200-ից ավել հայերի կյանք խլած Հայկազովում պայթյունի մասին լռում են, մեղավոր չեն գտնում

  • 13:50 04.02.2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում 2023 թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հնարավոր է պատասխանատվության ենթարկեն Արցախի ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանին։ Զորամասի տարածքում վառելիքի պահեստի պահպանության գործառույթը վերապահված է եղել ՊԲ հատուկ ստորաբաժանմանը, որը պետք է քաղաքացիներին անվտանգ վառելիք տրամադրեր, ինչը չի արվել։ Արցախի պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնում Վարդանյանը նշանակվել էր 2020 թ. պատերազմի ավարտից մեկ տարի անց` 2021-ի սեպտեմբերին։ Լուրեր կան, որ նա վերջերս Սուրեն Պապիկյանի խորհրդական է նշանակվել՝ հասարակական հիմունքներով»։

Թերթը դատախազություն հարցում է արել՝ ի՞նչ փուլում է հարուցված վարույթի նախաքննությունը, կա՞ն մեղադրյալներ, ո՞րն է հիմնական վարկածը։ Դատախազությունից ի պատասխան չեն հերքել Վարդանյանի առնչության փաստը պայթյունին։ «Վարույթը գտնվում է նախաքննության փուլում, իրականացվում են մեծածավալ ապացուցողական եւ վարույթային այլ գործառույթներ, որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Հայցվող մնացած տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»։

Սեպտեմբերի 25-ի պայթյունից 1,5 տարի անց իրավական եւ քաղաքական որեւէ գնահատական չի տրվել։ Ի՞նչ էր դա՝ ողբերգական պատահականությո՞ւն, անփութությո՞ւն, թե՞ դիվերսիա։ Պայթյունից տուժածներից մի քանիսն, օրինակ, ասում են, որ այդ պահին երկնքում անօդաչու են տեսել։  

Եթե դա դիվերսիա էր, ապա ո՞վ էր պատասխանատու։ Այդ օրերին Ակնայում դեռ գործում էր ռուս-թուրքական “մոնիտորինգային” կենտրոնը, եւ եթե օդում անօդաչու կար, դրա մասին հաստատ կինանան ռուսները։ 

2020-2023 թթ․ իրադարձությունների գնահատականներ Հայաստանում չեն տալիս, որ հանկարծ չխաթարվի “խաղաղ գործընթացը”։ Չէ՞ որ դատախազությունը չի կարող արցախցիներին եւ բանակին մեղադրել ռմբակոծությունների, հարձակումների, սպանությունների եւ բռնի տեղահանության մեջ։ Ստիպված կլինեն մեղադրել կամ Բաքվին, կամ Մոսկվային, իսկ դրա համար դուխը չի հերիքում։ 

200-ից ավել հայերի կյանք խլած պայթյունի մասին լռում են։     

f