Ռուսաստանի մի քանի շրջաններ երկուշաբթի լույս փետրվարի 3-ի գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Աստրախանի մարզում անօդաչուները փորձել են հարվածել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին, ասել է նահանգապետ Իգոր Բաբուշկինը։ Պաշտոնյան պատասխանատվությունը դրել է Ուկրաինայի զինված ուժերի վրա։
Առնվազն մեկ անօդաչու թռչող սարք հրդեհի պատճառ է դառել, հավելել է Բաբուշկինը՝ չհայտնելով մանրամասներ։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել։ Հարձակման թիրախը եղել է գազի վերամշակման գործարանը, և հաստատություն են ուղարկվել հրշեջ մեքենաներ, բացատրել է Baza Telegram ալիքը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին։
Վոլգոգրադի մարզում նավթավերամշակման գործարանը վթարի է ենթարկվել, հայտնել է շրջանի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Հրդեհները բռնկվել են Լուկոյլ ձեռնարկության տարածքում, սակայն արագ մարվել են, ոչ ոք չի տուժել։ Անօդաչուների մեծ մասը որսացել են, վստահեցրել է շրջանի ղեկավարը։
Վլադիկավկազի, Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում և չեն ուղարկում թռիչքներ, ասել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։
Սահմանափակումները մտցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 7:44-ին՝ «քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»։
Փետրվարի 3-ի գիշերը և վաղ առավոտյան նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել Վոլգոգրադի, Կազանի, Աստրախանի, Նիժնեկամսկի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայաններում, որոնցից մի քանիսը հետագայում չեղարկվել են։