Ինչո՞ւ հենց Լիաննա Պետրոսյանը

  • 22:33 06.02.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին, hայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Վերջին օրերին կայացել են Լիաննա Պետրոսյանի հանդիպումները նաեւ Չեխիայի եւ մի շարք այլ եվրոպական պետությունների դեսպանների, ՀՀ առողջապահության նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ։

Լիաննա Պետրոսյանը մի քանի անգամ բացատրել է, որ “հասարակական գործիչ է”, ոչ ոք իրեն չի ընտրել եւ ինքը չի ներկայացնում ինչ-որ խմբերի, միայն հետապնդում է հանրային շահ։

Դեռ 2020-ի պատերազմից եւ Հադրութի օկուպացիայից հետո Երեւանում ապաստանած Լիաննա Պետրոսյանը լրագրող եւ պրպտող մարդ է։ Նա կարողացել է ոչ միայն կապեր հաստատել պետական եւ միջազգային մարմինների հետ, այլեւ տեղյակ է արցախցիների սոցիալ-տնտեսական կյանքի հետ կապված բոլոր իրավական նրբություններից։ Նրան դիմում են հազարավոր մարդիկ անձնական բազմաթիվ հարցերով եւ հիմնականում ստանում պատասխաններ։

Տեղահանությունից հետո ստեղծված իրավական խառնաշփոթում Լիաննա Պետրոսյանի սոցիալական կայքերում էջերը դարձել են ինֆորմացիայի երբեմն միակ միջոցը խճճված կարգավորումներից գլուխ չհանող արցախցիների համար։ Նա նույնիսկ սոցհարցում է անցկացրել իրեն վստահելու հարցով եւ ստացել բազմաթիվ ձայներ։

Սակայն կա երկու հարց, որոնք շատերի համար անհասկանալի են մնում։

1․ Ինչո՞ւ նախարարները, ՄԻՊ-ը, դեսպանները գերադասում են հանդիպել հենց Լիաննա Պետրոսյանի հետ։

2․ Արդյո՞ք Լիաննա Պետրոսյանը ունի բոլոր արցախցիներին տեղեկացնելու, համակարգելու կամ հարցերը լուծելու լծակներ կամ “ենթակառուցվածք”։

Առաջին հարցն առավել պարզ է․ ՀՀ պաշտոնյաները նախանձելի համառությամբ չեն շփվում Արցախի պետական, համայնքային, հասարակական կամ մասնագիտական միավորումների հետ։ Հանուն արդարության ասենք, որ 1,5 տարվա ընթացքում միայն վերջերս են արցախցիների հավաքական իրավունքները պաշտպանող հասարակական միավորումներ ստեղծելու փորձեր արվել։

Օտար երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունները փորձում են պարզել, թե ո՞վ է ներկայացնում արցախցիների հավաքական շահերը, եւ առաջին պլանում տեսնում են Լիաննա Պետրոսյանին։

Երկրորդ հարցի պատասխանն ավելի կարեւոր է։ Ցանկացած հավաքական իրավունքների պաշտպանություն ենթադրում է ինստիտուցիոնալ համակարգ, որը ունի երկկողմանի կապ՝ շահառուների եւ շահը ներկայացնողների միջեւ։

Այն, որ Լիաննա Պետրոսյանը մենակ է մասնակցում հանդիպումներին, նշանակում է, որ ինստիտուցիոնալ համակարգ չկա, եւ սա զուտ անձնավորված նախաձեռնություն է, որի իրավունքը ցանկացած ոք ունի։

Մնում է միայն պարզել, թե հավաքական առումով որքանո՞վ է օգտակար տվյալ նախաձեռնությունը եւ ո՞ւմ նախաձեռնությամբ են կազմակերպվում հանդիպումները։ Արդյո՞ք այդ հանդիպումները չեն ներկայացվելու ՀՀ եւ օտարերկյա պաշտոնյաների կողմից որպես “ղարաբաղցիների հետ” լիիրավ շփում, ինչը մեղմ ասած այդպես չէ։

Արցախցիներին՝ ընտանիքների եւ անձերի բաժանելու ՀՀ կառավարության մոտեցումը ի սկզբանե ուղղված էր “արցախցիների կոլեկտիվ իրավունքներ” հասկացողության բացառմանը եւ խնդիրները սոցիալական հարթություն տեղափոխմանը։ Բայց չէ՞ որ արցախցիները առանձին-առանձին չեն լքել Արցախը, դա արվել է կոլեկտիվ վտանգի՝ ագրեսիայի, ցեղասպանության եւ բռնի տեղահանության արդյունքում։ Եւ մոտեցումը եւս պետք է լինի կոլեկտիվ։