ՀՀ-ում Իրանի դեսպանի կարեւոր հայտարարությունները․ ոչ մի միջանցք

  • 17:33 06.02.2025

Մենք դեմ ենք Հայաստանի տարածքում ցանկացած ճանապարհի, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա բացատրեց, որ Իրանը դեմ չէ ճանապարհների ապաշրջափակմանը, եթե դա իրականացվում է տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարգման հիման վրա։ «Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց դա պետք է արվի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարգման հիման վրա»,- հավելել է Սոբհանին։

«Հայաստանն ու Իրանը «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Մենք Հայաստանի հետ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք ու միատեսակ ենք մտածում: «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին», – ասել է դեսպանը:

Դեսպանը հիշեցրեց, որ Ադրբեջանը միշտ կապեր է ունեցել Նախիջեւանի հետ, իսկ 2020 թվականից հետո Ադրբեջանն էլ ավելի է մոտեցել թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի սահմաններին։ «Նախկին երթուղին, որով օգտվում էր Ադրբեջանը, համեմատաբար երկար էր։ Մենք նոր երթուղի ենք առաջարկել, և ճանապարհաշինական աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կկազմի 50 կմ։ Ընդ որում, Իրանի տարածքով տեղաշարժն իրականացվում է Իրանի օրենքներին համապատասխան և ինքնիշխանության շրջանակներում»,- նշել է նա։

Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի աճին ու հզորացմանը եւ երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար հասել են հասունության անհրաժեշտ մակարդակին, ասել է Սոբհանին: «Այսօր մեր երկկողմ հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում, իսկ փոխհարաբերությունների տնկին վերածվել է հաստաբուն ծառի:

Իրանն իր հանձնառություն է համարում տարածաշրջանում հարատեւ խաղաղության եւ կայունության հաստատումը: Իրանը կտրականապես դեմ է միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին եւ ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար: Իրանը վճռականորեն աջակցում է երկրների, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Կեղծ  նարատիվների, սպառնալիքների եւ կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջեւ առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկածներ նետել մեր միջեւ»,-ասաց դեսպանը:

Հայաստանի իշխանությունները մեզ հստակ հայտարարեցին, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև վերջերս ստորագրված փաստաթուղթն ուղղված չէ իրանա-հայկական հարաբերությունների դեմ և ընդգծեցին, որ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկի վնասելու իրանա-հայկական հարաբերություններին կամ Իրանի շահերին։ Այս մասին հայտարարել է Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով, այս հարցում Հայաստանի և Իրանի իշխանությունների միջև կա փոխըմբռնում, և երկու կողմերն էլ խորապես գիտակցում են, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Նա հավելեց, որ այս փոխըմբռնումը թույլ է տալիս կառավարել զարգացման գործընթացները և ամրապնդել հարաբերությունները։

Սոբհանին ընդգծեց, որ Իրանի վրա ԱՄՆ ճնշումը հենց հակադարձ արդյունք է տվել, և որ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման դեպքում Իրանն առավելագույն դիմադրության քաղաքականություն է կիրառելու։

Նրա խոսքով, Իրանին ու Հայաստանին միշտ հաջողվել է հարաբերությունները բարելավել՝ Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշման ֆոնին։

Կեղծ պատմությունները, սպառնալիքները և կասկածելի տեսանյութերի ստեղծումը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները կամ պառակտումներ ու կասկածներ առաջացնել մեր միջև։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։