Տեղի կունենա արցախցի երկու կին գրողի գրքերի շնորհանդեսը

  • 13:17 03.02.2025

Փետրվարի 16-ին տեղի կունենա արցախցի երկու գրողների՝ Ծովինար Բարխուդարյանի եւ Հերմինե Ավագյանի գրքերի շնորհանդեսը։

Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» հիմնադրամը մեկ տարի առաջ հայտարարել էին Արցախցի հեղինակների գրական մրցույթ։ Մեկ տարի անց գրքի եւ արվեստի ձմեռային փառատոնին տեղի կունենա մրցույթի դափնեկիր Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։

Հերմինեի խոսքով, «Հրաժեշտի աչքերը»-ը այն նամակներն են, որ գրում էր գրողը Արցախում գտնվող իր մայրիկին։ Սահմանային անանցանելիությունը թույլ էր տալիս գրողին միայն մտքով լինել Արցախում, խոսել իր մանկության վայրերի ու հարազատ մարդկանց հետ։

Գրքի հերոսները մարդիկ են, որոնք անցել են պատերազմների միջով, տեսել են տեղահանությունն ու մահը։

Տեղահանությունից հետո Ծովինարը հեռուստաօրագրի տարբերակով պատմում էր Արցախի հայաթափման մասին։ Իր ապրումներն ու տասներկու կանանց պատմություններն ու վկայություններն են «Վերջին կարմիր շրթներկը» գրքում։

Այն ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլեւ հիշեցում՝ մարդկային ոգու անկոտրում ուժի մասին։

«Հրաժեշտի աչքերը» եւ «Վերջին կարմիր շրթներկը» գրքերի գլխավոր հովանավորն «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամն է։

Գրքերի շնորհանդեսը տեղի կունենա Երեւանում Դվին հյուրանոցում։ Մուտքն ազատ է։

Մարիամ Սարգսյան