«Չեմ թաքցնի՝ կան քաղաքացիներ, որոնք այսօր, ամեն դեպքում, բոյկոտային տրամադրությանը միանում են, բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ այդ պրոցեսը կարելի է շատ միանշանակ ձախողված համարել», – «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Սակայն զրուցի ընթացքում նա ձախողման մի քանի ապացույց բերեց։
«Հաշվարկի մեթոդաբանության մեջ պարզաբանելու որոշակի խնդիր ունենք, բայց առանց թվերի էլ այսօր կարելի է տեսնել, որ համատարած բոյկոտ չկա»: Այսինքն, դեռ չգիտեն, թե ինչքան գումար է հավաքագրվում, կամ գիտեն, բայց վախենում են ասել։
Նա ընդունեց, որ ուղևորափոխադրման «որոշակի օբյեկտիվ նվազում» կա, «բավականին դեռ ուղևորահոսքը իջած է, այսինքն՝ օբյեկտիվորեն դեռ այն ուղևորահոսքը չի, որ ունեինք նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին»:
«Այո, ասել, որ համատարած փաթեթների վաճառք կա, և մարդիկ ամբողջությամբ մինչև փետրվարի 1 պատրաստ էին նոր համակարգի գործարկմանը, չեմ կարող այդպես ասել»:
«Ի սկզբանե ուղևորահոսքի մեկ այլ հաշվարկ էր հիմք ընդունվել։ Երբ նոյեմբերի 1-ին արգելեցինք առհասարակ վարորդներին գումար տալ, և արդեն կարող էինք ասել, որ ստվերը, եթե կա էլ, էական ազդեցություն չի ունենում թվերի վրա, արդեն այդ ուղևորահոսքի թիվը հիմք ընդունեցինք»:
«Երբ ասում ենք՝ իջնելու տեղ ունենք, եկեք այսպես ասենք՝ այո, իջնելու տեղ ունենք մինչև զրո՝ տրանսպորտը կարող ենք սարքել ամբողջությամբ անվճար, հարցը այն է, թե այդ որոշման գինը որն է: Այո, միշտ հիմնավոր եմ համարել, ուղղակի միշտ մենք փորձել ենք ժողովրդի հետ կոմունիկացնենք»:
Եթե քաղաքապետարանը ի սկզբանե հիմնավոր հաշվարկ ներկայացներ եւ ուղեվարձը 150 դրամ սահմաներ, հնարավոր է՝ բոյկոտ չլիներ եւ մարդիկ ընբռնումով վերաբերվեյին։ Հիմա, երբ փոխքաղաքապետը խոստովանում է, որ ոչ մի հաշվարկ էլ չի եղել, ուղղակի 300 դրամ թիվ են “կրակել”, նույնիսկ 150 դրամն է կասկածելի թվում։
Անհասկանալի է նաեւ, թե ինչ պլան Բ ունի քաղաքապետարանը, եթե մարդիկ մեծամասամբ չվճարեն՝ բարեփոխումը ձախողված համարելով։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: