Թրամփը ցանկանում է Գազան ու Ուկրաինան վերածել «ռիվիերայի». նրան կհետաքրքրի՞ Հայաստանի, այդ թվում Արցախի ոսկին

  • 12:28 05.02.2025

Դոնալդ Թրամփը ստանձնել է ուկրաինական և պաղեստինյան ճգնաժամերը լուծելու գործը իրեն բնորոշ բիզնես ձևով։

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը վերահսկողության տակ է առնելու Գազայի հատվածը։ Այս խոսքերը նա ասել է փետրվարի 4-ին Սպիտակ տանը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։

«ԱՄՆ-ը վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, մենք կաշխատենք նրանց հետ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ «Մենք կտնօրինենք այն, և մենք պատասխանատու կլինենք այնտեղից բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զենքերը հեռացնելու համար»:

Նրա խոսքերը հնչեցին Գազայի հատվածի ամբողջ պաղեստինցի բնակչությանը` ավելի քան երկու միլիոն մարդու, Հորդանան, Եգիպտոս և այլուր տեղափոխելու առաջարկից հետո:

«Եթե պետք լինի, կանենք, այս տարածքը կվերցնենք վերահսկողության տակ, կզարգացնենք, հազարավոր աշխատատեղեր կստեղծենք։ Սա մի բան կլինի, որով կարող է հպարտանալ ողջ Մերձավոր Արևելքը»,- հավելել է Թրամփը։ Հարցին, թե ով է ապրելու այնտեղ, հանրապետականը պատասխանել է, որ Գազայի հատվածը կարող է տուն դառնալ «խաղաղության մարդկանց համար», «Մերձավոր Արևելքի Ռիվիերա»:

«Նրանք այնտեղ են [Գազայում], քանի որ այլընտրանք չունեն: Ի՞նչ ունեն նրանք։ Այժմ դա փլատակների մեծ կույտ է», – ասել է Թրամփը։

«Գազայի հատվածի մեր ժողովուրդը թույլ չի տա, որ այդ ծրագրերն իրականացվեն։ Մենք պետք է վերջ տանք մեր ժողովրդի դեմ օկուպացիային և ագրեսիային, այլ ոչ թե վտարենք նրան իրենց հողից»,- ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Սամի Աբու Զուհրին։

Բայց Նեթանյահուն դրական է ընդունել Թրամփի խոսքերը։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ Թրամփը «մտածում է ստանդարտից դուրս՝ թարմ գաղափարներով» և «ցուցադրում է ավանդական մտածողությունը ոչնչացնելու պատրաստակամություն»։

Ամռան վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Գազայի հատվածը անվանեց «առաջնային անշարժ գույք» և հարցրեց, թե ինչպիսի հյուրանոցներ կարող են կառուցվել այնտեղ, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրին:

Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում եւս քննարկել է անշարժ գույքի հարցը, մասնավորապես՝ Օդեսան անվանել է լավ վայր այս հատվածը զարգացնելու համար, WSJ-ին հայտնել է աղբյուրը։

Բացի այդ, Թրամփը վերջերս հայտարարեց Ուկրաինայի բնական ռեսուրսների փոխանակման պատրաստակամության մասին Կիևին շարունակվող ռազմական օգնության դիմաց: Ավելի վաղ Զելենսկին 2024 թվականին իր «Հաղթանակի ծրագրում» դաշնակիցներին առաջարկել էր մասնակցել Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների և այլ կարևոր օգտակար հանածոների զարգացմանը։ Թրամփի առաջարկից հետո Զելենսկին վստահեցրել է, որ Ուկրաինան «բաց» է Ուկրաինայում հանքային ռեսուրսների զարգացմանը օտարերկրյա գործընկերների և դաշնակիցների մասնակցության վերաբերյալ քննարկումների համար։

Այսպիսով, Թրամփը մտադիր է «բիզնես լուծումներ» գտնել Գազայի և Ուկրաինայի համար։ Թե որքանով դա հնարավոր կլինի, ցույց կտա ժամանակը։

Թրամփը բիզնես շահեր ունի՞ Հայաստանում, այդ թվում՝ Արցախում։ Ի՞նչ «գործարար առաջարկ» է Փաշինյանը բերել ԱՄՆ։ Ոսկին և այլ մետաղները Հայաստանում, այդ թվում՝ Արցախում, միշտ էլ հետաքրքրել են ԱՄՆ-ին։ Հիշենք Ամուլարի պատմությունն՝ իր տոննաներով ոսկու պաշարներով։ Գուցե պատահական չէ՞, որ վերջին օրերին ռուսական ընկերությանը պատկանող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլներ են սկսվել։