Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա եւ չի եղել որեւէ սահմանազատման գործընթաց։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
«Դա Նիկոլի հորինածն է։ Սահմանազատում նշանակում է միջպետական պայմանագիր դրա վերաբերյալ։ Իսկ պայմանագիր նշանակում է ըստ մեր օրենքի՝ խորհրդարանի հավանություն, ՍԴ կարծիք, այնուհետեւ դրա վրա խարսխված համապատասխան գործընթաց։ Այսինքն՝ փաստաթղթի մեջ սահմանի մանրակրկիտ նկարագրություն, հետո սահմանանշում, հետո սյուների տեղադրում։ Մեզ մոտ զուտ տեղի է ունենում սյուների տեղադրում՝ առանց որեւէ իրավական հիմնավորման»,- ասաց Պապյանը։
Անդրադառնալով հարցին, որ առաջիկայում Տավուշի մարզում դարձյալ այսպես կոչված «սահմանազատման» գործընթացի ներքո տարածքներ կհանձնվեն թշնամուն, Արա Պապյանն ասաց․ «Ինչո՞ւ են սկսել Տավուշից, շատ պարզ է՝ Տավուշի հատվածը միակ հատվածն է, որ տասնամյակներ ի վեր ամրացվել էր։ Այսինքն՝ դա այն հատվածն էր, որն Ադրբեջանի հետ դիմակայության մեջ էր։ Մնացած բոլոր հատվածներն ու դիրքերն ադրբեջանցիները գրավել են՝ սկսած Արաքսի ափից մինչեւ Տավուշ։ Միակ հատվածը Կիրանց-Տավուշ հատվածն էր, որտեղ մեր դիրքերն ուժեղ էին, մենք բարձունքների վրա էինք, քիչ թե շատ ամրացված դիրքեր կային, այդ տարածքն է պետք առաջին հերթին քանդել, եւ դա քանդում են»։
Արա Պապյանն ասաց, որ գործընթացը կապված է Հայաստան-Վրաստան ճանապարհի, Հայաստան-Վրաստան-Ռուսաստան գազամուղի հետ։ «Ըստ էության մեզ մի պարկի մեջ են ամփոփում, որի հուսիսային հատվածը պետք եղած ժամանակ Տավուշով են փակելու, հարավային հատվածն էլ՝ Զանգեզուրով ինչ-որ մի տեղ, կլինի այսպես կոչված «Մեղրիի միջանցքով» կամ ավելի հյուսիսով։ Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է՝ Հայաստանը կործանման տանելու, որպեսզի պարգեւավճար ստանա՝ եւս մի քանի տարի իր իշխանությունը, գուցե եւ իր գոյությունը երկարաձգելու համար»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան