Ուզու՞մ են Ուկրաինային բացառել բանակցություններից. Թրամփն ու Պուտինը Կիևին մղում են դեպի ընտրություններ

  • 11:06 03.02.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, ով պատրաստակամություն է հայտնել զրուցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

AP-ի լրագրողը Ուկրաինայի նախագահից հետաքրքրվել է, թե արդյո՞ք նա դավաճանություն կհամարի Թրամփի ու Պուտինի հնարավոր հանդիպումը, եթե այն տեղի ունենա առանց ուկրաինական կողմի մասնակցության։

«Կարծում եմ, որ շատ վտանգավոր է, եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցություններ լինեն Ուկրաինայի շուրջ առանց Ուկրաինայի։ Սա շատ վտանգավոր է։ Նրանք կարող են ունենալ իրենց սեփական հարաբերությունները: Բայց առանց մեզ Ուկրաինայի մասին խոսելը վտանգավոր է բոլորի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարեց, որ չի կարող բանակցել Զելենսկու հետ, քանի դեռ գործում է Ուկրաինայում նրա հետ ուղղակի բանակցությունների արգելքը։ Պուտինը նաև կասկածի տակ է դրել Զելենսկու՝ որպես պետության ղեկավարի լեգիտիմությունը, քանի որ երկրում նախագահական ընտրություններ չեն անցկացվել։

Սրանից անմիջապես հետո Ուկրաինայի հարցով Թրամփի ներկայացուցիչ Քիթ Քելլոգը կոչ է արել Ուկրաինային մինչեւ տարեվերջ ընտրություններ անցկացնել երկրում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները Կիևին մղում են ընտրություններ անցկացնելու հնարավոր հրադադարի և վերջնական խաղաղության համաձայնագրի միջև ընկած ժամանակահատվածում։

Եթե ​​Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի պլանը միայն կրակը դադարեցնելն ու ուկրաինական ընտրություններ անցկացնելն է ուղղված, ապա դա ձախողված ծրագիր է։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը` համապատասխան գրառում հրապարակելով X սոցիալական ցանցում։