«2023-ի սեպտեմբերի 25-ին Հայկազովի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը ռազմական գործողությունների հետեւանք է»․ փաստաբան

  • 21:27 07.02.2025

2023-ի սեպտեմբերի 25-ին Արցախում, Ստեփանակերտին մոտ գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհայտ կորած անձանց 7 ընտանիք դիմել էր փաստաբան Անուշ Շահրամանյանին անվճար իրավաբանական աջակցության համար՝ դատական կարգով անհայտ կորած հարազատին անհայտ բացակայող ճանաչելու հարցով։

Բոլոր գործերով կազմվել է դիմում եւ ուղարկվել դատարան առանց պետական տուրք վճարելու։ 6 գործից 4-ը առանց որեւէ խոչընդոտի վարույթ է ընդունվել ու բավարարվել՝ տվյալ անձինք 2023-ի սեպտեմբերի 25-ից ճանաչվել են անհայտ բացակայող, երկուսը դեռ ընթացքի մեջ են։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի համաձայն՝ «Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դիմողները՝ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով»,- նշում է փաստաբանն ու ավելացնում, որ բոլոր գործերով հիմնավորվել է, որ սեպտեմբերի 25-ը ռազմական գործողության հետեւանք է, ու դիմողները ազատված են պետական տուրք վճարելուց։

«Մեծամասամբ դատավորները ընդունում էին դա ու առանց պետական տուրք վճարելու դիմումը վարույթ ընդունում եւ բավարարում։ Սակայն եզակի դեպքերում առաջին ատյանի դատարանը վերադարձնում է դիմումը այն պատճառաբանությամբ, թե դիմողը պետք է վճարեր պետական տուրքը, քանի որ սեպտեմբերի 25-ի պայթյունը դժբախտ պատահար էր, ոչ թե ռազմական գործողությունների հետեւանք։ Ուստի դիմողը ազատված չէ պետական տուրք վճարելուց։ Այդ որոշումների դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որոնցից մեկը բավարարվել է, իսկ մյուսը ընթացքի մեջ է»,- տեղեկացնում է Անուշ Շահրամանյանը։

ՀՀ Վերաքննիչ դատարանը հստակ դիրքորոշում է հայտնել. «2023 թվականի սեպտեմբերի 25-ի պայթյունը ռազմական գործողություների հետևանք է, և անձը անհայտ կորել է ռազմական գործողությունների պատճառով, ուստի դիմողը օրենքով ազատված է պետական տուրք վճարելուց»։ Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվել է։

«Այս դատական պրակտիկան ունի առանցքային նշանակություն ոչ միայն պետական տուրքից ազատման տեսանկյունից, այլև պայթյունի զոհերի և նրանց ընտանիքների իրավական կարգավիճակի հստակեցման առումով։ Վերաքննիչ դատարանի որոշումը փաստացի հաստատում է, որ սեպտեմբերի 25-ի զոհերը պետք է դիտարկվեն որպես ռազմական գործողությունների հետևանքով տուժածներ»,- ասում է փաստաբանը։

Մարիամ Սարգսյան