Ուրիշ “դեղին ավտոբուս”․ “եթե հոգեկանը փլվում է, այն շատ դժվար է վերականգնել”

  • 12:30 06.02.2025

Փոշոտ ու շեբին փռած խաչմերուկներում մեկ հարկանի ու շքեղ առանձնատներ են կառուցված: Ավելի շուտ, մեկ հարկանիները դեռ կառուցվում են, բայց արդեն վարձով են տրված արցախցիներին, որոնց հանդիպում ես ամեն քայլափոխի այստեղ:

Մասիսի տարածաշրջանի Խաչփառ գյուղն է` Երեւան տանող մայրուղու վրա: Մայրուղու մյուս “ափին” մի դաշտ կա, գուցե կատոֆիլի, գուցե այլ բանջարեղենի համար, բայց այս պահին հերկած է, լի պլաստիկով ու ամեն տեսակ կենցաղային աղբով, որտեղ ճնճղազգի թռչունների մի մեծ ընտանիք է կտցահարում ու երկու ձի է արածում: Վերեւում հույս չներշնչող մի կործանիչ ամբողջ օրը ձանձրացնում է իր պիլոտաժով, ու ուզում ես օդաչուին ասել՝ այ տղա, ադրենալինի համար կառուսել կա: Միակ գեղեցկությունը, ու կարելի է տեսնել այստեղ, Զվարթոցից ծանրաշարժ վեր բարձրացող հսկա օդանավերն են, որոնց ուղեւորներին երանի ես տալիս. իրոք, ինչ գեղեցիկ է Հայաստանը վերեւից: Ամպեր, օդանավի թեւն ու Մասիս սարը:

Վերեւից չես տեսնի ամենուր թափած այս շինարարական աղբը, շշերով լի հոտած ջրատարը: Չես տեսնի, թե ինչպես է հազիվ մի ինքնաեռի համար հերիքող փայտը 1.5oo դրամ վաճառվում, չես տեսնի մարդկանց այս տխուր ու անորոշ դեմքերը, ի վերջո, չես տեսնի, թե ինչ է կատարվում Երեւան-Խաչփար դեղին ավտոբուսում:

Ավտոբուսում

Եվ այսպես, անատամ մի տատիկ, ով վարորդի “փաստաբանն” էր միաժամանակ, իր խրպոտ ձայնով գոռում է մի օրիորդի վրա` հարցնելով, թե որտեղից է նստել, կասկածելով, որ հիսուն դրամ պակաս է տվել: Վերջինս, ով կանգնած էր, այլ ոչ թե նստած, Ղարաբաղի ակցենտով ու շփոթված հայացքով ասաց, թե որտեղից: Վարորդը վիզն ու ղեկը թեքում եւ շարունակում է ճանապարհը, ի նշան, որ ամեն ինչ օքեյ է:

Մինչեւ կամուրջ հասնելը կկանգնեք, վերջից լսվում է մի արցախցի երեխայի բարակ ձայն, իջնող կա` դեցիբելերն ավելացնում է ավելի մոտ մի տղամարդ: Լուրը վարորդին է հասնում կամիրջից ահագին հեռու: Կարմրած թշերով հետ է վազում երեխան:

Կարեկցանքի կամ փողի համար վարորդը վերցնում է բոլորին, չհաշված այն կնոջը, ով մայթից երկարում էր թեւը, որքան հնարավոր էր: Դեղին ավտոբուսը օդ է հավաքում, փշշացնում, մուննաթ գալիս, բացում դուռը…

Լեզվակռիվ է սկսվում մի տղամարդու ու կնոջ միջեւ: Տղամարդու թաթը մնացել էր դռան տակ: Այլեւս չեմ կարող հանդուրժել, ասում է դեղին ավտոբուսը: Ձեզ չեք հարգում, գոնե ինձ հարգեք: Ինչո՞ւ իմ տիրոջն ասեն՝ վրիցդ հոտ է գալիս, ինչո՞ւ ես պետք է թույլատրվածից ավել ուղեւոր վերցնեմ: Անկեղծ ասած, ես ձեր տեղ ամաչում եմ, երեխաներին, կանաց ու աղջիկներին այսպես տեղափոխել, տղամարդիկ էլի “ջհանդամ”: Եվ ընդհանրապես, իմ տեսքին նայեք, չե՞ք տեսնում միթե՞, որ իմ մեռնելու կամ թոշակ գնալու, ջարդոն դառնալու ժամանակն է առհասարակ:

Նույն մայրուղու վրա վարորդը ուղեւորների ուշադրությունն է հրավիրում մի տան, որի տերը ջայլամներ է պահում: Իմացել եմ հնդուշկա է (հնդկահավ), ասում է վարորդը, եւ հետաքրքրվում. տեսնես համո՞վ է դրանց միսը: Ոչ կերել եմ, ոչ գիտեմ, պատասխանում է նրա մոտ նստած ղարաբաղցի մի տղամարդ: Ծիծաղում է վարորդը: Զայլամները նույնքան անխնամ էին, որքան էլէկտրասյան վրա կուչ եկած երկար վզով արագիլները, որոնք ծովային աղետից փրկված թռչուններ են հիշեցնում:

Տրասպորտի թեմայով հեղեղված են հայկական լրատվամիջոցները, եւ անգամ դպրոցական երեխաներին է հայտնի ներքաղաքական ենթատեքստը: Ես Երեւանի անտանելի տրանսպորտը հիշում եմ վաղ 2018-ից եւ արդարության ահամար պետք է նկատեմ՝ նոր ավտոբուսներ են այսօր, որտեղ կարելի է գոնե կանգնել, բայց ինչպես մի կին է եթերում ասել, “այն ժամանակ կռացած էի ուրիշի մարդուն “գրկում”, հիմա` կանգնած, ի՞նչ տարբերություն”:

Գետնի վրա

Բայց եթե 93 տոննա կշիռ ունեցող օդանավավն է կարողանում ավելի շատ ուղեւոր տանել այդքան հարմարավետ, այն էլ երկնքով, այն էլ օվկիանոսից այն կողմ, միթե՞ գետնի վրա հնարավոր չէ ինչ-որ բան անել Հայաստանում: Ես չգիտեմ, եթե Աստված մեզ այնքան նավթ տա, որքան Ալլահն արաբներին, կկարողանա՞նք Արարատյան դաշտավայրի շինարարական աղբի վրա երկնաքերեր կառուցել, ինչպես դա արեցին արաբները Դուբայի ավազներում:

Կա նորվեգիա, կա Նիգերիա, ինչպես ասում են: Երկուսն էլ նավթ ունեն, բայց համեմատել չենք կարող:

Դեղին ավտոբուսն այսօր համեմատաբար ազատ էր: Ինձանից աջ ու ձախ մի տղամարդ ու մի աղջիկ են նստած: Ես երբեք չեմ սխալվում, կռահելով ղարաբաղցիներին Հայաստանում: Մի քիչ հետո տղամարդը աղջակա հետ զրույց է սկսում, հետաքրքրվում որտեղից է եւ այլն…

Աղջիկն ասում է, որ Ստեփանակերտից է:

Ես Ստեփանակերտ վերադառնալու հույսով եմ ապրում, ասում էր նա: Աղջկա ասածի մեջ զգացվում էր ավելի շատ ոչ թե Ստեփանակերտի հանդեպ կարոտը, այլ այն, որ հույսն ավելի շատ “վիտամին” է նրա համար ապրելու համար:

Step1.am-ը վերջերս հարցազրույ է հրապարակել ԱրՊՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի հետ, ով շատ լավ նկարագրել է արցախահայերի հոգեբանական խնդիրները: “Այս իրավիճակը նման է տան փլուզմանը, ու, եթե քանդված տունը կարելի է շինանյութով վերակառուցել, ապա “փլուզված” հոգեկանը ինքնուրույն վերակառուցել, այն էլ՝ հասուն տարիքում, խիստ բարդ է, ասել է Յարամիշյանը:

Ես հարցազրույցը չվերընթերցեցի, բայց կարծեմ, միտք կամ ակնարկ կար այնտեղ, որ արցախցիների վիճակը հիմա ավելի է ծանրացել: “Սեպ չխրելու համար” ես միանգամից ասեմ, որ հայաստանցիների վիճակից էլ գոհ չեմ, մեղմ ասած:

Կանգառում սպասող մի կին, քո մայրենի լեզվի ուսուցչուհին Մալաթիայի շուկայի մոտ (ինչ ցավալի էր նրան այդտեղ տեսնել), ձեր փողոցի կապուտաչյա բուժքույրը, աչքի առաջ սպիտակած, սուպերմարկետի ‘անվտանգությունում’ աշխատող ծանոթներ… Ես առհասարակ մուրացկաններ չեմ տեսել Արցախում, առավել եւս երեխաներ, բայց Գորիսում տեսա: “Գիտե՞ս ինչ եմ մտածում… Մտածում եմ, մի տեղ աշխատեմ, հարյուր դրամ ստանամ` հաց առնեմ”, ասում էր նա: Նա իհարկե վաստակեց նույն պահին, ու միանգամից կողքի սուպերմարկետից լուծվող սուպ գնեց, ու չիպսի պես սկսեց ուտել: Չոր-չոր:

Գուցե ես շատ եմ սեւացնում ամեն ինչ, բայց ամեն օր խորացող սոցիալ-հոգեբանական այս իրականությանը դժվար է առերեսվել:

Մարութ Վանյան

 

Սա էլ "իսկական" դեղին ավտոբուսները