«Դա ես չեմ, Պուտինն է»,- Լուկաշենկոն ներողություն է խնդրել Զելենսկիից և առաջարկել հարվածել Բելառուսին

Ուկրաինայում ռուսական լայնամասշտաբ ներխուժման երկրորդ կամ երրորդ օրը Ալեքսանդր Լուկաշենկոն զանգահարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին և ներողություն խնդրել նրանից՝ պնդելով, որ նա ոչինչ չի կարող անել Բելառուսի տարածքից Ուկրաինա ռուսական հրթիռների արձակման դեմ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը խոսել է ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանի հետ զրույցում։

«Նա ինձ ասաց. «Հավատա ինձ, Վոլոդյա, դա ես չեմ […] Ես դա չեմ վերահսկում, դա պարզապես հրթիռներ են, դա Պուտինն է», – ասաց այն ժամանակ Բելառուսի բռնապետը:

Ուկրաինայի առաջնորդը Լուկաշենկոյին անվանել է նույն մարդասպանը, ինչ Պուտինը և հարցրել է, թե ինչպես է թույլ տվել Բելառուսից հրթիռներ արձակել Ուկրաինա: Բռնապետը պատասխանել է, որ «չի կարելի կռվել ռուսների հետ», իսկ հետո առաջարկել է Ուկրաինային հարձակվել Բելառուսի Մոզիրի նավթավերամշակման գործարանի վրա։ «Հարվածեք նավթավերամշակման գործարանին։ Դուք գիտեք, թե դա ինչ նշանակություն ունի ինձ համար»,- ասել է նա Ուկրաինայի նախագահին:

Այսպիսի բարքեր են տիրում “սովետական” հողական պախանատում․ Լուկաշենկոն ամեն առիթով իզուր չէ օգտագոծում наклонить բառը։ 

Siemens-ը հրաժարվում է սարքավորումներ մատակարարել Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանին, որը կառուցում է Ռուսաստանը

DW

Ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կոնցեռնը դատի է տալու գերմանական Siemens-ին՝ Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանին սարքավորումներ մատակարարելուց հրաժարվելու համար։ Այս մասին «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է կորպորացիայի ղեկավար Սերգեյ Լիխաչովը։

«Այս նախագծերի հետ կապված մենք բազմաթիվ ինտրիգների միջով ենք անցել։ Իհարկե, նաեւ Siemens-ի ցուցադրական հրաժարումը Թուրքիայում նախագծի համար արդեն իսկ արտադրված և վճարված սարքավորումներ մատակարարելուց»,- ասել է Լիխաչովը։

 

Սուրբ  Էջմիածնի մայր տաճարում տեղի է ունենում Սուրբծննդյան Հայրապետական պատարագ

Սուրբ  Էջմիածնի մայր տաճարում տեղի է ունենում Սուրբծննդյան Հայրապետական պատարագ: Պատարագիչը Վեհափառ Հայրապետն է:

Նախօրեին էլ տեղի էր ունեցել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ:

Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների վերջին համատեղ նիստը

Փաստորեն, Հայաստանն ու Արցախն արդեն իսկ 2021 թվականին չեն կարողացել Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել։

2021 թվականի հունվարի 4-ի վերջին նիստին Արցախից Երևանում ներկա էր միայն Արայիկ Հարությունյանը։ Թերևս, հաշվի առնելով Արցախի անջատումը Հայաստանից, ինչ-որ մեկը կարծում էր, որ համատեղ նիստի անցկացումը Ռուսաստանի դեսպանատանը և Աղդամի ռուս-թուրքական համատեղ կենտրոնում կընկալվի որպես «բացահայտ լկտիություն»։

Մինչդեռ առաջին համատեղ նիստը կայացել է 2019 թվականի մարտի 12-ին։ Եզրափակիչ ուղերձում ասվում է. «Համատեղ նիստի ժամանակ ընդգծվել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակներում Արցախի անվտանգության և կարգավիճակի ապահովումը եղել և մնում են հայկական կողմերի համար բարձրագույն արժեքներ։ Նշվել է խաղաղության մթնոլորտի ստեղծման, ռիսկերի նվազեցման, միջադեպերի կանխարգելման և փոխադարձ վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարևորությունը, ինչպես ամրագրվել է Դուշանբեում, իսկ ավելի վաղ՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովում»։

2019 թվականի դեկտեմբերի 23-ի երկրորդ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ավելի շատ խոսեց թավշյա հեղափոխության մասին։ «Կարևոր է, որ այս քայլերն արտահայտեցին այն օբյեկտիվ իրականությունը, որը ստեղծվեց տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո։ Որո՞նք են այս օբյեկտիվ իրականության առանձնահատկությունները: Նախ՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն բարձրացրին Արցախի սուբյեկտիվությունը և ընդգծեցին Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հարաբերությունների հավասարությունը։ …Հակամարտության կարգավորման բոլոր հիմնարար փաստաթղթերը կա՛մ հղում են պարունակում Արցախի ընտրված իշխանությունների մասնակցությանը, կա՛մ հավանության են արժանանում Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ …Արցախի հիմնախնդրի լուծման հայեցակարգային մակարդակում մենք առաջարկել ենք շատ պարզ, տրամաբանական և հասկանալի սկզբունք՝ Արցախի խնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար։ Հայտարարելով այս սկզբունքը՝ ես հույս ունեի, որ Ադրբեջանի նախագահը հանդես կգա նմանատիպ հայտարարությամբ, որն ավելի մեծ հնարավորություններ կբացի բանակցային գործընթացում զգալի առաջընթացի հասնելու համար։ … Ավելին, կարծում եմ, որ բոլորը հասկացան, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նման փորձերը աղետալի հետևանքներ կունենան առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես ես բազմիցս ասել եմ, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք ձեռք ենք բերել աննախադեպ քանակությամբ բարձրորակ զենք ու զինատեսակներ, բարեփոխումներ ենք իրականացրել ու իրականացնում մեր երկրի Զինված ուժերում, որոնք էլ ավելի են բարձրացնում մեր բանակի մարտունակությունը”։

Իսկ Բակո Սահակյանն ասել է. «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ Հայրենիքի անբաժանելի մասերն են, և մենք ունենք ընդհանուր նպատակներ և ընդհանուր տեսլական կարևորագույն խնդիրների լուծման գործում։ Եվ այս առումով Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը թույլ են տալիս համակողմանիորեն քննարկել մեր առջեւ ծառացած խնդիրները, գտնել օպտիմալ լուծումներ եւ կայացնել տեղեկացված որոշումներ»։

Մեկ այլ նիստ տեղի ունեցավ 19.06.2020թ.։ Ընտրությունների և դրան հաջորդած Արցախում իշխանությունների ձևավորման արդյունքում տեղի ունեցավ քաղաքական ուժերի համախմբման կարևոր գործընթաց, որը, վստահ եմ, էլ ավելի ամրապնդեց Արցախի անվտանգությունը, ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Վերջերս Ադրբեջանի հատուկ ծառայությունների ցուցումով մեկնարկեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնությունը՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը։ Սրանով Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ նախաձեռնությունը փոխարինել է այսպես կոչված «Հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան Ադրբեջանների» անհեթեթ շարքին՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ամբողջ տարածաշրջանի համատեքստում”։

Արայիկ Հարությունյանը խոսել է իր բիզնես նախագծերի մասին. «Անվտանգության ոլորտում համագործակցության համակարգի հիմնական հենասյուներից մեկը պարենային և էներգետիկ անվտանգությունն է, որտեղ նույնպես զգալի ձեռքբերումներ են եղել, բայց միշտ նոր աշխատանքի տեղ կա՝ բնապահպանական մարտահրավերների և մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ։ Մեր նպատակն է ապահովել, որ պարենային և էներգետիկ համակարգը լինի հնարավորինս ինքնաբավ և ճկուն ցանկացած իրավիճակի համար, ապահովել ռազմական և սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը։ Այս և մի շարք այլ առումներով ենթակառուցվածքները ռազմավարական նշանակություն ունեն, և ես ուրախ եմ, որ մենք արդեն սկսում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը»։

Ձերբակալվել է գեներալ Տիրան Խաչատրյանը

Առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին: Փաստը հաստատել է նախկին բարձրաստիճան զինվորականի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների:

Տիրան Խաչատրյանը Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացել է 44-օրյա պատերազմի ժամանակ: 2021-ի փետրվարին նա վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով ազատվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

«Արցախ ին Լոռի» գյուղատնտեսական կոոպերատիվը սկսել է ընդլայնել իր հորիզոնները

Арам Вердянգրում է․

Հարգելի ընկերներ, ուզում եմ Ձեզ հետ կիսվել լավ նորությամբ. «Արցախ ին Լոռի» գյուղատնտեսական կոոպերատիվը սկսել է ընդլայնել իր հորիզոնները: Ստեփանավանի վարչական տարածքում այժմ ունենք մեր սեփական վարելահողերը:
Սա ոչ միայն մեր կոոպերատիվի մեծ ձեռքբերումն է, այլև մեր կամքի և նվիրումի արդյունքը՝ գյուղատնտեսությունը զարգացնելու ու մեր հայրենի հողը նոր շնչով լցնելու համար:
Շուտով նոր նախաձեռնություններով և արգասաբեր աշխատանքներով կկիսվենք Ձեզ հետ։
Հ.Գ. Նկարում` մեր վարելահողերը թռչնի թռիչքի բարձրությունից

«Ալկոհոլը քաղցկեղ է առաջացնում». զգուշացնում է ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկը

Վիվեկ Մուրթիի խոսքով՝ ալկոհոլի օգտագործումը նպաստում է քաղցկեղի առնվազն յոթ ձեւերի զարգացմանը

Ալկոհոլային արտադրանքը կարող է վաճառվել միայն այն դեպքում, եթե դրանք օժտված են քաղցկեղի նախազգուշացումով, ուրբաթ օրը ասել է ԱՄՆ գլխավոր սանիտարական բժիշկ Վիվեկ Մուրթին:

Մուրթին ընդգծել է, որ ալկոհոլի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի առնվազն յոթ տեսակի, այդ թվում՝ կրծքագեղձի, հաստ աղիքի և լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ երկրի բնակիչների մեծ մասը դա չգիտի։

Գլխավոր սանիտարական բժիշկը կոչ է արել վերանայել ալկոհոլի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ առաջարկությունները։

«Ալկոհոլի օգտագործումը ԱՄՆ-ում քաղցկեղի երրորդ պատճառն է՝ ծխախոտից և գիրությունից հետո», – ասվում է Մուրթիի գրասենյակի հայտարարության մեջ:

Պարտության մեղավորների փնտրտուք․ “դավաճաններ”, “11 հազար դասալիք”

Ազատությունը հայտնում է, որ առայժմ հստակ ժամկետներ չկան, թե երբ տեղի կունենան անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցութամբ խորհրդարանական փակ լսումները։ Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ խորհրդարանում դեկտեմբերին հանդիպած Արսեն Ղուկասյանը, որը 44-օրյա պատերազմում ահետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն է, սպասում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի զեկույցին, շեշտելով՝ լսումների ընթացքում փորձելու է հասկանալ՝ ինչո՞ւ են հանրությունից գաղտնի պահում զեկույցի ադյունքները։

Ավելի քան 4 տարի անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը հիշեցնում է՝ հենց իշխանություններն են պնդում, թե պատերազմը պարտվել են դավաճանների պատճառով, և այժմ իրենք ուզում են իմանալ՝ ովքեր են այդ դավաճանները, ում պատճառով են հազարավոր զինվորներ զոհվել ու անհետ կորել։

Ի՞նչ է թաքցնում Անդրանիկ Քոչարյանը եւ ինչ է ուզում լսել հանրությունը։ “Դավաճանների”մասին զեկո՞ւյց, կոնկրետ անուննե՞ր, թե վերլուծություն աշխարհաքաղաքական գործընթացներում Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի եւ այլ երկրների ղեկավարների դերի մասին։ 

Հայաստանի հասարակության մեջ թյուր կարծիք է ձեւավորվում, այդ թվում ՀՀ իշխանամետ եւ ընդդիմադիր շրջանակների կողմից, որ պարտության մեղավորները ներքին “դավաճաններն են”, “11 հազար դասալիքները”, չկռված արցախցիները, չկրակող իսկանդերները։ Տպավորությունն այնպիսին է, որ Ալիեւը չէ Էրդողանի եւ Պուտինի օգնությամբ օկուպացրել եւ հայաթափել Արցախը, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը չէ չդիմադրելու հրաման տվել եւ ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Տպավորություն է, որ ընդդիմությունը, պահանջելով Փաշինյանի հրաժարականը, պահանջում է նաեւ հետ կանչել նոյեմբերի 9-ի հայտարարության տակ Հայաստանի ստորագրությունը, վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի շրջնակներում։ 

Սակայն ինչպես երեւում է, իշխանությունները եւ ընդդիմությունը միակարծիք են՝ նրանք բոլորը մեղավոր են փնտրում, որպեսզի օրինականացնեն ահաբեկչական պատերազմի արդյունքները եւ հայկական իրավունքներից հրաժարվելը։ Իսկ “մեղավոր” են հայտարարվելու կռված տղաները, որոնք դեռ պատերազմում էին, երբ թիկունքից ինչ-որ մարդիկ հետ քաշվելու հրամաններ էին տալիս եւ “գործարքներ” կնքում։ Հազարավոր կռված տղաներ հիմա ենթարկվում են հետապնդման՝ շինծու մեղադրանքներով։ 

 

Վերլուծաբանները քննարկում են Թուրքիայի դերը սիրիական զարգացումներում

Ամերիկայի ձայն

Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական զարգացումներում ակնհայտ է: «Ամերիկայի ձայնը» վերլուծաբանների հետ քննարկել է Թուրքիայի դերակատարությունը ալ-Ասադի ռեժիմի տապալման գործում և հետասադյան Սիրիայի հետ Անկարայի հարաբերությունների հեռանկարը։

Դամասկոսում իսլամիստների առաջնորդած ընդդիմադիր ուժերի իշխանության հաստատումից ընդամենը մեկ շաբաթ անց Սիրիայի մայրաքաղաքում՝ վերաբացված թուրքական դեսպանատանը, կրկին վեր խոյացավ Թուրքիայի պետական դրոշը։

Գաղտնիք չէ, որ այսօրվա Սիրիայում տարբեր կրոնական և էթնիկական խմբեր յուրովի են ընկալում Թուրքիայի դերն ու նշանակությունը՝ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում ասում է Free Syria նախաձեռնության հիմնադիր, Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի սիրիական ծրագրի վերլուծաբան Ռաֆիֆ Ժոուժաթին:

Նրա ներկայացմամբ՝ այսօր Դամասկոսից Թուրքիայի վերաբերյալ հնչող գնահատականներն ինչպես դրական են, այնպես էլ մտահոգիչ:

«Շատերն անհավանական երախտապարտ են Թուրքիային։ Այն ընդունեց միլիոնավոր [սիրիացի] փախստականների, աջակցեց սիրիական ընդդիմությանը։ Իհարկե, շնորհակալ ենք դրա համար: Բայց նաև Թուրքիան ավելի ուշ որոշ խնդիրներ ունեցավ սիրիացի փախստականների հետ։ Վատ վերաբերմունքի դեպքեր եղան։ Հարցեր են բարձրացվում Թուրքիայի ռազմական ներգրավվածության վերաբերյալ։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, կան տարբեր կարծիքներ»,- ասում է Ժոոուժաթին:

Սիրիայի հարցում մեր զրուցակիցն առանձնացնում է երկու առաջնահերթություն Անկարայի համար՝ սիրիացի փախստականներն ու քրդերը:

«Թուրքիան, ակնհայտորեն, մեծ դեր է ունեցել միլիոնավոր սիրիացի փախստականներին ընդունելու գործում: Այժմ, նրանք սկսում են վերադառնալ, ․․․ եթե ունենան կացարան այնտեղ: Կարծում եմ, որ Թուրքիայի առաջնահերթություններն այժմ փախստականներին տուն վերադարձնելն է կանոնավոր կերպով: Նաև կարծում եմ, որ նրանք ցանկանում են համոզվել, որ մեր [ծագումով] քուրդ սիրիացիները բացառապես Սիրիայի մաս են կազմում»,- ասում է նա:

Ժոոուժաթին լավատես է թուրք-սիրիական հարաբերությունների ապագայի հարցում՝ վստահ լինելով, որ այսօր Անկարան և Դամասկոսն ունեն լավ հնարավորություն՝ երկկողմ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար: Վերլուծաբանը մատնանշում է Թուրքիայի դերը Սիրիայի նոր իշխանություններին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցում՝ ընդգծելով, թե ներկայիս Սիրիային անհրաժեշտ է Թուրքիայի աջակցությունը:

«Մեզ պետք է էլեկտրաէներգիա և մաքուր ջուր: Պետք է վերանորոգենք մեր ճանապարհները, համոզվենք, որ տրանսպորտը հասանելի է, որ մարդիկ սնունդ ունեն, քանի որ մեզ մոտ աղքատության շեմից ներքև է բնակչության 80%-ը: Շատ առաջնահերթություններ կան, որոնց պետք է անդրադառնալ մոտ ժամանակներս»,- ասում է նա:

Իր հերթին, Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան, Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլյանի կարծիքով՝ Թուրքիան որպես գործիք է օգտագործում փախստականներին Արևմուտքի հետ հարաբերություններում:

«Էրդողանն օգտագործում է փախստականներին Արևմուտքին լռեցնելու համար՝ նրանց ասելով, թե մի խառնվեք իմ ներքին հարաբերություններին, իսկ ես փախստականներին կպահեմ Թուրքիայում՝ ստեղծելով բուֆերային գոտի Արևմուտքի համար։ Տեսեք, թե որտեղ է մեզ հասցրել այս քաղաքականությունը: Թուրքիայում ժողովրդավարությունը վերջին տաս տարում հետընթաց է ապրել»,- նշում է Փայլյանը:

Թուրքիան գրեթե 15 տարի փորձում էր տապալել ալ-Ասադի իշխանությունը, և այնտեղ քաոս էր ստեղծում սիրիական ընդդիմության միջոցով, ասում է Փայլյանը: Նրա կարծիքով՝ Էրդողանի հիմնական նպատակն է Սիրիան դարձնել Թուրքիային կցորդ-երկիր։

«Այժմ Էրդողանն իրեն նվաճող է զգում։ Ցանկանում է Սիրիան դարձնել Թուրքիայի կցորդ, որի մասին բազմիցս խոսել է։ Եվ արևմտյան տերությունները համաձայն են դրա հետ»,- նշում է Գարո Փայլյանը:

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, թե այստեղ ևս անհանգիստ է, քանի որ Բաքուն շարունակում է առաջ տանել իր ռազմատենչ օրակարգը:

«Ալիևը դեռ իրեն հաղթող է զգում: Նա դեռ ունի պատերազմ [վարելու] օրակարգ, և չի ձգտում ստորագրել խաղաղության պայմանագիր [Հայաստանի հետ]»,- ասում է Փայլյանը:

Նրա պնդմամբ՝ արևմտյան տերությունները պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ունենան գործընթացներում՝ տարածաշրջանում ազգայինի փոքրամասնությունների կամ փոքր պետությունների նկատմամբ հետագա բռնությունները կանխելու համար:

Փայլյանի գնահատմամբ՝ հայերը, ընդհանրապես՝ քրիստոնյաները, քրդերը և պաղեստինցիները շարունակում են մնալ խոցելի վիճակում և կարող են նոր բռնաճնշումների զոհ դառնալ:

«Կարծում եմ, որ Արևմուտքը ոչ միայն պետք է աշխատանք տանի այս կառավարությունների հետ, այլև, իսկապես, որոշակի ճնշում գործադրի ավտոկրատների նկատմամբ՝ ժողովրդի իրավունքները հարգելու համար»,- ասում է նա:

Փայլյանը կոչ արեց ԱՄՆ-ին և ԵՄ-ը ուշադրություն դարձնել Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը, որն, ըստ վերլուծաբանի, նախորդ տարիներին հետընթաց է ապրել:

Ըստ վերլուծաբանի՝ արևմտյան տերությունները կարող են պահանջել Էրդողանից բարելավել ժողովրդավարության հետ կապված իրավիճակը՝ Թուրքիայի որոշ պահանջներ բավարարելու դիմաց:

Թուրքիայի ժողովրդավարացումը շահավետ է ոչ միայն Թուրքիայի ու Հայատանի համար, քանի որ լինելով մեծ երկիր` այն կարող է ծառայել որպես օրինակ տարածաշրջանի բոլոր պետություններին, ընդգծում է Գարո Փայլյանը:

Բայդենը թիմի հետ քննարկել է Իրանին հարվածելու հարցը և որոշում չի կայացրել

DW

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Ջո Բայդենին մի քանի առաջարկ է ներկայացրել Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու վերաբերյալ, եթե Թեհրանը զգալի առաջընթաց գրանցի իր միջուկային ծրագրի մեջ մինչև հունվարի 20-ը։ Այս մասին հինգշաբթի, հունվարի 2-ին, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երեք բանիմաց աղբյուրներ։ Բայդենի հանդիպումը ազգային անվտանգության թիմի հետ տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Ըստ աղբյուրների, Բայդենի որոշ խորհրդականներ կարծում էին, որ ԱՄՆ-ը հնարավորություն ունի հաջող հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, քանի որ Իրանի հրթիռային և հակաօդային պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև պրոքսիների ռազմական հնարավորությունները թուլացել են Իսրաելի հետ հակամարտության պատճառով։ Ուստի Թեհրանի կողմից պատասխան գործողությունների ռիսկը նվազեցվում է։

Բայդենը չի համաձայնել հարվածին ոչ հանդիպման ընթացքում, ոչ էլ դրանից հետո, և վերջնական որոշում չի կայացրել, ասել են աղբյուրները։ Ինչպես նշում է հրատարակությունը, Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը նոր նախագահի պաշտոնավարումից անմիջապես առաջ «արկածախնդրություն» կլինի, քանի որ այդ կերպ Բայդենը նոր հակամարտություն կփոխանցի նոր վարչակազմին։ Չնայած նախագահը խոստացել էր, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել։

ԱՄՆ պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Բայդենի մասնակցությամբ հանդիպումը պատասխան չէր նոր հետախուզական տվյալներին։ Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի հաջողության հարցում ԱՄՆ գործողությունների տարբերակները մինչև նախագահական ժամկետի ավարտը: Բայդենի վարչակազմում ներկայումս չի քննարկվում Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր ռազմական գործողությունները, ասել է աղբյուրներից մեկը։

Դոնալդ Թրամփը, ով ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, իր թիմի հետ եւս քննարկել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը՝ միջուկային զենք ստեղծելուց թույլ չտալու համար: Քննարկումները դեռ վաղ փուլում են, դեկտեմբերին հաղորդել է The Wall Street Journal-ը:

ՀՀ վիճակագրության մեջ արցախցիները համարվում են ՀՀ անձնագրեր ունեցող անձինք

ՀՀ կառավարությունը պաշտոնական վիճակագրության մեջ արցախցիներին համարում է ՀՀ անձնագրեր ունեցող անձինք։ Չնայած կառավարության անդամները բազմիցս փորձել են հիմնավորել, թե իբր արցախցիները ՀՀ քաղաքացի չեն, եւ նրանց անձնագրերը ոչ թե ՀՀ անձնագրեր են, այլ ճամփորդական փաստաթղթեր, սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ սահմանահատումների մասին վիճակագրությունը չի տարանջատում արցախցիներին ՀՀ անձնագրեր ունեցող մյուս անձանցից։

Այսպես, «ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված մուտքերի ու ելքերի սահմանային գրանցումներն ըստ անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի տրման երկրների» բաժնում նշվում է, որ 2023-ին ՀՀ մուտք է գործել 4 մլն 764 հազար 272 մարդ, նրանցից 1 մլն 972 հազար 133 մարդ Հայաստանի անձնագրերով են եղել, 1 մլն 652 հազար 340 մարդ՝ ՌԴ անձնագրերով, մնացածը՝ այլ երկրների անձնագրերով։ ԼՂ անձնագրերով սահմանահատման մասին որեւէ հիշատակում չկա պաշտոնական վիճակագրության մեջ։ Այսինքն՝ կամ 2023-ին բռնի տեղահանված արցախցիները հաշվառված են Հայաստան մուտք գործած ՀՀ անձնագրեր ունեցող 1 մլն 972 հազար 133 մարդկանց թվում, կամ Արցախից ՀՀ տեղափոխումը ներհանրապետական տեղաշարժ է դիտարկվել, ոչ թե սահմանահատում։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2023 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 22 անձ։ 2023 թվականին Հայաստանում հաշվառված անձանց 79.5 տոկոսը Արցախի բնակիչներն են կազմել։ Հայաստանում 2023 թվականի հաշվառվել է 77 687 մարդ, նրանցից 69 287 մարդ հաշվառվել են քաղաքային բնակավայրերում, 8 400-ը՝ գյուղական։

Հատկանշական է, որ փախստականի կարգավիճակ ստացած անձանց մասին վիճակագրության մեջ եւս ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասին առանձին հիշատակում չկա, թեպետ կառավարության անդամները հայտարարել են, որ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ Արցախի բնակչությանը փախստականի կարգավիճակ է տրամադրվել է։ Ըստ վիճակագրության՝ 2023 թվականին Հայաստանում փախստականի կարգավիճակ է շնորհվել 372 անձի։ Նրանցից  218-ը Ուկրաինայի քաղաքացի են, մնացածը՝ Իրաքի, Հայիթիի, Սիրիայի, Իրան, Թուրքիայի, Պակիստանի, Եգիպտոսի եւ մի քանի այլ երկրների քաղաքացիներ են։

Միգրացիոն հոսքերի մասին վիճակագրության մեջ Արցախի հետ տեղաշարժերը առանձին տողով ներկայացված են։ 2021-2023 ժամանակահատվածում արտաքին եւ ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների անդամներից 24.0 տոկոսի տեղաշարժերի բնույթը 2023թ.-ին եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի/ՀՀ մարզերի միջև, 20.7 տոկոսինը` ԼՂ-ի հետ, իսկ մնացած 55.3 տոկոսինը՝ միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 88.2 տոկոսի տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ:

2023թ.-ին վերադարձած տնային տնտեսության անդամների 14.6 տոկոսը վերադարձել են ներհանրապետական տեղաշարժերից, 7.8 տոկոսը՝ ԼՂ-ից, 66.9 տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնությունից, 2.6 տոկոսը՝ Ուկրաինայից, 0.8 տոկոսը՝ ԱՊՀ այլ երկրներից, 4.4 տոկոսը՝ եվրոպական երկրներից, 2.8%-ը՝ ԱՄՆ-ից։

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2021-2023թթ.-երին միգրացիոն գործընթացներում ներգրավված` տվյալ բնակավայր նոր ժամանած միգրանտների կեսից ավելին՝ 50.2 տոկոսը տեղափոխվել է ԼՂ-ից, 19 տոկոսի տեղաշարժը եղել է երկրի ներսում, այսինքն՝ ՀՀ բնակավայրերի միջեւ, իսկ շուրջ 30.8 տոկոսինը՝ միջպետական է, որից՝ 21.4 տոկոսը՝ ՌԴ-ից:

Ռոզա Հովհաննիսյան

Ավետարանոցի համայնքի ղեկավար․ Եռաբլուրում զգացինք իրար թիկունք լինելը

Հարգանքի տուրք է մատուցվել Եռաբլուրում, ինչպես նաև կազմակերպվել է այցելություններ զոհվածների ընտանիքներ

Ավետարանոց համայնքի ղեկավար Սմբատ Մադաթյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմներում զոհված ավետարանոցցիների և բոլոր նահատակների հիշատակին։ Մոտ 100 համագյուղացիներ էին հավաքվել Երևանի Եռաբլուր պանթեոնում։

Արդեն 4-րդ տարին է, ինչ նման միջոցառում է կազմակերպվում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, ով ավանդույթը չխախտելու համար, մի քանի օրով եկել է ՌԴ-ից։

Արցախյան առաջին պատերազմում զոհվել է 32, 44-օրյա պատերազմում՝ 10, իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ 2 ավետարանոցցի։ Մեկ համագյուղացի զոհ է դարձել սեպտեմբերի 25-ի պայթյունին։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել ինչպես գյուղի, այնպես էլ Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի զոհվածների հիշատակին։

Այնուհետև համայնքի ղեկավարը գյուղի զոհվածների ընտանիքներին նվիրել է վերջերս լույս տեսած  “Ավետարանոցի դպրոց-150” գիրքը, ինչպես նաև ամանորյա նվերներ է տվել զոհվածների երեխաներին։ Սմբատ Մադաթյանը մի խումբ երիտասարդների հետ այցելել է նաև զոհվածերի ընտանիքները, շնորհավորել նրանց Ամանորը։ Նման ամանորյա այցելություններ նա ունեցել է նաև ՌԴ-ի Ինոզեմցովո քաղաքում, որտեղ ապաստան են գտել մի շարք համագյուղացիներ։

-Կարծում եմ՝ այս ավանդույթը շարունակական է լինելու։ Մենք պարտավոր ենք հիշել ու արժևորել զոհերի հիշատակը, և այն փոխանցել սերնդեսերունդ։ Մեր պայքարը դեռ առջևում է։ Տղաների թափած արյունը պետք է արժանվույնս գնահատենք և հանուն նրանց հիշատակի ու կիսատ թողածի, մենք պետք է համերաշխ ու համախմբված լինենք։ Եռաբլուրում զգացինք մեր միասնական, իրար թիկունք լինելը։ Համագյուղացիների հետ կապը հնարավորինս կայուն լինելու համար կանեմ հնարավորը և միշտ պատրաստ եմ յուրաքանչյուրի կողքին լինել։

Հույս ունեմ, որ 2025-ը արցախցիներիս համար բարեբեր տարի կլինի, և Արցախ վերադառնալու հավատը երբեք չի մարի,-ասում է Սմբատ Մադաթյանը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ