Նորվեգիայում Արարատ Միրզոյանին հիշեցրել են Ցեղասպանության եւ Նանսենի անձնագրի մասին

  • 18:50 08.02.2025
Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդը պատմել է առաջին հայի հետ իր ծանոթության մասին, որից հետո վերջինը շատ կապվել է Հայաստանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով եղել է Նորվեգիայում, որտեղ էլ հանդիպել է Յագլանդին ու ծանոթացել յուրօրինակ և գեղեցիկ պատմությանը։
«Առաջին անգամ ես ծանոթացա հայի և Հայաստանի հետ, երբ արտգործնախարար էի։ Ես այցելել էի Ռամալլահ քաղաք, երբ Ռամադանի վերջն էր, և Յասեր Արաֆաթը (Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախագահ – խմբ.) սովորություն ուներ տարածաշրջանի, Երուսաղեմի բոլոր կրոնական առաջնորդներին ճաշի հրավիրել։ Ինձ էլ հրավիրեցին, քանի որ այնտեղ էի, և ես նստած էի Յասեր Արաֆաթի կողքին, իսկ իմ աջ կողմում՝ մի տարեց մարդ։ Նա շատ տարօրինակ հագուստ ուներ, ինչպես մյուս բոլոր կրոնական առաջնորդները։ Նա որոշ ժամանակ անց նա իմացավ` ով եմ ես։ Իր գրպանից հանեց մի փաստաթուղթ և ասաց. «Այս փաստաթուղթը հետևել է ինձ ողջ կյանքում, այն փրկել է իմ կյանքը»։ Դա Նանսենի անձնագիր էր»,– նշել է Յագլանդը։
Նա կարծում է, որ հենց դա է եղել պատճառներից մեկը, ինչու է առաջին անգամ ինքն այդքան կապվել Հայաստանի հետ։
Նշվում է նաև, որ Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։