«Ալիեւի պահանջներից մեկն այն է, որ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված պետք է անվտանգության երաշխիքներ ապահովի Հայաստան պետությունը։ Եվ արցախցի դասախոսի նկատմամբ գործ հարուցելով՝ իշխանություններն ուզում են ցույց տալ, որ ադրբեջանցիները Հայաստանում կարող են ազատ գոյատեւել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Լսե՞լ եք, որ Ադրբեջանից ասում են՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, եթե Հայաստանի իշխանությունները դրա դեմը չառնեն, մենք կառնենք։ Այս հայտարարություններին ամբողջությամբ համահունչ են այն, ինչ տեղի ունեցավ այս գործի հետ կապված։ Այսինքն՝ դրանով ՀՀ իշխանություններն ուզում են ասել՝ կարող է կան որոշակի «ֆաշիստներ», բայց դա մենք չենք, իշխանությունը դրա հետ կապ չունի»,- ասաց Ռուստամյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի պահանջը շատ լուրջ է այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների վերադարձի» հետ կապված։ Իսկ Հայաստանում շատերն ասում են՝ ո՞նց եք պատկերացնում, ադրբեջանցիները ո՞նց կարող են գալ Հայաստան։ Ըստ Ռուստամյանի՝ լավ էլ կգան, եթե այս իշխանությունները դառնան նրանց անվտանգության երաշխավորը։ Իսկ ովքեր կբողոքեն ադրբեջանցիների լակտի պահվածքի դեմ, ՀՀ իշխանությունները նրանց կպատժեն, ինչպես Ղարիբ Բաբայանի դեպքում ենք ետսնում։ «Այսինքն՝ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի իշխանություններին ասում են՝ պետք չէ, որ դուք գաք այստեղ ադրբեջանցիների անվտանգությունը երաշխավորեք, մենք ինքներս կերաշխավորենք ադրբեջանցիների անվտանգությունը։ Այս ամենը բխում է նրանից, որ մի մեծ աղետ գործեց այս իշխանությունը, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դրանից բխեց մի հետեւանք, որի արդյունքները մենք դեռ քաղելու ենք՝ Հայաստանը հեշտությամբ միջազգային ատյաններում դիտարկվելու է որպես ագրեսոր պետություն, Հայաստանից փոխհատուցումներ են պահանջելու»,- ընդգծեց նա։