Զատուլինը խոստովանել է, որ Ալիևին Մոսկվան պետք էր Արցախը գրավելու համար

  • 19:57 06.02.2025

Բաքուն պահանջել է փակել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը երկրում, քանի որ Ղարաբաղի հարցի «փակումից» հետո Ադրբեջանի իշխանությունները առաջնահերթությունը տալիս են Թուրքիայի հետ համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը (Միացյալ Ռուսաստան)։

Նրա կարծիքով, «Լեռնային Ղարաբաղից հետո» Բաքուն այլեւս Ռուսաստանի կարիքը չունի։

Զատուլինը, փաստորեն, ընդունում է, որ Ռուսաստանն է օգնել Բաքվին գրավել Ղարաբաղը։ Սակայն Մոսկվան չի կատարել իր հիմնական «խնդիրը»՝ հայ-իրանական սահմանը դեռ բաց է, և ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող «Զանգեզուրի միջանցք» չկա։

Որոշ ժամանակ առաջ ВГТРК-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Կիսելևը հայտարարել էր, որ Փաշինյանը «ամբողջովին անտեսել է եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և Զանգեզուրի միջանցքը վերջնականապես բացելու Ալիևի կատեգորիկ պահանջը»։ Փոխարենը Փաշինյանն առաջարկեց իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ Կիսելևի, «անընդունելի է Ադրբեջանի համար՝ դժվար լեռնային տեղանքով և կլիմայական ծանր պայմաններով ճանապարհներ կառուցելու անհրաժեշտության պատճառով»։

Այս հայտարարության պատճառով Հայաստանի արտգործնախարարությունը կանչել է ՌԴ դեսպանին։ Սակայն ակնհայտ է, որ ռուսներին չհաջողվեց հասնել իրենց ուզածին։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է Իրանի և որոշ արևմտյան ուժերի դիրքորոշմամբ, որոնք շահագրգռված չեն «միջանցքի» բացմամբ։

2014 թվականից Ռուսաստանը զինում է Բաքվին՝ միաժամանակ թուլացնելով իր «դաշնակից» Հայաստանին, իսկ 2020 թվականին զորքեր մտցրեց Արցախ՝ կանխելու հայկական դիմադրությունը։ Ռուսաստանը կատարել է բոլոր կեղտոտ աշխատանքը միջազգային հարթակներում՝ բազմիցս խափանելով Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ոչնչացրել է Մինսկի խումբը և «համոզել» ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որ Արցախը հանձնելը այլընտրանք չունի։ Ռուսաստանը Հայաստանում ձևավորել է իշխանության և ընդդիմության միանգամայն լոյալ համակարգ, որը դեռևս չի վիճարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և 1921 թվականի Կարսի պայմանագիրը։

Մոսկվան արել է այն ամենը, ինչ կարող էր, և այժմ դրա կարիքն այլևս չկա։ Այնպես որ Զատուլինն իզուր է բողոքում Բաքվից, որը Գրոզնիի երկնքում իր ինքնաթիռի կործանումից հետո արդեն բացահայտորեն «լքում» է Ռուսաստանը։