Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից e-draft.am կայքում https://www.e-draft.am/projects/8192 հանրային քննարկման դրված Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոփոխված տարբերակի վերաբերյալ մի շարք առաջարկություններ են նեկայացվել արցախյան ՀԿ-ների ու անհատ արցախցիների կողմից։ Նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել հունվարի 10-27-ը, քննարկմանը մասնակցած անձանց 62 տոկոսը դեմ է արտահայտվել ՀՀ կառավարության առաջարկած այս փոփոխություններին, 38 տոկոսը՝ կողմ։
Արցախցի գործիչ Լիաննա Պետրոսյանը նշել էր, որ Արցախից բռնի տեղահանված անձանց համար բնակապահովման ծրագրի փոփոխությունները, որոնք ՀՀ կառավարության կողմից դրվել են հանրային քննարկման, նախատեսում են ծրագրի բարելավում փաստացի միայն 30 տոկոս տեղահանված անձանց համար՝ ներքին տեղաշարժի արդյունքում առավելագույն ավելացումով մինչև եւս 15 տոկոս։
Step1.am-ը ներկայացնում է, թե ինչ առանցքային առաջարկություններ են նեկայացրել արցախցիներն այս նախագծի վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցած որոշ քաղաքացիներ առաջարկել են թույլ տալ հավաստագիրը իրացնելուց հետո առաջացած դրամական մնացորդը օգտագործել անասնագլխաքանակ ձեռք բերելու համար։ Այս առաջարկով հանդես են եկել գյուղական բնակավայրերում բնակարան գնելու մտադրություն ունեցողները։ Կառավարությունն այս առաջարկն ընդունել է ի գիտություն։
Քանի որ Արցախից տեղահանված ընտանիքների մեջ բավական մասը մինչև 3 հոգանոց ընտանիքներն են, առաջարկ կա նրանց թույլ տալ օգտվել 5 մլն դրամ աջակցությունից՝ առանց բնակավայրի սահմանափակման: Առաջարկի հեղինակը նշում է, որ պարզից էլ պարզ է, որ նույնիսկ Երևանում ոչ մի ընտանիք օրինակ, 3 անդամ ունեցող, չի կարող 15 մլն դրամով գնել 30 քմ բնակարան:
Մեկ այլ քաղաքացու առաջարկը հետեւյալն է՝ քանի որ առկա շուկայական գների պատճառով դժվար է միայն հավաստագրի միջոցով բնակարան կամ տուն ձեռք բերել, մասնավորապես՝ Երևանում կամ հարակից տարածքներում, որտեղ էլ պահանջարկը մեծ է, ուստի անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ վարկ վերցնել բանկերից։ Սակայն գործընկեր բանկերը մերժում են՝ այլ կամ բավարար եկամուտ չունենալու պատճառով։ Հավաստագիրը իրացնելու համար քաղաքացին առաջարկում է կառավարության միջնորդությունը և աջակցությունը՝ նույն գործընկեր բանկերի կողմից հավաստագրի գումարից բացի մատչելի տոկոսով լրացուցիչ վարկեր տրամադրելու հարցում։ Կառավարությունից արձագանքել են, որ այս առաջարկն ընդունվել է ի գիտություն:
Կա նաեւ առաջակ, բացի Երեւան քաղաքից եւ սահմանամերձ բնակավայրերից, մնացած քաղաքային եւ գյուղական բնակավայրերի համար սահմանել մեկ շնչի հաշվով 4 մլն դրամ գումար։ Կառավարությունից նշել են, որ այս առաջարկը նույնպես ընդունվել է ի գիտություն։
«Հանուն Արցախի Միավորում»-ը արցացխիների անունից հանդես է եկել մի շարք առաջարկություններով։ Նախ Միավորումը նշում է, որ Արցախի ժողովրդի բնակարանային և այլ առանցքային կարիքների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները պետք է հայթայթել միջազգային դոնոր կոնֆերանսի միջոցով, որը հնարավորություն կտա այլ երկրներից, միջազգային կազմակերպություններից ու Սփյուռքից ներգրավել լրջագույն ռեսուրսներ՝ խուսափելով ՀՀ պետբյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածությունից:
Նախագծի վերաբերյալ Միավորումը ներկայացրել է հետեւյալ առաջարկությունները․ «Հրաժարվել ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան և առկա բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազագույն բնակելի մակերեսի չափի նվազեցումից՝ 12 քմ-ից 9 քմ-ի: Նախ, դա գործող կարգավորմամբ նախատեսված պայմանի վատթարացում է, ինչը կհանգեցնի մարդու իրավունքների լրացուցիչ խախտման: Բացի դրանից, 9 քմ-ն չի կարող ողջամիտ մակերես լինել մեկ անձի համար՝ հաշվի առնելով անձի բնական կարիքները, այլ երկրների փորձը և ՀՀ համադրելի իրավակիրառ պրակտիկան»։
Ըստ Միավորման՝ ողջունելի է անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի նվազագույն մակերեսի վերացումը և գումարի շեմի բարձրացումը, սակայն ավելի էական աջակցություն կլինի, եթե հողամասի գնման նպատակով առանձին հավաստագիր տրվի այն ընտանիքներին, որոնք կդիմեն ծրագրին՝ անհատական բնակելի տան կառուցման համար: Այս փոփոխությունը կշահագրգռի ավելի շատ ընտրել ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, քանի որ կառուցապատումն ավելի ծախսատար է, քան երկրորդային շուկայից բնակարանի գնումը: Կառուցապատումն ինքնին կարևոր է նաև տնտեսական ու ենթակառուցվածքային արդյունքի տեսանկյունից, քանի որ այդ ներդրումն ապահովելու է ավելացված արժեք և նպաստելու է տնտեսական ակտիվությանը:
Հաջորդ առաջարկը՝ ստեղծել հնարավորություն վերանայելու և ճշգրտելու բռնի տեղահանված անձանց շտեմարանները, այդ թվում՝ քննարկելու կուտակված դիմումները և ստանալու նոր դիմումներ, որպեսզի վարվի մեկ միասնական ու ճշգրիտ շտեմարան պետական լիազոր մարմնում: Այս լուծման միջոցով հնարավոր կլինի կարգավորել տարբեր շտեմարաններում ու ցուցակներում (այդ թվում՝ օպերատիվ շտաբի և ՆԳՆ ՄՔԾ) առկա սխալները, լրացնել դուրս մնացած հարյուրավոր (միգուցե նույնիսկ հազարավոր) անձանց տվյալները: Բացի դրանից, կհեշտանա վարչարարությունը՝ հանգեցնելով շահառուների սպասարկման գործընթացների արագության ու ճշգրտության բարձրացման:
«Հանուն Արցախի Միավորում»-ն առաջարկում է նաեւ նախատեսել լրացուցիչ աջակցություն այն ընտանիքների համար, որոնց անդամն ունի որևէ հիվանդություն, որի դեպքում նրա համար պահանջվում է առանձին սենյակ կամ լրացուցիչ բնակելի մակերես։
Միավորման կողմից առաջարկլվում է նաեւ շահառու դառնալու համար ՀՀ քաղաքացիության պարտադիր պայմանը վերանայել՝ ամրագրելով, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները մինչև ծրագրով սահմանված աջակցության ժամկետի ավարտը ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Փոփոխել քաղաքացիության պահանջին առնչվող դրույթները՝ նախատեսելով այդ պահանջը չկատարելու համար պատասխանատվության միջոցներ, օրինակ, բնակարանի հանդեպ իրավունքների սահմանափակում, քանի դեռ ընտանիքի անդամները չեն ընդունել ՀՀ քաղաքացիություն: Նշվածը հնարավորություն կտա քաղաքացիություն ձեռք բերել ոչ թե դիմելու օրվա դրությամբ, այլ աջակցություն ստանալու ընթացքում՝ մինչև ծրագրի ավարտը: Այդ լուծմամբ՝ ոչ միայն հնարավորություն կտրվի տեղահանված անձանց հստակեցնել իրենց վերադարձի հնարավորությունները, այլև վերադարձի անհնարինության դեպքում ինտեգրացիան տեղի կունենա սահուն ու աստիճանական ձևով՝ նվազեցնելով լիազոր մարմինների աշխատանքի ծանրաբեռնվածությունը միավոր ժամանակահատվածում և տեղահանված անձանց անցումային դժվարությունները:
Առաջարկվում է նաեւ վերանայել հավաստագրով տրվող գումարները՝ 2-րդ հավելվածի բնակավայրերում գնման համար տրամադրելով 6 մլն դրամ, իսկ կառուցապատման համար՝ 6,5 մլն դրամ, 3-րդ հավելվածի բնակավայրերում՝ համապատասխանաբար 5,5 և 6 մլն դրամ, իսկ մնացած բնակավայրերում՝ համապատասխանաբար 5 և 5,5 մլն դրամ: Հիմնավորումն այն է, որ Երևան քաղաքում բնակարան ձեռք բերելու համար մեկ անձին տրամադրվող 3 մլն դրամը չի համապատասխանում ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքէջում հրապարակված շուկայական միջինացված գներին: Նախատեսել, որ շահառու ընտանիքին տրամադրվող հավաստագրերի հանրագումարային չափը չպետք է ծրագրի 2-րդ հավելվածի բնակավայրերում պակաս լինի 12 մլն դրամից, 3-րդ հավելվածի բնակավայրերում՝ 10 մլն դրամից, իսկ մնացած բնակավայրերում՝ 8 մլն դրամից: Քանի որ մինչև երեք անձից բաղկացած ընտանիքները հիմնականում չեն կարողանա գործող ծրագրով առաջարկվող ֆինանսական աջակցության միջոցով լուծել իրենց կեցության հարցը, առաջարկում են սահմանել աջակցության նվազագույն չափ։ Նախատեսել, որ հավաստագրի իրացումից հետո առկա մնացորդը հնարավոր լինի օգտագործել նաև շարժական տեխնիկա ձեռքբերելու համար: Շարժական տեխնիկայի (գյուղատնտեսական, շինարարական տեխնիկա, բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ) ձեռքբերումը կխթանի աշխատատեղերի ստեղծումը և կայուն եկամտի ապահովումը։
Առաջարկվում է նոր կետ ավելացնել երկրորդային շուկայից բնակարանի կամ տան գնման դեպքում եկամտահարկի վերադարձի հնարավորության վերաբերյալ: Կարելի է քննարկել որոշակի պայմաններ ու սահմանաչափեր այդ մեխանիզմի համար՝ այն կիրառելով որպես լրացուցիչ խթան շահառուների համար: Քանի որ տրամադրվող աջակցության չափը շատ դեպքերում կարող է ավելի քիչ լինել, քան շահառու ընտանիքի բնակարանային կարիքները, եկամտահարկի վերադարձը հնարավորություն կտա շահառուներին լրացուցիչ վարկ վերցնել: Այս մեխանիզմը նաև կխթանի շահառուների զբաղվածությունը և բարձր վարձատրությունը:
Առաջարկվում է կարգավորել բանկերի կողմից լրացուցիչ վարկավորման համար առկա խնդիրները: Այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք թույլ կտան և կխթանեն բանկերին լրացուցիչ վարկ տրամադրել շահառուներին պետական աջակցության ժամկետից՝ 10 տարուց ավելի երկար ժամկետով: Ներկայումս բանկերը հրաժարվում են լրացուցիչ վարկ տրամադրել 10 տարուց ավելի ժամկետով՝ հիմնավորելով, որ նույն գույքի համար չեն կարող երկու վարկ տրամադրել, այն էլ՝ տարբերվող ժամկետներով: Այդ դեպքում շահառուների վարկունակության պահանջները կտրուկ խստանում են, քանի որ բանկերը 10 տարով լրացուցիչ վարկ տրամադրելու համար պահանջում են անհամեմատ ավելի շատ եկամուտներ, քան՝ 20 կամ 15 տարով վարկի տրամադրման դեպքում:
Կառավարությունից արձագանքել են, որ «Հանուն Արցախի Միավորման» առաջարկները լրացուցիչ կքննարկեն։
Ռոզա Հովհաննիսյան