Երբ չորս տարի անց մարդ գնում էր Մարտակերտ, նույն տեսարանին էր ականատես լինում. սվետաֆորի տակ ջրափոսից երինջները ջուր են խմում` իրենց կովային անդորրով, շականակագույն մանեկենները հենված են խանութների պատերին, ասես բոյ են չափում հիվանդանոցում: Փոշոտ կիպարիսները կլոր տարի կանգնած էին վարչակազմի շենքի դիմաց, ժանգոտ թիթեղի վրա սպիտակ ներկով գրված է գրադարան, որտեղ ոչ ոք չի մտնում: Ոչինչ այս քաղաքում չէր փոխում, մի խոսքով, մինչեւ 2020թ. ադրբեջանական հրետանին որոշեց դա անել. հնձեց կիպարիսները, եղածն էլ ավիրեց, ինչպես ասում են:
Հայաստանի Մասիս քաղաքը Մարտակերտի ‘թյունինգ’ տեսքն է պատկերվում: Իր տաք կլիմայով, մի քիչ անխնամ տեսքով, էտած ծառերով, էներգետիկայով, առանց հաճախորդ տաքսիների պարկով, հուշարձան, գեղեցկության մի սրահ, շինանյութի մի խանութ, կանգառ` որտեղ վերջին անգամ վերջին անձրեւից հետո է հնարավոր եղել նստել, դոմինո խաղացող պապիկներ, կապույտ ներկած կենդանի ձկան մի չան ու եկեղեցու գմբեթը վերեւում:
Բայց զուտ նրա համար, որ Մասիս քաղաքից Մասիսը երեւում է, եւ որ ոչ պակաս կարեւոր է, Երեւանը մոտ է եւ առավելություններ շատ կան, հետեւաբար Մարտակերտի հետ այս համեմատությունը արժէ թողնել այնտեղ ապրողների երեւակայությանը: Թե տեղացիների, թե արցախցիների:
Մասիս բանկոմատների մոտ միշտ հերթ է: Հիմանկանում արցախցիներ են: Մարտակերտցի մի պապիկ իր մի գրպանից բանկային քարտը, մյուսից թուղթ է հանում` PIN քոդը գրչով գրած, տեղացի մի աղջիկ օգնում, բացատրում է, թե ինչպես գործարք կատարել: Զգում ես հերթում սպասողների անհամբերությունը, նյարդային լինելը: Չէ, ոչ պապիկի, այլ ֆինանսական խնդիրների համար:
Շահիր տուն Երեւանում, կարդում ես Ամերիայի բանկոմատի էկրանին, ասես աղ լցնեն արցախցիների վերքերի վրա:
Անցած ամառ ես կիսափլված ու ահավոր պայմաններով սեփական տան սենյակ էի վարձել Մասիս քաղաքում, պատմում է իմ ընկերներից մեկը: Բառիս բուն իմաստով գոմից քիչ էր տարբերվում: Ոչ դուռ էր փակվում, ոչ պատուհան, հատակ չկա, մոծակները չէին թողնում քնել: Տանտերն հիսուն հազար էր պահաջել, ապա բարձրացրել մինչեւ ութանասուն (փողն էն գլխից), ինքն էլ կողքի սենյակում է քնում, օգտվում սառնարանի իմ գնումներից, հանդիմանում զգույշ լինել սառնարանն օգտագործելիս, ցուցմունքներ տալիս, թե ինչպես բացել ծորակը, ասես կյանքում ոչ սառնարան, ոչ ծորակ էի տեսել:
Երեք քառակուսի մետրանոց մեկ այլ սենյաում էլ մի ուրիշ արցախցու էր ‘պահում’: Պարբերաբար նա ամոթանք էր տալիս իր համաքաղաքացիներին, որ արցախցիներից աստղաբախշական թվերով են վարձ պահանջում: Ասում ու հայհոյում է նրանց:
Ինչպես մոծակները, տանտերը նույնպես գիշերը չէր քնում: Ծխում ու Դոգ էր նայում: Իմ ու իր սենյակը կարտոնի մի վահան է բաժանում, որտեղ դուռ պետք է լիներ, եւ ամբողջ ծուխը գալիս էլ իմ սենյակ` Դոգի քֆուրների հետ միասին: Տանտերը վստահեցնում էր, որ միայն Դոգի վերադարձի դեպքում է այս երկիրը երկիր դառնալու: Նա նաեւ չէր հոգնում համոզել, որ արցախցիները մինչեւ հունվար վերադառնալու են: Եւ ամեն օղի խմելով ասում էր դա: Չդիմացա ու փախա այդ տնից, ասում է ընկերս:
Ինչպես Մարտակերտի գրադարանը, Մասիսի Զարգացման կենտրոն նույնպես մարդ չի մտնում: Մարտակերտի գրադարանը գոնե բաց էր լինում, իսկ այստեղ փակ է:
Երեկ էլ մի տաքսիստ, ով վատ լսողություն ուներ, հետաքրքրվում էր, թե ես վարձով եմ ապրում Հայաստանում: Այո, ասում եմ ես, նա միանգամից սկսում է անհասցե հայհոյել: Ինչ օր գցեցին այս մարդկանց, մի օր վարձով ապրեք` կիմանաք թե դա ինչ է, ասում էր նա: Չգիտեմ, ինքն անձամբ որքան է դա հասկանում, ամեն դեպքում, վարձով ապրելն իրոք ծանր հոգս է:
Մենք էլ հադրութեցիներին չէինք հասկանում Ստեփանակերտում: Մեր օրին կհասնեք` կհասկանաք, ասում էին հադրութցիները: Հասել ենք…
Մարութ Վանյան