Ճարտար-սիթի․ մենք էլ ստեփանակերտցիների համար էինք անհանգստանում

Ջիմը մրսել էր, դրա համար դպրոց չի գնացել: Նա հիվանդ էր եւ տանն էր մնացել չորս օր: Երկրորդ օրը նա հարցրել էր մորը. «կարո՞ղ եմ այսօր դպրոց գնալ…»: Ոչ, արգելել էր մայրը… Բայց արեւը շողում էր…

2023թ. հունվարին արեւը Ճարտարում շողում էր, Սուրենն անգլերեն էր սովորում եւ դպրոց չգնալու համար ավելի լուրջ պատճառ ուներ, քան Ջիմը, ում պատմությունը նա կարդում էր դասագրքում: Սուրենի սեղանին արեւային էներգիայով լիցքավորվող լապտերը շատերին կհիշեցնեն հովհարային անջատումներն Արցախում եւ բլոկադայի օրերն առհասարակ (ինչ մոռացկոտ ենք, չէ՞):

Սուրենի անունը մոռացել էի եւ որոշեցի ճարտարեցիներից ճշտել: Ֆեյսբուքում հենց Սուրենն էլ արձագանքեց. «ես եմ»: Երկխոսությունը շարունակելու համար ես հարցնում եմ, թե արդյոք չի կարողացել Հայաստան բերել լապտերը: Իսկ ի՞նչ ենք կարողացել բերել, համրեցնում է Սուրենը:

Ճարտարը նոր էր քաղաքի ստատուս ստացել: Խմբագիրն ինձ գործուղղել էր այնտեղ: «Գիտենք, որ բլոկադա է, բայց անընդհատ Ստեփանակերտի մասին ենք լսում: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում գյուղերում, շրջաններում», այս բովանդակությամբ մի էլնամակ էի ստացել նրանից: Ոչ, տեղյակ չէի/չէինք, բայց հայտնի անեկդոտն արդեն տարածվել էր:

Կողքի գյուղից զանգում են Ճարտար.

— Բարեւ ձեզ, գյուղապետարա՞նն է:

— Քաղաքապետարան, – հանդիմանում է Ճարտարի (արդեն) քաղաքապետը:

— Լավ… Գյուղի ձու ունեք՞ (լյավ… շենի ծյու օնի՞ք), կատակում է զանգի տերը: Չեմ զարմանա, եթե նա Խնուշինակից լիներ:

Վագզալ

Ստեփանակերտի ավտոկայանի մասին շատ երկար կարելի է գրել: Այն արդեն կառուցված էր, երբ ես ծնվել էի, կամ փոքր էի եւ մանրամասներ չեմ հիշում, բայց մեր գյուղ տանող ПАЗ-ը գոնե լավ եմ հիշում, որը նույն սրտխառնոցն էր առաջացնում, ինչ իմ մանկապարտեզի սուպը (ի դեպ, հետխորհրդային տարածքում ПАЗ-երի պարկն այսօր Վանաձոր է, եթե օրգանիզմի պինդ դիմադրողականություն կամ ցանկություն ունեք նորից փորձարկելու):

Ինչպես դուք,  ես էլ սոցիալական մեդիայում եմ տեսել, որ Ալիեւն այդ շենքը` Ստեփանակերտի ավտոկայանը քանդել է` դեպի համալսարան տեսարան բացելու միտումով: Անկեղծ ասած, ես նույնպես ավտոկայանի շենքի հետ ինչ-որ բան էի ուզում անել:  Ոչ թե քանդել, բայց վերանորոգել. «ո՞ւմից ենք պակաս, ինչո՞ւ մեր ավտոկայանն էլ այնպես չլինի, ինչպես Տոկիոում», երազում էի ես:

Այսպես Արցախի շրջափակման օրերին, հունահռոմեական ճարտարապետությունից անհաջող կրկնօրինակած այդ շենքի դիմաց տասից ավել սպիտակ, կակաոյի երանգով Hyundai-ներ են կանգնած` ցլերի կամ ծուլորեն որոճող կովերի պես (որքան հիշում եմ` Հայաստան Հիմնադրամի միջոցներով գնված), բայց միայն Ճարտար գնացող Ford-ի վարորդը վառելիք ուներ:

Մենք գնում ենք Ճարտար սիթի, ինչպես տեղացի մեկն էր սրամտել` տրաֆարետի վրա մարկերով ավելացնելով city: Թույլատրվածից կրկնակի են մարդիկ ներսում, գուցե եռակի: Մանկապարտեզի փայտե մի աթոռիկ էլ վարորդ է ավելացրել միջանցքում: «Հա, հարմար է», ստում էր պլաստիկ ծաղիկներ բռնած դրա վրա նստած մի օրիորդ: Ուղեւորները թաղում են գնում ու գանգատվում բլոկադայի դժվարություններից. «այսքանից հետո ջուրն ի՞նչ ենք անում, դա էլ կտրեն, պրծնեն…»: Այդպես էլ արեցին ամռանը:

Ճարտար (սիթի)

 Ես հիվանդանոցի գլխավոր բժիշկ տիկին Հասմիկից հարցազրույց էի վերցնում: Հոսանքի պակասի մասին Սուրենն արդեն պատմեց վերեւ: Ամերիկացի իմ լավ բարեկամն ինձ կիսաառողջ մի iPhone 6 էր նվիրել, երբ մինչեւ բլոկադան ես Վրաստանում էի: Հենց այդ iPhone-նն էլ իր առողջական խնդիրներով հանդերձ ուժ էր գտնում իր մեջ պատմել աշխարհին, թե ինչ է կատարվում ի վերջո Լեռնային Ղարաբաղում, այդ ծանր գործն անելով France 24, DW, BBC, CNN, ABC, Euronews (ո՞ր մեկը հիշել) փոխարեն, որոնց մուտք Արցախ ռուսներն արգելել էին:

Այսպես, հարցազրույցի կեսից տիկին Հասմիկը ներողություն էր խնդրում եւ գնում հիվանդներին նայելու, իսկ իմ հեռախոսը մեռնում էր, նույն հեռախոսը, որը Ford-ի վառելիքի խնայողություններով է մի կերպ Ճարտար հասել եւ որից նորություններ էր սպասում ամբողջ աշխարհը:

Տիկին Հասմիկի սեղանին Աստվածաշունչ կար: Պատմում էր, որ անգամ մոտիկ գյուղերից չեն կարողանում հիվանդանոց հասնել, «մենք էլ ձեր համար ենք անհանգստանում, այստեղ գոնե այգի կա, հողից մի բան գոյանում է, իսկ քաղաքաո՞ւմ…», ասում էր նա:

Հ.Գ. Ես նաեւ 14 տարվա վաղեմության ֆոտոռեպորտաժ ունեմ Ճարտարից: Հույս ունեմ շատերն իրենց կգտնեն այնտեղ, եւ ես լավ հիշողություններ կարթանցնեմ նրանց մեջ:

Մարութ Վանյան

 

«Հայաստան-Վրաստան ճանապարհի որեւէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմին կա՞, թե՞ չկա»

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարցրեց․ «Հայաստան-Վրաստան ճանապարհի որեւէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմին կա՞, թե՞ չկա»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ի պատասսխան ասաց․ «Մենք մեր աշխատանքերի արդյունքում ձեռք բերած պայմանավորվածությունները հրապարակում ենք պարտադիր։ Եվ այդ շրջանակից, համաձյան մեր աշխատակարգի, դուրս չենք գալիս։ Մենք ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, եւ ինչպես են դրանք մտնում ուժի մեջ։ Այս շրջանակներում դուք կարող եք գտնել ձեր պատասխանները»։

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ կոնկրետ հարց է տալիս՝ ակնկալելով կոնկրետ պատասխան։ «Նորից եմ կրկնում՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում Հայաստան-Վրաստան ճանապարհն անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողության տակ, թե՞ չէ»,- հարցը կրկնեց Գառնիկ Դանիելյանը։

Մհեր Գրիգորյանն ասաց, որ պայմանավորվածությունների շրջանակները հրապարակվում են եւ չեն կարող գաղտնի մնալ։ «Պայմանավորվածությունները հրապարակվում են եւ չեն կարող գաղտնի մնալ։ Վերջին հանդիպման վերաբերյալ կա մամլո հաղորդագրություն, որտեղ արտացոլված է, թե ինչ ենք մենք պայմանավորվել։ Եվ եթե ձեր ասածը այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրմեն չկա նման պայմանավորվածություն»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Ավինյանը հայտարարել է տրանսպորտի գնի վերանայման մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ տրանսպորտի սակագները վերանայվել են։

Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի՛ երևանցիներ,

վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ ձեր արձագանքներն ու առաջարկությունները ուշադիր ուսումնասիրել ենք։ Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը։

Այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Մեր նպատակը համապարփակ և արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը։

Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները՝

10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։

300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։

1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Հիշեցնենք նաև, որ հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝

30 օր ֊ 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,

90 օր ֊ 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,

365 օր – 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։

Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն։

Սիրիայի իշխանությունները խզել են Ռուսաստանի հետ Տարտուս նավահանգստի կառավարման պայմանագիրը

Սիրիայի իշխանությունները խզել են Ռուսաստանի հետ Տարտուս նավահանգստի վարձակալության պայմանագիրը, որը ստորագրվել էր 2019 թվականին 49 տարով։

Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը պարտավորվել է 500 մլն դոլար ներդնել նավահանգստի զարգացման համար։ Սակայն, ինչպես հունվարի 19-ին հայտնել է Al-Watan-ը, սիրիական իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները։

Այժմ նավահանգստից ստացվող ողջ եկամուտը գնում է սիրիական բյուջե։

Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո ռուսական նավերը արգելափակվել են նավահանգստի մոտակայքում և չեն կարողանում տարհանել 1970-ականներից գոյություն ունեցող ռազմաբազայից հարյուրավոր կոնտեյներներ, որոնք սարքավորումներ են պարունակում։

Սիրունյանը հանել է իր թեկնածությունը. սա կարևոր ուղերձ է

Սկանդալային մեկնաբանություններով աչքի ընկնող Ալեքսանդր Սիրունյանը քվեարկությունից բառացիորեն մի քանի ժամ առաջ հանեց իր թեկնածությունը։

Սիրունյանի թեկնածությունը Բարձրագույն դատական ​​խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է իշխող Քաղաքացիական պայմանագիրը։ Չնայած հանրային դժգոհությանը, չնայած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություններին նման անձի ընտրության անթույլատրելիության մասին, իշխող կուսակցությունը մինչև վերջ չհրաժարվեց քվեարկությունից։ Ինքը՝ Սիրունյանը, հանեց իր թեկնածությունը։

Հասարակության դժգոհությունն այնքան էլ կապված չէր այն բանի հետ, որ Սիրունյանը, ով չի թաքցնում իր արցախաֆոբիան, վիրավորական մեկնաբանություններ է գրում արցախցիների հասցեին։ Դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է, և թող գնա գրողի ծոցը:

Հասարակությունը վրդովված է, որ նման անձը Բարձրագույն դատական ​​խորհրդում առաջադրվում է իշխող կուսակցության կողմից։ Շատերը սա ընդունեցին որպես մեսիջ, որ այսուհետ այսպիսին պետք է լինի հայկական արդարադատությունը։

Արդյո՞ք Սիրունյանի ինքնաբացարկը նշանակում է, որ հասարակության մեջ դեռևս մնացել են դիմադրության որոշ պաշարներ, և որ այն կարող է դուրս մղել թունավոր մարմինն իր օրգանիզմից։ Բայց արդյո՞ք այս դիմադրությունը կաճի:

Մելքոնյան․ Արցախը հանձնել են ռուսները, ռուսներն էլ պետք է վերադարձնեն

Բոլորի աչքերում տագնապ է․ բունտ կլինի՞

2025 թվականը Հայաստանում սկսվեց սոցիալական տարբեր «աքցանների» ուժի մեջ մտնելով, որոնց օգնությամբ իշխանությունը փորձում է մտնել քաղաքացիների գրպանը, գտնել այնտեղի մնացորդը եւ լցնել բյուջեն։

Սոցիալական աքցանները նախատեսված են նաև բնակիչներին մշտական ​​սոցիալական խուճապի մեջ պահելու համար՝ նպատակ ունենալով «մեղմացնել» տագնապը երկրի քաղաքական ապագայի վերաբերյալ:

Հայերի աչքում վաղուց ոչ մի փայլ ու ուրախություն չկա, նույնիսկ ընտանեկան հարցերում։ Հայերի աչքում բոլոր զգացմունքները պատված են տագնապով՝ մեծ, հնչեղ, որի խոռոչում արձագանքում է ամեն մի նոր տագնապալի լուր։ Առավոտյան մարդիկ բացում են աչքերը, նայում նորություններ՝ ակնկալելով միայն տագնապի նոր պատճառներ։

Ալիևի ագրեսիվ վերջնագրերը, որոնք անմիջապես վերափոխվում են որպես Փաշինյանի «խաղաղ առաջարկներ», գրգռում են չսպիացած վերքեր՝ առաջացնելով ցավի, ոտնահարված արժանապատվությունից նվաստացման, անզորության, զայրույթի և հուսահատության նոր նոպաներ։ Այս նոպաները իմունիտետ են ստեղծում նոր պահանջների և հնարավոր նոր զիջումների նկատմամբ՝ ընդհուպ մինչև ազգային պետականությունը կորցնելու աստիճան։

Կառավարության կողմից ընդունված դրակոնյան սոցիալական որոշումները, մի կողմից, նպատակ ունեն փոխարինել քաղաքական «տագնապի աղբյուրը» ավելի «անվնաս» սոցիալականով։ Ի վերջո, երբ մարդիկ ստիպված են մտածել տրանսպորտի թանկացման, հայտարարագրերի, հարկերի բարձրացման մասին, նրանք ժամանակ չեն ունենում մտածելու աշխարհաքաղաքականության մասին։ Իսկ սոցիալական «բունտը» կարելի է ուղղել ճիշտ ուղղությամբ՝ ասենք, աշխատանքից ազատել քաղաքապետ Ավինյանին, մի փոքր նվազեցնել տրանսպորտի գները և անմիջապես ստանալ քարտ-բլանշ արտաքին քաղաքական զիջումների համար։

Որոշ հասարակական խմբեր փետրվարի 1-ին բողոքի ակցիաներ են նախապատրաստում «տրանսպորտը 100 դրամով» կարգախոսով։ Ոմանք ասում են, որ ակցիաներին կմիանան նաև ավտոբուսի վարորդները: Թեև մեծ խռովության համար նախադրյալներ չկան՝ տագնապը չի վերանում, և մարդիկ միայն հայհոյում ու անիծում են իրենց խոհանոցներում բոլորին՝ և՛ իշխանություններին, և՛ ընդդիմությանը, և՛ Պուտինին և Թրամփին:

Անցած 4 տարում այնքան կորուստներ են եղել, եւ դեռ շատ զրկանքներ են սպասվում, իսկ մենք 100 դրամի համար ենք փողոց դուրս գալիս, մտածում են շատերը ու մնում խոհանոցում։

Իսրայելի «բիբլիական իրավունքը». իսկ Արարատի նկատմամբ Հայաստանի՞ իրավունքը

Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ի դեսպանի թեկնածու Էլիզ Ստեֆանիկը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք պաղեստինցիներն ունեն ինքնորոշման իրավունք, նկատելով, որ Իսրայելը “բիբլիական” իրավունք ունի օկուպացված ամբողջ Արևմտյան ափի նկատմամբ:

«Բիբլիական իրավունքը» նորություն է աշխարհաքաղաքականության մեջ։

2020 թվականի ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այլևս չի ճանաչում իրեն որպես պրեսբիտերական բողոքական և ընդունում է ավելի լայն, ոչ դավանանքային քրիստոնեական ինքնություն: 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ նա եւս առաջ էր տանում քրիստոնեական թեման:

Թրամփի քրիստոնեական ինքնությունը չխանգարեց նրան դառնալ «բիբլիական» Մերձավոր Արեւելքում Աբրահամական համաձայնագրի կնքահայրը եւ ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք։

Աշխարհի մյուս խնդիրների լուծումը մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես կլուծվի իսրայելա-պաղեստինյան խնդիրը։

Թրամփն իր առաջին նախագահության ժամանակ խոսում էր նաեւ հայկական քաղաքակրթության մասին։

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կճանաչի՞ Արարատի նկատմամբ Հայաստանի «բիբլիական» իրավունքը։

Արդյո՞ք Թրամփը կկործանի Ռուսաստանը “նավթով”

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ» նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին, չորեքշաբթի՝ հունվարի 22-ին, հաղորդել է dpa գործակալությունը։

Սպիտակ տան ղեկավարը երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի առաջնորդի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «երբ նրանք ցանկանան»։ Թրամփը ևս մեկ անգամ կասկածի տակ է դրել ուկրաինական պատերազմի զոհերի պաշտոնական թիվը։ Նրա խոսքով՝ պատերազմն արդեն խլել է «միլիոնավոր մարդկանց կյանքեր»։ Այսպիսով, ամերիկյան նախագահի գնահատմամբ, Մոսկվայի կորուստները կազմում են մոտ 800 հազար մարդ, իսկ Կիևինը` 600-ից մինչև 700 հազար մարդ:

Յեյլի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Զոնենֆելդը The Time-ի համար իր հոդվածում ուշադրություն է հրավիրել նավթի գների իջեցման Թրամփի սպառնալիքի վրա՝ ԱՄՆ-ի արդյունահանումը օրական 3 միլիոն բարելով ավելացնելով: Եթե ​​նա դա կատարի, ապա Ռուսաստանի Դաշնությունը ստիպված կլինի վնասով վաճառել իր «սև ոսկին»։ Սա կխաթարի երկրի ֆինանսական կայունությունը։

Եվ եթե Թրամփը նաև լրացուցիչ պատժամիջոցներ սահմանի ռուսական նավթարդյունաբերության դեմ, ապա, վստահ է պրոֆեսորը, դա «կստիպի Պուտինին ողորմություն խնդրել»։

Փորձագետը հիշեցրեց, որ ԱՄՆ-ը հաղթեց Սառը պատերազմում Խորհրդային Միության վրա տնտեսական ճնշման շնորհիվ։ Նրա տնտեսությունը բառացիորեն փլուզվեց՝ չդիմանալով ռազմական ծախսերին։ Ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը կարող է կրկնել այս ճակատագիրը։ «Թրամփը կարող է ծակել Պուտինի քարոզչական փուչիկը և Ռուսաստանի տնտեսությունը մղել դեպի փլուզման աստիճան, եթե նա որոշի դա անել», – ասել է Զոնենֆելդը:

Հույս ունեմ, որ Աստված մեր դրախտավայրը կվերադարձնի մեզ․ Անահիտ Բադալյան

Անահիտ Բադալյանն Արցախից է։ 1997 թվականից նա Ասկերանի երաժշտական դպրոցի տնօրենն էր 2014-ից դպրոցը վերանվանվել է՝ որպես արվեստի դպրոց։ 25 տարի շարունակ նա դպրոցի համար արել է անհնարինը, որպեսզի մշակութային այդ կրթօջախը դառնա լավագույններից մեկը հանրապետությունում։ 1997-ին դպրոցն ուներ ընդամենը մեկ դաշնամուրի բաժին և 2 դաշնամուր: Տարիների ընթացքում արվեստի դպրոցում կատարված քրտնաջան աշխատանքի շնորհիվ դպրոցը համալրվել է ավելի քան 15 բաժիններով:

 Անահիտ Բադալյանն առանց հուզմունքի չի կարողանում հիշել հարազատ դպրոցն ու ձեռքբերումները

-25 տարի շարունակ կյանքս անցել է երաժշտական դպրոցում, որն ինձ համար իմ երկրորդ տունն էր։ Երկու երեխաներիս միայնակ եմ մեծացրել ու տվել արժանի դաստիարակություն։ Իմ նպատակը միշտ եղել է՝ սաներիս համար հնարավորություններ ստեղծել ուսումը շարունակելու։ Մեր սաները հասել են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, սովորել և ավարտելուց հետո վերադարձել ու աշխատել մեզ հետ։ Դա մեր դպրոցի համար մեծ հաղթանակ էր։

Մեր դպրոցի թիմային աշխատանքը միտված էր ոչ միայն Ասկերանը զարգացելու, այլ մեր հանրապետությունում մեծ համբավ ու անուն ձեռք բերելու։ Ու դա մեզ հաջողվել է։ Կիսատ ծրագրեր շատ ենք թողել։ Մեծ կոլեկտիվ էինք․ 4 մասնաճյուղում 42 աշխատող ունեինք։

Չգիտեմ ինչպես ներկայացնեմ մեր ապրած ողջ կյանքը։ Ախր մեծ դժվարությամբ ստեղծել էինք ամեն ինչ։ Մեր դպրոցը բազմաթիվ փառատոնների, մրցույթների, ցուցահանդեսների էր մասնակցում և միշտ հաղթանակով վերադառնում։ Հուսանք, որ մեր երեխաները կշարունակեն փայլել նաև այստեղ։

Բոլորը զարմանում են ու հաճախակի հարցնում՝ ո՞նց կարող են արվեստի դպրոցում այդքան բան սովորել։ Ու ես հպարտությամբ ասում եմ՝ դա մեր կոլեկտիվի բարեխիղճ ու թիմային աշխատանքի շնորհիվ է։ Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրման պահից ես իմ սաների հետ ծառայում էի այնտեղ։ Ցավոք, չկարողացա վերցնել շարականներն ու իմ զգեստը։

Այնքա՜ն լավ հուշեր ունենք, մարդկային այնպիսի փոխհարաբերություններ ունեինք, որոնք այսօր ապրեցնում են մեզ։ Շրջափակման ժամանակ չենք ընկճվել, հաղթահարել ենք արժանապատվորեն։ Մեր կոլեկտիվը շարունակում է իրար թիկունք լինել առայսօր։ Մինչև հիմա իմ սաները գրում են ինձ, զանգահարում․ բոլորն էլ երազում են վերադարձի մասին։

2023-ի սեպտեմբերի 19-ի արհավիրքը երբեք չի կարող մոռանալ։ Ցավ է ապրում անմեղ տղաների ու Արցախի կորստի համար միանգամից փոշիացավ ամեն ինչ

-2020-ին, երբ սկսվեց պատերազմը, մենք բավականին ծանր տարանք սոսկալի իրադարձությունները։ Այդ ժամանակ ժամանակավոր ապաստան գտանք Հայաստանում՝ համոզված լինելով, որ կվերադառնանք մեր տները։ Եղբայրս ու տղաս պատերազմի դաշտում էին։ Տղայիցս՝ Ավետիքից, երկար ժամանակ լուր չունեի։ Միայն 60 օր հետո հանդիպեցինք իրար։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձանք Արցախ ու շարունակեցինք արարել։ Թվում էր՝ ամեն ինչ հունի մեջ կընկնի, սակայն 3 տարի անց մեր դրախտավայրը մենք կորցրինք։ Մեզ վտարեցին անտեղից։ Այդքան տարվա մեր ստեղծածը, անունը, հարգանքն ու ապրելակերպը մեկ րոպեում ջնջվեցին ու ավերվեցին։ Դարձանք հողից արմատախիլ արված ծառ, որը չգիտի, թե որտեղ խրի իր արմատները վերստին ոտքի կագնելու համար։

Սեպտեմբերի 19-ը արցախահայության համար ճակատագրական եղավ։ Սովորական օր էր․ գնացել էինք աշխատանքի, ու հանկարծ ուժգին ձայներ լսեցինք։ Հասկացանք, որ կրկին պատերազմ է սկսվել։ Չգիտեի՝  սեփական երեխաներիս մասի՞ն մտածեի, սաների՞ս, թե՞ աշխատողներիս։ Վազելով բոլորս իջանք նկուղ։ Ամբողջ ուշք ու միտքս թոռնուհուս վրա էր, ով դպրոցի նախակրթական խմբում էր։ Վազելով գնացի դեպի այնտեղ․ լրիվությամբ ինձ կորցրել էի և ամբողջ ճանապարհին երեխային էի կանչում։ Երբ հասա, պարզվեց, որ հարսս արդեն երեխային տուն է տարել։ Լսում էի դաստիարակների ձայնը, բայց նրանց չէի տեսնում։ Մի կերպ հետ դարձա դպրոց․ ծնողներն արդեն տարել էին իրենց երեխաներին, աշխատողներս ևս գնացել էին տուն։

Հետո սկսվեց քաոսը, որն անհնարին է մոռանալ երբևէ։ Ասկերանի բնակչության զգալի մասն ապաստան էր գտել միջնակարգ դպրոցի նկուղում։ Մենք ևս գնացինք այնտեղ։ Կեսօրից հետո ռուս խաղաղապահների միջոցով կազմակերպվեց մարդկանց տարհանումը Ստեփանակերտի օդանավակայան։ Կարծելով, թե դա է մեր փրկությունը, մենք նույնպես տեղափոխվեցինք այնտեղ։ Մտածում էինք, որ ժամանակավոր է, շուտով կվերադառնանք։ Առաջին մեքենայով գնացինք․ դեռևս շատ մարդ չկար այնտեղ։ Հետզհետե սկսվեց մարդկանց հոսքը տարբեր տեղերից․ անօգնական տարեցներ, լացող երեխաներ, խուճապահար մարդիկ։ Մարդկանց բազմության մեջ օդն արդեն չէր հերիքում։ Գիտակցեցի, որ ամենասարսափելին է տեղի ունենում․ մարդիկ պատրաստվում են գաղթելու։

Անահիտ Բադալյանը, թեկուզ մի քանի օր է մնացել Ստեփանակերտի օդանավակայանում, բայց որոշ դրվագներ դրոշմվել են հավիտյան

-Օդանավակայանից մի օր դուրս եկա՝ տանից երեխաներիս համար հագուստ և սնունդ բերելու։ Երբ հետ եկա, ռուս խաղաղապահներն ինձ չէին թողնում մտնել ճամբար (այդ տեղամասը ես այդպես եմ համարում)։ Մեր միջև խոսքակռիվ սկսվեց։ Չհամբերեցի ու ասացի՝ դուք դեռ մեր հողի վրա եք կանգնած, մի՛ մոռացեք դա։ Նրանք լռեցին։ Այդ պահին նայեցի կողքիս ու տեսա, որ մի աղջիկ իր հայրիկի հետ գետնին նստած հաց են ուտում, ու աչքս ընկավ թոնրահացին։ Սիրտս մղկտաց, հիշեցի, որ երեխաներս հաց չունեն այդ պահին։ Ամաչելով՝ Խնապատի մասնաճյուղի իմ աշակերտուհուն՝ Ալյոնային խնդրեցի այդ մարդկանցից թոռնիկիս համար մի քիչ հաց խնդրել։ Ալյոնան զոհված Սարմենի քույրն է։ Այնքան ազդեցիկ ու հուզիչ էր այդ պահը, որ իրար գրկել ու լացում էինք երկար։ Այդ հացով կշտացան երեխաներս։ Ես այդ տեսարանները երբեք չեմ մոռանա․․․

Ասկերանից հեռացել են սեպտեմբերի 27-ին ու բռնել գաղթի ճանապարհը

-Օդանավակայանից նորից գնացինք տուն․ տղաս արդեն եկել էր դիրքերից։ Սեփական մեքենա չունեինք։ Տղայիս ընկերը մեզ տրամադրեց իր մեքենան, որն այնքան էլ սարքին չէր։ Վերցրինք երեխաների համար ամենաանհրաժեշտը։ Ես համբուրեցի մեր տան դուռը և խոսք տվեցի մի օր վերադառնալ։

Սեպտեմբերի 27-ին մեր ընտանիքը ևս բռնեց գաղթի ճանապարհը։ Վերջիններից էինք, որ դուրս եկանք Ասկերանից։ Վտանգավոր էր արդեն․ թշնամին Ասկերանի տարածքում էր։ Երբ շարժվեցինք դեպի Ստեփանակերտ, ճանապարհի երկու կողմերում մինչև ատամները զինված ադրբեջանցիներ էին կանգնած․ 8 հոգի էին։ Մեզ կանգնեցրին, որ մեքենան ստուգեն։ Աչքիս առաջ եկավ հայոց պատմությունն ու Եղեռնը։

Աստծուն աղերսում էի պահպանել ընտանիքս։ Գլխումս մի միտք էր միայն․ եթե մեզ հետ մի բան լիներ, ոչ ոք այդպես էլ չէր իմանա դրա մասին։ Բարեբախտաբար, Աստված գթաց, ու մեզ բաց թողեցին։ Այդ մի քանի րոպեների ընթացքում ես հասկացա, որ իմ ընտանիքի ճակատագիրը թելից էր կախված։

Երեք օր շարունակ ճանապարհ եկանք։ Ամեն կերպ ցանկանում էի ուժեղ լինել, որ տեր կանգնեմ երեխաներիս։ Մեր մասին տեղեկություն չուներ Երևանում ապրող աղջիկս՝ Անժելան։ Հետո լսեցինք, որ մեր ասկերանցի Տիգրանն է նրան ասել, որ ողջ ու առողջ ենք։

Հասանք Հայաստան ու հաստավեցինք Մասիս համայնքի Խաչփառ գյուղում։ Աստծուց շնորհակալ եմ, որ երեք պատերազմ տեսած եղբորս ու տղայիս ողջ առողջ տուն բերեց։ Սիրտս մղկտում է, որ չհասցրի անգամ այցելել հորս գերեզմանին ու հրաժեշտ տալ նրան։ Հույս ունեմ, որ Աստված մեր դրախտավայրը կվերադարձնի մեզ։ Շատ եմ ափսոսում մեր տղաների համար։ Նրանց հոգիները կխաղաղվեն, երբ ամեն ինչ վերադառնա իր տեղը։

Հայաստանում հաստատվելուց հետո տիկին Անահիտը սկսել է ձեռքի աշխատանքներով եկամուտ ստեղծել

 -Սկզբից փորձեցի աշխատել կարի ֆաբրիկայում, այնուհետև՝ ջերմոցներում։ Սակայն առողջությանս վատթարացման պատճառով չկարողացա շարունակել։ Երեխաներս արգելեցին աշխատել ու առաջարկեցին տանը զբաղվել ձեռքի աշխատանքներով։ Մանկուց սիրում էի գործել, ստեղծագործել ու նվիրել իմ ձեռքի աշխատանքները մտերիմներիս (ավելի քան 45 տարի): Իմ աշխատանքները, որոնք ինձ համար հոբբի էին, վերջին ժամանակահատվածում ծառայել են որպես լրացուցիչ եկամտի աղբյուր։

Տեղահանումից հետո աղջիկս առաջարկեց ստեղծել մեր բրենդը։ Գաղափարը ծագեց 2023-ի հոկտեմբերին, ու այդպես ծնվեց մեր “Հելիուն” բրենդն ու հիմնվեց օնլայն խանութը։ Ինչու Հելիուն, որովհետև իմ հիմնական գործիքը հելյուն գործիքն է:

Աշխատում ենք գրեթե մեկ տարի։ Հասցրել ենք ճանաչվել, սիրվել․ մեր արտադրանքը մեծ պահանջարկ ունի։ Համոզված եմ, որ ճանաչում ձեռք կբերենք ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Բիզնեսը ընտանեկան է․ արտադրում եմ ես, վաճառում է աղջիկս՝ Անժելա Բադալյանը: Կարիք ունենք կարի մեքենայի, սարքավորումների։ Մտադիր ենք բիզնեսի սահմաններն ընդլայնելուց հետո նաև ներգրավել ընտանիքի մյուս անդամներին՝ մայրիկիս, հարսիս, տղայիս և փեսայիս: Տարիների ընթացքում ստեղծած իմ և իմ ամբողջ կոլեկտիվի ձեռագործ գլուխգործոցների 90 տոկոսը մնաց Ասկերանի արվեստի դպրոցի պատերի ներսում:

“Վըսկե Ծերքեր” փառատոնը մեզ մեծ հնարավորություն տվեց հանրությանը ներկայացնելու մեր բրենդը, որն այդ կարճ ժամանակահատվածում հասցրեց սիրվել և գնահատվել, ինչի համար շնորհակալ ենք արցախցի մեր աղջիկներին, կազմակերպիչներին։ Գիտենք, որ այն շարունակական կլինի, և մենք սիրով կպատրաստվենք ավանդույթ դարձած այդ փառատոնին՝ էլ ավելի բազմազան և հետաքրքիր տեսականի ներկայացնելով: Կձգտենք անել ամենը, որ չմոռացվի մեր արցախյան մշակույթը, և այն կփոխանցենք սերնդեսերունդ: Այդ ուղղությամբ մի շարք մտահղացումներ ունենք։

Մեր բրենդով մասնակցել ենք նաև արցախցիների կողմից կազմակերպված մի քանի ցուցահանդես-վաճառքի։

Անահիտ Բադալյանը մտքով ամեն օր Արցախում է՝ Ասկերանում, տանը, աշխատավայրում

-Բռնի տեղահանումից հետո ամեն օր մտովի Արցախում եմ, իմ հարազատ Ասկերանում։ Քայլում եմ փողոցներով, զրուցում հարազատներիս, ընկերներիս ու հարևաններիս հետ և խնդրում Աստծուն, որ մեզ կարոտ չթողնի հայրենի հողին։ Խաչփառ գյուղում մեզ շատ լավ են ընդունել, հոգատար և ուշադիր են մեր հանդեպ, սակայն մենք դժվարությամբ ենք հարմարվում իրականությանը։ Մեզանից անկախ անընդհատ համեմատությունների մեջ ենք։ Անչափ կարոտում ենք մեր կյանքը, անգամ՝ շրջափակման ժամանակահատվածը: Թոռնուհիս՝ Մանանան, որտեղ Արցախի դրոշ է տեսնում կամ երգեր է լսում Արցախի մասին, հարցնում է՝ ե՞րբ ենք վերադառնալու։ Ինչպես նրան ասեմ, որ մենք արմատախիլ արած ծառ ենք։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Շվեյցարիան Արցախի հարցով համաժողով կհրավիրի՞

Շվեյցարիայի Խորհրդրանի վերին պալատի՝  արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ’ նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին, Ազգային Խորհրդի ստորին պալատի’ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց այս բանաձևը։

Դրանից հետո ստորին պալատը կողմ քվեարկեց այդ նախագծին։ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 6 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված այս բանաձևը անցնելու է արդեն վերջնական փուլ։ Վերջին էտապում կանտոնալ խորհուրդը կքվեարկի։

Դրական արդյունքի դեպքում բանաձևը օրենքի ուժ կստանա եւ դաշնային խորհուրդը (գործադիրը) պարտավորվում է արդեն անկախ իր կամքից եւ դիրքորոշումից զբաղվել  համաժողովի կազմակերպմամբ։