Գերմանիայի դեսպանը ցուցադրաբար այցելեց Ծիծեռնակաբերդ

Հայաստանում Գերմանիայի դեսպանն Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ․

«Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը»,- ասվում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հաղորդագրության մեջ։

Բունդեստագը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2016-ի հունիսի 2-ին, եւ դա մեծ ջանքեր է պահանջել Բեռլինից, այդ թվում՝ Գերմանիայի մեղքի բաժնի ճանաչում 1915-ի իրադարձություններում։

Նիկոլ Փաշինյանի՝  Ցեղասպանության կասկածի տակ դնելը անարգանք է Գերմանիայի եւ այլ երկրների ջանքերի հանդեպ։ Դեսպանի այցը Ծիծեռնակաբերդ ցուցադրական էր։

«Հայաստանը դիտարկում են ոչ թե որպես «խաղաղության խաչմերուկ», այլ համակենտրոնացման ճամբար»

«Երբ խոսում են, որ Արեւմտյան Հայաստան գոյություն չունի, ես եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ ՀՀ-ում հայերի նշանակալի մասը Ցեղասպանության հետեւանքով մազապուրծ եղած մարդկանց ժառանգներն են։ Ես համարում եմ, որ ցանկացած այդպիսի հայտարարություն պետք է կշռադատվի»,- step1.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններին։

Գրիգորի Այվազյանն ասաց, որ պետք է ելնել այն իրողությունից, որ թշնամու նպատակը Հայաստանը ջլատելն ու բզկտելն է, այսպես կոչված «Զանգեզուրի միջացնքը» ուժով բացելն է։ Թուրքերը ոչինչ պատահական չեն անում, ամեն ինչ մտածված են անում, եւ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ թուրքերի հետ խաղաղություն հնարավոր չէ հաստատել, նրանք Հայաստանը չեն դիտարկում որպես «խաղաղության խաչմերուկ», այլ դիտարկում են որպես մահվան համակենտրոնացման ճամբար։

«Ես պնդում եմ, որ Ղազախը, Քարվաճառը, Կուբաթլուն, Նախիջեւանը «Արեւմտյան Ադրբեջան» չեն, Կուր-Արաքսյան միջագետքում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում երբեք Ադրբեջան գոյություն չի ունեցել։ Եվ, այո, ես պնդում եմ, որ «Արեւմտյան Ադրբեջանը» մեզանից շատերի պապերի ու տատերի նախահայրենիքն է։ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին չպետք է մոռանանք, չպետք է մոռանանք, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 71 300 քկմ է եւ չպետք է մոռանանք, որ Հայոց աշխարհի ամենամեծ լեռը Արարատն է, ոչ թե Արագածը»,- ասաց նա։

Գրիգորի Այվազյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն պահանջում Ադրբեջանից, որպեսզի իրենց սահմանադրությունը փոխեն, որտեղ պահանջներ կան ներկայիս ՀՀ տարածքի նկատմամբ։ Ի՞նչ իրավունք ունեն 19-րդ դարի կեսից այս տարածաշրջան ներգաղթած քոչվորներն այդ տարածքների վրա, ոչ մի կապ չունեն այդ տարածքների հետ։ «Գրգռո՞ւմ ենք մենք արդյոք նրանց, երբ խոսում ենք Արեւմտյան Հայաստանի մասին․․․ Հազար ներողություն, բայց թող չմոռանան Սողոմոն Թեհլերյանի մասին եւ ոչ միայն։ Ի՞նչ է նշանակում, որ պետք է մոռանանք մեր հայրենիքի ժամանակավոր զավթված տարածքների մասին, հավասարության նշաններ դնենք թուրքական կատաղի նացիզմի եւ մեր պատմական իրավունքների միջեւ»,- հարցադրում արեց նա։

Ըստ նրա՝ գոնե պետք է հարգենք միջազգային ատյանների եւ տարբեր երկրների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեւակերպումներն ու բանաձեւերը։ «Երկրորդը, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի բնակչության նախնիների էական մասը Արեւմտյան Հայաստանից են ծագումով։ Ցանկացած խոսակցություն՝ կապված նրանց նախնյաց ճակատագրի հետ, կարող է վիրավորական լինել նրանց համար։ Այդպիսի հարցերը բարձրաձայնելու համար վերջնական որոշումը կկայացնի հայ ժողովուրը՝ ընտրությունների ժամանակ։ Գների բարձրացման, հարկային փոփոխությունների, այլ հարցերի վերաբերյալ մեր ժողովուրդը պատշաճ իր գնահատականը կտա, արդյոք համաձա՞յն են, կիսո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի կարծիքը, թե ոչ»,- ասաց Այվազյանը։

Անդրադառնալով 2023 թվականին Արցախի նկատմամբ ցեղասպանական գործողություններին ու Արցախի էթնիկ զտմանը՝ Գրիգորի Այվազյանն ասաց․ «Մենք Արցախը չենք կորցրել, Արցախը մեր կյանքի մի մասն է, հայ ժողովրդի ձեւավորման պահից Արցախը մեր մի մասն է։ Ես համարում եմ, որ Արցախը ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի կողմից, բայց դա դեռ վերջը չէ բնավ։ Մենք պետք է հիշենք, թե մեր փայլուն հաղթանակներն ինչ հանգամանքներում արձանգարեցինք 1992-1994 թվականներին, երբ Ադրբեջանում բռնկվեց քաղաքացիական պատերազմ։ Եվ ոչ ոք չի երաշխավորել ներկայիս Ադրբեջանին այդ պատմության կրկնությունից»։

Այվազյանի խոսքով՝ մեր թշնամիների կողմից կանխորոշված է մեր պետականության եւ ժողովրդի իսպառ բնաջնջումը։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք, քան պայքարելը մեր գոյության համար։ «Մեզ համար սա մեծ հայրենական պատերազմ է։ Ես համոզված եմ, որ մենք բանական ժողովուրդ ենք եւ մեր երկարակեցության գաղտնիքն այս մոլորակի վրա գիտենք։ Ամեն ինչ ժամանակավոր է, մեզնից է կախված՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք լիարժեք պատասխանել թշնամու սադրանքներին եւ սպառնալիքներին։ Ես կարծում եմ, որ պատրաստակամ ենք, կարող ենք անել, եւ պարտադիր չէ, որ երկրի առաջին դեմքերի շուրթերով դա հնչի»,- հավելեց Այվազյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Հայաստանը հրաժարվել է Շվեյցարիայում Արցախի հարցով համաժողովի առաջարկից․ ապացույց

Շվեյցարիայի ԱԳ նախարար Ինյացիո Կասիսը
“Հայաստան” խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ “անցած տարվա դեկտեմբերին Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ է անում 2025 թ. հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ որտեղ պետք է քննարկվեր «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքին» վերաբերող հարցեր”։
Նա հրապարակել է այդ ժամանակ ելույթ ունեցած Շվեյցարիայի ԱԳ նախարար Ինյացիո Կասիսը խոսքերը. «Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանականում այս համաժողովի անցկացումը»։
Պատգամավորը նկատել է, որ հայկական մամուլում լուրը տարածվեց, իբրև Շվեյցարիայի կառավարություն ցանկության բացակայության պայմաններում է մերժվել նախաձեռնությունը։ Մինչդեռ նախարարը համաժողովի չանցկացումը հիմնավորեց ոչ թե Շվեյցարիայի դիրքորոշմամբ, այլ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյանների կողմից նման համաժողով անցկացնելու ցանկության բացակայությամբ, նշելով, որ այդ պարագայում եթե իրենք պնդեն համաժողովի անցկացման մասին, դա անգամ կարող է դիտվել որպես ապակառուցողական քայլ։
Փաստորեն, հրաժարվելով Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, գործող իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են դա անել նաև միջազգային գործընկերներին, ասել է պատգամավորը։
Ի դեպ, արդեն 2025 թ. հունվարին Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևին։

Ալիկ Զաքարյան․ Բնակապահովման ծրագրերը մատչելի չեն․ այդ գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել

Ալիկ Զաքարյանի ընտանիքն Արցախի Վաղուհաս գյուղից է տեղահանվել։ Հայրենի գյուղից հեռացել են սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ թշնամին արդեն փակում էր Վաղուհասի ճանապարհը։ Համագյուղացիների հետ անտառների միջով հասել են Հարությունագոմեր՝ մտածելով, որ այնտեղ ավելի ապահով է։ Վաղուհասցիները երկրորդ անգամ են զգացել գյուղը կորցնելու ծանր ու երբևէ չանցնող ցավը։

Ալիկը պատմում է 2023-ի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների և տեղահանման մասին

-Սեպտեմբերի 19-ին առօրյա հոգսերի մեջ էինք, երբ կեսօրին մոտ սկսվեցին հրետակոծությունները։ Իրավիճակի բարդությունն զգալով՝ ես իջա մեր տան նկուղը, որ այն նախապատրաստեմ մարդկանց ապաստան տալու համար։ Քիչ հետո շուրջ 25 ընտանիք էին հավաքվել։ Մինչև օրվա վերջն արդեն 100 մարդ կար մեր նկուղում, որոնց մեջ կանայք, երեխաներ ու ծերեր էին։ Տղամարդիկ հերթապահում էին գյուղի շրջակայքում։

Ողջ օրը ռմբակոծվում էին գյուղի չորս կողմերը։ Ոչ մի կապ չէր գործում։ Այդ ընթացքում մենք տեսնում էինք, որ կողքի գյուղերը՝ Գետավանը, Չափարը, տարհանվում են։ Երեկոյան՝ ժամը 11-ի կողմերը, մոտիկից ավտոմատի ձայներ էին լսվում։ Տղամարդկանցով հավաքվել էինք գյուղամիջում, որ բարձրանանք դիրքեր (մինչ այդ մի քանի կամավորներ գնացել էին մոտակա դիրքերը)։ Սակայն շրջվարչակազմից ոչ մի հրահանգ չտրվեց ո՛չ տարհանման, և ո՛չ էլ դիրքեր գնալու մասին։

Գիշերվա կեսին եկա տուն ու բոլորին ասացի, որ գյուղից դուրս գալու հրահանգ չկա։ Ժամը 3-ն անց կեսին ինձ զանգահարում և տեղեկացնում են, որ թշնամին փակում է Վաղուհասի ճանապարհը, մնալը վտանգավոր է․ գյուղը կհայտնվի շրջափակման մեջ։ Մեր ապաստարանում գտնվողներին բացատրում եմ իրավիճակը և պատրաստվում ենք հեռանալու։

Ուշադրություն չգրավելու համար մթության մեջ դուրս ենք գալիս գյուղից։ Փոքր մասը՝ մեքենաներով, մեծ մասը՝ ոտքով, գրեթե 3 կմ անցնելով, հասնում ենք Հարությունագոմեր։ Մեր գյուղից ընդամենը 3-5 ընտանիքի է հաջողվում տանից փաստաթղթեր ու գումար վերցնել։ Մեր նկուղում ապաստան գտած մարդկանց մտքով չէր անցնում, որ այլևս տուն չեն գնալու։ Մեծամասնությանը չի հաջողվել անգամ անձնագրերը վերցնել, քանի որ 19-ի ողջ ցերեկը հրետակոծությունները չէին դադարում։

Հարությունագոմերից բեռնատար մեքենաներով տարհանվեցինք Դրմբոն, իսկ լուսադեմին՝ Ստեփանակերտի օդանավակայան։ Հետո մեզ հրահանգեցին գնալ Ստեփանակերտի հրապարակ, որտեղ պետք է որոշվեր մեր գյուղացիներին գիշերակաց տալու հարցը։ Տեղավորվեցինք՝ ով ինչպես կարող էր։

Գյուղի բնակչությունն Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 25-ին։ Վաղուհասում ենք թողել գրեթե բոլոր սեփական մեքենաները, և տեղավորվելով գյուղից դուրս բերած մի քանի բեռնատար մեքենաներում, մեծ դժվարությամբ հասել ենք Հայաստան՝ 48 ժամ հետո։

Երկրորդ անգամ են հեռանում գյուղից։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղը գրավվել էր թշնամու կողմից, լրիվությամբ այրվել։ Գյուղն ազատագրվելուց հետո վաղուհասցին կրկին վերադարձել է մոխրացած իր գյուղը, վերստին տուն կառուցել, գյուղը շենացրել։ Մինչև տեղահանումը գյուղում ապրում էր ավելի քան 760 մարդ։ Վաղուհասն Արցախի ծաղկուն գյուղերից էր։

 Ալիկը մեծ տնտեսություն էր վարում՝ օրեցօր ավելի զարգացնելով այն 

-Արցախում աշխատում էի պետական համակարգում, որին զուգընթաց զբաղվում էի գյուղատնտեսական գործունեությամբ՝ խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հողագործությամբ։ Նոր էի մեղրը քամել ու առատ բերք ստացել։ Ձմեռվա համար նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտել էինք․ հոնի օղի, բանջարեղեն, պահածոներ․․․

Գյուղը լքելու ոչ մի մտադրություն չունեինք ու սպասում էինք ճանապարհի բացմանը։ Գյուղական համայնքում ապրողների համար հեշտ էր հաղթահարել շրջափակումը, քանի որ մեր անտառներն ու հողը կերակրում էին մեզ։ Կարողանում էինք մեր ունեցածից բաժին հասցնել քաղաքաբնակներին, առավելապես՝ Ստեփանակերտի բնակչությանը։

Շրջափակման օրերին որոշեցի մեր անտառում ծառերի պատվաստում անել, և տիկնոջս հետ շուրջ 70 ծառ պատվաստեցինք։ Իմ կյանքն անցել է հայրենի բնության մեջ, և նոր սերնդին որևէ բան թողնելու ցանկությունն ինձ փոխանցվել է ժառանգաբար։ Ցավոք, չկարողացանք պահել մեր հողը, ու ամեն ինչ մնաց թշնամուն։ Կորցրինք մեր տղաների արյամբ սրբացած հողը, ինչի համար երբեք մեզ չենք ներելու։

Չի պատրաստվում ՀՀ քաղաքացիություն ընդունել, քանզի նա իրեն Հայաստանի քաղաքացի է համարում

-Վիրավորվում եմ, երբ ասում են՝ պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունենք, որ մեզ իրավունք տրվի լիիրավ քաղաքացի լինել, օգտվել աջակցություններից։ Մի՞թե մենք Հայաստանի քաղաքացի չենք։ Ինչպես բոլոր արցախցիները, այնպես էլ ես, Մայր Հայաստանը համարում եմ իմ հայրենիքը, որն իր հարկի տակ է ընդունել հազարավոր իր զավակներին։

Այստեղ տաքսու ծառայություններ եմ մատուցում, կինս՝ դաստիարակչուհի է մանկապարտեզում, մայրս՝ թոշակառու։ Տղաս՝ Ալեքսը, սովորում է ավագ դպրոցում։ Թեկուզ դժվարությամբ, բայց փորձում ենք հարմարվել իրականության հետ, վաստակել օրվա մեր հացը։ Ինչպես արցախահայության զգալի մասը, մենք նույնպես ապրում ենք վարձավճարով։ Իսկ վարձերի աստղաբաշխական թվերը հայտնի են բոլորին։

Ամենակարևոր խնդիրն այսօր բնակապահովման հարցն է։ Արցախցիներին բնակարաններով ապահովելու՝ կառավարության ծրագրերը մատչելի չեն իմ ընտանիքին։ Տրամադրվող գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել։ Տղաս շուտով ուսանող է դառնալու, և, բնական է, որ պետք է շարունակենք ապրել Երևանում։ Արցախցին չի կարող ապրել որևէ մարզում, միաժամանակ ուսանող պահել Երևանում։

50 հազար դրամ աջակցության ծրագրի փոփոխությունից հետո մեր վիճակն ավելի է ծանրանալու։ Արցախահայությանը դժվար օրեր են սպասվում։ Առանձնապես մեծ խնդիրների առաջ կկանգնեն 1-3 հոգանոց ընտանիքները, որոնք ապրիլից հետո չեն դասվելու աջակցություն ստացողների շարքին։ Ինչպես պետք է գոյատևեն այն մարդիկ, ովքեր ոչ թոշակային տարիքի են, ոչ էլ կարողանում են աշխատանք գտնել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հոգեբանական աջակցություն Արցախի մայրերին․ դիմողները շատացել են

Մանկական եւ կրթության հոգեբանների ասոցիացիայի եւ Յունիսեֆ Հայաստանի շնորհիվ իրականացվում է Արցախի կանանց հոգեբանական աջակցություն։

Հոգեբան Գեղանուշ Սաֆարյանը նշում է, որ տեղահանությունից հետո հոգեբանի դիմելիությունը զգալիորեն շատացել է։ «Այս պահին ավելի շատ է, քան բռնի տեղահանությունից հետո։ Եթե սկզբից շատ էր սոցիալական կարիքները բավարարելու պահանջը, տարրական կենցաղային հարցերի լուծման անհրաժեշտությունը, ապա հիմա ավելի շատ հոգեբանական կարիքների բավարարումն է առաջնային»,- նշում է նա, ավելացնելով, որ խմբային հոգեբանական թերապեւտիկ հանդիպումներն այս ընթացքում զգալիորեն շատացել են։

Առհասարակ հոգեբաններին դիմելու մշակույթն է փոխվել, ասում է հոգեբանը, բայց ավելի շատ երեխաների խնդիրները լուծելու համար։ «Երբ առաջին հանդիպում-խորհրդատվության են գալիս երեխաներին բերելու, զգում ենք, որ ծնողներն ավելի շատ աջակցության կարիք ունեն»,- նշում է Գեղանուշ Սաֆարյանը։

«Կենաց ծառ» հոգեբանական կենտրոնում են իրականացվում հանդիպումները։ Տարեվերջին ծրագիրը ավարտման փուլում էր գտնվում, սակայն շատ դիմորդների պատճառով երկարաձգվել է։

Ի դեպ այս ընթացքում բռնի տեղահանված երեխաների համար անհատական խորհրդատվությունն ու ավազաթերապիան, կանանց խմբային թերապեւտիկ աշխատանքները անվճար են։

Մարիամ Սարգսյան

Ֆրանսիան նույնպե՞ս հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբից

Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին:

Բրիս Ռոքֆոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել Ֆրանսիայից 2021 թվականին, և նրան պաշտոնանկ անելու մասին հրամանագիր կարծես չի եղել։

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի հետ միասին պատրաստ է դիմելու ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի մանդատը չեղարկելու խնդրանքով, Բրիս Ռոքֆոյի այցը Հայաստան խոսում է Փարիզի մտադրության մասին՝ հասկանալու, թե ինչ է ուզում Երևանը։

Ի դեպ, Մինսկի խմբի վերջին ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն Թրամփի նոր վարչակազմում վերջերս նշանակվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար։ Անհայտ է՝ նա պահպանո՞ւմ է Մինսկի խմբի համանախագահի լիազորությունները, թե՞ ոչ։

Անվտանգության խորհրդի գրասենյակից նշվել է, որ հանդիպմանը շոշափվել են «Հայաստանի և Ֆրանսիայի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, և զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի հարցերի շուրջ»։

Արդյո՞ք Բրիս Ռոքֆոն Հայաստան է ժամանել որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Հայաստանի կառավարությանը համոզելու չգնալ հապճեպ քայլի և չհրաժարվել միջազգային ձևաչափից։ Ֆրանսիայի վերջին հայտարարությունները Արցախի վերաբերյալ ոչնչով չէին տարբերվում մյուս հայտարարություններից՝ նույն Ալմա-Աթայի հռչակագիր, նույն խորհրդային սահմաններ։ Միայն թերեւս ավելի ըմբռնող վերաբերմունք արցախցիների ու նրաց քաղաքական իրավունքների նկատմամբ։ Բայց դա պատճառ չէ պահպանել Մինսկի խումբը։

Այսպիսով, Բրիս Ռոքֆորի ժամանումը կարող է նախորդել Երևանի և Բաքվի՝ ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը փակելու կոչին։

Ինչո՞ւ է Փաշինյանը սրում իրավիճակը. դա այն չէ, ինչ դուք մտածում էիք

Ժողովրդավարության բաստիոն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, կարծես թե, չափազանց կարևոր է ստեղծել մի իրավիճակ, որը թույլ կտա հաղթել հաջորդ ընտրություններում։ Սակայն Փաշինյանի ամենօրյա հայտարարություններն ու քաղաքականությունը միայն սրում են իրավիճակը և նվազեցնում նրա համախոհների թիվը։ Ինչու՞ է դա անում Փաշինյանը։

Շատերը կարծում են, որ Փաշինյանը, բարձրացնելով հարկերը, տրանսպորտի սակագինը և միաժամանակ ջարդելով ազգային «կարծրատիպերը», փորձում է ժողովրդական ընդվզում առաջացնել՝ հետագա գործողությունների և պետության փլուզման պատասխանատվությունը իրենից թոթափելու համար։ Ամեն անգամ նա բարձրացնում է ջերմաստիճանը՝ կոտրելով ազգային մատրիցը, «հույս ունենալով», որ  հեղափոխություն» կլինի։

Բայց ամեն ինչ այնպես չէ, ինչպես կարծում էիք։ Հայոց ազգային պետականության գոյության բոլոր հիմքերին միաժամանակ հարվածելու մտածված քաղաքականությունը միտված է ստեղծելու անսահման թվով ճակատներ, որպեսզի հասարակությունը չիմանա, որտեղ կառուցել պաշտպանական կառույցներ։ Երբ ամեն ինչ միաժամանակ ցավում է, մարդը կորցնում է իմունիտետը։

Ստեղծվում է իրավիճակ, կարծես շուրջը ամեն ինչ փլվվում է, ինչը մարդկանց ստիպում է ընտրել «ընտանեկան» առաջնահերթությունը, որն ավելի մոտ է եւ ավելի հեշտ պաշտպանել։ Դրա համար էլ բողոքի ակցիաներ են անցկացվում տրանսպորտի գների և հարկերի հարցով, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից Ցեղասպանության ժխտման և Արցախից լիակատար հարաժարվելու հարցով բողոքներ չկան։ Մարդիկ միաժամանակ չեն կարող եւ իրենց գրպանի մասին մտածել, եւ ազգային մատրիցը պաշտպանել։

Ազգային իմունիտետի նման աստիճանի փլուզման դեպքում հայ ժողովրդի հետ ամեն ինչ կարելի է անել՝ փոխել Սահմանադրությունը, հրաժարվել Հանրապետությունից, համաձայնվել «միջանցքին», մարդկանց զրկել կենսագրությունից։ Այս մեթոդը փորձարկվեց արցախցիների վրա, որոնց հիմա ասում են, որ պետք է 35 տարին ջնջեն իրենց կյանքից և մոռանան իրենց կենսագրությունը։ Հիմա նույն բանն արվում է մնացած Հայաստանում։

Ոչ թե նախահեղափոխական իրավիճակ է ստեղծվում, այլ փլուզման նախապատրաստություն է իրականացվում, բացառելով դիմադրությունը։

Նաիրա Հայրումյան

Տեղի է ունեցել «HATERK FOOD» -ի առաջին մասնագիտացված խանութի բացումը

Ապարաժ

Հունվարի 26-ին տեղի է ունեցել «HATERK FOOD» -ի առաջին մասնագիտացված խանութի բացման արարողությունը։

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ է ունեցել «HATERK FOOD»-ի հիմնադիր Սամվել Միրզախանյանը, «HATERK FOOD» -ի գործունեությանն աջակից անհատներ։

Հայրենի գյուղը՝ Հաթերքը, ճանաչելի դարձնելու ցանկությունը ամենամեծ մոտիվացիան էր «Հաթերք ֆուդ»-ը ստեղծելու։ Գործունեության յոթ տարվա ընթացքում ընտանեկան ջանքերով ստեղծված բիզնես գործունեության արդյունքում արտադրվել է 25 տեսակ բնական մեղր։ «Հաթերք ֆուդ»-ը նաև բազմիցս արժանացել է միջազգային մրցանակաբաշխությունների և ոսկե մեդալների։ «Հաթերք ֆուդ»-ի հիմնադիր Սամվել Միրզախանյանի խոսքով Արցախի պատմական գյուղը՝ Հաթերքը նաև մեղրի արտադրությամբ ճանաչելի դարձնելու իրենց գործում քիչ հաջողություններ չի ունեցել, բրենդի շնորհիվ հազարավոր զբոսաշրջիկների է գյուղը հյուրընկալել:

«Պատերազմից հետո հայրենի գյուղի հետ կապված բոլոր երազանքներն ու նպատակները մնացին երազանք, չնայած դժվարություններին՝ հիմա առավել մեծ ջանքերով ենք աշխատում՝ մտքում, սրտում փայփայելով մեծ երազանքը՝ հայրենիք, հայրենի գյուղ վերադառնալու»-իր խոսքում նշել է Սամվել Միրզախանյանը:

Հայաստանի խոշորագույն հարկատուները

 Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը, 2024 թվականի տվյալներով, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի ամենախոշոր հարկատուների ցանկը։

Նախորդ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ։

Երկրորդ տեղում «Մոբայլ սենթրն» է (66 մլրդ 739 մլն դրամ), երրորդ տեղում`«Գրանդ տոբակոն» (63 մլրդ 55 մլն դրամ)։ Լավագույն տասնյակի 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը մեկ տարում ավելի քան 46 մլրդ 860 մլն հարկ է վճարել, 5-րդ հորիզոնականում` «Փրիթի ուեյը» (Վեստա)՝ 36 մլրդ 293 մլն դրամով։

Տասնյակը եզրափակում է «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիան», որը «Japan Tobacco Inc.»-ի միջազգային ստորաբաժանումն է (գլխամասային գրասենյակը գտնվում է Տոկիոյում)։ Այն աշխարհի ամենախոշոր ծխախոտային ընկերություններից մեկն է։

Հունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ ԵՄ համատեղ հայտարարությունը

Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են ԵՄ երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 26-ին, հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը (Ազատություն ռադիոկայանը)՝ վկայակոչելով Բրյուսելի աղբյուրները։ ԵՄ-ն չի կարողացել հրապարակել իր 27 անդամների համատեղ հայտարարությունը Հունգարիայի ստորագրության բացակայության պատճառով։ Փոխարենը իրենց հայտարարությունն են տարածել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քալա Կալլասը և ԵՄ Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։

Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է, որ Բելարուսում հունվարի 26-ի ընտրությունները «ոչ ազատ, ոչ արդար» են եղել, և որ բելառուս ժողովուրդն «արժանի է իրական ընտրության, ով էլ կառավարի երկիրը»։

Բելառուսում մարդու իրավունքների անողոք ճնշումը, քաղաքական մասնակցության սահմանափակումը և անկախ լրատվամիջոցների հասանելիությունը զրկել են ընտրական գործընթացին ցանկացած լեգիտիմությունից», – գրել են Կալլասը և Կոսը:

Նրանք ընդգծել են, որ Բրյուսելը կշարունակի սահմանափակումներ կիրառել բելառուսական ռեժիմի նկատմամբ՝ «միաժամանակ ֆինանսական աջակցություն տրամադրելով քաղաքացիական հասարակությանը, բելառուսական աքսորում գտնվող ժողովրդավարական ուժերին և բելառուսական մշակույթին»։

Փաշինյանի դեմ հաղորդում է ներկայացվել, բայց ո՞վ է “դատավորը”

Փաստաբան Աշոտ Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ Քննչական կոմիտե հանցագործության մասին
2025 թվականի հունվարի 25-ին, կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ տիտղոսային վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, նշել է.
«Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, Մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք»:
ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է.
1. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Սույն արարքը քրեորեն պատժելի նաև Շվեյցարիայում: Ավելին, այնտեղ պատժվել կամ պատժվում են հիմնականում ազգությամբ թուրքերը՝ հասկանալի պատճառներով:
Ելնելով վերոգրյալից, պահանջում եմ Նիկոլ Վովայի Փաշինյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում և վերջինիս ենթարկել քրեական պատասխանատվության: