտեգրվեն այսօր սկսվող քաղաքական գործընթացին», – ասել է նա հանդիպումից հետո։

Մինչդեռ անցումային կառավարության կրթության նախարարության ֆեյսբուքյան էջում նախօրեին հրապարակվել էր բոլոր տարիքային խմբերի նոր ուսումնական ծրագիր, որը ակնհայտորեն ցույց է տալիս թեքումը դեպի իսլամիզմ, օրինակ՝ «ազգի պաշտպանություն» բառերը փոխարինվել են «Ալլահի պաշտպանություն»-ով:

Նախքան իսլամը Սիրիայում պաշտվող աստվածների հիշատակումները, ինչպես նաև նրանց արձանների պատկերները նույնպես բացառված են ծրագրից։

Առաջարկվում է բնական գիտությունների դասընթացից բացառել էվոլյուցիայի և Մեծ պայթյունի տեսությունը։

Մարիան պատրաստ է գնալ դեպի մեծ նպատակ. մոմագործությունն արդեն հոբբի չէ

Մարիա Բաբայանն Արցախի Ասկերան քաղաքից է տեղահանվել և բնակություն հաստատել Երևան քաղաքում։ Ծննդով հինավուրց Նախիջևանիկ գյուղից է։ Արցախի կորստից հետո 12-րդ դասարանում սովորող աղջիկն ուսմանը զուգընթաց զբաղվում է նաև սիրած աշխատանքով՝ մոմագործությամբ։ Այն նրա համար հոբբի էր, իսկ այժմ՝ եկամտի աղբյուր։

Դեռևս Արցախում էր զբաղվում մոմագործությամբ և իր վառ երևակայության արդյունքում ստեղծում յուրահատուկ մոմեր։ Շրջափակման ժամանակ սիրած աշխատանքը նրա օրը դարձնում էր հագեցած և հաճելի։

Մարիան միշտ երազում էր սեփական բիզնես ունենալ և օգնել ընտանիքին

-Եթե նպատակ ունես, պետք է անպայման գնաս դրա հետևից։ Կարծում եմ՝ ցանկացած նպատակ իրականություն է դառնում, երբ նվիրվում ես ամբողջ հոգով, անմնացորդ սիրով։ Աշխատելու համար տարիքը նշանակություն չունի, կարևորը՝ ցանկությունն է։ Արցախից տեղահանվելուց հետո հասկացա, որ պետք է այստեղ շարունակեմ իմ սիրած գործը, և այն վերածեմ բիզնեսի։ Դասերից հետո ազատ ժամանակ էի ունենում և մտածեցի, որ պետք է պարապ ժամանակս հատկացնեմ օգտակար գործի։ Մոմագործությունը շատ հոգեհարազատ է ինձ, և ես սկսեցի աշխատել։ Իհարկե, սկզբից դժվարանում էի, որովհետև այստեղ մրցակցությունը մեծ է, պահանջարկը՝ անհատական։ Ես սկսեցի նոր գաղափարներով աշխատել, ուսումնասիրել մասնագիտական գրականություն, որպեսզի կարողանամ իմ փորձն ու ճաշակը համատեղեմ տեսական գիտելիքների հետ։ Հետզհետե ավելի հմտացա, ստեղծեցի նոր ու յուրահատիպ գործեր՝ սկսելով իմ առաջին քայլերը նոր միջավայրում։

18-ամյա աղջնակը ժպիտով է հիշում Հայաստանում իր առաջին գործն ու պատվիրատուին

 -Առաջին մոմերն ինձ պատվիրել է մեծահասակ մի կին՝ ցանկանալով, որ պատրաստեմ վարդ ու տոնածառ։ Իհարկե, ես շատ էի մտահոգվում․ կկարողանա՞մ արդյոք բավարարել նրա ցանկությունը։ Մի փոքր էլ վախենում էի, սակայն իմ պատվիրատուին դուր եկավ իմ աշխատանքը։ Դրանից ես շատ ոգևորվեցի ու իմ մոտ բարձրացավ սեփական ուժերիս հանդեպ վստահությունը և պատասխանատվությանս զգացումը։ Մեկ տարուց ավելի է, որ այստեղ զբաղվում եմ մոմագործությամբ ու օրեցօր ավելի եմ կատարելագործվում։ Միաժամանակ, սկսել եմ ավելի արագ աշխատել՝ դիզայն ստեղծելով գրեթե ամեն օր։ Ինձ թևեր են տալիս հաճախորդներիս հիացական խոսքերն ու գնահատականները։

Հայաստանում Մարիան միացել էԱսկերան համայնքի զարգացման կենտրոն” ՀԿին՝ դառնալով նրա ամենակրտսեր անդամը

 -Երևանում մի քանի անգամ մասնակցեցի ՀԿ-ի կազմակերպած միջոցառումներին և իմ մոտ ցանկություն առաջացավ դառնալ այդ մեծ ու համերաշխ ընտանիքի անդամը։ “Վերածնունդ” ծրագրի շրջանակներում ձեռք բերեցի արդիական սարքավորումներ, որոնք ինձ հնարավորություն տվեցին աշխատանքս ավելի պրոֆեսիոնալ դարձնել։ Եթե նախկինում մեկ մոմ պատրաստելու համար մեկ ժամ էի ծախսում, ապա նոր սարքավորումներով ընդամենը կես ժամում իմ մոմն, իր կոկիկ տեսքով, արդեն պատրաստ է ։

Իմ առջև հնարավորություններ բացվեցին նաև մասնակցելու տարբեր տոնավաճառ-ցուցահանդեսների։ Կարևորը ոչ միայն վաճառքն էր, այլ նոր ծանոթություններն ու փորձի փոխանակումը։ “Ասկերան համայնքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունն ինձ օգնեց մի շարք հարցերում։

Մարիան պատրաստ է քայլ առ քայլ գնալ դեպի մեծ նպատակ

-Ներկա դրությամբ համագործակցում եմ տարբեր հարսանյաց սրահների հետ։ Տարոսիկներ եմ պատրաստում հարսանիքների, կնունքների համար։ Բացի մոմերից, պատրաստում եմ շոկոլադներ, շոկոլադապատ ելակներ, ինչպես նաև դիզայներական աշխատանք եմ կատարում գինու շշերի ու բաժակների վրա։ Ունեմ բավականաչափ պատվերներ։ Իմ “Mommaryy” բրենդով հանդես եմ գալիս օնլյան հարթակում։ Դպրոցն ավարտելուց հետո մտադիր եմ բացել իմ սեփական խանութը, որտեղ կկարողանամ և՛ աշխատել, և՛ վաճառել իմ արտադրանքը։ Ինձ օգնում և աջակցում է մայրս, ով ունի գեղագիտական բարձր ճաշակ, հրաշագործ ձեռքեր։ Նա հրուշակագործ է։ Իմ մանկությունն անցել է մորս պատրաստած հրուշակեղենի ու դրանց ձևավորումների ներքո և պատահական չէ, որ ինքս էլ դարձել եմ գեղեցիկի ստեղծող։ Թեկուզ փոքր քայլերով, բայց ես կանցնեմ դեպի իմ նպատակ տանող ճանապարհը․․․

Արցախցի Մարիան իր նպատակի հետ ունի նաև մեծագույն երազանք

-Այս ընթացքում բազմաթիվ փորձությունների, դժվարությունների և հաջողությունների միջով եմ անցել։ Ես հաղթահարել եմ սկսնակ ու չճանաչված լինելու առաջնային խնդիրը։ Փորձում եմ հաղթահարել հայրենիքից հեռու ապրելու ցավը, նոր միջավայրում հաստատվելու խնդիրները և Արցախն իմ հոգում պինդ պահած, վստահ քայլերով առաջ եմ շարժվում դեպի իմ նպատակ․․․ Բայց իմ մեծագույն երազանքը կապված չէ այս ամենի հետ։ Իմ երազանքը Արցախ վերադառնալն ու իմ հարազատ հողում ապրելն է․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտի համար

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր կցորդ Վահան Հակոբյանը։

«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով սահմանափակ է երթևեկությունը նաև մարդատար ավտոմեքենաների համար»,- ասաց Հակոբյանը։

Երեկ սահմանափակվել է բեռնատար մեքենաների երթեւեկությունը։