Արցախցի դասախոս է ձերբակալվել Իրանից եկած ադրբեջանցիներին նեղացնելու համար

  • 21:20 01.02.2025

Երեւանի կենտրոնական հրապարակում Իրանից եկած՝ թյուրքերեն “Գարաբաղ” երգի տեսագրությունը տարածելու համար ձեռբակալվել է արցախցի դասախոս։ Ինչպես գրում են համացանցում, խոսքը Ղարիբ Բաբայանի մասին է։

ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից՝ հայտնելով, որ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ․-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ․-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»։