Դոնալդ Թրամփի վարչակազմը ինտենսիվ բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Ամենահավանական տարբերակը ներկայիս առաջնագծում հրադադարն է, Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելու բացառումը և մինչև տարեվերջ Ուկրաինայում նախագահական ընտրությունները։
Ուկրաինան բաց է մինչև 2025 թվականի ավարտը երկրում նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը քննարկելու համար, եթե Սպիտակ տունը պնդի դա։ Այս մասին Suspilne-ին տված մեկնաբանությունում ասել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։
Նաև ավելի վաղ նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ դեմ չէ այս տարի ընտրությունների կազմակերպմանը, բայց միայն այն դեպքում, եթե հրադադար հաստատվի Ռուսաստանի Դաշնության հետ, և լինեն Արևմուտքից երաշխիքներ, որ Պուտինը չի վերսկսի ագրեսիան։
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է անձամբ Վլադիմիր Պուտինի հետ բանակցել հրադադարի շուրջ, եթե դա հանգեցնի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։
Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ ներկայումս անհնար է ՌԴ վերահսկողության տակ գտնվող բոլոր օկուպացված տարածքները վերադարձնել բացառապես ռազմական ճանապարհով։
Թրամփը եւս հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե կստիպի՞ Պուտինին լքել Ուկրաինայի բոլոր օկուպացված տարածքները։
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Ուկրաինան կորցրել է իր 700 հազար պաշտպանի, իսկ Ռուսաստանը՝ ավելի քան 800 հազարին։
Նախօրեին բրիտանական մամուլին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել էր, որ պատերազմի երեք տարիների ընթացքում ուկրաինական կողմից զոհվել է 45100 զինվոր և սպա, ևս 390 հազարը վիրավորվել է։ Սակայն Ռուսաստանի Դաշնության կողմից անհայտ կորածների և գերության մեջ գտնվողների թիվը դեռևս հայտնի չէ։
Արևմտյան գործընկերները պետք է Ուկրաինային միջուկային զենք տրամադրեն, եթե հրաժարվեն այն ընդունել ՆԱՏՕ-ի կազմում, հայտարարել է Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ արևմտյան երկրները կարող են օգնել Ուկրաինային՝ ֆինանսավորելով «միլիոնանոց բանակ» և իրենց զորքերը տեղակայելով այս երկրում։ «Ձեր զորախմբերը տեղափոխեք մեր պետության այն հատվածներում, որտեղ մենք ցանկանում ենք կայունություն ունենալ, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն»,- կոչ է արել Զելենսկին իր դաշնակիցներին։
Եթե Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին, Պուտինը, ով իր ներխուժումն արդարացնելու համար նշել է Կիևի հնարավոր անդամակցությունը դաշինքին, «պետք է ամբողջությամբ դուրս գա մեր տարածքից», շարունակել է Զելենսկին։ «Նա ներխուժեց, քանի որ վախենում էր, որ մենք կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ։ Լավ, մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք։ Մեր հողերը հետ տվեք։ Սա պետք է դիտարկել հենց այսպես»,- վստահ է Ուկրաինայի նախագահը։