Բանակի օրը Եռաբլուրից պետք է գնալ մի տեղ, որը մարմնավորում է հաղթանակը

Բանակի, անկախության, սահմանադրության, հաղթանակի օրերին՝ Եռաբլրում նահատակների հիշատակն հարգելուց հետո, պետք է գնալ որեւէ այլ սիմվոլիկ տեղ, որը մարմնավորում է Բանակն, անկախությունը, սահմանադրութունը, հաղթանակը։

Նկատե՞լ եք՝ մենք այդպես էլ չենք կառուցել ազգային, պետական վերածծնդին, հաղթանակին նվիրված կոթող։

Դրա բացակայությունը ազգային-ազատագրական եւ իրավունքների համար պայքարը վեր է ածում մաքուր զոհաբերության։

Միայն անտանելի ծանր գինն է ի ցույց դրվում՝ ստվերելով նպատակն ու հաղթահարված բարձրունքները։

Եռաբլրում մեր ցավն է, վերքը։ Բայց պետական, հասրարակական քաղաքականությունը պետք է բուժի վերքերը, ոչ թե ի ցույց դնի, կարծես, ասելով՝ ահա սա է լինելու գինը ապագա պայքարի, ահա սա է հաղթանակի գինը։

Իսկ այսօր Փաշինյանը Եռաբլրից գնացել է Պաշտպանության նախարարություն, որտեղ ասել է, թե այլեւս բանակի խնդիրը պետք է լինի «իրական» Հայաստանի սահմանների պաշտպանությունը։ Բնականաբար, նա չի ասել, թե ո՞վ է որոշում այդ «իրական» Հայաստանի սահմանները։ Եւ ինչ կապ դրա հետ անձամբ ինքը։

Թրամփն առաջարկում է պաղեստինցիներին տեղափոխել Եգիպտոս, Իրանը կոչ է անում իսրայելցիներին տեղափոխել Գրենլանդիա

Թրամփի վարչակազմը մերձավորարևելյան երկրների հետ քննարկում է Գազայից ավելի քան 1 միլիոն պաղեստինցիների բռնի տեղահանման և նրանց համար նոր բնակարաններ կառուցելու հեռանկարը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ այս հարցն արդեն բարձրացվել էր Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ զրույցում։ Նույնը շուտով կառաջարկվի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին։

«Այնտեղ (Գազայի հատվածում) բառացիորեն ամեն ինչ ավերված է, գրեթե ամեն ինչ ավերված է, և այնտեղ մարդիկ են մահանում։ Ես կփորձեի աշխատել որոշ արաբական երկրների հետ և այլուր բնակարաններ կառուցել»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Լրագրողները խնդրեցին ճշտել՝ սա ժամանակավոր վերաբնակեցո՞ւմ է, թե՞ երկարաժամկետ տարբերակ։ «Երկու տարբերակներն էլ հնարավոր են։ Մենք խոսում ենք ինչպես ժամանակավոր, այնպես էլ երկարաժամկետ մասին»,- պարզաբանել է Թրամփը։

«76 տարի անց, որի ընթացքում Գազայի բնակիչների մեծ մասը բռնի պահվել է դժվարին պայմաններում՝ Իսրայել պետությունը կործանելու հույսը պահպանելու համար, հիանալի գաղափար է առաջացել՝ օգնելու նրանց գտնել մի տեղ նոր ու ավելի լավ կյանք սկսելու համար», – ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին առաջարկել է իսրայելցիներին տեղափոխել Գրենլանդիա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին հարևան արաբական երկրներ տեղափոխելու առաջարկին։ Sky News-ին տված հարցազրույցում Արաղչին ծաղրել է Թրամփի առաջարկը, որը վրդովմունք է առաջացրել ողջ տարածաշրջանում:

Արցախցիների տեղահանությունը փորձաքար է դարձել հակամարտությունների «կարգավորման» համար. չկա ժողովուրդ՝ չկա հակամարտություն, կարծում են նրանք, ովքեր իրենց մեսիա են երեւակայում և իրավունք վերապահում ամբողջ ժողովուրդների ճակատագիրը որոշելու։ Բայց եթե Արցախի ժողովուրդը մենակ մնաց 2023 թվականի սեպտեմբերի 17-ի «կոնսենսուսի» դեմ, ապա մյուս ժողովուրդներն ավելի պարկեշտ դաշնակիցներ ունեն։

«Մենք նայում էինք մահվան աչքերին և կռվում անհավասար ուժերի դեմ»

2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, Մասիս Սուլեյմանյանն աշխատանքի վայրում էր՝ «Արցախէներգո» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղում։

Առաջին ռմբակոծություններից հետո նա անմիջապես ներակայացել էր շրջվարչակազմ․ շրջանի Քաղպաշտպանության էներգետիկայի և լուսաքողարկման ծառայության պետն էր։ Վարչակազմում իրարանցում էր․ բոլորը հավաքվել էին՝ իրավիճակը վերլուծելու և հետագա գործողությունները կազմակերպելու համար։

-Արդեն խոսակցություն էր գնում, որ մեր դիրքերից մեկում  նահանջ կա, և անհրաժեշտություն է այնտեղ ուժերը համալրելու։ Արագ կազմակերպվեց զենքի բաժանման գործընթացը, 8-10 հոգով մեր ընկերներից մեկի՝ Կոմիտասի մեքենայով մեկնեցինք «Կարվին» կոչվող տեղամաս, որտեղից էլ շարժվեցինք դեպի «Կոհակ» դիրքի ուղղությամբ։

Թշնամին գրավել էր «Կոհակ»-ը, դիրքավորվել այնտեղ։ Մոտ 15 հոգով հասցրել էին առաջանալ դեպի Կարվինի կողմը՝ դիրքավորվելով մի այլ բարձունքում ևս։ Որոշ ժամանակ անց մեզ հաջողվել է հետ վերցնել այդ բարձունքը, սակայն «Կոհակ»-ը մնացել է նրանց վերահսկողության տակ։ Այդ ընթացքում երկու զոհ ենք ունեցել։ Գոռը և Լենսերը զոհվել են բարձունքը հետ վերցնելու մարտում։

Ցավոք, երկու զոհ էլ ունեցանք բարձունքը վերցնելուց հետո, երբ արդեն դիրքավորվել էինք այդտեղ։ Զոհվեցին Ազնավուրը և Սևակը։

Մեկ օր տևած պատերազմը մեզանից խլեց հարյուրավոր տղաների, ովքեր անձնվիրաբար էին կռվում։ Մենք նայում էինք մահվան աչքերին և կռվում անհավասար ուժերի դեմ։ Ազնավուրը կապվել էր հրամանատարության հետ ու նոր ուժեր պահանջել, որ կարողանանք պահել մեր վերցրած դիրքը։ Բավականին մութ էր, երբ օգնությունը տեղ հասավ․ տղաներն արդեն զոհվել էին,- պատմում է պատերազմի վկան։

Մասիս Սուլեյմանյանը 17 տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էր, ակտիվ ներգրավված էր հարազատ շրջանի պաշտպանական գործողություններին: Արցախյան շարժման եւ պատերազմի մասին չի սիրում խոսել: Խոսելով սեպտեմբերի 19-ի օրվա մանրամասների մասին, վերապրում է ամեն մի պահը։ Զգացվում է, որ ծանր է նրա համար խոսել, վերհիշել։ Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցն իր վերջին մարտն է տվել՝ արժանապատվության մարտը։ Ցավոք, որին հաջորդել է Արցախի կորուստն ու  հայաթափումը։

-Կռվում էինք ունեցած ուժերով, հնարավորինս դիմադրում գերազանցող թշնամուն։ Չգիտեմ՝ այդ ինչ ուժ էր, որ կար մեր մեջ։ Տարբեր սերունդներ էինք հավաքվել, և բոլորս մի նպատակ ունեինք՝ ամեն գնով պահել դիրքը, որ թշնամին չկարողանա մտնել Մարտունի։ Տղաները զոհվեցին իմ աչքի առաջ, զոհվեցին հերոսաբար։

Երբ վերադարձանք Մարտունի, այդ օրերը ծանր ու դաժան օրեր էին բոլորիս համար։ Մարտունին լրիվությամբ կտրված էր Ստեփանակերտից։ Սեպտեմբերի 25-ին բնակչությունը սկսեց տարհանվել և տեղափոխվել Ստեփանակերտ, որտեղից էլ արդեն՝ Հայաստան։ Կորցրեցինք Արցախն ու մեր լավագույն տղաներին,- եզրափակում է խոսքը Մասիս Սուլեյմանյանը և լռում երկար։

Կարինե Բախշիյան

Nvidia-ի գինը 600 միլիարդ դոլարով իջել է ChatGPT-ի չինական մրցակից DeepSeek-ի հայտնվելուց հետո

Չինացի հետազոտողները ներկայացրել են մեծ լեզվական մոդելի (LLM) նոր տարբերակը, որը կոչվում է DeepSeek-R1: Նրանք պնդում են, որ այն համեմատելի է ամերիկյան առաջադեմ անալոգների հետ, օրինակ՝ ChatGPT-ի, բայց միևնույն ժամանակ պահանջում է ավելի քիչ հաշվողական ռեսուրսներ և ծրագրավորողների համար զգալիորեն ավելի քիչ ծախսեր։

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը երկուշաբթի օրը՝ հունվարի 27-ին, ընդհանուր առմամբ նվազել է 108 միլիարդ դոլարով, քանի որ չինական DeepSeek ընկերության DeepSeek-ի անվճար չաթբոտի հաջողության ֆոնին ընկել են տեխնոլոգիական արժեթղթերը, հայտնում է Bloomberg-ը:

Ամենազգալի կորուստները կրել է Nvidia-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, որի կարողությունը նվազել է 20%-ով կամ 20,1 մլրդ դոլարով։ Nvidia-ն էժանացել է 600 միլիարդ դոլարով և կորցրել «աշխարհի ամենաթանկ ընկերություն» տիտղոսը՝ նրա բաժնետոմսերը ընկել են գրեթե 18%-ով:

Oracle Corp.-ի համահիմնադիր կորուստներ Բլումբերգը նշում է, որ Լարի Էլիսոնի կարողությունը բացարձակ մեծությամբ (22,6 մլրդ դոլար) ավելի մեծ է եղել, սակայն կազմում է նրա կարողության միայն 12%-ը։ Dell-ի հիմնադիր Մայքլ Դելը կորցրել է 13 միլիարդ դոլար, իսկ Binance-ի հիմնադիր Չանգպեն Չժաոն՝ 12,1 միլիարդ դոլար:

Գառնիկ Դանիելյան. «Իմ ասածը թող ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում»

Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ըստ Դանիելյանի՝ Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունները սրիկայություն են ու ստորության գագաթնակետը, Հայաստանում օկուպացիոն ու թշնամական ռեժիմ է, նրանք դավաճան էլ չեն։

«Այդ 1,5 մլն հայը, որ կոտորվել է, աշխարհի առաջ խայտառակ ենք լինելու։ Իրենց հայտարարություններից հետո աշխարհի տարբեր տեղերից մեզ զանգում են, զարմացած ասում են՝ այս ի՞նչ է կատարվում։ Լեմկինի անվան ինստիտուտն ասում է, որ ՀՀ իշխանություններն ուրանում եւ ժխտում են ցեղասպանությունը՝ կրկնելով Թուրքիայի նարատիվները։ Մենք մեր երկրում ստիպված ենք պայքարել հայկականությունը պահպանելու համար»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմադիր պատգամավորներն ի՞նչ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Փաշինյանն իր հայտարարությունների համար քրեական պատժի ենթարկվի, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Իմ ասածը թող ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում, այդ մարդը հանցագործություն է կատարել մեր երկրի ու ժողովրդի հանդեպ։ Այդ մարդն այն երկրում, որտեղ հայտարարություն է արել, այդ երկրում՝ Շվեյցարիայում քրեորեն պատժելի է ցեղասպանության ժխտումը։ Եվ, իհարկե, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն, բայց հույս չկա, իրավապահ բոլոր կառույցները իշխանությունների հովանու տակ են, ինչի՞ մասին է խոսքը։ Սա խայտառակություն է, այս երկորւմ պետք է հաջորդ վայրկյանին ձեռնաշղթաները հագցնեին այս մարդուն եւ տանեին համապատասխան վայր։ Նա այս ամենն  անում է, որպեսզի կործանի, վերջնականապես ոչնչացնի մեր երկիրն ու պետությունը։ Այս ամենն անում է, որ թուրքերին գոհացնի, Հայաստանը դարձնի թուրքական վիլայեթ։ Նա ահաբեկչի գործելաոճով է գործում, որ ասի՝ եթե մենք հիմա ցեղասպանության մասին խոսենք, թուրքերը կգանք կկոտերեն, մի խոսեք։ Ասում է՝ մենք մեզ պիտի հլու-հնազանդ պահենք, բոլոր պահանջները կատարենք»։

Ըստ Գառնի Դանիելյանի՝ այս իշխանություններն Արցախը հանձնեցին, Արցախի հարցը «հորով-մորով» արեցին, հիմա էլ Ցեղասպանության խոսույթն են գցում մեր մեջ։ «Էրդողանն ասում էր՝ Էնվերի ու Թալեաթի հոգին փառավորվեց։ Այդ մարդն արտահայտություններ է անում, որ Էրդողանի հոգին փառավորվի, Էնվերի հոգին փառավորվի, Թալեաթի հոգին փառավորվի»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

 

Օհանյան․ Կեղծ թեզեր են դաշտ նետում, որ մեր փոխարեն ռուսներն են կռվել

«Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, մենք բանակի երբեմնի փառքը վերականգնելու ենք, եւ բանակը դեռ իր հուժկու հարվածը տալու է մեր հայրենիքի պաշտպանության ու ամենակարեւոր խնդիրները կատարելու համար»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, որ կեղծ օրակարգ է այն հակասությունները, որոնք այսօրվա իշխանությունները դնում են մեր պատմության հարցում, ուրանում են Ցեղասպանությունը, որն իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ։ «Երբեւիցե Արարատի ու Արագածի, մեր պատմության ու մեր այսօրվա իրականության միջեւ հակասություն չի եղել։ Մեր պատմությունն է, որ հիմք է ստեղծել, որպեսզի մենք մեր նորօրյա պատմության ընթացքում ունենանք ձեռբերումներ։ Այսօրվա բանակը չափազանց երիտասարդ բանակ է, բայց բանակի կազմավորման ակունքներում մեր դարավոր պայքարի ոգին է, մեր ֆիդայինների ըմբոստ կեցվածքն է, մեր ռազմական գործիչների ռազմավարական միտքն է։ Ի վերջո, Ղարաբաղյան շարժման ժամանակ մեր մտավորականների ու կամավորականների կուռ համադրված գործողությունները հիմք հանդիսացան տարբեր ջոկատներից ու ստորաբաժանումներից ձեւավորել կանոնավոր բանակ։ Մենք մեր պատմությունը հիմք ընդունելով՝ միշտ ձեւավորել ենք այն առօրյան, որը ինքներս ենք կերտել։ Այսօր այսպիսի կեղծ թեզեր են դաշտ նետում, որ մենք չենք արել, մեր փոխարեն են բանակը կառուցել, մեր փոխարեն ռուսներն են կռվել, այդպիսի բան չկա։ Իրական մարտական գործողությունների մեջ եղել է հայ մարտիկը, գետինը վրա հայկական բանակը կառուցել է հայ ժողովուրդը»,- ասաց Օհանյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե Արարատի խոսույթով զենք գնենք, մեզ ժանգոտված զենքեր կվաճառեն, Օհանյանն ասաց․ «Մենք երբեւիցե ժանգոտած, անպիտան զենք չենք գնել։ Մենք երբեւիցե չենք ունեցել սպառազինություն, որն անպիտան է եղել մարտի դաշտում։ Փաշինյանը թող պատասխան տա՝ այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որը եղել է հայկական բանակի ձեռքին, ո՞ւր է այն հիմա, ինչո՞ւ ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին»։

Ըստ նրա՝ ասօրվա «խաղաղության օրակարգը» խաբկանք է հայ ժողովրդի համար, որովհետեւ իրականում հակամարտությունն ավելի է խորացել, Արցախը հայաթափվել է, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն։ Խաղաղությունը ոչ իրատեսական է, որովհետեւ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության, այլ ձգտում են ճնշումներ գործադրել հայ ժողվորդի վրա։

Ինչ վերաբերում է այսպես կոչված սահմանազատման-սահմանագծման գործընթացին, Օհանյանն ասաց․ «Այն, ինչ անցած տարի իրականացվեց, դա ապօրինի, ոչ օրինական եւ միջազգային սկզբունքներին հակառակ իրականացված միակողմանի ոչ թե սահմանազատում էր, այլ մեր ինքնիշխան տարածքներից հողերի հանձնում էր։ Փոխարենը մենք ոչինչ չստացանք։ Եթե նույն Տավուշից ենք սկսում այդ գործըթնացը, դա նշանակում է, որ այդ ամենը մեզ պարտադրվում է, հակառակ դեպքում մենք կարող էինք սկսել այլ տարածքներից, որտեղ հակառակորդը շուրջ 240 քկմ գտնվում է մեր տարածքում ու չի էլ ուզում այդտեղից դուրս գա»։

Բազեյան․ «Իշխանափոխությունից հետո հզորացնելու ենք մեր բանակը եւ ազատագրելու ենք Արցախը»

«Մենք երբեք չենք հանձնվելու, իշխանափոխությունից հետո հզորացնելու ենք մեր բանակը եւ ազտաագրելու ենք Արցախը»,-Եռաբլուր պանթեոնում լրագրողներին ասաց «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման ղեկավար Ալբերտ Բազեյանը։

Նրա խոսքով՝ Արցախը հազարամյակներով եղել է հայկական, ընդամենը 70 տարի է եղել Ադրբեջանի կազմում։ «1921 թվականին Լենին-Աթաթուրք համաձայնագրով Արցախն ու Նախիջեւանը թողնվել են Ադրբեջանի կազմում, իսկ 1991 թվականի Արցախը ԽՍՀՄ սահմանադրության եւ բոլոր օրենքներին համապատասխան հայտարարել է Ադրբեջանից իր անկախության մասին։ Թուրքերն սկսել են պատերազմ, մենք հաղթել ենք այդ պատերազմում, 1994ն թվականին կնքվել է զինադադարի պայմանագիր»,- ասաց նա։

Ըստ Բազեյանի՝ կան տվյալներ, որ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ պայմանավորվել է, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ինքը՝ որպես հայկական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, այնպես անի, որպեսզի մենք պարտություն կրենք, որպեսզի ինքն Արցախը հանձնի թուրքին։ Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն, հավելեց Բազեյանը։

 

ԴԻԶԱԿ ԱՐՏ-ը սիրով հրավիրում է Հովիկ Գասպարյանի ցուցահանդեսին

Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու Արցախի վաստակավոր նկարիչ Հովիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ անհատական ցուցահանդեսին։
Բացումը՝ հունվարի 31-ին՝ ժամը 19:00-ին, «Դիզակ Արտ» ՄԵ կենտրոնում։
Հասցե՝ ք. Երևան, Չայկովսկի 34:
«ԴԻԶԱԿ ԱՐՏ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Բաքվի դատարանը մերժել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դիմումը տնային կալանքի մասին

Բաքվի դատարանը հրաժարվել է տնային կալանքի ենթարկել Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հունվարի 27-ին կայացած դատական ​​նիստին հղումով։ Հաղորդվում է, որ նախորդ նիստին նրանք բոլորը, բացառությամբ Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, միջնորդել են փոխել խափանման միջոցը, սակայն դատարանը մերժել է այս միջնորդությունը։

«Տնային կալանքի» տակ տեղափոխելու խնդրանքը տարօրինակ էր հնչում և քաղաքական սակարկություն էր հիշեցնում։ Միջնորդության հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց Ցեղասպանության, «Արարատի և Արագածի» դիսկուրսի մասին՝ կարծես կատարելով սակարկության իր հանրային մասը։

Ըստ ամենայնի, սակարկությունը չի կայացել։

«Մեկ հոգի չէ, որ պետք է որոշի մեր ճակատագիրը․ փոփոխությունները հավաքական իրավասություն են ենթադրում»

«Այսօր կարեւոր օր է, առանցքային օր է մեր երկրի համար, եւ մենք պետք է շարունակենք արժանի լինել այն տղաներին, զինվորներին, սպաներին, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր հայրենիքի, մեր պետության, Արագածի ու Արարատի, իրականի ու պատմականի պաշտպանության համար։ Դրանք մեկ միասնական հասկացություններ են, եւ նրանք, ովքեր ուզում են այլ բան ասել, դա իրենց առանձին կարծիքն է»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ այսօր մենք վճռական փոփոխությունների առջեւ ենք կանգնած, այդ փոփոխությունները հավաքական իրավասություն են ենթադրում, պատասխանը մեկն է, եւ մեկ հոգի չէ, որ պետք է որոշի մեր ճակատագիրը։ Նա նշեց, որ բոլորս ենք պատասխանատու ու մեղավոր այս իրավիճակի համար, բայց հիմնական հանցավորը, մեղավորն ու երդմնազանցը մեկ մարդ է, ում անունն ինքը այլեւս չի տալիս։ «Ես նրան այլեւս չեմ մեկնաբանում, որովհետեւ մենք պետք է մեկնաբանենք բանակը, տղաներին, զինվորներին, ժառանգությունը, հետագիծը, մեր սխալները, նվաճումները ու մեր ձեռքբերումները։ Այդ ամբողջը մերն է, եւ չկա տարանջատում ու սահման։ Հայրենիքը մեկն է, պետությունը մեկն է, եւ նաեւ հայրենիքի հանձնումը, մեր ռազմագերիների ու ղեկավարների պատանդ մնալը, տղաների կյանքը, դրանք մեղավոր ունեն, գլխավոր պատասխանատու ունեն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․ «Հիմնական պատասխանը մնում է մեկը՝ այդ փոփոխությունը, որը մենք պետք է կատարենք, որովհետեւ այն ժխտողականության, ուրացման քաղաքականությունը, որը Թուրքիան վարել է տասնամյակների ընթացքում, դա իսկապես այսօր կրկնվում է։ Սրանք ուրացման երեւույթներ են, որը մենք տեսնում ենք արդեն հայազգի մարդու եւ գործող պաշտոնյայի կողմից։ Ես դա չեմ մեկնաբանում, ցավալի է, ողբերգական է, մենք արժանի չենք, ոչ մի սերունդ, հատկապես երիտասարդ սերունդը։ Բայց մենք, հատկապես երիտասրադ սերունդը կհաղթահարի նաեւ այս պահը»։

Ասրյան․ «Սահմանային խորություններում հակառակորդի զինված ուժերի կուտակումներ չկան»

«Շնորհավորում են Զինված ուժերի կազմավորման 33-րդ ամյակի կապակցությամբ, ցանկանում եմ, որպեսզի մեր Զինված ուժերն էլ ավելի զարգանան, կատարելագործվեն եւ պատրաստ լինեն իրենց առջեւ դրված խնդիրները կատարելուն»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Հարցին, թե ինքն էլ է կարծո՞ւմ, որ Զինված ուժերի զարգացումը կապված է Արարատի ու Արագածի դիսկուրսի հետ, որը Փաշինյանն է ներկայացնում, Ասրյանը պատասխանեց․ «Մի խառնեք ռազմական եւ քաղաքական բնույթի հարցերը։ Եթե այդպիսի հարցեր եք տալու, ես գնամ»։

Հարցին, թե մենք զենք չենք կարողանում գնել, քանի որ պատճառը Արարա՞տն է, Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Այդպիսի հարցեր ինձ մի տվեք։ Ես ներկայացնեմ, որ Զինված ուժերը տեղում կանգնած են, իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են։ Ներկայիս դրությամբ սահմանին կանգնած մեր ժամկետային զինվորները, պայմանագրայիններն ու սպաները զգոն իրենց խնդիրը կատարում են։ Իսկ Զինված ուժերի մշտական տեղակայման վայրերում գտնվող զորամասերը եւ ստորաբաժանումները նույնպես զգոնության տակ են եւ նշում են իրենց տոնը»։

Անդրադառնալով սահմանային իրադրությանը՝ ԳՇ պետն ասաց․ «Սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, սահմանային խորություններում հակառակորդի զինված ուժերի կուտակումներ չկան, եւ պահպանվում է հարաբերական կայունություն»։

Էդվարդ Ասրյանը հավելեց, որ հակառակորդը շարունակում է գտնվել ՀՀ տարածքներում։ «Այո, քաղաքացիները մտահոգություններ պետք է ունենան, որովհետեւ հակառակորդը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Մենք մեր առջեւ դրված խնդիրը կատարում ենք, նաեւ քաղաքական ղեկավարությամբ գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։ Զինված ուժերն էլ շարունակում են զարգանալ, կատարելագործվել ու համալրվել»,- նշեց նա։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ իր ասած սահմանազատման ու սահմանագծման շրջանակներում հակառակորդը դուրս կգա՞ ՀՀ օկուպացված տարածքներից, օրինակ, Ջերմուկից։ Ասրյանն ի պատասխան ասաց․ «Արդեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին կհետեւենք, դրանք ցույց կտան։ Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող, դրա համար կա սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման օրերին Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ Ջերմուկ ներխուժած թշնամու զորքը շրջափակման մեջ է, մի քանի օր կմնան, կսովածանան ու կգնան։ Լրագրողները հետերքրքվեցին՝ ինչո՞ւ է թշնամու զորքը մինչ օրս գտնվում ՀՀ տարածքներում, Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Ես ասել եմ՝ այդ հարցին այս օրը չեմ պատասխանում։ Երբ կգա այդ օրը, սպառիչ այդ հարցերի պատասխանները դուք կլսեք»։