Միանվագ աջակցություն արցախցիներին եւ սոցիալապես անապահով ընտանիքներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ ԼՂ տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի միանվագ նպատակային դրամական աջակցություն․ այն շահառու ընտանիքներին կփոխանցվի էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն պետական սոցիալական ծրագրերի շահառու չհանդիսացող ընտանիքներին։

Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից՝ կարիքների համալիր գնահատման գործիքով՝ ավտոմատացված և օբյեկտիվ սանդղակավորմամբ։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ յոթ e-քարտերից երեքը՝ Ամանորյա (50,000 դրամ), Երեխայի խնամք (40,000 դր․), Հագուստ և կոշիկ (25,000 դր.), Առողջապահական (25,000 դր.), Վերադարձ դպրոց (60,000 դր․), Հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և Հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):

«ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո՝ հայրենակիցների սոցիալական հարցերը մշտապես եղել են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այս նպատակով իրականացվել և շարունակվում են մի շարք ծրագրեր՝ նրանց կեցության և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև կայուն զբաղվածության և հիմնական բնակարանային ապահովության հարցերը կարգավորելու ուղղությամբ։ Ուրախ ենք, որ հայրենակիցների աջակցության տրամադրման գործընթացում մեր կողքին են նաև մեր գործընկերները։ Այս նախաձեռնությունը ևս մեկ էական քայլ է Հայաստանի սոցիալական շտապօգնության ներդրման ուղղությամբ և շարունակությունն է արդեն գործարկված սննդային քատերի գործիքի։ Լիահույս եմ, որ այն կծառայի իր նպատակին»,- նշել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Գերմանիան աջակցում է ՀՀ ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղից փախստական ընտանիքների և հյուրընկալող համայնքների խոցելի ընտանիքների երկարաժամկետ առումով վերականգնման և ներառման հարցում, հատկապես ցուրտ ամիսների ընթացքում, երբ ի հայտ են գալիս լրացուցիչ կարիքներ։ Մենք ընդլայնել ենք ֆինանսավորումը այս գործընկերության միջոցով՝ դրամական աջակցության և խնամքին ուղղված միջամտությունների համակցմամբ, ինչի շնորհիվ կարիքահեն ծառայություններ կմատուցվեն ընտանիքներին, այդ թվում e-քարտերի միջոցով, հոգալու անհրաժեշտ կարիքները՝ սկսած հագուստից, առողջապահական ծառայություններից, նորածինների խնամքից ու կենցաղային պարագաներից, մինչև դեպքերի վարում և հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ: Այս ծրագիրը նաև կզարգացնի սոցիալական աշխատողների և առաջնային օղակի մասնագետների կարողությունները խոցելի ընտանիքներին հայտնաբերելու, բռնության կամ ընտանիքի բաժանման կանխարգելման ուղղությամբ»,- ընդգծել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինթրուպը (Erik Tintrup):

«Կարևոր է առկա սահմանափակ ռեսուրսները համապատասխանեցնել երեխաներին և նրանց ընտանիքներին ուղղված աջակցության աճող կարիքներին, որոնք տեղահանվել են կամ ապրում են Հայաստանի հյուրընկալող համայնքներում: Այդ նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է նախարարությանը «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի մշակման գործում՝ շեշտը դնելով սոցիալական պաշտպանության համակարգի դիմակայունության բարձրացման վրա: E-քարտերի համակարգը, որը մշակվել է այս նոր դրամական աջակցության ծրագրով, գործիք կդառնա պետական աջակցության կանոնավոր ծրագրերի համար և անհրաժեշտության դեպքում կընդլայնվի արտակարգ իրավիճակներում արձագանքման նպատակով՝ նպաստելով քաղաքացիական հասարակության և դոնորների հետ կառավարության համակարգման լավարկմանը»,-նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Հրատապ սննդի e-քարտը ներդրվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ համագործակցությամբ՝ որպես պիլոտային նախաձեռնության մաս: Նոր գործիքը համալրում է ՊՀԾ-ի սննդի աջակցության գործող ծրագրերը՝ նպատակ ունենալով աջակցել տեղահանված ու հյուրընկալող ընտանիքներին։ Այն հնարավորություն կտա ընտանիքներին ձեռք բերել առողջ սնունդ՝ հատկապես ձմռան դժվարին ամիսների ընթացքում։ Մինչ այդ, ՊՀԾ-ն կշարունակի ավանդական (բանկային) սննդի քարտերի տրամադրումը, իսկ թվային հարթակը կծառայի որպես լրացուցիչ գործիք՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու և տարբեր կարիքներ հասցեագրելու գործում։

Նշվում է, որ հրատապ սննդի e-քարտի միջոցով իրականացվող աջակցությունը հնարավորություն է տալիս ընտանիքներին անխափան կերպով բավարարել իրենց սննդային պահանջները, հատկապես ձմռանը, երբ խոցելիության մակարդակը բարձրանում է։ Այս նախաձեռնությունը արտացոլում է ՊՀԾ-ի շարունակական հանձնառությունը՝ բարձրացնելու պարենային ապահովության մակարդակը՝ միաժամանակ խթանելով արժանապատվությունը, ընտրության ազատությունն ու դիմակայունությունը»,- ընդգծեց Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։

E-քարտերի առաջին խումբը կգործեն 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը՝ «Իդրամ» վճարային համակարգի միջոցով, իսկ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը կաջակցեն ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ սոցիալական աշխատողների վերապատրաստման հարցում՝ ընտանիքների դեպքի վարման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու e-քարտերի օգտագործման և հետադարձ կապի մեխանիզմների վերաբերյալ:

Կարիքահենք դրամական աջակցության ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ այցելեք Սոցիալական աջակցության տրամադրում e-քարտերի միջոցով | UNICEF Հայաստան կայքէջը:

Համալիր կարիքների գնահատման վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 114 զանգերի կենտրոն։

Էլեկտրոնային քարտերի վերաբերյալ հարցերի կամ բողոքների դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ՝ 095 889 388 հեռախոսահամարով։

Իդրամ հավելվածների (Idram և ID Plus) տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցերի դեպքում խնդրում ենք կապվել՝ 060 700 700 հեռախոսահամարով կամ 098 700 970 Տելեգրամ կամ WhatsApp հավելվածների միջոցով:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը

Հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այս մասին հայտնում են Արցախի թեմից։

«Սիրով հրավիրում ենք միասնաբար տոնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը և աղոթելու Մարմնացյալ Աստծուն մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար։ Պատարագի սկիզբը 17։00»,–ասված է հայտարարության մեջ։

Նոր տարվա 4 օրերին Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, 56 մարդ ստացել է վնասվածքներ

Ամանորյա չորս օրերի ընթացքում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, 56 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ասվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունում։

2024 թվականի դեկտեմբերի 30-ից 2025 թվականի հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է 197 հանցագործություն։

Մասնավորապես՝ թմրամիջոցների հայտնաբերման՝ 32, խարդախության 28, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության՝ 21, մարմնական վնասվածք հասցնելու և ֆիզիկական միջամտության՝ 20, առանց վարորդական իրավունքի կամ այս իրավունքից զրկված մեքենա վարելու՝ 19, 16 դեպք հոգեկան ներգործության, խուլիգանության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, սահմանի ապօրինի հատման 4 և մի շարք այլ իրավախախտումների դեպքեր։

Բացահայտվել է 17 հետախուզվող, նրանցից 6-ը ինքնակամ ներկայացել են։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

«Ես բողոքի ակցիա եմ արել, խնձոր եմ նետել իր ուղղությամբ, ուրիշ բան չէի կարող անել»

Forrights

Ալբերտ Առուստամյանը հանգուցյալ մոր ծննդյան օրն այս տարի նշել էր առանց նրա շիրիմին այցելելու։  Օգոստոսի 23-ին հարազատների հետ հավաքվել էր Երևանում վարձակալած իր բնակարանում, գերեզմանատուն այցելելու հնարավորություն չուներ, քանի որ այն գտնվում է ադրբեջանցիների կողմից օկուպացված Ստեփանակերտում։

71-ամյա Ալբերտ Առուստամյանը բարեկմաների հետ հիշել էր Արցախում անցկացրած լավ ու վատ օրերը։ Միաժամանակ հեռուստացույցով հեռարձակվել է Փաշինյանի անհոգ կյանքից դրվագներ՝ հեծանիվ է քշում, խաշլամա ուտում, բռնի տեղահանված արցախցու ցավին անհամապատասխան է եղել։

«Ջղայնացած էի, մենք այստեղ չենք կարում երեխոցը պահենք, հեռուստացույցը միացնում ես ինքը հեծանիվից իջնում է, խաշլամա է ուտում։ Այդ պահին, որ դա տեսա, ասացի՝ կանալը փոխեցեք։ Դուրս եկա ծխելու»,-պատշգամբում ցավը մեկ գլանակ ծխախոտի մեր հեղդող արցախցին նկատել է՝ բակում Նիկոլ Փաշինյանն է կանգնած իր բազմաթիվ թիկնապահներով և ավտոմեքենաներով։ Որոշել է բողոքի ակցիա իրականացնել։

«Տեսա Փաշինյանը կանգնած է։ Ես էլ խնձորը վեկալեցի, նետեից իր կողմը։ Բողոքի ակցիա եմ արել, ինքը մեզ լավ չի վերաբերվել։ Գալիս ես տուն տեսնում ես երեխան սոված է, սաղ թողել, եկել ենք։ Ես խնձորը գցել ու մտել եմ տուն, չեն տեսել՝ իրեն կպել է, թե՝ ոչ։ Այստեղ տեսնում ենք Փաշինյանի ու իշխանության վերաբերմունքը արցախցիների նկատմամբ՝ արցախցիներին չի սիրում։ Ինձ համար նա դավաճան է, իմ տունը, մանկությունը, թողել եկել եմ այստեղ։ Ես բողոքի ակցիա եմ արել, խնձոր եմ նետել իր ուղղությամբ, ուրիշ բան չէի կարող անել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Ալբերտ Առուստամյանը։

Խնձերը նետելու ակցիան ճակատագրական է դարձել Ալբերտ Առուստամյանի համար։ Նա կանգնել է դատարանի առաջ։ Իրավապահներն Ալբերտ Առստամյանի այս բողոքի ակցիան որակել են խուլիգանություն, որ դրևսորվել է հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքով, հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով: Այդ հոդվածով նախատեսված է առավելագույնը 2 տարվա ազատազրկում։ Մինչ դատարան հասնելը Առուստամյանը երկու օր անազատության մեջ է հայտնվել։

«Ոստիկանները եկել են մեր տուն՝ մեկ ժամ հետո։ Ես տանը չեմ եղել, երեխաներին վերցրել տարել են ոստիկանություն՝ աղջիկներիս ու թոռներիս։ Տարել ցուցմունք են ուզել։ Հետո ես գնացի ոստիկանություն, ասացի ես եմ արել, տարան երկու օր պահեցին, ցուցմունք տվեցի։ Խնձորը գցելուց հետո իմ ցավերից մեկը դուրս է եկել, բայց շատ ցավեր ունեմ»,-ասում է նա։

Ալբերտ Առուստամյանի փաստաբան Ռոման Երիցյանը դատարանում «Ազատության» հետ զրույցում ընդգծել է, որ խուլիգանությունն այն է, երբ դիտավորությամբ բացասական վերաբերմունք է դրսևորվում հասարակության հանդեպ՝ նրանց անդորրը խանգարելով. — «Վկան (Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը) ցուցմունք տվեց, որ անգամ իրենց ծառայողական գործունեությունը չի խաթարվել, այսինքն՝ ոչ մեկը դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Վկայի տված ցուցմունքից հետևում է, որ այդ գործողությունները ենթադրել են ընդամենը բողոքի ակցիա՝ քաղաքական դժգոհության արտահայտում»։

Հաջորդ դատական նիստը հունվարի 14-ին է։ Ալբերտ Առուստամյանն ասում է՝ ինչ պատիժ էլ սահմանեն՝ իր համար արդեն մեկ է, նա կորցրել է իր համար ամենակարևորը՝ հայրենիքը, տունը, հարազատների շիրիմները։ Նրան հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը իրեն ու հազարավոր արցախցիների ստել։ «Նիկոլ Փաշինյանը եկավ Ստեփանակերտ ու ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հետո ասաց Արցախը Ադրբեջանի կազմում է։ Բանակը դուրս հանեցին, մնացինք մենակ։ Փաշինյանը մեզ ծախեց Ադրբեջանին»։

Ալբերտ Առուստամյանը ծանր օրեր է անցկացրել Ստեփանակերտում։ Նա Արցախից բռնի տեղահանված վերջին արցախցիներից է, այնտեղ է մնացել մինչև հոկտեմբերի 3-ը։

«Երեխաներին ուղարկեցի սեպտեմբերի 29-ին, ես որոշեցի մնալ ու օգնել մարդկանց։ Ծերանոցի տարեցիներին էին տեղահանում, ես օգնում էի, որ իրենք բարձրանան ավտոբուս։ Հասակով մարդիկ էին, հիվանդ, նրանց իրերն էի տեղավորում։ Ամեն օր գնում էի իմ տանը մնում էի, հետո գալիս օգնում էի իրենց»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

“Ամանորյա հրդեհ”. Բագրատաշենի անցակետում այրվում է պիրոտեխնիկայի պահեստ

Բագրատաշենի անցակետում (հայ-վրացական սահման) այրվում է պահեստ, որտեղ, ի թիվս այլ բաների, պահվում է պիրոտեխնիկա, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհը գրանցվել է հունվարի 3-ին, ժամը 12.43-ին: Դեպքի վայր են ժամանել հինգ մարտական ​​հաշվարկ և պարեկապահակային ծառայության աշխատակիցներ։

Բայդենի հեռացող վարչակազմը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով

Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտարարել են ԱՄՆ պետդեպարտամենտից։

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար», – հայտնել են Պետդեպարտամենտից։

Մի քանի օրից Բայդենի վարչակազմն, այդ թվում պետքարտուղար Բլինքենը կավարտեն պաշտոնավարումը։ Այդ վարչակազմի ներկայացուցիչը 2023-ի սեպտեմբերի 17-ին մասնակցեց Պոլսում կայացած ՌԴ եւ ԵՄ-ի հետ համատեղ գաղտնաժողովին, որտեղ որոշում ընդունվեց Արցախը օկուպացնելու եւ հայաթափելու մասին։

Մինչ այդ Բլինքենի տեղակալ Յուրի Քիմը Կոնգրեսում հայտարարում էր, որ չեն թույլատրի Արցախի հանդեպ ագրեսիա։ Իսկ դրանից առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հնարավոր է հանարել Արցախի հայերին “երջանիկ ընտանեական կյանքով” ապրելը Ադրբեջանի կազմում։

Իրականությունը այլ կերպ ստացվեց, եւ ցեղասպանությունից եւ Արցախի բնիկ բնակչության տեղահանումից հետո Հայաստան եկավ USAID տնօրեն Սամանթա Փաուերը, որը արցախցի կանանց հետ ժենգյալով հաց թխեց։

Բայդենի վարչակազմն այդպես էլ գնահատական չտվեց 2023-ի սեպտեմբերյան իրադարձություններին։ Չնայած, որ միջազգային խոշոր իրավապաշտպան կազմակերպությունները Պետդեպի պատվերով զեկույց են պատրաստել “Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան” թեմայով, կատարվածը էթնիկ զտում անվանելով, Պետդեպը այդպես էլ չգնահատեց կատարվածը որպես էթնիկ զտում։ Պետդեպը փորձեց Միրզոյան-Բայրավով հանդիպումների միջոցով միջնորդ դառնալ, բայց անհաջող։ Եւ դժվար թե մինչեւ հունվարի 20-ը Բայդենի վարչկազմը որեւէ բան անի Արցախի խնդրի հետ կապված։

Ինչպիսի՞ն կլինի Թրամփի վարչակազմի եւ դրա հնարավոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի քաղաքականությունը Հայաստանի, այդ թվում Արցախի հանդեպ։ Բայդենի վարչակազմը այդպես էլ բացահայտ կոչ չարեց Հայաստանին փոխել Սահմանադրությունը եւ հանել այնտեղից ՀՀ եւ Արցախի վերամիավորման մասին դրույթը։ Ինչի՞ց կսկսի Թրամփը։ 

Նաիրա Հայրումյան

 

 

Թոշակները չեն բարձրանա, բայց լավ է, որ գյուղերը առանց ռազմական գործողությունների հանձնեցինք

Հայկական ԶԼՄ-ները նկատել են, որ այս տարի պետական բյուջեն ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ոչ մի թիվ չհիշատակեց, սակայն հայտնի է դարձել, որ նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները եւ նպաստները չեն ավելանա։ Զուգահեռ պարզվել է, որ կավելանա Երեւանի տրանսպորտի գինը, զգալի կաճի հարկային բեռը։ Կոմունալ ծառայությունների գինը վերջին պահին չավելացրին։

Ինչպես հայտնի է, ապրիլից կդադարի նաեւ արցախցիներին տրամադրվող 50 հազար դրամ աջակցությունը՝ բացառությամբ առանձին խմբերի։ Միջպետական պարտքը ավելանում է, եւ կառավարությունը հայտարարում է հարկային եկամուտների թերի հավաքագրման մասին։

Տնտեսական ծանրությունը ամեն մարդ զգում է սեփական կաշվի վրա։ Կառավարությունը, որը տնտեսությունն ու «հարստանալը» իր առաջնահերթություն է համարում, չի ճանաչում սեփական սխալները նաեւ այս ոլորտում։ Իշխանամետ շրջանակներում ասում են, որ կարեւոր ձերքբերումը՝ 2024-ն առանց ռազմական գործունեությունների անցկացնելն է։

Այո, 2024-ին չեն կրակել, սակայն Տավուշում պատերազմի սպառնալիքով հանձնվել են 4 գյուղեր։ Ամբողջ 2024-ը կառավարությունը ամեն ջանք գործադրում էր, որ Արցախը մոռացվի, դրա հետ էլ՝ կառավարության պարտությունը։ Եւ ստացվում է, որ ոչ տնտեսական, որ անվտանգային առումով հետընթաց է։

Տարվա վերջին Հայաստանում արդեն բաց տեքստով սկսեցին խոսալ «ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին։ Իսկ տարվա գրեթե վերջին օրը կայացավ բանակցություններ Թուրքիայի հետ՝ ճանապարհները բացելու շուրջ։ Բայց միայն “երրորդ երկրների” համար։

Հայաստանում 2024-ի մասին պարադոքսալ գնահատականներ են հնչում։ Տարվա վերջին Երեւանի քաղաքապետ Ավինյանի հայրը «առանձնացավ» սովորական մարդկանց հասցեյին արհամարհական արտահայտություններով՝ նա Օպել քշողներին “համբալ” անվանեց։ Ավինյանի հոր բազմաթիվ պաշտպանները հիշեցրեցին Քոչարյանի «ախրանայի» կողմից սպանված Պողոս Պողոսյանի պատմությունը։ Նրանք ասացին, որ Պողոսյանը, գուցե, կգերադասեր, որ նրա վրա թքեին, ինչպես Ալեն Սիմոնյանն է արել, եւ «համբալ» ասեին, ինչպես Ավինյանի հայրը։

Ահա այսպիսի պարադոքս․ ժամանակակից Հայաստանի երիտասարդները կգերադասեն, որ պատերազմ չլինի, եւ գյուղերը առանց կռվի հանձնենք, իշխանություններն էլ ոչ թե մինչեւ մահ ծեծեն հակառակորդներին, այլ թքեն եւ համբալ անվանեն։ 

“Ավետիս Պուլուզյան” հիմնադրամը կաջակցի Ք.Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնին

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ավետիս Պուլուզյանի ծնողների կողմից։ Կազմակերպության նպատակն է իրականացնել բարեգործական ծրագրեր։ Մասնավորապես, 2021 թվականից կազմակերպությունը միջոցներ է հատկացրել Երևանի բժշկական ինստիտուտի արցախցի ուսանողներին կրթաթոշակ վճարելու համար։ Վերջերս կազմակերպությունը արտաքսումից հետո առաջին անգամ հայտարարեց Հայաստանում իր գործունեությունը վերսկսելու մասին։

«Հարգելի դոնորներ, սիրելի ընկերներ և հարազատներ: 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախ թշնամու ներխուժման և բնակչության տեղահանության ողբերգական ու դաժան օրերից հետո, «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը։ Ավելի ուշ, իրավական դժվարությունները հաղթահարելուց հետո, կազմակերպությանը հաջողվել է վերագրանցվել։ Իրականացված բարեգործական ծրագրերն ուղղված են եղել կրթաթոշակների փոխհատուցմանը, սակայն 2023-24 և 2024-25 ուսումնական տարիներին Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթաթոշակները վճարվել են ՀՀ կառավարության միջոցների հաշվին։

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպության բանկային հաշվեհամարին մոտ 10 մլն դրամ է։ Կազմակերպությանը մի քանի բարեգործական ծրագրեր են առաջարկվել, որոնցից ընտրեցինք և անհրաժեշտ համարեցինք որոշակի գումար հատկացնել Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին աջակցելու համար, որը 1998 թվականից աշխատում էր Արցախում և շարունակում է գործել Հայաստանում բռնի տեղահանումից հետո։

Պուլուզյան ընտանիքի անունից ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր մասնակից նվիրատուներին։

Խնդրում ենք ձեր ներդրումով աջակցել այս կարևոր նախաձեռնությանը։ Թող որ մեր որդու հոգին ուրախությամբ լցվի, երբ նա երկնքից տեսնի իր անունով կատարվող բարեգործությունը։ Սա նրա հիշատակը պահպանելու ճիշտ ճանապարհն է։

Նվիրատվությունները կարող են կատարվել անձամբ կամ «Ավետիս Պուլուզյան» Արցախբանկ ՓԲԸ բարեգործական հասարակական կազմակերպության հետևյալ բանկային հաշվեհամարներին կատարելով.

ՀՀ դրամ 22314008346801

ԱՄՆ դոլար՝ 22314008346802»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն արդեն 25 տարի զբաղվում է Արցախի բնակչության առավել խոցելի խմբերի վերականգնմամբ՝ մատուցելով ծառայությունների լայն շրջանակ։ Բռնի տեղահանությունից հետո կենտրոնը շարունակում է իր գործունեությունը հասարակական կազմակերպության ձևաչափով՝ օգտագործելով հովանավորչական միջոցները՝ նույն նպատակներին միտված մի շարք ծրագրեր իրականացնելու համար։

Արսեն Աղաջանյան

Ռուսաստանը «գցում» է Մերձդնեստրը՝ Արցախից և Աբխազիայից հետո

Մերձդնեստրում՝ Մոլդովայի ռուսամետ անկլավում, ջեռուցումն ու տաք ջուրը դադարեցվել են հունվարի 1-ից՝ Ուկրաինայի տարածքով դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ ռուսական գազի տարանցման դադարեցման և կուտակված պարտքի պատճառով Մոլդովա մատակարարումներից Ռուսաստանի հրաժարվելու պատճառով։

Մերձդնեստրյան Tiraspoltransgaz ընկերության տվյալներով՝ նոր տարվա առաջին օրը գրեթե 75 հազար տնային տնտեսություն մնացել է առանց գազի։ Եվս 116 հազար բաժանորդ գազ կստանա կրճատված ծավալներով։ Խոսքը հիմնականում բազմահարկ շենքերի բնակիչների մասին է։

Մերձդնեստրի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 450 հազար մարդ։

Մերձդնեստրում հարյուրավոր ձեռնարկություններ են փակվել, հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի։ Նրանց աշխատանքային պայմանագրերը մնում են ուժի մեջ, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես են աշխատողներին փոխհատուցելու հարկադիր պարապուրդը։

«Ուկրաինայի «Նավթոգազ» NJSC-ի և ռուսական «Գազպրոմի» միջև գազի մատակարարման տարանցիկ համաձայնագիրը, որը կնքվել էր 2019 թվականի դեկտեմբերին, ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, և Կիևը նախապես հայտարարել է, որ այն չի երկարաձգելու։

Այս ֆոնին, դեկտեմբերի կեսերին Մոլդովայի իշխանությունները արտակարգ դրություն մտցրին երկրի էներգետիկայի ոլորտում։

Կիևի որոշումը որոշակի խնդիրներ առաջացրեց այնպիսի երկրներին, ինչպիսիք են Մոլդովան, Սլովակիան, Հունգարիան և այլ երկրներ գազ մատակարարելու հարցում, սակայն մատակարարման այլընտրանքային տարբերակները պահպանվեցին։

Սակայն Մոլդովայի դեպքում Ռուսաստանն ինքը որոշեց ամբողջությամբ դադարեցնել մատակարարումները, իմանալով, որ ամենաշատը կտուժի հենց ռուսամետ Մերձդնեստրը։

Տարեվերջին Ռուսաստանը դադարեցրեց էլեկտրաէներգիայի մատակարարումը նաեւ Աբխազիա, այնուհետև վերականգնեց մատակարարումները այն բանից հետո, երբ Աբխազիայի նոր ղեկավարությունը հավատարմություն հայտնեց Ռուսաստանին:

2022 թվականի դեկտեմբերից Ռուսաստանն ուղղակիորեն ներգրավված էր Արցախի շրջափակման մեջ, որն ընկավ 10-ամսյա դաժան պաշարումից հետո։ Ռուս «խաղաղապահների» դերն Արցախի շրջափակման մեջ ի սկզբանե ակնհայտ էր. 2022-ի դեկտեմբերի 12-ին, երբ ադրբեջանցի «էկոլոգները» փակել էին ճանապարհը Շուշիի մոտ, ռուս զնիվորները Հայաստանի Տեղ գյուղի մոտից արգելափակեցին մեքենաների մուտքն Արցախ։ Դա բացատրվում էր «անվտանգության» նկատառումներով, սակայն պարզ էր, որ Բաքուն և Մոսկվան գործում էին համատեղ պլանի համաձայն։

Ադրբեջանական անցակետը Կոռնիձորում հայտնվել է միայն 2023 թվականի ապրիլին, իսկ մինչ այդ Արցախի շրջափակումը Հայաստանի կողմից իրականացրել են ռուսական զորքերը, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, պարտավոր էին ապահովել միջանցքը։

Շրջափակումը, սովը, ագրեսիան շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև Արցախի իշխանությունները հայտարարեցին հանրապետության ինքնալուծարման մասին, իսկ բնակչությունը տեղահանվեց։ Ռուսաստանը Արցախում հայտնվեց 2020 թվականին, որպեսզի 4 տարի անց “գցի” Արցախը։

Նույն ճակատագիրն է սպասվում Աբխազիայի և Մերձդնեստրի բնակչությանը, և այդ հանրապետություններում ռուսամետ ուժերը բութ գործիք են Մոսկվայի ձեռքում։ Նրանք կարժանանան նույն ճակատագրին, ինչ Արցախի ղեկավարությունը։

«Իսլամական սպառնալիք» ԱՄՆ-ում. Մերձավոր Արևելքում «վճռական գործողությունների» նախապատրաստում

42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ բանակում և հետաքրքրվել իսլամով։

Ամանորի գիշերը ամենագնացով տղամարդը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որոնք տոնում էին Նոր Օռլեանի Բուրբոն փողոցում՝ քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում: Այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել՝ սպանելով տղամարդուն։

Վերջին տվյալներով՝ զոհվել է 14, վիրավորվել՝ առնվազն 35 մարդ։ Հարձակվողը սպանվել է։

Հետաքննությունների դաշնային բյուրոն միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչություն՝ մեքենայում հայտնաբերվել է «Իսլամական պետության» դրոշը, և փնտրում է հնարավոր հանցակիցներին։

Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում, որտեղ գտնվում է Բուրբոն փողոցը, հայտնաբերվել և վնասազերծվել են երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր։

Սակայն ոչ «Իսլամական պետությունը», ոչ էլ որևէ այլ կազմակերպություն դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել նաև Լաս Վեգասում՝ Trump Tower-ի մոտ։ Ինքը՝ Թրամփը, զայրացած ելույթ է ունեցել դեմոկրատների դեմ, որոնք երկիրը հասցրել են անապահովության եզրին։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թրամփը կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը։ «Իսլամական սպառնալիքի» ի հայտ գալը ԱՄՆ-ում նրա պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ դիտվում է որպես Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի հնարավոր հարձակումների նախերգանք: