Օրերս <<Դիզակ Արտ>> մշակութային կենտրոնի ցուցասրահում կայացել է Արցախի վաստակավոր նկարիչ Հովիկ Գասպարյանի անհատական ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին մշակույթի գործիչներ, արվեստասերներ, ուսանողներ։
Ելույթ են ունեցել Շուշիի Գյուրջյան կիրառական արվեստի ռեկտոր, վաստակավոր քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը, Հայաստանի և Արցախի գրողների, Արցախի ժուռնալիստների միությունների անդամ, ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը։
Ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացել են նկարչի գործերին, որոնց մեջ վառ արտահայտված էր արցախյան կոլորիտը։ Յուրաքանչյուր նկար իր պատմությունն ուներ։ Հովիկ Գասպարյանն իր կտավների միջոցով հանդիսատեսին է ներկայացրել Արցախի ինքնատիպ բնապատկերները, մշակութային արժեքները, հին տները։
Ցուցահանդեսն ուղեկցվել է <<Դիզակ Արտ>> կենտրոնի սաների ելույթներով, որոնք մեծ շուք են հաղորդել միջոցառմանը։
Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ և արվեստասեր հասարակությունը կկարողանա ծանոթանալ արցախցի նկարչի աշխատանքներին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ